HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի վերաքննիչ բողոքը մերժեցին

Հուլիսի 17-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանն ամբողջությամբ մերժել է «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ի եւ նույն թերթի լրագրող Սոնա Գրիգորյանի բողոքը՝ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. ապրիլի 29-ի վճռի դեմ:

Հիշեցնենք, Սոնա Գրիգորյանը զանգահարել էր գործարար Խաչիկ Խաչատրյանին՝ հրապարակվելիք նյութի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, սակայն վերջինս պատասխանել էր. «... Իհարկե, տենց բան չի եղել, վաղն էլ էդ ես գրելու: Դե, գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց։ Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»:

Ըստ բողոքաբերների՝ընդհանուր իրավասության դատարանը իրավասու չէր լրագրողի եւ պատասխանողի հեռախոսազրույցը համարել մասնավոր, քանի որ այն տեղի է ունեցել լրագրողական գործունեության շրջանակներում եւ ակնհայտորեն վերաբերել է օրաթերթում հրապարակվող՝ պատասխանողին վերաբերող տեղեկություններին։

Բացի այդ՝լրագրողն անհիմն է համարել դատարանի այն մոտեցումը, որ ոչ հրապարակայնորեն կատարված վիրավորանքը դուրս է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կարգավորումից։ Լրագրողի պնդմամբ՝ դատարանը, ընդունելով այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից վիրավորական արտահայտությունները իրականում հնչեցվել են, եւ այն, որ դա ընդունել է նաեւ Խաչիկ Խաչատրյանը, պետք է օրենքի անալոգիայի ուժով կիրառեր վերոնշյալ նորմը։

Սակայն վերաքննիչ դատարանը բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը հստակ է սահմանել վիրավորանքի հասկացությունը, այն է՝ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։

Ըստ դատարանի՝հոդվածի բովանդակության վերլուծությունից պարզ է դառնում, որ ի թիվս այլ պայմանների բավարարման՝որպեսզի խոսքի միջոցով արված արտահայտությունը համարվի վիրավորանք, այն պետք է արվի հրապարակայնորեն, այսինքն՝ առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ։

Վերաքննիչ դատարանը գործի նյութերով հիմնավոր է համարել Խաչիկ Խաչատրյանի արտահայտության ոչ հրապարակային լինելը, հետեւաբար այն քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հիմքով վիրավորանք դիտելը եւ այդ հոդվածով նախատեսված իրավական պաշտպանության դիմելն անհիմն է համարել։

Սոնա Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter