HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն ահազանգում է, իսկ Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր ձկնաբուծական տնտեսությունը

սկիզբը

Անապատացող Արարատյան դաշտն ու ձկնաբիզնեսը

2010թ.-ի հոկտեմբերին, երբ այցելել էինք ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձկնաբուծարան, որը գտնվում է Արարատի մարզի Սիփանիկ գյուղում, կառավարիչ Մովսես Առաքելյանն ասել էր, որ 6-7 հորատանցքից են ջուր ստանում: Դրանից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունն իր կայքում տեղադրեց ձկնաբուծական տնտեսությունների ցանկը, որտեղ Մովսես Առաքելյանը ընդամենը 1 հորի ջրթույլտվություն ուներ` 34.0 լ/վրկ թողունակությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ «2012թ. սկսած Արարատյան հարթավայրում նոր հորատանցք հորատելու համար ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրվել»: Ձկնաբուծական տնտեսություններ մեր այցելությունները, սակայն, բոլորովին այլ բան ցույց տվեցին, տնտեսություններն ընդլայնվել են, ջրաչափեր ոչ բոլորն են տեղադրել, տեղադրողները` սողանցքներ են գտել քիչ ծավալ ցույց տալու համար:

Պատգամավոր Ալեքսանյանին պատկանող ընկերությունները Հայաստանի տնտեսությունում մի քանի ապրանքների ներկրման ուղղությամբ ունեն մենաշնորհ դիրք: Ձկնաբուծության ոլորտում ևս նա խոշոր ձկնաբուծարանի տեր է, և այդ գործունեությունն էլ նա իրականացնում է իր «Ալեքս Գրիգ» ընկերությունով:

Վերջին երեք տարում պատգամավորի ձկնաբուծական տնտեսությունն ընդլայնվել է: Ըստ Մովսես Առաքելյանի` 7.5 հա տարածքում 2 հա-ն լճերն են զբաղեցնում: Ինքնաշատրվանող խորքային հորերերի թիվը հասել է 10-ի` ընդհանուրը վարկյանում 960 լիտր հզորության: Կառավարիչը խոստովանում է, որ ջրերի մակարդակը իջնում է, ինչն անխնա օգտագործելու հետևանք է:

Արարատյան դաշտի ստորերկրյա` արտեզյան ջրավազանի սպառման խնդիրը պարբերաբար բարձրացվում է, սակայն այդպես էլ լուծում չի ստանում: Ամեն տարի վարչապետ Տիգրան Սարգսյանն այս խնդրին անդրադառնում է, ահազանգեր հնչեցնում, բայց գործնական ոչինչ  կարծես թե չի կատարվում, վարչապետն էլ հետևողական չի իր հրահանգների կատարմանը: Բոլորովին վերջերս` հուլիսի 10-ին կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը մեկ անգամ ևս անդրադարձավ դրան. «Այսօր մենք ունենք ջրի մեծ գերածախս, և դա կարող է Արարատյան դաշտավայրում ուղղակի աղետալի իրավիճակ ստեղծել, որովհետև մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որոնք վաղը նույնպես կանգնելու են պրոբլեմի առջև, ջրային ռեսուրսներ չեն լինելու, որպեսզի նրանք իրենց տնտեսությունները կարողանան զարգացնել»: 

Հորատանցքով դուրս եկող ջրի խողովակը Ձկնաբուծարան հոսող ջրի խողովակներից մեկը

Այս մտահոգությունը ձկնաբուծությամբ զբաղվող օլիգարխներին կարծես թե չի վերաբերում: Նրանք շարունակում են ընդերքից առատորեն ջուր վերցնել և դրա դիմաց վճարել ավելի քիչ: Սամվել Ալեքսանյանի տնտեսությունը ջրաչափ չի տեղադրել: Ջրի վարձավճարը տալիս է մոնիտորինգային խմբի մասնագետների հաշվարկած ծավալներով: Եռամսյակը մեկ օգտագործած ջրի դիմաց վճարում են 500.000 դրամ` ներառյալ մոնիտորինգային խմբի վճարը: 

Կառավարչի խոսքերով` տնտեսությունը մեծացնելու հնարավորություն ունեն, սակայն ջրային պաշար չունեն այլևս. եթե նոր խորքային հորեր բացեն, ապա կիջնի մյուս հորերի ջրի մակարդակը: Ընդլայնվելու համար նա տեսնում է մեկ ճանապարհ. պետք է անցում կատարել եվրոպական մոդելին, ինչը, սակայն, ծախսատար է: Եվրոպական մոդելը թույլ է տալիս ջրերը շրջանառել տնտեսությունում`օգտագործելով մի քանի անգամ: Եթե անցում կատարեն եվրոպական մոդելին, ապա հորերի թիվը կկրճատվի 60 տոկոսով և ջուրը կխնայվի: Սա գիտակցում է Մովսես Առաքելյանը, սակայն նշում է, որ դրա արդյունքում կավելանա ձկան գինը, քանի որ ամբողջ համակարգն աշխատելու է էլեկտրաէներգիայով:

Պատգամավորը Երևանում խանութների մեծ ցանց ունի` «Yerevan City», և իր աճեցրած ձուկը իրացնում է այնտեղ: Անցյալ տարի Ս.Ալեքսանյանի ձկնաբուծական տնտեսությունից 247 տոննա ձուկ է վաճառվել:

Մովսես Առաքելյանն ասում է, որ այս տարի ձկան «առևտուրը սարսափելի ընկել է», որովհետև Հայաստանում մարդ չի մնացել` արտագաղթել են: Թեև «Yerevan City» խանութների ցանցն ընդլայնվում է հետզհետե, բայց ձկների վաճառքը, ըստ կառավարչի, 30-40 տոկոսով նվազել է:

Նվազել է նաև ձկան գինը: Օրինակ` 3 տարի առաջ ձկան կիլոգրամը իրենց խանութում վաճառվել է 1700-2000 դրամով, այժմ` 1500 դրամի սահմաններում է: «Եթե նայենք` Հայաստանի շուկան միայն ձուկն է էժանացել, ուրիշ ապրանք չկա, որ էժան լինի»,-ասում է Մ. Առաքելյանը:

Մ. Առաքելյանն ասում է, որ ձկնարտադրությունը վերջին երկու տարիների ընթացքում իրոք եկամտաբեր բիզնես է եղել, սակայն այս տարի ռիսկը մեծացել է:

Մեկնաբանություններ (1)

Gegham
Առաջ Սամվել Ալեքսանյանի անօրինականությունների մասին մասին կարդալուց զարմանում էի որ նա ՀՀ օրենքներից վեր է իրեն դասում,հիմա հիանում եմ որ նա ավելի շուտ է հասկացել որ Հայաստանում պետք է թքած ունենաս օրենքների վրա և անես այն ինչ մտքովդ անցնում է,իսկ խնդիր առաջանալու դեպքում բիրիքով առնում է բոլորին որ էժան նստի,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter