HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարությունն անդրադառնում է Դիտորդների խմբի 3 հաշվետվությանը

Արդարադատության նախարարության  (ԱՆ) քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն օրերս հայտարարել էր, որ արդարադատության նախարարին ներկայացրել է 3 հրատապ հաշվետվություն, սակայն դրանցից եւ ոչ մեկին պատասխան չի տրվել:

Դիտորդների խումբը մտահոգություն էր հայտնել ԱՆ-ի դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ, քանի որ հաշվետվություններով «բարձրացվել էին հրատապ արձագանքման և լուծման ենթակա խնդիրներ»: Դիտորդները ԱՆ-ի նման գործելաոճը գնահատել էին որպես անգործություն և անտարբերություն:

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ նախարարությունն անդրադարձել է նշված 3 հաշվետվություններին:

Առաջինը վերաբերվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հ.Տ.-ի առողջական վիճակին:

Նախարարությունը տեղեկացնում է, որ «քրեակատարողական վարչության պետը  կրկին գրություն է ուղարկել առողջապահության նախարարին՝ դիմածնոտային ախտահարումներով տառապող  կալանավորված անձանց և դատապարտյալների վիրահատական բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կազմակերպելու համար»:

Երկրորդ հաշվետվությունը «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Գ.-ի առողջական վիճակի մասին է: Նա տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է պատժի կրման հետ, եւ հաշվետվությամբ բարձրացվել էր դատապարտյալին անհապաղ պատժից ազատելու հարցը:

Արդարադատության նախարարությունը մանրամասնում է. «Քանի որ դատապարտյալ Ա. Գ-ն հիվանդությունը ձեռք է բերել մինչև ազատազրկման դատապարտվելը, ապա, ուղղորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին կետով՝ այն է «Այն դեպքում, եթե ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու ժամանակ հիվանդացել է խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն, դատարանը, քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, իրավունք ունի որոշում կայացնել պատիժը հետագայում կրելուց նրան ազատելու մասին», բժշկական հանձնաժողովը չի կարող տալ եզրակացություն դատապարտյալին հիվանդության պատճառով  պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ»:

Դիտորդների խմբի երրորդ հրատապ հաշվետվությունը վերաբերվում էր նրան, որ 2013թ. հուլիսի 17-ին «Վանաձոր» ՔԿՀ կատարված այցելության ժամանակ արգելվել էր դիտորդների մուտքը քրեակատարողական հիմնարկ այն պատճառաբանությամբ, որ արդարադատության նախարարության կողմից իրենց ուղարկված հրամանին կից ցուցակում դիտորդների անուններն ընդգրված չեն եղել: Մինչդեռ նույն դիտորդները «Վանաձոր» ՔԿՀ-ում նախորդ այցելությունների ժամանակ որևէ խոչընդոտի չէին հանդիպել:

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ վերոգրյալի կապակցությամբ «ԱՆ քրեակատարողական վարչության պետի հրամանով նշանակվել և իրականացվում է ծառայողական քննություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter