HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նոր շարժում՝ «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ»

«Այս շարժման ստեղծման հիմնական նպատակը հարուցված գործով լիարժեք արդարադատության հասնելն ու դրան աջակցելն է»,- «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժման մասին այսօր հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:  

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանվեց համայնքի ղեկավար, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը: Նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Ոստիկանությունը դեպքից հետո ձերբակալեց հանցագործության մեջ կասկածվող Արտակ եւ Արայիկ Պետրոսյաններին, ապա ապրիլի 5-ին վերջինիս կալանավորեց:

«Մեր նպատակն է, որ բացահայտվեն եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն այս սպանության իրական հեղինակները: Մեզ պետք չէ անմեղ կամ ոչ հիմնավոր պատճառներով մարդկանց դատապարտում: Սա կուսակցական նախաձեռնություն չէ, մենք ուզում ենք, որ այս գործի շրջանակներում հասարակությունն ակտիվ մասնակցություն ունենա եւ պահանջներ դնի: Մենք սկսում ենք համագործակցություն իրավապաշտպան կառույցների հետ»,- նշեց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ գործի առանձնահատկությունը Հրաչ Մուրադյանի կերպարն է. վերջինս Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից էր: «Նման կարգի սպանությունները իրականում պիտի ցնցեն հասարակությանը, եթե այն ապրում է որոշակի սկզբունքներով ու արժեքներով եւ ցանկանում է այս երկրում իր ապագան տեսնել»,- ասաց Ա. Վարդանյանը:

Վերջինս լրատվամիջոցներին խնդրեց ու կոչ արեց ակտիվորեն հետեւել գործի ընթացքին ու այն մշտապես պահել հասարակության ուշադրության կենտրոնում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter