HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդան Ղուկասյան. «Ունակ չեմ դատարանում ցուցմունք տալ»

Արդեն երրորդ նիստն է, ինչ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի կարողանում ապահովել Կարեն Եսայանի սպանության գործով վկաներ Մանյա Ղուկասյանի, Ժոզեֆ Աղասանյանի եւ Հովհաննես Եգանյանի ներկայությունը: Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդել էր կրկին դատարան հրավիրել վկա Վարդան Ղուկասյանին, ում հարցաքննությունը անավարտ էր մնացել եւ պաշտպանական կողմը չէր կարողացել տալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերը: 

Օգոստոսի 6-ին կայացած նիստի ժամանակ դատավոր Մարտին Սարոյանն ընթերցեց վկաներից Վարդան Ղուկասյանի՝ դատարանին հասցեագրված նամակը: Վկան հայտարարել էր, որ ինքը ունակ չէ դատարանում ցուցմունք տալու, այնուհետեւ պարզաբանել. «Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ իմ հարցաքննությունը մնացել է կիսատ եւ ինձ կրկին հրավիրում են դատարան: Սույնի հետ կապված հայտնում եմ, որ ես եկել եմ դատարան ու տվել համապատասխան ցոււցմունք եւ չունեմ ավելացնելու որեւէ բան: Դատարանում գտնվելը բացասական է ազդել իմ առողջական վիճակի վրա, եւ ես գտնվում եմ հիվանդանոցում բուժման մեջ»,- նշել էր Վարդան Ղուկասյանը: 

Այնուհետեւ դատարանն անդրադարձավ դատակոչված մյուս երեք վկաների բացակայությանը: Վկա Ժոզեֆ Աղասանյանը, պարզվում է, մեկ տարի է բացակայում է հանրապետւթյունից: Մյուս վկային՝ Հովհաննես Եգանյանին նրա բնակարան այցելած ոստիկաններին եւս չի հաջողվել տեսնել: Տանը եղել է վկայի կինը, ով առանց դուռը բացելու ասել է, որ ամուսինը տանը չէ եւ խորհուրդ է տվել ոստիկաններին հեռանալ ու այլեւս իրենց չանհանգստացնել: Մանյա Ղուկասյանին վերաբերող տեղեկատվությունը, որ հրապարակեց դատարանը, ոստիկաններին հայտնել էին ոչ թե նրա ընտանիքի անդամները, այլ հարեւանները: Վերջիններս միաբերան պնդել էին, թե Մանյան այդ հասցեում չի բնակվում: 

Դատավոր Մարտին Սարոյանը որոշեց հրապարակել բացակա վկաների նախաքննական ցուցմունքները, թեեւ պաշտպանական կողմը դեմ էր այդ որոշմանը: «Դուք ձեր որոշումով զրկում եք իմ պաշտպանյալին վկաներին հարցեր տալու իրավունքից,- հայտարարեց փաստաբան Լուսինե Սահակյանը,- հարգելի դատարան, Դուք ապօրինություն եք թույլ տալիս դատարանում, դուք ի վիճակի չեք բերման ենթարկելու Վարդան Ղուկասյանին: Մենք դա արդեն հասկացել ենք: Մենք ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք, որը Դուք չընդունեցիք, մենք որոշեցինք շարունակել, թեեւ համարում ենք, որ Ձեր կայացրած որոշումներով ապօրինություն եք կատարում, որովհետեւ ամեն մի ձգձգում երկարացնում է իմ պաշտպանյալի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը»: 

Պաշտպանական կողմը նշեց նաեւ, որ հրապարակվող նախաքննական ցուցմունքները չեն կարող դրվել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում: Մեղադրող Մարուխյանը հրապարակեց դատարան չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները: Վկա Մանյա Ղուկասյանն իր նախաքննական ցուցմունքում որեւէ անդրադարձ չէր կատարել ամբաստանյալ Հարություն Սարգսյանին: Նա ընդամենը նշել էր, որ Կարեն Եսայանին ճանաչել է դպրոցական տարիներից, ում հետ դեպքի օրը պատրաստվում էին նշանադրվել:  

Վկան իր ցուցմունքում նշել էր նաեւ, որ նկատել է իրեն հետեւող մգեցրած ապակիներով արծաթագույն «Մերսեդես» մակնիշի մեքենա, սկզբում մտածել է, թե նշանածն է, այսինքն՝ Կարենը, հետո տեսել է համարները եւ հասկացել, որ սխալվել է: Եվ սա այն դեպքում, երբ նրա հորեղբայր Գեւորգ Ղուկասյանը դատարանում շատ վստահ հայտարարել էր, թե իրենց ազգի աղջիկներին քաղաքում հետեւող չկա, որեւէ մեկը ռիսկ չի անի նման բան անել՝ իմանալով, թե ում աղջիկներն են:  

Իսկ Հարություն Սարգսյանն ու նրա պաշտպաններն առավել քան շահագրգռված էին, որ Մանյա Ղուկասյանը հարցաքննվեր դատարանում: «Բա չիմանա՞մ՝ վերջը ես ճանաչե՞լ եմ էդ աղջկան կամ ինքն ինձ ճանաչե՞լ է, բա մի հատ չտեսնե՞մ՝ ում եմ հետեւել կամ ուզել, որ նշանվեմ»,- դատարանում նախորդ նիստերց մեկի ժամանակ հայտարարել էր Հարություն Սարգսյանը 

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո դատարանը քննարկեց նաեւ նիստերից մեկի ժամանակ Լուսինե Սահակյանի արած միջնորդությունը, որը վերաբերում էր վկաներից Հակոբ Կարապետյանի նկատմամբ դատահոգեբանական եւ դատաբժշկական փորձաքննություն նշանակելուն: Վկան տառապում էր օլիգոֆրենիայով եւ իրավունք չուներ որպես վկա հրավիրվելու դատարան եւ հարցաքննվելու, այնինչ վկան, անկախ այս հանգամանքից, հարցաքննվել էր: Փաստաբանական կողմը միջնորդել էր դատարանին վկայի տված ցուցմունքները չհամարել արժանահավատ, քանի դեռ չկան փորձաքննության արդյունքները: «Թեպետ անզեն աչքով էլ տեսանելի էր, որ տղան հիվանդ էր, եւ մայրն էլ դատարանում դա հաստատեց»,- անդրադառնալով իր միջնորդությանը՝ նշեց Լուսինե Սահակյանը:

Ինչու են կեղծել դիակի հայտնաբերման ժամը

Այնուհետեւ դատարանն անցավ գործում առկա նյութերի հրապարակմանը: Դրանց մեծ մասն անընթեռնելի էր: Մեղադրող եւ փաստաբանական կողմերը ստիպված էին վերծանել ամեն տառն ու բառը՝ վիճելով ենթադրյալ արտահայտությունների շուրջ: Քննիչ Արտյոմ Օվսյանի կատարած դեպքի վայրի տեղազննության եւ դիակի հայտնաբերման նկարագիրն ընթերցելիս Լուսինե Սահակյանը դժգոհեց, թե ինչու է մեղադրող Մարուխյանը տողեր բաց թողնում, վերջինս էլ արդարացավ, որ կարդում է այն, ինչ ընթեռնելի է: «Ես տիրապետում եմ տարբեր լեզուների, հարգելի դատարան, բայց սա ոչ հայերեն է, ոչ էլ ինձ հայտնի այլ լեզու, որով քննիչը գործ է կազմել»,- նեղվեց ամբաստանյալը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց գործում դեպքերի արձանագրության ժամային անհամապատասխանության վրա: Սպանվածի դիակը, ըստ գործի, հայտնաբերվել է ժամը 20:10-ին, այնինչ ժամը 17:30-ին արդեն իսկ որպես կասկածյալ Հարություն Սարգսյանը հրավիրվել էր ոստիկանություն:

«Եթե չկար դիակ, եթե հայտնի չէր, թե որտեղ է Կարեն Եսայանը, ինչու՞ էին իմ պաշտպանյալին հրավիրում ոստիկանություն՝ որպես կասկածյալի եւ պահում հինգ ժամ, որի իրավունքը չունեին: Հարություն Սարգսյանին պիտի երեք ժամ անց բաց թողնեին, սակայն նրա նկատմամբ կատարվել է ապօրինություն: Իմ պաշտպանյալի հարցաքննությունը սկսել են կեսգիշերն անց՝ 00:35-ին,- հայտարարեց փաստաբանը,- դեպքի տեղազննություն կատարվել է 20:25-ին, դեպքի վայր է գնացել քննիչ Արտյոմ Օվսյանը, 20:30-ին գործն արդեն հանձնվել է Հայրապետյանին: Այսինքն՝ քննիչ Օվսյանի վարույթում գործը եղել է ընդամենը 5 րոպե, բայց նա հասցրել է այդ ընթացքում քննչական խումբ ձեւավորել, հասնել դեպքի վայր, տեղազննություն կատարել եւ կազմել 55 թերթից բաղկացած արձանագրություն, վերադառնալ ու Հարություն Սարգսյանին կալանքի տակ վերցնելու որոշում կայացնել: Անհասկանալի է, թե ինչու են կեղծել դիակի հայտնաբերման ժամը: Եվ եթե այստեղ ժամերը ճիշտ են ֆիքսված, ապա գործն ի սկզբանե պիտի վարեր ոչ թե Օվսյանը, այլ Հայրապետյանը»:

Կարեն Եսայանի հայրը՝ Ռազմիկ Եսայանը, տղայի անհետացման մասին ոստիկանություն պաշտոնական հաղորդում տվել էր 2012թ. ապրիլի 12-ին, ժամը 17-ին, այնինչ արդեն կեսօրին ավտոլվացման կետի տեսախցիկների ձայնագրությունները նայելու նպատակով այնտեղ են եղել սպանվածի ընկերները, ոստիկաններ եւ այլն: Փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաեւ նշված գործում առկա լուսանկարների իսկության վրա: Դրանք, ըստ գործի տվյալների, արվել են ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը:

«Սակայն ուշադրություն դարձրեք եւ կտեսնեք, որ լուսանկարներում ոչ թե գիշեր է, այլ ցերեկ: Պատուհանից երեւում են կանաչ ծառեր, իսկ ապրիլին Գյումրիում ծառերը չեն ծաղկում: Բացի դրանից, չգիտես ինչու՝ լուսանակարներում, իրենց տանը կատարվող տեղազննության պահին ներկա է նաեւ Հարություն Սարգսյանը, այն դեպքում, երբ նա այդ ժամանակ՝ ժամը 22:00-ին, գտնվել է ոստիկանությունում: Ես Ձեզ եմ հարցնում, հարգելի դատարան, ինչպե՞ս կարող էր բերման ենթարկվածը խուզարկման պահին գտնվել իրենց տանը»,- դատարանին հարց ուղղեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանի համար անհականալի էր նաեւ, թե ինչպես է աշխատել քննչական խումբը, եւ ինչ տրամաբանությամբ են խուզարկություններ կատարվել Սարգսյանների հարազատների բնակարաններում: «Օպերատիվ տեղեկություններ են ստացել այդ ամբողջ ընթացքում, եւ կասկածյալներ են համարվել Հարությունի հայրը, քեռին, տասը տարի շարունակ հանրապետությունից բացակայող հորաքույրը, 80-ամյա տատը»,- նկատեց փաստաբանը: Օպերատիվ աշխատող քննչական խմբի անդամները շա՜տ օպերատիվ կերպով, ստացված տեղեկության համաձայն, խուզարկության նպատակով այդ ընթացքում գնացել են նաեւ մի տան հասցեով՝ զենք գտնելու նպատակով եւ պարզել, որ այդ հասցեում գրանցված տունը փլվել է դեռեւս 88-ի երկրաշարժին ու պարզապես գոյություն չունի:

 

Մեկնաբանություններ (5)

Gagik
Ճիշտ է անում էդ խեղկատակ Վարդանիկը,,,էդքան տարի հանդուրժել եք հիմա էլ եկել է ժամանակը որ գժի թղթով առաջ գնա ))))
mard
Zobayutyun, Zorbayutun, Zorbayutyun!!! Anasnakan bnazd!!!
spo
Normal Mard@ cher karox Karen Yesayanin spanel. Mardaspan@ kam patviratun petq e vor lurj hogekan shexuner unezox mek@ lini.!!!!!!! Hetaqrqir e Harutyun@ yentarkvel e data-hogebanakan porzaqnnutyan.???????? Yete ayo, apa inch yezrakazutyun e trvel. Inchi chen porzel ayl kaskazyalner pntrel??????
W. Wallace
էտ Վ. Ղուկասյանը էն ամենահետամնացի մարմնավորումնա, որ կա Հայաստանում կարողա միջնադարում լավ ֆեոդալ լիներ, ավելի շուտ ինչ որ մեկի վասսալը
tamara
ոնց որ սերիալ կարդամ, համ ծիծաղսա գալիս, համ լացս: Տգիտություն տգիտությանց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter