HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Հինգերորդ եղանակ». երբ փշրվում են հարաբերությունները

Ի՞նչ կլինի, եթե գարունը չգա: Այս հարցի շնորհիվ է ծնվել Ջեսիքա Վուդուորթի և Պետեր Բրոզանսի «Հինգերորդ եղանակ» ֆիլմը, որն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթում:

Արդեն ձմռանն վերջն է: Տեղական ավանդույթի համաձայն՝ գյուղացիները հավաքվում են, որպեսզի վառեն խարույկը և քշեն «ձմեռը»: Սակայն խարույկը չի վառվում: Ուրախությունը վայրկենապես վերածվում է տխրության. բոլորը հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ: Եվ իսկապես, երբ գալիս է գարունը, պարզ է դառնում, որ բոլորը սնանկացել են. բերքը չկա, կովերը կաթ չեն տալիս, իսկ մեղուները ոչնչանում են: Գյուղական՝ ամիսներ առաջ ուրախ միջավայրում սկսում են թագավորել մռայլությունը, անհուսությունն ու մահվան ոգին:

Գարնանը հաջորդում են ամառն ու աշունը, բայց դրանից իրավիճակը չի լավանում, այլ ճգնաժամն ավելի է խորանում: Այդ ճգնաժամը ոչ միայն գյուղում է, այլև մարդկանց կյանքերում: Այս ընթացքում ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկը՝ դեռահաս Ալիսան, կորցնում է հորը, լարված են հարաբերությունները նաև մոր հետ: Անհուսության գրկում հայտնված աղջնակը հայտնվում է նաև այլ տղամարդկանց գրկում՝ վաճառելով մարմինը պարենի դիմաց: Նրա կայնքում այլևս չկան երբեմնի նուրբ, մաքուր ու անհոգ հարաբերությունները Թոմասի հետ. սիրահարված երիտասարդների կյանքը փոխվում է ամիսների ընթացքում: Միակ մարդիկ, ովքեր հասկանում են Ալիսային, մեղվապահ Պոլն է և նրա հաշմանդամ որդին՝ Օկտավը:

Գարունը չի գալիս, ու փշրվում են հարաբերությունները: Խելագարվում է բնությունը, խելագարվում են նաև մարդիկ: Եղանակները փոխվում են, բայց և փոխվում են գյուղի բնակիչները. անզգայություն, անտարբերություն, ոճիր և քաոս են իշխում նրանց հոգիներում: Այդ ամենն աստիճանաբար վերածվում է չարության, ինչը կործանում մեղվապահ Պոլին: Նա այդ գյուղ էր եկել ձմռան վերջում, և գյուղացիները համոզված են, որ խարույկի չբոցավառվելն ու դրան հաջորդող բոլոր անհաջողությունները կապված են հենց նրա հետ: Գյուղացիները պարզապես բռնում և այրում են Պոլին: Վերջինիս այրում են սպիտակ դիմակներով մարդիկ, որոնք արդեն կորցրել են մարդկային դիմագիծը: Միակ մարդը, ով փորձում է կանխել ոճրագործությունը, Ալիսան է, որի աղաղակները բոլորն անտեսում են: Իսկ Պոլի որդին՝ Օկտավը, անգիտակից վիճակում նստած է իր սայլակում, նա ոչինչ չի կարող անել, բայց կարծես ամեն ինչ լսում ու հասկանում է:

Ջեսիքա Վուդուորթը և Պետեր Բրոզանսը, ովքեր ամուսիններ են, ոչ միայն ֆիլմի ռեժիսորներն են, այլև սցենարիստները: Ջեսիքան ասում է, որ ֆիլմը ծնվել է իրենց մտքերի խառնարանում, սակայն խոստովանում է, որ չի սիրում մեկնաբանել ֆիլմը: Յուրաքանչյուրն իր կարիծքն ունի թե այս ֆիլմի, թե ընդհանրապես իրենց արվեստի մասին, և բոլոր ընկալումները շատ անհատական և սուբյեկտիվ են:

«Մենք փորձում ենք մեր արվեստով, կինոյով ստեղծել երկխոսություն,- ասում է ռեժիսորը: - Փորձել ենք լսարանի մեջ առաջացնել հարցեր, նրանց ներսում հուզել ինչ-որ բան»:

Ջեսիքա Վուդուորթը նշում է, որ իրենց համար ֆիլմ ստեղծելն այնքան լուրջ, կարևոր և պատասխանատու գործ է, որ իրենք աշխատել են, որ իրենց անձնական ես-ը հանկարծ որևէ կերպ չանդրադառնա ֆիլմի ստեղծման վրա: Ջեսիքան ֆիլմը համարում է ոչ միայն իրենց՝ ամուսնինների, այլև ամբողջ ստեղծագործական խմբի համագործակցության արդյունք:

Ֆիլմում Ալիսայի փոքր քրոջ դերում նկարահանվել է ռեժիսորների աղջիկը՝ Լենքան: Մայրը խոստովանում է, որ ի սկզբանե այդ դերի համար որոշել էին երկվորյակների նկարահանել, բայց երբ դա չի ստացվում, նրանք վերջին պահին դերն առաջարկում են աղջկան: Ջեսիքայի խոսքով՝ առհասարակ ֆիլմի դերասաններին ընտրել են այն սկզբունքով, որ կարողանան արտացոլել հերոսների ամբողջ ներաշխարհը՝ թախիծը և մյուս զգացմունքները:

Շատ մեծ ջանքեր են թափել նաև ֆիլմի տեսարանների վրա, որոշների վրա աշխատել են ժամերով, որպեսզի արդյունքում ստանան ամենապարզ ու մաքուր կադրը, մինչև տեսարանը ստանա կյանք և շնչի:

Ֆիլմի կադրերն իսկապես կարողանում են արտացոլել բնության ամբողջական տեսարանները, ցույց տալ մարդ-բնություն կապը: Այդ կադրերը նման են լուսանկարների, որոնք էսթետիկ և խորը պատկերներ են արտահայտում: Բացի դրանից՝ բոլոր տեսարանները ուղեկցվում են համապատասխան երաժշտությամբ, որը գրավում է լսարանին և տանում ֆիլմի հետևից:

2012 թ. Վենետիկի միջազգային կինոփառատոնում «Հինգերորդ եղանակ» ֆիլմը ստացել է երիտասարդ կինոյի մրցանակ լավագույն ֆիլմի համար, Իսպանիայի Վալյադոլիդի միջազգային կինոփառատոնում՝ FIPRESCI մրցանակ, իսկ Ֆրանսիայի Les Arcs European կինոփառատոնում՝ Cineuropa մրցանակ, լավագույն դերասանուհի և լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter