HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռուսաստանում ավտովթարներից ամեն օր զոհվում է միջինում 77 մարդ

Ռուսաստանում 2012 թվականին ճանապարհային երթևեկությանն առնչվող հանցագործությունների հետևանքով զոհվել է 27,991 մարդ: Այս մասին հայտնում է «Վիկիպեդիա» առցանց հանրագիտարանը՝ հղում անելով Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության (Государственная инспекция безопасности дорожного движения, ГИБДД, ГАИ) պաշտոնական տվյալներին:

Ռուսաստանում, փաստորեն, 2012 թվականին՝ ամեն օր, ճանապարհային երթևեկությանն առնչվող հանցագործությունների հետևանքով, դժբախտաբար, զոհվել է 77 մարդ:

Այս պաշտոնական տվյալը լայնորեն տարածել են նաև ռուսաստանյան շատ լրատվամիջոցներ:

Օրինակ՝ Vesti.ru-ն մանրամասնում է, որ 2012թ. ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վիրավորվել է 258 618 մարդ, ինչը 2,7%-ով ավելի է, քան 2011 թ.-ի նույն ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, 2012թ. Ռուսաստանում արձանագրվել է 203 597 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 1,9 տոկոսավ ավելի է, քան նախորդ տարի:

«Պետական դատախազության տվյալներով՝ Ռուսաստանում յուրաքանչյուր 5-րդ ՃՏՊ-ն տեղի է ունենում վատ ճանապարհների հետևանքով»,- հայտնում է vesti.ru-ն:

Իր հերթին gazeta.ru-ն, անդրադառնալով 2012-ի ցուցանիշներին, տեղեկացնում է. «Գործնականում ամեն 4-րդ վթարը տեղի է ունեցել ճանապարհների ու փողոցների անբավարար վիճակի պատճառով: Այսպես, քանդված ճանապարհներին տեղի է ունեցել 42 772 ՃՏՊ (1,1 տոկոսով աճ), որոնց հետևանքով զոհվել է 6950 (1,8 տոկոսով աճ) և վիրավորվել 54 468 մարդ (2,3 տոկոսով աճ)»:

2013թ. հուլիսի 13-ին ողբերգական ավտովթար տեղի ունեցավ Պոդոլսկում: Հայաստանի քաղաքացի, 46-ամյա վարորդ Հրաչյա Հարությունյանի վարած, խճաքարով բեռնված «ԿամԱԶ»-ը բախվեց ավտոբուսի, ինչը հետևանքով, դժբախտաբար, զոհվեց 18, վիրավորվեց մոտ 30 մարդ:

Ավտովթարի մերձակայքի բնակիչները ռուսական լրատվամիջոցներին հայտնել են, որ այդ խաչմերուկում չափազանց հաճախ են ավտովթարներ լինում: Տարածքում նույնիսկ լուսացույց չի եղել: 18 մարդու կյանք խլած ողբերգությունից հետո Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը կարգադրեց խաչմերուկում լուսացույց տեղադրել և այդ ճանապարհահատվածում սահմանափակել բեռնատարների երթևեկությունը, իսկ իրավապահները դատավորի ներկայությամբ ծաղրեցին ու նվաստացրին արցունքները հազիվ զսպող Հրաչյա Հարությունյանին՝ նրան հիվանդանոցից դատարան տեղափոխել կնոջ ծաղկավոր խալաթով ու հողաթափերով:

Ըստ ռուսական պաշտոնական տվյալների՝ վերջին 10 տարում Ռուսաստանում ՃՏՊ-ներից ամենամեծ թվով զոհեր եղել են 2003 թվականին. այդ տարի, դժբախտաբար, զոհվել է 35 602 մարդ, վիրավորվել 243 919 մարդ, ՃՏՊ-ների թիվը՝ 204 267: Վերջին 10 տարում Ռուսաստանում համեմատաբար ամենափոքր թվով զոհեր են եղել 2009 թվականին. զոհվել է 26 084, վիրավորվել 257 034 մարդ, ՃՏՊ-ների թիվը՝ 203 603:

Ընդհանուր առմամբ, վերջին 33 տարում Ռուսաստանում ՃՏՊ-ներից, դժբախտաբար, զոհվել է 881 561 մարդ, վիրավորվել 6 093 605-ը, ՃՏՊ-ների ընդհանուր թիվը՝ 5 123 363:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter