HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցի անորակ շինարարության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել

Դեռեւս 2006 թ. սեպտեմբերի 5-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձամբ էր կտրել Արագածոտնի մարզի Արագած գյուղի նորակառույց` 2-րդ դպրոցի կարմիր ժապավենը: Դասերը սկսվել էին: Սակայն մեկ տարի չանցած` հատակի տախտակները փտել են:

Պարզվել է` դպրոցում ջրահեռացման համակարգ չի կառուցվել, այդ պատճառով էլ հատակը շատ արագ փչացել է: Երկու տարի առաջ աշակերտների ծնողների եւ համայնքապետարանի համատեղ ուժերով դասասենյակներից մի մասի հատակը բետոնապատվել է, մնացածի վերանորոգման համար խոստացել են աջակցել մարզպետարանն ու «Վորլդ Վիժն» կազմակերպությունը:

Դպրոց մտնել մեզ չհաջողվեց: Այն փակ էր, իսկ տնօրեն Սուրման Ավդալյանը գյուղում չէր: Զանգահարեցինք նրան, որպեսզի պահակին թույլ տա բացել դպրոցը. ցանկանում էինք լուսանկարել ներսում տիրող իրավիճակը: Տնօրենն ասաց, որ առանց իր ներկայության ոչ ոքի թույլ չի տա ներս մտնել: Նրան բացատրեցինք, որ դպրոցն իր սեփականությունը չէ եւ միայն իր բացակայության պատճառով մեզ չթույլատրելով` խոչընդոտում է մեր լրագրողական աշխատանքին:

Ասացինք, որ մենք ընդամենը ուզում ենք կատարել մեր մասնագիտական գործը, առավել եւս` մեզ հետ է համայնքապետարանի աշխատակիցը, դպրոցին մեր կողմից որեւէ վտանգ չի սպառնա, ընդամենը պետք է լուսանկարենք ու դուրս գանք: Տնօրենն անդրդվելի էր: Համայնքապետ Գագիկ Պողոսյանն ասաց, որ դպրոցը համայնքապետարանի ենթակայության տակ չէ, ինքն այդ հարցում օգնել չի կարող, բայց կարող է զանգել ու տնօրենի հետ բանակցել: Քիչ անց պարզվեց, որ տնօրենն արդեն անջատել է հեռախոսը:

Արագածի դպրոցը կառուցվել է պետբյուջեից հատկացված միջոցներով: Արագածոտնի մարզպետարանի հայտարարած մրցույթը տակավին 2004 թ. շահել է «Ս. Սեդրակյան եւ որդի» ՍՊԸ-ն, որին եւ հատկացվել է 116 մլն դրամ` շինանյութերի ձեռք բերման եւ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:

Ի դեպ, հատկացված գումարի չափը տարբեր աղբյուրներում տարբեր է: Նախկին տնօրեն Գրիշա Սիմոնյանի, ում օրոք իրականացվել են շինաշխատանքները, ինչպես նաեւ գյուղապետարանի տվյալներով` 114 մլն դրամ է հատկացվել դպրոցի կառուցման համար: Նախկին տնօրենն ասում է, որ նախատեսված էր 130 մլն, մրցույթը շահող ընկերությունը խոստացել է 114 մլն-ով կառուցել շենքը, 16 մլն-ը, չգիտես ինչու, կրճատվել է:

Հնարավոր է` այդ պատճառով ջրահեռացման համակարգ չի կառուցվել, եւ հատակը շատ շուտ փտել է: Իսկ ՀՀ գլխավոր դատախազության` մեր հարցմանն ի պատասխան տրված գրության մեջ նշված է 116 մլն դրամ: Թե ինչու նախատեսված 130 մլն դրամը չի հատկացվել, փորձեցինք ճշտել Արագածոտնի մարզպետարանից:

«Շինարարությունն իրականացվել է նախորդ մարզպետի օրոք, ուստի գումարների հատկացման վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց մարզպետ Սարգիս Սահակյանը:

Ընկերությունը դպրոցը կառուցել է երկու տարվա ընթացքում: Գրիշա Սիմոնյանը, ով արդեն 1 տարի է` թոշակի է անցել, պատմում է, որ դպրոցի շահագործման ժամանակ ինքը հանձնման-ընդունման ակտ չի ստորագրել. «Ո՞նց չեմ պահանջել, ասել եմ` դպրոցն ու՞մ եք հանձնել, ասել են` ով որ ընդունել է, նրան էլ հանձնել ենք: Մարզպետն է պատվիրատուն եղել, նրան էլ հանձնվել է»:

Ավելին, նախկին տնօրենին զգուշացրել են այդ հարցերին չխառնվել, քանի որ հենց նախագահն է բացմանը եղել, մարզպետն էլ ամեն ինչին տեղյակ է, ուրեմն բոլոր հարցերը լուծված են (այն ժամանակ մարզպետը դաշնակցական Գաբրիել Գյոզալյանն էր): Դպրոցը նորակառույց շենք է տեղափոխվել մարզպետի բանավոր հրամանով:

Ինչ վերաբերում է ավարտական ակտին, ապա, ըստ գործող մարզպետի, «այն ընդհանրապես չի ստորագրվել, քանի որ շինարարության մեջ տեղ են գտել թերություններ»: Մարզպետի պատասխանից կարելի է ենթադրել, որ թերությունների մասին սկզբից եւեթ իմացել են, բայց ոչինչ չեն արել դրանք կանխելու ուղղությամբ:

«Էդ 4 տարվա մեջ, որ ես աշխատում էի, զզվեցրին ընձի` էլ ԿԳԲ, էլ դատախազություն, էլ շինվարչություն, էլ քաղաքաշինության մինիստրություն, բրիգադների գալ ու գնալով էդ դպրոցում ոչինչ չփոխվեց: Երեկ չէ մյուս օրը էլի 10 հոգի բրիգադ էր եկել: Ի՞նչ եք փոխելու, որ գալիս-գնում եք,- հարցնում է նախկին տնօրենը,- վարչապետի տեղակալն եկավ, կամիսիան հետը բերեց, ինքն էլ մտավ, նայեցին, ասացին` այս դպրոցը անմիջապես երկրորդ հերթ` յանի գումարով օգնել, մենք էլ վիզ առանք` կոլեկտիվով, ծնողներով, աշակերտներով` կանենք, մենակ գումար լինի: Օդի մեջ ասաց, օդի մեջ էլ մնաց»:

Գործով այժմ զբաղվում է դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի  վարչության պետ Շ. Տոնոյանը, մեր գրավոր հարցմանը պատասխանելով, նշել է, որ «Ս. Սեդրակյան եւ որդի» ՍՊԸ-ի տնօրենն ու փոխտնօրենը` Ս. Սեդրակյանը եւ Լ. Հովհաննիսյանը, ձեռք բերելով ավելի քիչ նյութական արժեքներ եւ կատարելով նախատեսվածից ավելի քիչ չափով աշխատանքներ` ավարտական ակտերում ու հաշվապահական փաստաթղթերում ցույց են տվել, որ հատկացված գումարներն ամբողջությամբ ծախսվել են ու յուրացրել են ընդհանուր 1.222.000 ՀՀ դրամ:

Յուրացման փաստը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ստացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության գրությունը: Համաձայն դրա` նախարարության աշխատակազմի քաղաքաշինական   պետական   տեսչության Արագածոտնի տարածքային բաժինն ուսումնասիրել է թիվ 2 դպրոցի նախագծային եւ «Ս. Սեդրակյան եւ որդի» ՍՊԸ-ի կողմից փաստացի իրականացված աշխատանքները: Արդյունքում կազմվել է դպրոցի նախագծային եւ փաստացի իրականացված շինարարական աշխատանքների ծավալների համեմատական աղյուսակ, համաձայն որի` հայտնաբերվել է 1.222.000 ՀՀ դրամի հավելագրման հափշտակություն:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից անցյալ տարվա մարտի 19-ին է միայն քրեական գործ հարուցվել` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափի յուրացում), որը հետագայում, նախաքննությունը շարունակելու համար, ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Ս. Սեդրակյան եւ որդի» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքներն իրականացրել է ծրագրով նախատեսված նորմերի կոպիտ խախտումներով, այն է` օգտագործված եւ անորակ շինանյութերով, դպրոցի տանիքի,    հատակի, ջեռուցման համակարգի, սանհանգույցի ու դռների պատրաստումն ու նորոգումը կատարվել է անորակ, որի արդյունքում շուրջ երեք տարվա ընթացքում դպրոցի շենքի զգալի մասը դարձել է անօգտագործելի:

Համաձայն դատախազությունից ստացած գրության` քրեական գործի քննությամբ հիմնավորվել է նաեւ, որ դպրոցի շինարարական աշխատանքների իրականացման րնթացքում որոշ աշխատակիցների կատարած աշխատանքների դիմաց չի վճարվել շուրջ 640.000 դրամ: 2010-ի հուլիսին որոշում է կայացվել ստուգում կատարել «Ս. Սեդրակյան եւ որդի» ՍՊԸ-ում:

Օգոստոսին ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչությունից ստացվել է դպրոցի շինարարական աշխատանքների մասնագիտական ստուգման վերաբերյալ նյութերը:

Հսկիչ չափագրման արդյունքներով արձանագրվել է 9740.28 հազար դրամի պակաս կատարված եւ 4234.2 հազար դրամի ավել կատարված շինարարական աշխատանքներ, որոնք հանձնման-ընդունման արձանագրություններում արտացոլված չեն, ինչպես նաեւ այդ աշխատանքները նախատեսված չեն եղել նախագծով եւ ծավալաթերթ նախահաշվում:

Այսպիսով, ստուգման արդյունքներով հայտնաբերվել է 10417.78 հազար դրամի հավելագրում, այդ թվում` հանձնման-ընդունման արձանագրություններով ավել ցույց տրված 677.5 հազար դրամ եւ ծավալային հավելագրում 9740.28 հազար դրամ, ինչպես նաեւ` 4234.2 հազար դրամի ավել կատարած աշխատանքներ:

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունից էլ ստացվել են «Ս. Սեդրակյան եւ որդի» ՍՊԸ-ի` կանխամտածված սնանկ ճանաչվելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը, որով «Ս. Սեդրակյան եւ որդի» ՍՊԸ-ի պարտքը պետբյուջեին կազմում է ավելի քան 12.5 մլն դրամ: Ստացված նյութերը միացվել են մեկ վարույթում:

Որոշում է կայացվել դատահաշվապահական եւ շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Այս տարվա ապրիլին ստացվել է փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` «Ս. Սեդրակյան եւ որդի» ՍՊԸ-ի կողմից 2004-2005 թթ. ընթացքում Արագածոտնի մարզի Արագած գյուղում նոր կառուցված թիվ 2 դպրոցում իրականացվել են շուրջ 5.9 մլն դրամի պակաս շինարարական աշխատանքներ, քան կատարողական ակտերում նշված շինարարական աշխատանքները:

Ստացված եզրակացության շուրջ շինարարական աշխատանքներ իրականացրած Լ. Հովհաննիսյանի կողմից ներկայացված առարկություններով նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախաքննությունը շարունակվում է:

Շուրջ 5 տարի է` դպրոցի անորակ շինարարության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, իսկ իրավապահ համակարգի տարբեր կառույցներ դեռ քննում են գործը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter