HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Յոս Ստելինգ. «Հայաստանի համար կարևոր է ցուցադրել իր ոգին, գաղափարները, ինչպես դա արեց Փարաջանովը»

«Ֆիլմ նկարահանելը տղամարդու գործ է, իսկ այն դիտելն ու գնահատելը` կնոջ»,- կարծում է հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգը:

Ռեժիսորը բնավ չի ցանկանում տարբերություն դնել սեռերի միջև, պարզապես կարծում է, որ կանանց էներգետիկան հենց այն է, ինչ պետք է ֆիլմ նայելու համար:  Այնուհետև նա բերում է հետևյալ օրինակը. եթե մեքենա է անցնում, տղամարդը նայում է, թե ինչպես է այն անցնում, իսկ կինը, թե ով է մեքենայի մեջ:

Հուլիսի 11-ին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի շրջանակներում տեղի ունեցավ Յոս Ստելինգի «Աղջիկը և մահը» ֆիլմի երևանյան պրեմիերան:

Ֆիլմը ռուս երիտասարդ Նիկոլայի և կուրտիզանուհի Էլիզայի դրամատիկ սիրո մասին է: Ֆիլմում գերիշխում է ռուսական ոգին, խաղում են մի շարք ռուս դերասաններ: Այստեղ ռեժիսորի խոսքերով` առանցքային դեր ունի հատկապես Ալեքսանդր Պուշկինի «Սիրո բանաստեղծություններ» գիրքը, որն իրականում որպես այդպիսին գոյություն չունի: Ռեժիսորի բնորոշմամբ` ֆիլմում Պուշկինի կերպարը խորհրդանշական է: Իրականում ֆիլմում հնչում է ռուս բանաստեղծի միայն մեկ բանաստեղծությունը` «Я помню чудное мгновенье»:

Յ. Ստելինգի խոսքերով` այժմ, երբ շատերի հայացքն ուղղված է դեպի Հոլիվուդ, Արևմուտք, իրեն ավելի շատ ներշնչում է Արևելքը: Նրան դուր է գալիս Չեխովի մթնոլորտը, Դոստոևսկին, ռուսների մոտեցումը մահվան, որը դառնում է կյանքի ներշնչանքի աղբյուր, ինչպես նաև նրանց հումորը: Միայն թե մեկ խնդիր կա. ռուսների մասին ոչ ոք իրավունք չունի կատակ անել, բացի ռուսներից:

«Դրա համար էլ ես երբեք չեմ կարող ռուս լինել»,- ծիծաղելով ասում է հոլանդացի ռեժիսորը:

Իր այս ֆիլմի մասին խոսելիս հաճախ է նշվում, որ այն նման է «Կամելիազարդ տիկնոջ» պատմությանը: Սակայն ռեժիսորը դրանից չի նեղվում, որովհետև գտնում է, որ առհասարակ սիրո պատմությունները շատ պարզ են և հաճախ միմյանց նման:  Մարդիկ տեսնում, հավանում են միմյանց և ձգտում են միասին լինել:

«Պետք է պարզապես նրանց համար խնդիրներ ստեղծել այդ ընթացքում: Ստեղծվում է դաշտ կնոջ և տղամարդու միջև կամ անցյալի և ապագայի միջև: Մարդիկ ուզում են իրար ունենալ,- ասում է Յ. Ստելինգը,- երբ սիրահարվում ես, գլխիդ մեջ մի բան չխկում է: Եվ երբ չես տեսնում քո սիրո առարկան, գնալով քո գլխի մեջ ամեն ինչ փոխվում է. դա հիվանդության նման մի բան է: Սիրահարվելու դեպքում վատ չէր լինի, իհարկե, եթե նաև բարեկամանայիք, բայց դա արդեն մեկ այլ պատմություն է»:

«Հետքի» այն հարցին, թե արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ ռեժիսորի համար ֆիմերում ավելի կարևոր է զգայական, քան ինտելեկտուալ շերտը, Յ. Ստելինգը պատասխանում է, որ, անշուշտ, այդպես է: Նրա կարծիքով` ինչպես երաժշտությունը, այնպես էլ լավ ֆիլմերը ինտելեկտի հետ կապ չունեն:

«Հենց սկսում ես մտածել, ուրեմն մի բան այն չէ: Ուղեղդ պետք է գործածես սիրտդ լցնելու համար»,- ասում է ռեժիսորը:

Նրա խոսքերով` բարձրագույն արվեստը երաժշտությունն է, որին հաջորդում է կինոն. այն կապ չունի ուղեղի հետ, այլ միանգամից դիմում է հոգուն:

Յոս Ստելինգը խոստովանում է, որ հոլանդացիների հումորը շատ հեգնական է, այդպես է նաև իր դեպքում: Եվ պատահական չէ, որ նա հումորն օգտագործում է որպես ֆիլմի բանալի:

«Տխուր, ծանր ֆիլմերի դեպքում սկսում ես պաշտպանվել դրանից: Բայց երբ ծիծաղում ես, սիրտդ բացվում է: Իսկ երբ սիրտը բացվում է, ես արդեն կարող եմ սողոսկել, - ասում է ռեժիսորը: - Իմ դեպքում հումորը ռազմավարական հնարք է»:

Ռեժիսորի համար պակաս կարևոր չէ նաև իր ստեղծագործական թիմը: Նա գտնում է, որ իր հետ աշխատող բոլոր մարդիկ պետք է իրենից լավը լինեն, այլապես նրանք ոչնչով չեն կարողանա օգնել իրեն: Ֆիլմ ստեղծելու ընթացքը հնարավորություն է տալիս անել մի բան, ինչը հնարավոր չէր լինի անել միայնակ:

Իսկ ֆիլմի ստեղծման գրավիչ կողմերից մեկն էլ այն է, որ հնարավորություն է լինում ստեղծել խնդիրներ: Այնուհետև պետք է դրանց համար լուծումներ գտնել, ոչ թե խույս տալ: Ռեժիսորը համոզված է, որ այդ խնդիրների թիկունքում արևի շողեր կան. յուրաքանչյուր դժվարություն պետք է լինի աստիճանի հերթական սանդղակը:

Նրա կարծիքով` ֆիլմը շատ ավելի լայն հասկացություն է. այն հնարավորություն է տալիս հաղորդակցվել այլ մշակույթների հետ:  

«Ֆիլմը արվեստի միակ տեսակն է, որը կարող է խաղալ ժամանակի հետ. այն ժամանակի արվեստ է», - ասում է Յոս Ստելինգը:

Վերջինս խոստովանում է, որ այնքան էլ ծանոթ չէ հայկական ոգուն, էությանը: Առհասարակ, դժվար է ընդհանրական ձևով խոսել ռուսների, հայերի կամ մեկ այլ խմբի մասին, որովհետև բոլոր մարդիկ տարբեր են, և պետք է նրանց դիտարկել անհատապես:

«Հայաստանը դրսից է մեզ համար միատարր թվում, բայց դուք ներսում բոլորդ տարբեր տեսակի եք»,- ասում է հոլանդացի ռեժսիորը:

Նա նկատել է, որ ռուսները լացում, ծիծաղում են իրենց ներսում, հույզերը չեն արտահայտում: Եվ պատահական չէ, որ նրանց համար իրենց հերոսներն անձեռնմխելի են, ինչը ռեժիսորի համար տարօրինակ է: Յ. Ստելինգի խոսքերով` չնայած հայերը նույնպես տարիներ շարունակ եղել են ԽՍՀՄ կազմում, բայց ռուսներից բավականին տարբերվում են: Հայերը շատ ավելի բաց են դիմացինի համար, միաժամանակ` հավակնոտ ու պայքարող:

«Հայաստանի նման երկրի համար կարևոր է մյուսներին ցուցադրել իր ոգին, գաղափարները, ինչպես դա արեց Փարաջանովը,- ասում է հոլանդացի ռեժիսորը,-  հենց նրա միջոցով ես սկսեցի իմանալ Հայաստանի մասին և հասկանալ հայերին»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter