Գնեք տոմս, շահեք բնակարան կամ արցախյան գորգ, օգնեք վերաբնակեցման ծրագրին
Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ասում է, որ վերաբնակեցման թեման պետք է միշտ արդիական լինի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժերն են իշխում Հայաստանում եւ Արցախում, կամ ինչ տրամադրություններ են սփյուռքում:
Աղաբեկյանն ասում է, որ 1994-99 թթ. կատարվել է տարերային վերաբնակեցում, ինչը նման էր խորհրդային տարիների հայրենադարձությանը, երբ անձը չգիտեր, թե ուր է գնում, ինչ պայմաններում է ապրելու: Նա նշում է, որ այն տարիներին ձեւավորված 50-60-հոգանոց բնակավայրերն այսօր ծանր բեռ են պետության համար, քանի որ դրանք առաջիկայում չեն կարողանալու հասնել 1000 հոգու սահմանին, սակայն պետությունը կոմունիկացիաների խնդիրներ պետք է լուծի նաեւ դրանց համար: Ըստ փոխվարչապետի՝ 1999-ից որոշակի փոխվել են մոտեցումները վերաբնակեցման վերաբերյալ: Իսկ ներկայում արդեն հստակ ուղիներ են նախանշվում այդ ուղղությամբ:
Այսօր իրականացվում է վերաբնակեցված գյուղերի գույքագրում. բնակչության թվին համապատասխան դրանք դասվում են ըստ խմբերի, եւ ըստ այդմ իրականացվելու են հստակ ծրագրեր: Օրինակ՝ մինչեւ 2017 թ. 200 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում պետք է ապահովվի շուրջօրյա ջրամատակարարում:
Նախատեսվում է նաեւ Քաշաթաղի, Հադրութի եւ Շահումյանի շրջաններում որոշ գյուղեր հասցնել մինչեւ 1000 բնակչի: Դրա համար որոշվել է անցկացնել պետական վիճակախաղ՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը: Այս վիճակախաղում, սակայն, փող չի խաղարկվելու: 2000 դրամ արժեցող տոմսերի արժեքի 40 տոկոսն ուղղվելու է վերաբնակեցման ծրագրերին, 40 տոկոսն էլ՝ շահումներին: Շահումերը արցախյան ձեռագործ գորգեր ու բնակարաններ են լինելու Ստեփանակերտում եւ միգուցե նաեւ Շուշիում: Տոմսերը իրացվելու են գալիք տարվա մայիսի 9-ից, խաղարկությունը կլինի դեկտեմբերի 28-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նիստի օրը (1991-ին): Կազմակերպչական ծախսերին էլ հատկացվելու է եկամտի 20 տոկոսը, քանի որ խաղարկության օրը նախատեսվում է մայրաքաղաք Ստեփանակերտի ու հարակից բնակավայրերի երեխաների ակտիվ մասնակցությունը շոու-ծրագրի ժամանակ: Լինելու է ուղիղ եթեր հենց խաղարկությունից:
Ընդ որում՝ արդեն շրջանառության մեջ է դրվել 300.000 տոմս, որից 220.000-ը իրացվել է. դրանք հիմնականում գնել են ՀՀ եւ ԼՂՀ պետական հաստատությունների եւ մեծ ձեռնարկությունների աշխատողները: «Հայմամուլի» կրպակներում նույնպես կարելի է տոմս գնել: 2014-ին նախատեսվում է թողարկել 1 մլն-ից ոչ պակաս տոմս: Աղաբեկյանն ասում է, որ իրենց ցանկությունը հետեւյալն է. գնորդները 2000 դրամը դիտարկեն ազգային տուրքի տիրույթում՝ գիտակցելով, որ իրենց մասնակցությունն են բերում վերաբնակեցման ծրագրին եւ ձեռագործ գորգերի զարգացմանը, ինչը արցախյան կարպետները յուրացրած Ադրբեջանի քաղաքականության հակաքայլը կլինի նաեւ: Ըստ ծրագրի՝ Արցախում նվազագույնը 500 գորգագործ ամսական կտա 1,5 քմ արտադրանք, ինչը տարեկան մասշտաբով մեծ ծավալ կկազմի:
Զուգահեռ կլինեն նաեւ կարճաժամկետ այլ վիճակախաղեր, որոնք միտված են լինելու վերաբնակեցման ծրագրին գումարներ ուղղելուն: Ըստ այդմ՝ հնարավոր կդառնա տարեկան մի քանի միլիոն դոլարի ռեսուրս հատկացնել վերաբնակեցմանը:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել