HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Ժամհարյան. «Վիճակը շտկելու համար պետք են տարիներ, քրտնաջան աշխատանք, նաև` խելամիտ ներդրումներ»

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Լուսինե Ժամհարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, ավագ գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, «ԳՁՕ-ների և միկոտոքսինների փորձարկման լաբորատորիայի» վարիչն է: Ներկայացնում է բավական լայն բնագավառներ՝ բժշկություն (սակավաշարժության պայմաններում էներգետիկ գործընթացների ուսումնասիրություն, իոնիզացնող ճառագայթման պայմաններում կենսամարկերների վերլուծություն և գնահատում), սննդի անվտանգություն (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և միոտոքսինների փորձարկում) և դեղագործություն (ռադիոպաշտպանիչ նյութերի՝ հակաօքսիդանտային և հակաբորբոքային բնութի, ուսումնասիրություն, drug design, discovery): Ատենախոսության վերնագիրն է «ԳԱԿԹ-ի և պիրացետամի ազդեցությունը միտոքոնդրիումների ֆունկցիոնալ վիճակի որոշ ցուցանիշների վրա՝ սակավաշարժության պայմաններում»:

Թե ինչպես եղավ, որ ընտրեց գիտությունը, Լուսինեն պատմում է. «Քանի որ մասնագիտությամբ ես դեղագետ եմ և դեռևս ուսանող տարիներին մտածում էի, որ կզբաղվեմ դեղերի բիզնեսով (թեև կյանքն այլ կերպ դասավորվեց), ամեն հարցի մեջ խորությամբ ներթափանցելն ու բացահայտելն ինձ միշտ գրավել է, և ես դեռ ուսանող տարիներից մեծ հաճույքով ամբողջ օրն անցկացնում էի լաբորատորիայում: Գիտնական դառնալ չեմ որոշել, այլ պարզապես այդպես ստացվել է, բայց հիմա իմ կյանքը չեմ պատկերացնում առանց գիտության»

Լուսինեն ունի բազմաթիվ հետաքրքրություններ ու նախասիրություններ. սիրում է երաժշտություն, հետաքրքրվում է նաև մեր երկրի և ամբողջ աշխարհի ներկայի և ապագայի հետ կապված հարցերով (քաղաքականություն, տնտեսություն և այլն), ասում է, որ եթե ժամանակ ունենար, կկարդար ֆանտաստիկ գրականություն: Իսկ Լուսինեի ժամանակն, իրոք, քիչ է. նա ամուսնացած է և ունի 2 զավակ:

Ունի բազմաթիվ նախասիրած ասույթներ, հաճախ օգտագործվողներից են՝ «Ով աշխատի, նա կուտի», «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում», «Աշխատանքը գայլ չի, անտառ չի փախչի» և այլն:

Ամենաշրջադարձային պահն իր կյանքում համարում է այն, երբ Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի կողմից առաջարկվեց իր կատարած ատենախոսական աշխատանքը պաշտպանել կենսաբանական գիտությունների գծով. «Ուզում եմ նշել, որ ի սկզբանե իմ ատենախոսական աշխատանքը նախատեսված էր դեղագիտական գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման համար, քանի որ շեշտը դրված էր դեղերի ազդեցության առանձնահատկությունների վրա՝ սակավաշարժության պայմաններում, ինչպես սկզբնապես որոշված էր Ֆարմակոլոգիայի ամբիոնի նիստում, սակայն ուսումնասիրություններն ընդգրկում էին բավականին լայն կենսաքիմիական և կենսաֆիզիկական եղանակներ, և շեշտը դրված էր կենսաբանական ցուցանիշների փոփոխության վրա: Գուցե այդպես ավելի ճիշտ ստացվեց: Բազմաթիվ կենսաքիմիական գործընթացների ուսումնասիրությունը տարբեր օրգանների միտոքոնդրումներում բացահայտեցին ինքնատիպ փոփոխություններ, որոնք դեղերի ներքո ակտիվանում կամ ընկճվում էին, ուստի՝ նոր մասնագիտական ուղղությամբ շարժվելը թվում էր՝ դժվար կլինի, սակայն, հաշվի առնելով, որ Բժշկական ինստիտուտ ընդունվելիս ես կենսաբանություն էի հանձնել՝ բարձր գնահատականով, ինձ համար շատ հեշտ եղավ, և ես կարճ ժամկետում հանձնեցի ԲՈՀ-ի կողմից սահմանված նոր մասնագիտական  քննություն՝ կենսաբանություն»:

2010-2013 թթ. Լուսինեն եղել է ՄԳՏԿ (Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի) Ա-1764 նախագծի սուբմենեջեր, որի շրջանակներում ուսումնասիրվում էին պղինձ-օրգանական միացություների ռադիոպաշտպանիչ և հակաուռուցքային հատկությունները: Այդ թեմայով ունի մոտ 10 տպագրված աշխատանք: Երկար տարիներ զբաղվել է սակավաշարժության խնդրով, ունի 17 տպագրված աշխատանք արտասահմանյան և տեղական ամսագրերում:

Այժմ աշխատում է սննդի մոնիթորինգի ուղղությամբ և բացահայում տարբեր որակի սննդի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, զբաղվում միկոտոքսինների և ԳՁՕ-ների առկայությամբ սննդի փորձարկումներով՝ նոր փորձարկման մոտեցումների մշակմամբ: Հետաքրքրված է սննդի վերաբերյալ հետազոտություններով, ունի արդյունքներ, որոնք պատրաստվում է տպագրել միջազգային և տեղական ամսագրերում:

Գիտաժողովներից առանձնացնում է 2006-ին Օքսֆորդի Մագդալեն քոլեջում անցկացվող գիտաժողովը՝ նվիրված ուղեղի էներգետիկ նյութափոխանակությանը, որտեղ շատ հետաքրքիր և անմոռանալի պահեր է ապրել. «Ինձ ասացին, որ ես 2-րդ հայն եմ, որն այցելում է այդ քոլեջ: Շրջեցի Օքսֆորդի այլ քոլեջներում նույնպես, շատ տպավորիչ էր: Սակավաշարժության աշխատանքներիս կան որոշ արձագանքներ և հղումներ, հատկապես ամինաթթուների փոխանակության գծով: Նույնիսկ առաջարկել են տպագրել Գերմանիայում, սակայն ժամանակ չեմ գտնում, որպեսզի ամբողջացնեմ գրքի տեսքով»:

Մոլեկուլային  կենսաբանության ինստիտուտում նոր ստեղծված «ԳՁՕ-ների և միկոտոքսինների փորձարկման լաբորատորիան» իր բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել, կատարվել են պայմանագրային աշխատանքներ սննդի անվտանգության ծառայության հետ միասին, ունեն ANSEF-դրամաշնորհ, փորձում են կատարելագործել աշխատանքը՝ իհարկե օգտվելով ինստիտուտի կողմից ապահովվող բոլոր միջազգային կապերից: Լուսինեն կարծում է, որ սերտ համագործակցել միշտ էլ հնարավոր է, բայց այդպիսի ծրագրերը պետք է նորմալ ֆինանսավորվեն, այլ ոչ թե էնտուզիազմի վրա հիմնված լինեն: Պետք է ունենալ գիտության լուրջ կազմակերպիչներ՝ մենեջերներ, որոնք խնդիրներ կառաջադրեն և համագործակցության ուղիներ կփնտրեն, պետք է շահագրգռեն ներդրողներին, ստեղծվեն հիմնադրամներ և այլն… Իսկ այդ մարդկանց պետք է լավ վարձատրել:

-Լուսինե, ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնորհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։

-Բոլոր ստացած մրցանակներն էլ ինձ համար թանկ են: Նույնիսկ միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար վերջիններիս կազմակերպիչների կողմից կատարված զեղչերն ու դրամաշնորհներն ինձ համար երջանկություն և ավելի լավ հանդես գալու հիմք են հանդիսացել:

Իր աշխատանքների համահեղինակների հետ կապված՝ Լուսինեն համարում է, որ համահեղինակների թիվը սովորաբար մեծ է լինում, քանի որ աշխատանքը պահանջում է բազմակողմանի մոտեցում. «Միշտ աշխատել եմ աշխատանքներում հնարավորինս մեծ անձնական, և՛ որակական, և՛ քանակական, ներդրում ունենալ, պլանավորել, նախագծել, կատարել փորձարկումներ, տվյալները վերլուծել և գալ եզրահանգումների»:

-Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։

Հայաստանը փոքր պետություն է, և արդյո՞ք հնարավոր է, որ այն իր սեփական գիտությունն ունենա», - ասաց ինձ Օքսֆորդում մի գիտնական, երբ ես փորձում էի գիտաժողովի ժամանակ ներկայացնել իմ աշխատանքը դեռևս 2006 թվականին: Դրանից հետո իմ աչքերը բացվեցին…. Մեր ժողովուրդը միշտ գնահատել է գիտեցող անձնավորությանը, բայց արժեհամակարգը ոչ միայն գիտության վերաբերյալ, այլև շատ այլ բնագավառների, նաև բարոյական, խեղվել է: Կյանքը փոփոխական է և իր ժամանակակից խնդիրներն է առաջադրում, ոչ մի բան հավերժ չէ, արժեքները կարող են վերանալ, եթե դրանք չպահպանես: Վիճակը շտկելու համար պետք են տարիներ, քրտնաջան աշխատանք, նաև՝ խելամիտ ներդրումներ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին։

 -Պետք է լինեն ոչ թե ինքնանպատակ այդ մրցանակները, այլ միայն խրախուսանքներ: Ինձ թվում է, որ դրանք լրջորեն իրավիճակը չեն փոփոխի: Գիտությունը չի կարող հիմնված լինել միայն մրցանակների վրա: Լուրջ քայլերը պետք է կատարեն և ասեն լուրջ գիտնականները:

-Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս ինչն ընդունել՝ որպես հիմք, ի՞նչ չափանշներով արժե առաջնորդվել։

-Միանշանակ, երիտասարդ գիտնականի կողքին կանգնած է իր ղեկավարը, որը շատ է ազդում ինչպես տպագրությունների քանակի, այնպես էլ որակի վրա: Եւ միանշանակ, այդ ցուցանիշները բազմակողմանիորեն չեն բնութագրում կոնկրետ երիտասարդ գիտնականին: Երիտասարդ գիտնականը պետք է երազի իր գործի ապագայի մասին, նա պետք է արժևորի ոչ միայն իր նվաճումը, այլև ճանաչի և հետաքրքրի իր կողքի այլ գիտնականներին: Որպես չափանիշ կարելի վերցնել երիտասարդ գիտնականի և շրջապատի գիտնականների միջև եղած փոխկապվածությունը: Կարծում եմ՝ մրցույթը կարող է լինել հենց տեղում՝ տարբեր գիտական առաջադրանքների ձևով, այլ ոչ թե նախապես տպագրված աշխատանքներով: Իհարկե, շատ կարևոր է նաև ազդեցության գործակիցը:

-Ինչպե՞ս անել, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ չդնեն տեսաբաններին և փորձարարներին։

-Փորձարարների համար մրցանակաբաշխությունում սահմանել առանձին մրցանակ՝ բաժանելով մրցանակային ֆոնդը ըստ տեսաբանների և փորձարարների:

-Դժվարություն է առաջանում նաև համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելիս։ Ի՞նչ կարող եք ասել՝ գիտաչափական ինչպիսի՞ մոտեցում է պետք: Հ-ինդեքսն այս դեպքում օգտակա՞ր է։

-Հ-ինդեքսն, իհարկե, բնութագրում է աշխատանքը, գիտնականին և գիտական ուղղությունը, բայց այն լիովին կարող է չարտացոլել տվյալ դեպքում կատարված աշխատանքի նշանակությունը, քանի որ հղումները բնութագրում են գիտնականին՝ նմանատիպ հետազոտական աշխատանքների շրջանակներում: Համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքն, իմ կարծիքով, չպետք է գնահատվի առանձին, կամ համագործակցողներն իրենք պետք է այլ մոտեցումներ առաջարկեն:

-Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած ի՞նչ հիմնական խնդիրներ կթվարկեք:

-Երիտասարդ գիտնականի կողքին պետք է միշտ լինեն իր ավագները, այդ դեպքում խնդիրները հեշտ կլուծվեն, իսկ ավագ սերունդ գրեթե չի մնացել, ընդ որում՝ վերջիններս այնքան էլ շահագրգռված չեն մեծաքանակ հետնորդներ ունենալու մեջ: Երիտասարդ գիտնականը հենարան չունի: Խնդիրների լուծման համար նույնպես պետք է ֆինանսավորում, և անհրաժեշտ է ծավալել կազմակերպչական լայն աշխատանք:

-Ինչպե՞ս եք վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը:  Արդյոք գիտնականը չի՞ դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։

-Գիտությամբ զբաղվել չի նշանակում կտրվել նյութական բարիքներից: Ինչպես յուրաքանչյուր մարդ, գիտնականն էլ պետք է մտածի իր ֆինանսական եկամուտների մասին: Դասավանդել, գիտաժողովներին մասնակցել, դրամաշնորհներ վաստակել, կիրառական լուծումները արտոնագրել. այդ ամենը միայն բնութագրում է գիտնականի արդյունավետությունը:

-Տեսնո՞ւմ եք, արդյոք, վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։

-Կարծում եմ, որ արվում է նվազագույն անհրաժեշտը, որը դեռևս կպահպանի գիտական ոլորտը ցածր մակարդակի վրա:

-Որքա՞ն է  տարածված կոռուպցիան գիտական աշխարհում։ Երբևէ հանդիպե՞լ եք երիտասարդ գիտնականի աշխատանքի շահագործման դեպքի:

-Չգիտեմ այդպիսի մարդկանց: Եթե երիտասարդ գիտնականը կատարում է ինչ-որ աշխատանք, չի նշանակում, որ իրեն շահագործում են, իսկ եթե այդպիսի փաստ կա, թող բողոքի: Բացի այդ, նա կատարում է այդ աշխատանքը նախ և առաջ իր համար: Պետք է հստակեցնել հեղինակային իրավունքների շրջանակներին վերաբերող հարցերը:

- Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք՝ Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

-Արտասահմանում չեմ աշխատել, բայց շատ եմ ուզում, երեխաների պատճառով չեմ կարող երկարատև բացակայել երկրից, կամ էլ ընդմիշտ պետք է հեռանամ: Կարող եմ, սակայն, ավելացնել, որ քաջ տեղյակ եմ, որ շատ մեծ տարբերություններ կան դրսում և Հայաստանում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում: Այնտեղ գիտնականը ապահովված է և՛ նորագույն սարքերով, և՛ նյութերով և՛ բազմաթիվ այնպիսի մասնագետների հետ շփման հնարավորություններով, որոնք իրեն կարող են օգնել կամ համագործակցել իր հետ: Այստեղ մեր գիտնականը, ինձ թվում է, ավելի անօգնական է և միայնակ է զգում իրեն:

-Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞։

-Կարծում եմ՝ ոչ:

-Ի՞նչ կասեք հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc)  համակարգի մասին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսանկյունից պետք չէ  արագորեն ներդրնել այդ համակարգը Հայաստանում։

-Միանշանակ պետք է անցնել այդ համակարգին, և ոչ մի դոկտորական կոչում էլ պետք չի լինի, իսկ պրոֆեսոր պետք է դառնա միայն այն անձը, ով առաջընթաց և նոր ուղղություններ կապահովի գիտական բնագավառում և հաջողության կհասնի, ներդրում կունենա:

- Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

-Ե՛վ Հայաստանում և՛ արտասահմանում ես իմ հետագա աճը պատկերացնում եմ, եթե միայն անկանխատեսելի բաներ չպատահեն:

-Ի՞նչ կմաղթեք մեր երկրի երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը։

-Մաղթում եմ գիտական հանրությանը նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ, մասնագիտական աճ, իսկ երիտասարդ գիտնականներին հատկապես՝ համախմբվածություն, եռանդ, անկոտրում կամք և լավատեսություն իր ապագայի նկատմամբ:

 

Զրուցեց Մանե Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter