HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռաֆայել Միրզոյան. «Ֆինանսական խնդիրն այսօր գիտնականին տանում է կա՛մ գիտությունից դուրս, կա՛մ հայրենիքից դուրս»

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Ռաֆայել Միրզոյանը ֆիզմաթ. գիտությունների թեկնածու է, թեկնածուական ատենախոսությունը՝ «Ռոբիդիումի ատոմական գոլորշիներում կոհերենտ երևույթների հետազոտությունները բիքրոմատիկ լազերային ճառագայթման դաշտում», պաշտպանել է մոտ երկու ամիս առաջ: Այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող:

Պատմում է, որ դեռ փոքրուց մտածում էր, որ գիտությունը միակ տեղն է, որտեղ մարդը կարող է առավել արդյունավետ օգտագործել ուղեղի հնարավորությունները:

Սիրում է կարդալ, երաժշտություն լսել, սպորտով զբաղվել, իսկ սպորտում նախընտրում է լողը:

Դժվարանում է հիշել իր կյանքում շրջադարձային պահեր, քանի որ ամեն ինչ ընթացել է սահուն: «Միգուցե մասնագիտական ոլորտում շրջադարձային կարելի է համարել իմ՝ 4-րդ կուրսի սկզբում Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում աշխատանքի անցնելու որոշո՞ւմը»,- վերլուծում է Ռաֆայելը:

Աշխատել և աշխատում է բարձր լուծողունակությամբ լազերային սպեկտրասկոպիայի ոլորտում: Տպագրությունները շատ են, հիմնականում՝ ազդեցության բարձր գործակցով (impact factor) ամսագրերում: Ահա Ռաֆայելի և իրենց խմբի աշխատանքներից մի քանիսը՝ А. Sargsyan, R. Mirzoyan, A. Papoyan, D. Sarkisyan, ”N-type resonances formation in micrometric-thin cells filled with Rb and buffer gas: splitting in strong magnetic field”, Optics Letters 37, 4871 (2012); A. Sargsyan, R. Mirzoyan, D. Sarkisyan, ”Splitting of the electromagnetically induced transparency resonance on 85Rb atoms in strong magnetic fields up to the Paschen-Back regime”, JETP Letters 96, 303 (2012); G. Hakhumyan, C. Leroy, R. Mirzoyan, Y. Pashayan-Leroy and D. Sarkisyan, "Study of "forbidden" atomic transitions on D2 line using Rb nano-celle placed in external magnetic field", European Journal of Physics D 66(5), 119 (2012); A. Sargsyan, Y. Pashayan-Leroy, C. Leroy, R. Mirzoyan, A. Papoyan, D. Sarkisyan “High contrast D1 line electromagnetically induced transparency in nanometric-thin rubidium vapor cell”, Applied Physics B: Lasers and Optics 105, 767 (2011)։ Այս ցանկի ամսագրերն արդեն իսկ բավարար են, որպեսզի պատկերացում կազմվի աշխատանքների որակի մասին:

Բազմաթիվ գիտական դրամաշնորհներ է ստացել, ինչպես նաև «Ծառուկյան» և «Տաշիր» հիմնադրամների անցկացրած մրցանակաբաշխությունների մրցանակակիր է: Դրամաշնորհներից մի քանիսը՝ NFSAT-2010, Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2012, Boursier du Gouvernement Français`"Doctorat de Physique"-ի համար, և այլն:

Մասնակցել է մի քանի միջազգային գիտաժողովի: Վերջինը՝ "44rd Conf. of the European Group for Atomic Systems (EGAS), University of Gothenburg, Sweden (2012)", որտեղ ներկայացրել է 2 պաստառ (Poster):

Ռաֆայել, միջազգային ի՞նչ գիտական համագործակցություններում եք ընդգրկված։

Ես հանդիսանում էի համատեղ ասպիրանտ երկու ինստիտուտներում: Իմիջիայլոց, եթե Հայաստանը կարողանար ներառվել ուսանողների փոխանակման "Erasmus" համակարգում, ապա դրանից միայն կշահեր: Ներկայում ես և մեր խումբը ներառված ենք եվրամիության FP7 IPERA, FP7 COSMO ծրագրերում, ինչպես նաև LIA IRMAS հայ-ֆրանսիական առանց պատերի լաբորատորիայի անդամներ ենք: Այնպես որ, մեր խումբը լիովին ինտեգրված է միջազգային գիտական հանրությանը, մասնավորապես, այժմ մեր լաբորատորիայում մոտ մեկ ամիս ժամանակով աշխատում են պրոֆ. Կարտալյովան՝ Բուլղարիայից, պրոֆ. Մարիոտտին՝ Իտալիայից:

Իսկ ի՞նչ կասեք ներքին համագործակցություններից:

Ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում այնքան էլ բարձր չէ: Մեր լաբորատորիայի դեպքում արտասահմանի հետ համագործակցությունը միանշանակ շատ ավելի շատ է, սակայն ես այստեղ բացասական ոչինչ չեմ տեսնում: Ինչևէ, ցանկալի կլիներ, որ մեր երկրի ներսի մասնագետները համագործակցեին և ավելի որակյալ աշխատանքներով ու ավելի բարձր մակարդակով հանդես գային միջազգային բեմահարթակում:

Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և ո՞րքան մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

Մոտ 1-6, շատ տարբեր: Քանի որ մեր թիմի աշխատանքները սովորաբար փորձարարական են, ապա միայնակ անել ինչ-որ բան, պրակտիկորեն հնարավոր չէ: Ես սովորաբար մասնակցում եմ փորձերին, ապա կատարում եմ արդյունքների մշակումը և տեսական հաշվարկները:

Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները որո՞նք են, ի՞նչ եք կարծում:

Ուղղակի ասեմ իմ կարծիքը: Ինչ-որ պահից սկսած գիտության դերը Հայաստանում սկսել են չհասկանալ: Չհասկանալ, որ այն կարևոր օղակ է, առանց որի պետության ու ազգի զարգացման հեռանկարները կանգ են առնում: Մենք միշտ հպարտորեն նշում ենք, որ մեր ազգը խելացի մարդկանցով լի է, սակայն մոռանում ենք, որ նման արտահայտության համար հիմք է հանդիսանում գիտությունը: Չգիտեմ ներկայիս վիճակի, վերաբերմունքի պատճառները, սակայն հետևանքներն արդեն երևում են, և մոտ ապագայում, կարծում եմ, անհնար կլինի կոծկել բարձր մակարդակի մասնագետների բացակայությունը:

Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին։

Վերաբերմունքս դրական է: Ինքս էլ ստացել եմ դրանցից մի քանիսը: Սակայն նման մրցանակները բավարար չեն: Ֆինանսավորումը պետք է լինի հուսալի և հաստատուն պարբերականությամբ: Այսինքն՝ մարդը պետք է ունենա ամենամսյա աշխատավարձ, այլ ոչ թե հույսեր փայփայի, որ տարին մեկ կամ երկու անգամ նրան «կպարգևատրեն» գումարով, որն իրական պատկերը չի փոխում: Գիտությամբ զբաղվող մարդը պետք է իրեն գոնե նվազագույն չափով ապահովված զգա, որպեսզի օգտագործի իր ուղեղը գիտության մեջ, այլ ոչ թե գումար հայթայթելու համար: Իսկ մրցանակաբաշխությունների նպատակը պետք է լինի խրախուսելը, այլ ոչ թե օրվա հաց ապահովելը: Միակ հնարավոր եղանակը գիտնականի աշխատավարձի բարձրացումն է, բայց ո՛չ ինֆլյացիայից պակաս չափով, ինչը կատարվում է այժմ: Թե դա ինչպես է կարելի անել, չգիտեմ, դա իմ կոմպետենտությունից դուրս է արդեն, սակայն այդ քայլի անհրաժեշտությունը բոլորն էլ կհասկանան՝ իմանալով թե որքան է ստանում գիտնականը:

Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք, ընդունել տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը։

Իմ կարծիքով, տպագրված աշխատանքների ազդեցության գործակիցների գումարը ամենաշատը կարտացոլի: Սակայն վերոհիշյալ երկու ձևերն էլ ամբողջությամբ չեն արտացոլում գիտնականի ու կոնկրետ գիտական աշխատանքի արժանիքները:

Ինչպե՞ս անել, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ չդնեն տեսաբաններին և փորձարարներին։

Նախ և առաջ, պետք է գիտնականին տալ հնարավորություն՝ ձեռք բերելու անհրաժեշտ սարքավորումները և թողնել, որ մարդիկ աշխատեն: Իրականում փորձարարների համար միշտ էլ ավելի դժվար է: Սակայն, այսպես թե այնպես, գնահատվում է աշխատանքը, այլ ոչ թե այն կատարելու ընթացքում ծագած դժվարությունները: Պայմանների ընդունելի լինելու միակ ձևն երկուսին էլ անհրաժեշտ աշխատանքային սարքավորումներով (պարագաներով) ապահովելն է: Սակայն սա արդեն մրցույթների նպատակը չէ:

Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականի առջև ծառացած հիմնական խնդիրները և ասել` լուծման ի՞նչ ուղիներ եք տեսնում։

Խնդիրները շատ-շատ են: Նշեմ ամենամեծը. կայացած կամ կայացող գիտնականները միշտ կանգնում են ֆինանսական խնդրի առջև: Դա սովորաբար մարդկանց տանում է կա՛մ գիտությունից դուրս, կա՛մ հայրենիքից դուրս: Սարքավորումների և համապատասխան գրականության բացակայությունը նույնպես մեծ խնդիր է: Լուծման ուղիները պարզ են՝ լրացնել այս և մնացած բացերը:

Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը: Արդյո՞ք գիտնականը չի դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։

Դրական եմ վերաբերվում այն փաստին, որ գիտնականները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին: Ինչո՞ւ են գիտնականներին հիմարի տեղ դնում: Երբ գիտնականը մտածում է գիտական թեմաների շուրջ, դա նորմալ է, սակայն երբ նա սկսում է մտածել այլ ուղղություններով, դա արդեն ձեռնտու չէ՞: Մտածող մարդը միշտ էլ մտածում է: Անգամ այս հարցն եմ վիրավորական համարում: Աշխատանքը մնում է աշխատանք և այն պետք է վարձատրվի՝ ըստ արժանվույն, հատկապես հիմա, երբ լավ մասնագետը հանգիստ կարող է իր տեղը գտնել արտասահմանում:

Տեսնո՞ւմ եք վերջին տարիներին դրական միտումներ։

-Եկեք պարզ բառերով ասեմ՝ աշխատավարձի բարձրացում պրակտիկորեն չի եղել` ինչը բացասական է: Ինչևէ, ավելացել են մրցանակաբաշխությունները, ինչը դրական եմ գնահատում:

Կոռուպցիան որքնո՞վ է տարածված գիտական աշխարհում:

Ֆիզիկայի և առհասարակ բնական գիտությունների ոլորտում նման բան չի լինում: Համենայն դեպս, ես ինքս երբեք չեմ տեսել կամ լսել նման բաների մասին:

Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

Մոտ 1 տարի աշխատել եմ Ֆրանսիայում: Հիմնական տարբերություններն ասեմ. այնտեղի երիտասարդ գիտնականներն ունեն իրենց աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները և գրականությունը: Եվ նրանք ֆինանսական խնդիրներ պրակտիկորեն չունեն: Իրենց թոշակները և աշխատավարձներն ավելի քան բավարար են՝ բոլոր անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:

Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞, սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։

Ես երբեք ականատես չեմ եղել նման խնդրի: Մեր ինստիտուտում կան և՛ երիտասարդ աղջիկներ, և՛ երիտասարդ տղաներ, նրանց հանդեպ վերաբերմունքը հավասար է բոլորի կողմից:

Ինչպե՞ս եք վերաբերվում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին. արդյո՞ք այն պետք չէ արագորեն ներդրնել Հայաստանում։

Դրական եմ վերաբերվում: Սակայն Հայաստանում շատ բան է պետք փոխել: Այդ համակարգը կսկսի լիարժեք աշխատել միայն, եթե արտասահմանյան PhD-ներն էլ ցանկանան գալ Հայաստան և այստեղ աշխատել: Իսկ դա հնարավոր կլինի միայն լավ վարձատրության դեպքում: Ի՞նչ եք կարծում. քանի՞ տարուց Հայաստանը կապահովի այդպիսի աշխատավարձեր PostDoc-ին:

Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճն ու ապագան, թե՞ արտասահմանում։

Հավանաբար զուգահեռ՝ և՛ այստեղ, և՛ այնտեղ:

Ի՞նչ կմաղթեք երիտասարդ գիտնականներին ու, ընդհանրապես, հայաստանյան գիտական հանրությանը։

Նորանոր հաջողություններ կյանքում և աշխատանքի մեջ՝ անկախ բոլոր հանգամանքներից:

Զրուցեց Մանե Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter