HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ամենափակ սահմանը. զգալով հակառակորդի ներկայությունը

«Սահմաններից ամենափակն է սա»,- մտքումս կրկնում եմ ես՝ չգիտեմ ինչու վերհիշելով լրագրող Թոմաս դե Վալլի «Սեւ այգի» գրքի առաջին նախադասությունը: Հետո հարց եմ տալիս ինքս ինձ՝ մի՞թե իսկապես ամենափակ սահմանն է սա երկրագնդի վրա: Մտովի անցնում եմ աշխարհի քարտեզի վրայով, փորձում գտնել հակամարտությունների գոտիները, ու չի հաջողվում հիշել մի վայր, որտեղ սահմանը երկուստեք ամբողջությամբ խրամատավորված ու ականապատված է:  

Դեպի աշխարհի ամենափակ սահմանի արեւելյան հատվածն ենք գնում մենք: Դիմացից ընթացող երկու «ՈւԱԶ»-ները փոշու ամպ բարձրացրած սլանում են գրունտային ճանապարհով: Այդ փոշին գալիս լցվում է մեր մեքենայի մեջ, ու ոչ այն է՝ կարող ենք նեղլիկ պատուհանները փակել, որովհետեւ տոթից խեղդվում ենք, ոչ այն է՝ կարող ենք միշտ բաց պահել, քանի որ թթվածնի փոխարեն փոշի ենք կուլ տալիս ու հազում: Վարորդի կողքին նստած օպերատորը, որ այս կողմերում է ծառայել, ոգեւորված պատմում է իր զինծառայությունից, ներկա ու նախկին սպաների մասին շարունակ հարցեր տալիս նույն զորամասում ծառայած վարորդին, որ արդեն հոգնել է այդ ամենից: Օպերատորը պարբերաբար շրջվում է իր գործընկեր լրագրողի կողմը, որ ականջակալներով ինչ-որ երաժշտություն է լսում ու հասցրել է արդեն ննջել, ձեռքով բոթում նրան ու ինչ-որ բլուր կամ տարածք ցույց տալով, նորից պատմում իր զինծառայության տարիներից:  

Ամենաառջեւից ընթացող գնդապետ Կարեն Առստամյանի «ՈւԱԶ»-ը մեզնից մի 200 մ առաջ է պոկվել: Նույն ճանապարհն է, նույն մեքենաները, բայց հրամանատարի վարորդն այնքան արագ է վարում, որ զարմանում եմ. կամ գնդապետն է այդպես կարգադրում, կամ էլ նրա ներկայությունն արդեն բավարար է, որ վարորդը գազի ոտնակը սեղմած պահի: Իսկ մեր վարորդը՝ Նաիրին, վարում է հանգիստ ու ինչ-որ մտքերի մեջ խորասուզված:

Պաշտպանության բանակում ծառայելուս տարիներին գնդապետ Առստամյանի հետ դեմ առ դեմ շփվելու առիթ չէի ունեցել, սակայն կարծիք ունեի, որ նա լրագրողներից, տեսախցիկներից ու ձայնագրիչներից մի տեսակ կաշկանդվում է: Բայց այս անգամ այլ էր. նա խոսում էր ազատ ու ընկերական, առանց զինվորական կաղապարված տերմինաբանության ու շարադասության:

Գնդապետ Առստամյանին ավելի լավ ճանաչելու համար միայն մեկ բան կարելի է հիշեցնել: 2008-ի մարտի 3-ի լույս 4-ի գիշերը, երբ Երեւանում արտակարգ դրություն էր հայտարարված հայտնի քաղաքական դեպքերից հետո, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը Մարտակերտի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ ներխուժել էր Առստամյանի գլխավորած զորամասի պաշտպանական դիրքեր ու գրավել դրանցից մեկը: Մի քանի ժամ անց մերոնք թշնամուն հետ էին շպրտել: Եթե հայկական կողմից վիրավորվել էր երկու սպա, ապա ադրբեջանցիները տվել էին 30-ից ավելի վիրավոր ու 11 զոհ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ: Հետո նրանք բանակցությունների մեջ էին մտել մեր կողմի հետ ու եկել էին իրենց դիակները տանելու:   

Առստամյանի զորամասի վրա կրկին հարձակում էր եղել 2010-ի աշնանը: Իսկ ամեն ինչ սկսվել էր նույն տարվա հունիսի 18-ին, երբ ադրբեջանցիները Մարտակերտի Չայլու գյուղի ուղղությամբ գիշերով գրոհ էին կազմակերպել, մտել մեր դիրքերից մեկն ու սպանել 4 հոգու, 4-ն էլ վիրավորվել էին: Ըստ պաշտպանության բանակի հաղորդագրության՝ դիվերսիոն խումբը բաղկացած էր շուրջ 20 հոգուց: Հակառակորդը նույնպես կորուստներ էր ունեցել գիշերային մարտի ժամանակ. դրանցից մեկի դիակը մնացել էր մեր դիրքում, հետո այդ դիվերսանտին՝ Մուբարիզ Իբրահիմովին, հերոսացրին Բաքվում: Շատ չանցած ղարաբաղյան ուժերը հակահարված էին տվել թշնամուն մի քանի զոհի տեսքով: Եվ ահա օգոստոսի 31-ի լուսաբացին հակառակորդը կարծես ռեւանշ վերցնելու նպատակով հարձակում էր ձեռնարկել նույն Չայլուի ուղղությամբ, որի դիրքերը հսկում էին գնդապետ Սուրեն Սուրենյանի զինվորները, սակայն, տալով ամենաքիչը 7 զոհ եւ վիրավոր, նահանջել էր: Մեր դիրքապահներից վիրավորվել էր մի հոգի: 4 օր անց՝ սեպտեմբերի 4-ին, երկրորդ հարձակումն էր եղել արդեն Կ. Առստամյանի զորամասի դիրքերի վրա՝ Ջրաբերդ բնակավայրի մոտակայքում:

Օգոստոսի 31-ի եւ սեպտեմբերի 4-ի պաշտպանական մարտերի պատմությունն այսօր իբրեւ օրինակելի նմուշ փակցված է մարտական դիրքերի գետնատնակներում: Ահա թե ինչ էր եղել ամսի 4-ին ըստ այդմ:

«Հակառակորդի 5-6 հոգուց բաղկացած դիվերսիոն հետախուզական խումբը մոտեցել է դիրքին, իսկ մեկ զինծառայող մտել է դիրքի խրամատը՝ նպատակ ունենալով գերեվարել մեր զինվորին: Սակայն նույն ժամին դիտակետում գտնվող դիտորդներ, գնդացրորդ, շարքային Խաչատուր Գագիկի Բաղդասարյանը եւ նռնակաձիգ, շարքային Արման Կամոյի Մանուկյանը, ցուցաբերելով բարձր զգոնություն եւ պատրաստվածություն, դիմակայել են հակառակորդի ԴՀԽ-ին: Շարքային Մանուկյանը, ակնթարթորեն կողմնորոշվելով, խուճապի չի մատնվել, այլ ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ, որի ընթացքում գետնին է տապալել նրան: Իսկ օգնության հասած շարքային Բաղդասարյանը գնդակահարել է հակառակորդի զինծառայողին: Իր նպատակներում կրկին ձախողված հակառակորդը տարբեր կողմերից ինտենսիվ կրակ է բացել մեր մարտական դիրքի ուղղությամբ: Դիրքի անձնակազմը ջոկի հրամանատար, սերժանտ Արտակ Հովսեփի Հակոբյանի գլխավորությամբ անմիջապես անցել է շրջանաձեւ պաշտպանության եւ պատասխան կրակով հակազդել հարձակման անցած հակառակորդին: Նահանջի ժամանակ հակառակորդի զինծառայողները պայթել են ականի վրա: Ականի պայթյունի հետեւանքով, համաձայն հետախուզության տվյալների, սպանվել են հակառակորդի եւս երկու զինծառայողներ, կան վիրավորներ»:

«Եթե հրամանտարը դուխով լինի, զինվորը միշտ էլ պատրաստ կլինի»

«ՈւԱԶ»-ները կանգ են առնում ավագ սերժանտ Սասուն Մովսիսյանի հենակետի դիրքերից մեկի մոտ: Հակառակորդի խրամատներն այստեղից հեռու են 300-350 մ: Ղարաբաղաադրբեջանական սահմանի այս տեղանքը պատերազմի ժամանակ թեժ մարտերի հետեւանքով ստացել է «Ջարդեր» անունը:

Մեր դիրքերն այս հատվածում ավելի բարձր են, ինչն առավելություն է տալիս հայ զինվորներին:

Սասունն ասում է, որ դիրքի բարձրությունը եւ խրամաբջիջների դասավորությունը հնարավորություն է տալիս անհրաժեշտ պահին օգնության հասնել կողքի դիրքերին, եթե նրանց վրա հարձակում լինի: Նա հենակետի ավագ է արդեն 7 ամիս, բայց չի հիշում որեւէ արտակարգ պատահար իրեն վստահված սահմանահատվածում, ասում է՝ կրակոցներ համարյա չեն լինում, ակտիվություն գրեթե չկա. «Երեւի հեռու են, դրա համար էլ ակտիվությունը քիչ է»: Նույնը ասում է նաեւ գնդացրորդ Մովսես Խամոյանը, ով դիրքեր է բարձրանում արդեն 9 ամիս: Հակառակորդի զինվորներ երբեմն տեսնում են, բայց կրակոցները քիչ են: Դիրքապահ զինվորը գիտի, որ մի քանի տասնյակ կամ հարյուր մետրի վրա ձգվող խրամատի մեջ հակառակորդ կա, նա ժամանակ առ ժամանակ է տեսնում իր դեմ դիրքավորված ադրբեջանցուն, երբեմն էլ լսում է միայն նրա կրակոցի ձայնը, բայց մշտապես զգում է գուցե հեռու, իսկ գուցեեւ մոտ ներկայությունը:

20-ամյա Մովսեսը 13 ամսվա ծառայող է, քչախոս է, հարցերին պատասխանում է մեկ-երկու բառով: Հարցնում եմ՝ ինչու՞ են դիրքապահ տղերքը քիչ խոսում, ամաչու՞մ են, թե՞ շատ բան ունեն պատմելու, բայց իրենց լուրջ են պահում: Ասում է՝ պատմելու բան հաստատ ունեն: Մովսեսենց ընտանիքում 7 հոգի են, երկու քույր եւ մեկ եղբայր ունի, տղաներից փոքրն է, սակայն դեռ միայն ինքն է եկել բանակ, ավագ եղբայրը սովորում է, ինքն էլ մտածում է ծառայությունից հետո կրթություն ստանալու մասին:

«Մովսես, ի՞նչ զգացիր, երբ առաջին անգամ դիրքեր բարձրացար»,- հարցնում եմ ես:

«Էդ ժամանակ նոր զգում ես, որ անցել ես իսկական ծառայության, առաջին 6 ամիսը ոնց որ ծառայություն չլինի»:

«Հիշու՞մ ես առաջին գիշերը էստեղ»:

«Հա, ոնց չեմ հիշում»:

«Վախ կա՞ր»:

«Նորմալ էր, դե վախ բոլորի մոտ էլ կա»:

«Եթե հրամանտարը դուխով լինի, զինվորը միշտ էլ պատրաստ կլինի,- ասում է հենակետի 22-ամյա ավագ Սասունը,- ինչքան էստեղ եմ լինում, հատկապես գիշերային հերթապահության ժամանակ, աշխատում եմ էնպես անել, որ իմանան՝ իրենց կողքին կանգնած եմ, չմտածեն, չվախենան»:

Սասունենց գյուղը՝ Բերդաշենը, այս դիրքերից մի քանի կմ է հեռու: Ասում է՝ ծնողները կողմ չէին իր որոշմանը, երբ ժամկետային զինծառայությունից հետո որոշեց սերժանտական դասընթացների գնալ ու պայմանագիր կնքել բանակի հետ, բայց հիմա տանն արդեն հարմարվել են: Երեք քույր ու մեկ եղբայր ունի: Եղբայրն ու քույրերից մեկը սովորում են, երկուսն էլ ամուսնացած են: Սասունը մեկ տարուց ավելի արդեն ծառայում է, դեռ երկու տարի էլ ունի, մտածում է հետո բարձրագույն կրթություն ստանալու մասին: Ամուսնացած չէ, ասում է՝ ժամանակի հարց է, բայց ազատ ժամանակ էլ քիչ է լինում:  

«Կուզեի՞ր գեներալ դառնալ, ասում են, չէ՞, լավ զինվոր չէ էն զինվորը, ով չի ուզում գեներալ դառնալ»:

«Վատ չէր լինի: Նախարար դառնայի…»:

Սասունը ժամկետային ծառայությունը նույնպես անցկացրել է Կարեն Առստամյանի գլխավորությամբ. այն զորամասում, որի դիրքերի վրա գրոհել էր հակառակորդը: 2010-ի սեպտեմբերի 4-ին ադրբեջանցիներին դիմադրած դիրքի ավագն էլ եղել է ընկերը:   

Բանակի հետ պայմանագիր կնքելիս Սասունը եւ նրա նմանները, ըստ կարգի, իրենք են ընտրել այն զորամասը, որտեղ 3 տարի պիտի ծառայեն. «Էս հատվածում մեր գյուղացիք շատ են կռիվ արել: Հայրս էլ կարծեմ վաշտի հրամանատար էր»: Հարցնում եմ՝ ձեր գյուղում քեզ նման մտածողները շա՞տ են, թե՞ քիչ: Ասում է՝ դե, երիտասարդների հիմնական մասը մտածում է, որ իրենց ծնողները կռվել են, իրենք էլ պետք է պահեն, բայց ուրիշ կերպ մտածողներ էլ կան:

«Դիրքեր առաջին անգամ բարձրացող զինվորներին բացատրու՞մ եք, թե ուր են գալիս, ինչ տարածքներ են սրանք»:

«Հա, անձնակազմին որ շարում եմ, ասում եմ՝ ձեր ծնողներն են կռվել էստեղ, արյուն են թափել, ձեզ համար մարտական դիրքը սուրբ է, պիտի պահվի: Զրուցել ենք, ասել եմ՝ ծառայությունից հետո գալու՞ ես, եթե կռիվ լինի, ասել են՝ հա, ասում եմ՝ քո հայրը գալու է, դու գալու՞ ես, ասում է` հա»:

«Սասուն, ադրբեջանցիներն անընդհատ զինվում են, խոսում են պատերազմից, ի՞նչ ես կարծում»:

«Իրենց տեխնիկան զարգացած է, բայց աշխատեցնող չունեն, քանակով շատ են, բայց դե որակ չկա: Որակ լիներ՝ շուտվանից պատերազմ կսկսեին: Իմ կարծիքով՝ պատերազմ դժվար լինի, էս հարցը խաղաղ պայմաններում պիտի լուծվի: Աշխարհն էնքան է զարգացել, որ, իմ կարծիքով, պատերազմն արդեն բացառվում է»:

Տղաներին հրաժեշտ տալուց հետո կրկին անցնում ենք դեղին տափաստանով ու դուրս գալիս Մարտունի-Աղդամ մայրուղի: Ճանապարհի փոսերն իմ հիշածի համեմատ շատացել են ու մեծացել, հարթ հատված գրեթե չկա, ու Նաիրին «ՈւԱԶ»-ը աջ ու ձախ է տանում՝ փոսերը շրջանցելու համար: Մայրուղու ձախ կողմում մի բարձունք կա, որի վրա մենավոր մի ծառ կա, կողքին մեծ խաչ են տեղադրել գնդապետ Առստամյանի զինվորները: Չեիլ բարձունքն է, որի վրա պատերազմի ժամանակ Մարտունու դիրքերը պահող հայ զինվորները գիշերով ոչնչացրել են ադրբեջանական գրոհայիններին…

«ՈւԱԶ»-ները դուրս են գալիս գլխավոր ուղուց եւ մտնում գրունտային ճանապարհ, շուտով աջից եւ ձախից հայտնվում են հին ավերակներ: Նախկինում սա ադրբեջանական Մարզիլու բնակավայրն էր: Կանգնում ենք այն պատի մոտ, որտեղ 1993-ի հունիսի 12-ին զոհվեց Մոնթեն:

Առաջին կրակոցի ժամանակ տղաները պառկած էին: Մոնթեն վազեց դեպի կողքի տան պատը: Լսվեց գնդացրի երկրորդ կրակոցը: Կպել էր պատին… Բեկորի մի մեծ կտոր մխրճվել էր Մոնթեի գլխի մեջ: Տղաներից չորսն արդեն վիրավոր էին: Հովիկը Մոնթեին գրկած` ռացիայով օգնություն կանչեց. 00-ն չկա, 00-ին խփել են… Հրամանատարի կողքին դիրքավորվելով` նրանք շարունակեցին դիմադրել: Օգնության հասած ուժերը ադրբեջանական ջոկատին ոչնչացրին, ադրբեջանցի զինվորներից մեկին գերի վերցրին: Հետախուզության պետը` Սարիբեկ Մարտիրոսյանն, արդեն արյունաքամ էր եւ հիվանդանոց հասցնելուն պես մահացավ:

Պատի վրա Մոնթեի խոսքերն են. «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter