HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ձայն լռության». Չալդրանյանի խոսուն ֆիլմը

«Ջոն, փորձիր մոռանալ քո բոլոր ֆիլմերը, աշխարհի բոլոր փշալարերը, փորձիր բարձրանալ վեր` անսահմանություն: Էնտեղ չկա դավաճանություն, ստորություն, ատելություն. կա միայն սեր ու մի ձայն միայն, ձայն լռության»:

Ջիջին խոսում է, Ջիջին պարում է, Ջիջին մենախոսում է եւ շրջվում հակառակ` կիսելով մարդկային ցավը իր միջով ու բղավում է, խփում գլխին, դուրս գալիս գիտակցության սահմաններից:

Գլխավոր հերոսուհու կեցության վայրը` Սովետաշենի աղբանոցը եւ «բնակարանը»` բզկտված բեռնատար մեքենան, նրա անմիջական արտահայտություններն ու առանց կապանքների գործողությունները, մի պահ շփոթեցնում են: Այս ամենի մեջ մակերեսային սենտիմենտ չկա, եւ Հոլիվուդից հայտնված ռեժիսորի` Ջոնի (Հովհաննեսի) համար «էկզոտիկ» այս տիպը դառնում է մեքենայի ղեկի հիմնական ուղղության պատճառը:

Աղբանոցի այդ հատվածն առանձնացված է: Այդ տարածությունում կարելի է խոսել ամեն ինչի մասին, կարելի է ազատություն տալ կենցաղային պայմանականնություններին, հարաբերությունների անկեղծության հանդեպ ունեցած կասկածամտությանը, որովհետեւ ամեն բան անարժեք է, աղբ է: Բայց հանկարծ այս իրողության մեջ, որը ոչինչ չի նշանակում մեր գոյության համար եւ չի գրավում մեր ուշադրությունը, Ջիջին սկսում է մենախոսել, նորից դնում հավերժական «լինել, թե չլինելու» հարցը:

Առաջին հայացքից նման մենախոսությունը ֆիլմին պաթետիկ երանգ է հաղորդում, բայց հերոսուհին, ում մարմնավորում է դերասանուհի Մարիամ Դավթյանը, հրաշալիորեն կարողանում է կտրուկ փոխել տրամադրությունը` ի վերջո հավերժական հարցերի պատասխանը համահավասարեցնելով իր կեցության, տարիներ առաջ ունեցած իր պատմությունների եւ այն քաղաքի հետ, որն այլեւս իրեն չի պատկանում:

Հերոսուհու ձայն լսելու կարողությունը, որը ռեժիսորը ժամանակ առ ժամանակ հրամցնում է գնացքի անվերջ շարժման եւ ինքնաթիռի թռիչքի միջոցով, իջնում, հասնում է ամենամոտ, կեցությունը դրսեւորող ձայներին` շների հաչոցին եւ մեկ այլ  թափառաշրջիկի սուլոցին, ով սիրահարված է Ջիջիին:

Մերթընդմերթ այդ ամայության մեջ լսվում են սարսափելի կրակոցներ:Այդտեղ ոչնչացնում են թափառող շներին, իսկ Ջիջին կերակրում է նրանց, հեծնում նրանցից ամենամեծին, խնամում` շուրթերը քսմսելով նրանց դնչերին:

«Ձայն լռության» ֆիլմը կարելի է դիտարկել մեկ այլ տեսանկյունից` ռեժիսոր հերոսի` Ջոնի վերածնունդի կամ պայծառեցման տեսանկյունից:Տպավորություն է` Վիգեն Չալդրանյանը հենց այս ֆիլմի միջոցով նախ պատասխանում է իր առջեւ դրված հարցադրումներին, որոնք կարող են բավականին մեծ թվալ մարդկանց աչքերում եւ ինչ-որ կերպ նույնիսկ վանեն, եթե հարցադրումները դիտարկելու լինենք միայն իբրեւ ռեժիսորի ունեցած խնդիրներ:

Դժվար է պատասխանել այն հարցին, թե ինչու Ջիջիին վերջին անգամ հանդիպելուց առաջ ֆիլմի հերոսը` Ջոնը (ում մարմնավորում է Վիգեն Չալդրանյանը), շամպայնի շիշն ու երկու բաժակները թեւի տակ, գիշերվա կեսին կրկին հայտնվում է աղբանոցում: Կարծում եմ` այդ իրավիճակն ունի իր հարցադրումները, որոնք դեռեւս պատասխաններ չունեն նույնիսկ հերոսի համար:

Արդյո՞ք նա տեսել է իրականության մեկ այլ երես, արդյոք մեկը, ով որեւէ կերպ պարտվորված չի զգում իրեն ոչ հասարակության, ոչ ռեժիսորի, եւ ոչ էլ ինքն իր հանդեպ, կարողացել է նրան դուրս մղել իր բնից եւ պատասխաններ հրամցնելու համար հասցնել աղբանոց… Թե՞ գուցե ֆիլմի հերոսը, ով խանդն անվանում է հնացած մի բան, հանկարծ զգացողությանն ու զգացմունքներին սկսել է նայել այլ դիտանկյունից: Բոլոր դեպքերում արդարացվում է նրա գիշերային այցը, որի ընթացքում փոխվում է թե գլխավոր հերոսուհու, թե հերոսի պահվածքն ու բնութագիրը. այստեղ նրանք նույնանում են:

Ֆիլմում ցուցադրված երկու անձնական դրամաները իրարից խիստ տարբեր են, բայց գտնվում են միեւնույն հարթության վրա: Գլխավոր հերոսը հաջող կարիերիստ է, ունի հրեա կին, որն զբաղվում է պրոդյուսերությամբ եւ հովանավորչությամբ, ունի աշխատանքային թիմ, որի արտասահմանցի օպերատորը նույնիսկ խոսում է հայերեն: Նա Հայաստանից մեկնել է երկրաշարժից առաջ, Շարժման առաջին ծիլերի հայտվնելու պես: Նա համակերպված է քայլերի ճշմարիտ ուղղության հետ եւ ամեն բան դիտարկում է սեփական փորձի եւ շրջապատի համաձայնության կոնտեքստում: Եվ հանկարծ ունեցած փորձն ու ապրած կյանքը երեւում է աղբանոցում «հայտնաբերած» այդ կնոջ անկեղծության եւ հիմքեր ունեցող դատողությունների մտահորիզոնում: Այստեղից սկսվում է Ջոնի` տարածության, ժամանակի եւ խնդրի հանդեպ ունեցած կարծրացած վերաբերմունքի փոփոխությունը:

«Աղբանոցի տիրուհին»` Ջիջին, ով նույնիսկ չի հիշում սեփական անունը (նույնպես արդարացված սցենարական բնույթ ունեցող հնարք, որը հետագայում դրսեւորվում է հերոսների «Ռոմեո եւ Ջուլիետ» խաղալու դրվագի ընթացքում, որից հետո հերոսուհին հիշում է իր անունը` Ջուլիետ), արդյունքն է մեծ, գլոբալ խնդիրների եւ սեփական ես-հանրություն-պետություն-քաղաք –քաղաքականություն- սահմաններ եւ բազում այլ իրողությունների միջեւ:Նա հիշելու շատ բան չունի, սակայն նրա հիշած յուրաքանչյուր պատմություն եւ դրվագ տանում են խորքային զգացողության, տարածքի իմաստավորման եւ գոյության խնդիրներին:

-Պետությունը հրաման տվեց հոգեբուժարանից դուրս գրել այն մարդկանց, ովքեր հանրության եւ շրջակա միջավայրի համար վտանգ չեն ներկայացնում: Դե պետությունն էդքան գժերին ո՞նց պահի, ո՞ր մեկին պահի` չինովնիկի՞ն, թե՞ ինձ նման գժին:

Սոցիակալան նուրբ այս շերտն ավելի ընդգծված է Ջիջիի ուսանողության տարիների պատմության մեջ, երբ նա երկրաշարժից հետո, կորցնելով ընտանիքի անդամներին եւ հարազատներին, թողնում է Թատերական ինստիտուտը (որտեղ, իմիջիայլոց մինչ Հոլիվուդում հայտնվելը սովորել է նաեւ ֆիլմի հերոս ռեժիսորը) եւ մեկնում Դուբայ ինչ-որ տղայի հետ: Այնտեղ տղան վերցնում է նրա անձնագիրը,  Ջիջին մնում է ձեռնունայն: Մոտ կես տարի ապրելով օտար երկրում, չտիրապետելով լեզվին` միակ փրկությունը դառնում է հոգեկան խանգարումը, որից հետո նրան ուղարկում են հետ` Հայաստան:

Ջիջին մի քանի տարի ապրում է հոգեբուժարանում, որտեղ «բնակիչների» սիրված դերասանն է, ապա Մերլին Մոնրոն, հետո`կրկնօրինակը իր միջավայրի:

Այս պատմությունները մատուցվում են հերոսուհու շուրթերից, եւ չի փոխվում տեսարանի վայրը` ամենն արվում է բզկտված բեռնատարի եւ աղբի գարշահոտության մեջ:

Հետաքրքիր է` մարդկային հավերժական հարցադրումների եւ փոքրամարմին, մազերը գլխին կպած, մեծ աչքերով հերոսուհու դրաման:Ստացվում է այնպես, որ հերոսուհին կրկնակի դրամայի կրողն է, որովհետեւ միաժամանակ սոցիումի, փշալար-սահմանների, չլուծված խնդիրների հետեւանքն է եւ այդ ամենի մասին ունի իր սեփական դատողությունները, որոնք չեն կարող տեղավորվել «փափուկ խաղալիքի պես ամեն բառից ծռվող» (հերոսուհու բնորոշումը ռեժիսորին) մեկի կանոնակարգված տուփ- մտածողության մեջ:

Եվ երկորդ` Ջիջին այդ նեղ տարածության մեջ, որն առանձնանալու որեւէ հատկանիշ չունի հասարակական մտածողության տեսանկյունից, վաղուց արդեն լուծել է տարածական եւ ժամանակային հարցերը: Տարածության դեպքում նրա համար ոչինչ այլեւս անհավանական եւ հեռու չի թվում.

-Ինձ մեկ-մեկ թվում է` քո էդ Հոլիվուդը էս սարի այն կողմում է,-ասում է հերոսուհին:

Իսկ ժամանակն արդեն նրա համար կանգնած իրողություն է, որովհետեւ նա այլեւս չի հավատում: Նա արդեն իսկ պատվիրել է իրեն սիրահարված թափառաշրջիկին մահանալու դեպքում այրել մարմինն ու շաղ տալ քաղաքի վրայով:

Ջոնը Ջիջիին առաջարկում է կեցության փոփոխությունը`ֆիլմում նկարահանվելու, հագուստ գնելու, հյուրանոց տեղափոխվելու միջոցով: Այս առաջարկները  Ջիջիի մոտ հիստերիկ եւ անբնական ծիծաղ են առաջացնում: Այդ ամենը նա արդեն «հավաքել» եւ դրել է իր հնամաշ ճամպրուկի մեջ, որը վերջապես նորեկի` աղբանոց այցելած հերոսի միջոցով, թերեւս, առաջին եւ վերջին անգամ բացվում է:

Նա ամբողջովին մերկանում է, երեխայի պես արգելելով մինչ պատրաստվելը նայել իրեն, հագնում հնամաշ, բայց նուրբ շորը, գլխին դնում լայնեզր գլխարկը, սեւ կոսմետիկական մատիտով վերականգնում թափված ունքերը եւ հովանոցով կանգնում իր բեմին` բեռնատարի մաշված խցիկի տախտակամածին:

Ֆիլմի կուլմինացիոն տեսարանն, ըստ ինձ, պետք է հետեւյալ դրվագով բնորոշվեր. Ջոնը, լքելով օպերատորի ծննդյան հավաքը, վերցնելով շամպայնն ու երկու գավաթները` նստում է մեքենան եւ վարում դեպի աղբանոց:Կինը եւ օպերատորը հետեւում են նրան: Հեռախոսնն անընդհատ զանգում է: Փոլն է` օպերատորը: Նա շպրտում է հեռախոսը, որով եւ առաջին հանդիպման օրը նկարահանել էր Ջիջիին:

Նախապես որոշում ունենալով այդ գիշեր մնալ աղբանոցում` նա գնում է դեպի մեքենան`ծածկոցներ բերելու, երբ հասկանում է, որ կինն այդ տարածքում է: Հենց այդ պահին լսվում է եւս մեկ կրակոց:

Կարծում եմ` այստեղ ֆիլմը հասնում է իր նպատակադրված կուլմինացիային, եւ այլեւս անհրաժեշտություն չկար շարունակելու սցերանական հնարքներ բանեցնելու կարողությունը:

Սակայն ֆիլմի հերոսը պառկած է հյուրանոցի իր անկողնում եւ անընդհատ երազում լսում է կրակոցն ու պատկերացնում ամբողջ տեսարանը, թե ինչպես է մահանում Ջիջին, թե ինչպես են այրում նրա մարմինը եւ շաղ տալիս քաղաքի վրա: Եվ իր երեւակայական պատկերի միջոցով ավարտում է ապագա ֆիլմի սցենարը:

Կարծում եմ` ֆիլմի այս դրվագը վտանգ ունի փչացնելու հանդիսատեսի մոտ առաջացած մտապատկերն ու զգացողությունը, բայց մեկ այլ տեսնակյունից  գուցե Վիգեն Չալդրանյանն այդ միջոցով ցույց է տվել, թե ինչպես յուրաքանչյուր անանձնական պատմություն, որը նրբորեն դիպչում է սրտիդ, այնուամենայիվ շարունակում է գոյատեւել քո կեցության կանոններով` այս պարագայում  Ջիջին` իր մտածողությամբ եւ զգացմունքներով դառնում է հերոսի առաջնային` ֆիլմ ստեղծելու կարողությունը եւս մեկ անգամ դրսեւորելու հրաշալի միջոց:

Հ.Գ. .«Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» ֆիլմը ստեղծվել է 2012թ.-ին: Սցենարի հեղինակներ` Վիգեն Չալդրանյան, Գուրգեն Խանջյան: Գլխավոր դերերում` Վիգեն Չալդրանյան, Մարիամ Դավթյան:

Համաշխահային պրեմիերան տեղի է ունեցել Հոլիվուդի «Paramount pictures» ստուդիայում, այնուհետեւ ներկայացվել է Սան-Ֆրանցիսկոյում, Բոստոնում եւ Երեւանում: Ազգային կինոկենտրոնի որոշմամն ֆիլմը ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնին:

Ֆիլմն այս տարի ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:

Լուսանկարները` «Ձայն լռության» ֆիլմի պաշտոնական էջից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter