HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դսեղի 7-րդ դարի քառակող կոթողը կվերականգնվի

Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը «Հետք»-ին տեղեկացնում է, որ Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանոցում գտնվող 7-րդ դարի կոթողը վերականգնելու համար նախարար Հասմիկ Պողոսյանի հանձնարարությամբ գումար է հատկացվել պետական բյուջեից: «Հուշակոթողի վերականգնման ողջ գործընթացը (նախագծում եւ վերականգնում) իրականացնել պետական բյուջեի «Հուշարձանների հրատապ ուսումնասիրում, ամրակայում, վերականգնում տողից»,- ասված է օրերս խմբագրությանը հասցեագրված նամակում:

«Մշակույթի նախարարությունը հանձնարարականը Դսեղի համայնքապետի՞ն պետք է տար» հոդվածում ներկայացրել էինք Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանոցում գտնվող 7-րդ դարի քառակող կոթողի վթարային վիճակը: Մասնավորապես պատվանդանի խարխլվելու հետեւանքով կոթողն իր բնական դիրքից կիսով չափ թեքվել է եւ ամեն րոպե կարող է տապալվել գետնին:

Հրապարակման մեջ նշել էինք, որ ճիշտ չէ մշակույթի նախարարի տեղակալի մոտեցումը, երբ նա կոթողի վտանգված լինելու մասին Դսեղի համայնքապետի ահազանգին ի պատասխան պարտավորեցնում է անձամբ նախաձեռնել վերականգնման աշխատանքները: Այն դեպքում, երբ Դսեղ գյուղի գերեզմանոցում գտնվող 7-րդ դարի կոթողը հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունի:

Նախարարի տեղակալը մեր դիտողությանն ի պատասխան մեջբերում է կատարել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքի» 11-րդ հոդվածից, որի «դ» կետում ամրագրված է. «Տեղական ինքնակառավարման մարմինները հանրապետական հուշարձանների նկատմամբ իրականացնում են պետության կողմից պատվիրակված լիազորությունները»:

Մենք նույնպես հիմք ընդունելով հիշյալ օրենքի հոդվածը մեկ անգամ եւս պնդում ենք, որ Դսեղի համայնքապետը կատարել է իր պարտականությունը` մշակույթի նախարարին ահազանգել է կոթողի վտանգված լինելու մասին: Նախարարը, եթե որոշել էր կոթողի վերականգնումն ու պահպանումը համայնքի ղեկավարին «պատվիրակել», ուրեմն վերոհիշյալ «դ» կետով սահմանված պարտավորությունը պետք է իրականացներ ամբողջությամբ` լիազորությունը պատվիրակելու հետ միասին պետական բյուջեից գումար պետք է հատկացներ համայնքապետարանին, որը չէր արել:

Ավելորդ չէ հիշեցնել, որ տկն Պողոսյանը կոթողի վերականգնումը հրատապ համարեց միայն այն ժամանակ, երբ հունիսի 18-ին կրկին գրությամբ նրան հիշեցրինք այդ մասին եւ նույն օրը, երբ նախարարը այցելեց Դսեղ, իր համար միանգամայն անսպասելիորեն արժանացավ Դսեղի համայնքապետ Նորիկ Քոչարյանի հրապարակային պարսավանքին: Համայնքի ղեկավարը տարեսկզբից մի քանի դիմում էր ներկայացրել նախարարին` ակնկալելով մշակույթի նախարարության աջակցությունը հուշակոթողը կորստից փրկելու հարցում: 

Մեկնաբանություններ (1)

Սառա Պետրոսյան
Ստեփան Նալբանդյանին` եթե Դուք ունեք 18 սմ թեքությամբ լուսանկարը` տրամադրեք մեզ, առանց ամոթանք տալու, ես այդպես եմ տեսել կոթողը այն լուսանկարելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter