Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Հանդիպում մաեստրո Փելեշյանի հետ



«Ոսկե ծիրան» կինոփառատոնի առաջին իսկ օրվանից որպես քաղաքացի, որպես փառատոնը լուսաբանող լրագրող և պարզապես մշակութային իրադարձությունները կարևորող մեկը՝ մի քանի անհանգստություն ունեմ:

Առաջինը պայմանավորված է Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի էությամբ ու բովանդակությամբ: Ֆիլմում վարպետին մարմնավորում է ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը: Հուլիսի13-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմի պրեմիերան:

Մինչ այդ երկրորդ անհանգստությունն ուղղված էր Շառլ Ազնավուրի ժամանման և մի շարք միջոցառումներին ունեցած մասնակցությանը: Վերջին մի քանի տարում որպես մշակութային լրագրող՝ նկատել եմ, որ մենք ունենք «նեղացնելու» ռազմավարություն, որը գուցե ներքին անպատասխան ֆետիշացման և ոչ համապատասխան վերաբերմունքի հիմքի վրա է առաջացել: Ամեն դեպքում, իր կեցավայրում մեծն շանսոնյեն ավելի լավ տրամադրություն ուներ, քան կինոփառատոնի բացման արարողության ընթացքում:

Ինչևէ, այս հրապարակման հիմնական նյութը և ինձ համար ցավալի թեման շարունակում են մնալ վերջին տասնամյակների իր ստեղծագործական հայտնագործություններում դեռևս չգերազանցված վարպետի` Արտավազդ Փելեշյանի ընդունելությունն ու հանրության ընկալումը:

Բացման արարողությանը մաեստրոն պարտերում էր կնոջ հետ: Սովորաբար ներկայացուցչական միջոցառումների հիմնական բնույթը ընդունված է դրսևորել էտալոն համարվող հատուկ հյուրերի ներկայությամբ, սակայն գուցե թե այդ պահին բոլորը կենտրոնացած էին ավելի մեծ աշխարհագրություն ունեցող և տարբեր առիթներով, ստեղծագործական վիճակից դուրս պատասխաններ տվող մեծն շանսոնյեի ներկայության վրա:

Երբ հնչեց Փելեշյանի անունը, ծափահարող հանդիսատեսը ոտքի կանգնեց` հայացքով նրան փնտրելով օթյակներից որևէ մեկում, սակայն բոլորի գլուխները հավասարվեցին դեպի ձախ կողմի պարտեր, որտեղ միջանկյալ մի մասում նստած էր մաեստրոն:

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում, ինձ ևս մեկ անգամ հիասթափեցրեց հանրության վերաբերմունքի առումով:

Ժամը 19:30-ին, ըստ ծրագրի, նախապես նշանակված էր Փելեշյանի ֆիլմերի ցուցադրությունը: Եվս մեկ անգամ մեծ էկրանին մաեստրոյի ֆիլմերը դիտելու բերկրանքը պիտի վայելեր հասարակությունը: Ֆիլմերի ցուցադրությանը ներկա էր նաև Փելեշյանը՝ տիկնոջ հետ: Դահլիճը լեփ-լեցուն էր:

Ֆիլմերի ցուցադրությունից հետո հանդիսատեսը ոտքի կանգնեց, մաեստրոն բեմում էր: Մի քանի անգամ ծափահարությունների ալիքը մարեց և նորից բարձրացավ: Փելեշյանը, ում հանրային մի քանի միջոցառումների ժամանակ բախտ եմ ունեցել տեսնելու և լսելու, հազվագյուտ ժպիտով ողջունեց բոլորին, սակայն այդքանով չավարտվեց երեկոն: Եկավ հարցադրումներ ուղղելու պահը:

Այ, այստեղ մի պահ ուզում եմ կանգ առնել և նախ հասկանալ. բնական է, եթե պատահական ցուցադրությունների ժամանակ կարելի է հայտնվել և առանց նախապես իմանալու, թե ինչ ենք տեսնելու և ինչ ենք ակնկալում, կարելի է վերջում հայտնել թե վրդովմունքը, թե հիացմունքը:

Բայց այս պարագայում, թերևս, հանդիսատեսը գիտեր` ուր է գնում և ում է հանդիպելու: Սակայն լրագրողների և հանդիսատեսի մի մասը մոտեցավ բեմին, մաեստրոն նստեց, մի քանի րոպե տեխնիկական թերությունների պատճառով լսելի չէին հարցադրումները և ոչ էլ պատասխանները: Այնուհետև սկսվեցին հարցերը: Ես հետևում էի մաեստրոյի էմոցիաներին: Ցավալի էր: Մշակութային երկխոսություն կամ հարցադրման էություն ասվածը գրեթե բացակայում էր:

Մաեստրոյի պատասխանները՝ հնչեցված հարցերին, հանճարեղ էին՝ ինչպես իր կինոն: Ավելորդություն եմ համարում նշել բոլոր այն հարցերը, որոնք ուղղվեցին մաեստրոյին, սակայն մեկ- երկուսը կներկայացնեմ ընթերոցողին:

Հարցադրումներից մեկը վերաբերում էր նրան, թե արդյոք մաեստրոն չի ցանկանում վերադառնալ հայրենիք և ստեղծագործել այստեղ: Դա ասել արդեն իսկ հաստատուն դիրքում գտնվող, 75-ամյա արվեստագետին՝ զավեշտալի է: Բնականաբար, հարցադրում եղավ նաև Փելեշյանի մարմնավորած դերի մասին (Ռևազի դերը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում): Այս հարցադրման վերաբերյալ առաջին զայրույթը և զարմանքը նկատել էի դեռ անցյալ տարի` Թատերական ինստիտուտում ունեցած հանդիպման ժամանակ:

Ամենամեծ զարմանքը, որ ունեցա, մոտ 40-ամյա մի կնոջ արտահայտությունն էր: Մաեստրոյին մեկ այլ հանդիսատես հարց էր ուղղել այն մասին, որ նրա ֆիլմերի դրվագները հանճարեղ նկարների պես շարվում են միմյանց հետևից. այդ ինչպե՞ս է ստացվել, և նկարիչներից ո՞ւմ հետ կհամեմատեր իրեն: Փելեշյանը պատասխանեց, որ ինքը գծագրող և նկարող է եղել մինչ այդ, իսկ դահլիճի առաջին շարքում նստած այդ 40-ամյա կինը հիացմունքից, թե ինքնազսպման բացակայությունից գոռաց, թե «դուք չեք նկարում, է, դուք քանդակում եք…»:

Որևէ մեկին քննադատելու կամ երեկվա հանդիպման հնարավորությունը ձախողված ներկայացնելու նպատակ չունենալով հանդերձ` գլխիկոր դուրս եկա դահլիճից և չէի էլ պատրաստվում որևէ կերպ անդրադառնալ այս ամենին: Պարզապես ներքին մի դրդումով ուզում եմ ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ նման արվեստագետին, երևույթին, ինչպիսին մաեստրոն է, նման կերպ քաշքշել նկարվելու համար կամ ուղղակի վերցնել բարձրախոսն ու առանց երկար-բարակ մտածելու՝ անհեթեթ հարցերն ուղղելը մտածելու տեղիք է տալիս: Գուցե նույնը տեղի ունենար Շառլ Ազնավուրի պարագայում, եթե նա հանրության մեջ ավելի շատ  հայտնվեր և առանց ուղեկցողների, որոնք արգելում էին մեկ մետրից ավելի մոտենալ: Չգիտեմ:

Որպես վերջաբան՝ առանց մեկնաբանության ներկայացնում եմ մեր ժամանակների մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մի քանի պատասխանները քիչ թե շատ թեմատիկ հարցերին:

Իր ֆիլմերի մասին

«Ես մոնտաժ եմ անում ոչ միայն ներկա պատկերները, այլ նաև բացակա: Դրանից է, որ դուք ամեն անգամ նայելուց հետո նոր բան եք տեսնում, հետևաբար ամբողջ ֆիլմը կառուցված է, բայց ֆիլմի կեսը բացակա է: Մոնտաժի, երաժշտության և պատկերների շնորհիվ դրանք ենթագիտակցության մեջ ներկա են: Հիմա եթե ես օրինակ բերեմ, բացակայությունը կվերանա, կստացվի ներկայություն: Հետևաբար, խոսքն իսկական բացակայության մասին է»:

«Բնիկները» ֆիլմի մասին

«1968 թ.-ին էր, երբ նկարում էի «Մենք» ֆիլմը Երևանում: Զուգահեռ նկարում էի «Բնիկները»: Ֆիլմում եղած վանդակները բոլորը Երևանի գազանանոցինն էին: Այդ կադրերը ցուցադրեցի դիրեկցիային: Ասաց. «Ուզում ես՝ վտարե՞ն ինձ, ես չեմ կարող այս ֆիլմն արտադրություն իջեցնել»: Մոսկվայում երբ դրեցի այդ հարցը, նրանք ասացին` արդյոք կհամաձայնե՞մ Բելառուսիայում նկարելու: Համաձայնեցի և գնացի այնտեղ աշխատելու: Սա էր պատմությունը այդ ֆիլմի»:

Եթե այսօր նկարելու լիներ ներկայիս Հայաստանի մասին ֆիլմ

«Կնկարեի բնությունը»:

Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմի մասին

«Փելեշյանի լռություն» է ֆիլմի անվանումը, բայց ռեժիսորն էլ է ամբողջ ֆիլմի ընթացքում լռել:

Արվեստի և ստեղծագործելու մասին

«Ինքնդ քեզնից ազատվելու միջոցն է»:

Երեկվա հանդիպումից և զգացմունքներից, պարզապես միանգամից ինձ այդքան հուզած հարցերից և վերաբերմունքի նկատմամբ առաջացած զարմանքից հետո հիշեցի Փելեշյանի հանճարեղ երեք միտքը, որոնք ընդհատում են «Մենք» ֆիլմի դրվագները երեք անգամ. «Հոգնեցի»: «Կարծում ես` ուրիշ տեղ լավ է»: «Սա քո երկիրն է»:

Հ.Գ. Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Լուսանկարում` Արտավազդ Փելեշյանը և այս հրապարակման հեղինակը


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ