HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գոնե մեկ անգամ նայե՛ք այն մարդկանց աչքերին, ովքեր փորփրում են աղբամանները

Ռեպլիկ «Ազատություն» ռադիոկայանին Ռազմիկ Զոհրաբյանի տված հարցազրույցի առիթով

Ներկա ժամանակաշրջանում Հանրապետությունում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը պայմանավորված է խորհրդարանական, նախագահական, ավագանու (Երևան) և մի շարք այլ ընտրությունների արդյունքներով, որոնց հետևանքով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ երկրի «ղեկավարող և ուղղություն տվող» գլխավոր ուժը:

«Իշխանության կուսակցության» բացարձակ գերիշխանությունը հասարակական-քաղաքական կյանքում հնարավորություն է տվել նրա «հատկապես առաջատար» որոշ ներկայացուցիչների գրեթե «բռնագրավել» երկրի կառավարման կենսական նշանակություն ունեցող բոլոր կառույցները:

Ծանոթություն.

Երկրի հասարակ քաղաքացու համար դեռևս հանելուկ է մնում` չինովնիկի զբաղեցրած պաշտո՞նն է որոշում նրա կուսակցական պատկանելությունը, թե՞ կուսակցական պատկանելությունն է որոշում նրա զբաղեցրած պաշտոնի աստիճանը: Իրավամբ, ճիշտ էր «կլասիկը». «Ինչ էլ որ անենք՝  ստացվելու է ԽՄԿԿ» (Վ.Ս. Չերնոմիրդին)

Լրացնենք «կլասիկին». «Մեզ մոտ ավելի լավ է, քան ԽՄԿԿ-ում, քանզի կուսակցության մեջ գաղափարախոսական ուսմունքի գերակայության փոխարեն  հաճախ նրա կառույցները ամրապնդում ենք ընտանեկան, ցեղային և կլանային շահերով»:

Ընտրություններում «իշխանության կուսակցության» ձեռքբերումները նրա շարքերում առաջ բերեցրին «ներկուսակցական խանդավառություն» և պայծառ ու երջանիկ ապագայի մասին ամբոխահաճո խոստումների հեղեղ, բայց վերադաս չինովնիկերից և ոչ մեկն անգամ չմտածեց երկրի քաղաքացիների առջև իրենց  ստանձնած բարոյական պատասխանատվության մասին:

Սակայն Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնության համար իրականությունը շատ ավելի դաժան ստացվեց:

Երկիրը կանգնել է իր պետականությունը կորցնելու վտանգի առաջ մի շարք բարձրաստիճան չինովնիկների տարիներ շարունակ թույլ տված վրիպումների հետևանքով՝ պայմանավորված նրանց պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակով, կուսակցական համերաշխությամբ, պետության և հասարակության հաշվին հարստանալու կորպորատիվ ու ընտանեկան չափազանց շահախնդրական ձգտումով, տիրող ամենաթողությամբ և անպատժելիությամբ:

Թվում էր, թե «իշխանության կուսակցության» նոր որակը առաջ կբերեր մի նոր հայացք՝ երկրում տիրող սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական իրադրության նկատմամբ: Սակայն «իշխանության կուսակցության» (երկրի կառավարման համակարգի) տարբեր մակարդակների ղեկավարների ճնշող մեծամասնությունը, ինչպես որ հեռու էր ժողովրդի կարիքներից, այդպես էլ մնաց նույն մակարդակին: Ավելին, հասարակության և երկրի կառավարման համակարգի միջև առկա անդունդն էլ ավելի խորացավ: Միայն դրանով կարելի է բացատրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանի որոշ խորիմաստ մտքերը, որոնք նա արտահայտել է ս.թ. հուլիսի 23-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ: Նրան մտահոգում էր, թե «Ինչո՞ւ ուղեվարձի թանկացման դեմ ակտիվ բողոքող երիտասարդները չեն հասկանում, որ ինչ այսօր կատարվում է իրականում «սարքվում է Հայաստանի գլխին»։

Գուցե նրա հարցին պատասխանենք հենց իր ոճո՞վ:

 «Հայաստանի դեմ երրորդ ուժի կողմից «սարքված» պրոցեսների նպատակն է պարզել, թե ո՞վ և ո՞ւմ կլանն է վերահսկում քաղաքային տրանսպորտի այս կամ այն երթուղին Հայաստանում՝ x ժամին սոցիալական անկայունություն կազմակերպելու համար»:

Կամ մեկ այլ հատված. «Ես չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնելը։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա, ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է»:

Հարգելի պարոն Զոհրաբյան, Դուք, ընդհանրապես, պատկերացում ունե՞ք, թե ինչպե՞ս են ապրում մեր հայրենակիցները 60 կամ 80 հազար դրամով (սա  լավագույն դեպքում, երբ ընտանիքի անդամներից մեկն աշխատանք ունի):

Երբեմն հեռուստացույց դիտո՞ւմ եք, որտեղ ցուցադրում են, թե ինչպես են «Նաիրիտ» գործարանի  բանվորները 2013 թվականի հուլիսին պահանջում իրենց 2012 թվականի աշխատավարձը:

Երբևէ այցելե՞լ եք Երևանի ծայրամասերը (էլ չեմ ասում սահմանամերձ գյուղերը), որտեղ մարդիկ ապրում են ինչպես գետտոյում՝ առանց ջրի, լույսի, կոյուղու, ճանապարհների, աղբի մեջ և այլն: Տեղյա՞կ եք, որ տեղական ինքնակառավարման ու կենտրոնական (քաղաքի ենթակառուցվածքների համար պատասխանատու) մարմինների հետ նրանց երկար տարիների դատավեճերը գրեթե ոչ մի արդյունք չեն տալիս:

Արդյոք երբևէ եղե՞լ եք հանրակացարաններում, որտեղ բնակվում են փախստականները (խորհուրդ կտամ մենակ չգնալ այնտեղ):

Արդյոք Դուք կամ Ձեր մտերիմները փորձե՞լ եք 80 հազար դրամ աշխատավարձով վճարել և՛ կոմունալ, և՛ առողջապահական ծառայությունների դիմաց՝ դրա հետ մեկտեղ ապահովելով երեխաների կրթությունը:

Գաղափար ունե՞ք այն մասին, որ շատ միայնակ կենսաթոշակառուներ, ովքեր  աջակցություն չեն ստանում դրսից, գրեթե կիսաքաղց են և լիարժեք չեն օգտվում կոմունալ ծառայություններից:

Գոնե մեկ անգամ վաղ առավոտյան տնից դուրս եկե՛ք և նայե՛ք այն մարդկանց աչքերին, ովքեր փորփրում են աղբամանները:

Ձեր հարցազրույցում ո՞ր ժողովրդի մասին եք խոսում` հա՞յ ժողովրդի: Եթե նրա մասին է խոսքը, ապա փորձեք խոսել ազատամարտիկների հետ, ովքեր բողոքում են իրենց անօրեն և աղքատ վիճակի մասին: Փորձեք խոսել Սյունիքի մարզի բնակչության հետ, որոնք երկար տարիներ ապրել են վախի մթնոլորտում՝ նախկին մարզպետի և նրա մանկլավիկների ամենաթողության ու անպատժելիության պատճառով: Կամ` «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետի մոտ հավաքված մարդկանց հետ, որոնք լքում են իրենց Հայրենիքը…

Հարգելի պարոն Զոհրաբյան, եթե ցանկանում եք օգնել մեր ժողովրդին և բացառել սոցիալական ցույցերի հնարավորությունը, ինչո՞ւ Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարներից մեկի, չկազմակերպել ներկուսակցական քննարկում՝ ընտանեկանության և տոհմականության (կլան) զարգացումը պետական կառավարման բոլոր մակարդակներում և ոլորտներում թեմայով:

Օրինակ՝ hetq.am էլեկտրոնային կայքի թղթակիցը պարզել էր, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ընտանեկան-ցեղային բիզնեսը քաղաքային տրանսպորտն է: Որպես հետևանք` ո՞ւմ օգտին պետք է լոբբինգ անի Հ. Նավասարդյանը…

Հարգելի պարոն Զոհրաբյան, երբ Դուք, թեկուզ մեկ քայլ ավելի մոտենաք ճշմարտությանը՝ այն ժամանակ Ձեզ ավելի հարազատ կդառնա այս անհասկանալի երիտասարդության գործունեությունը:

 

Լևոն Ներսիսյան

Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter