HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ամուլսարի հանքի շահագործման դադարեցումն անհրաժեշտություն է»

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ջերմուկը դիտավորությամբ չի ճանաչվել Ամուլսարի ազդակիր համայնք, որպեսզի այդ տարածքում հանքարդյունաբերությունը չարգելվի:

Բնապահպանական մի խումբ ակտիվիստներ, մասնագետներ, հասարակական կազմակերպություններ շարունակում են բարձրաձայնել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը ռիսկային է եւ կարող է բացասական ազդեցություն թողնել Ջերմուկ քաղաքի վրա:

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահը նշում է, որ հանքավայրի շահագործումը երկու չափանիշով կարող է բացասական ազդեցություն թողնել զբոսաշրջային եւ առողջարանային քաղաք հռչակված Ջերմուկի վրա: Առաջինն այն է, որ հանքի շահագործման համար իրականացվող պայթեցումները կազդեն Ջերմուկի տաք ջրերի հիդրոերկրաբանական ռեժիմի վրա, ինչի արդյունքում հնարավոր է հանքային ջրերի հոսքի նվազում, ջերմաստիճանի կամ հանքային ջրի բաղադրության փոփոխում: Երկրորդը` «քամիների վարդն» է, որը կազմված է Զանգուրի լեռնանցքում տեղադրված հիդրոկայանի տվյալներից եւ չի համապատասխանում Ամուլսարի «քամիների վարդին»:

«Չեմ բացառում, որ քամիների հոսքը դեպի Ջերմուկ իր հետ կբերի նաեւ հանքի պայթեցման հետեւանքով առաջացած փոշին: Ի դեպ, ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական,-հեղ.) ներկայացված չէ, թե փոշու սյունի բարձրությունը որքան է լինելու պայթեցման ընթացքում եւ ինչպիսին է լինելու փոշու բաղադրությունը, որը, կարծում եմ, դարձյալ դիտավորյալ բացթողումներ են, որպեսզի հաշվարկը հիմնավոր չկատարվի, եւ այն վնասները, որ պետք է կրի Ջերմուկը, չերեւան իրենց հաշվետվություններում»,-ավելացրեց Վազգեն Գալստյանը:

Նա ավելցնում է, որ հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանը բավականին պարզ նշել է, որ Ամուլսարի հանքի պայթեցումը չի կարող ազդեցություն չունենալ Ջերմուկի հանքային ջրերի վրա:

« «Գեոթիմ» ընկերության կողմից ներկայացված ՇՄԱԳ-ում նշված է մի փաստարկ, թե ինչպես չի կարող  պայթեցումն ազդել հանքային ջրերի վրա: Այդ հետազոտությունն իրականացրել են Լոնդոնում, որն ի մի բերելով հայտարարում են, թե հանքարդյունաբերության ընթացքում իրականացված պայթեցումները չեն ազդի Ջերմուկի հանքային ջրերի վրա: Սակայն, Ռուբեն Յադոյանն առաջարկել էր հետազոտությունն իրականացնել տեղում, փաստացի այն իրավիճակում, որն առկա է, այլ ոչ թե վիրտուալ Լոնդոնի տվյալները բերել եւ համեմատել Հայաստանի լեռնային ռելիեֆի պայմանների հետ»,-ավելացրեց Վ. Գալստյանը:

Նրա կարծիքով`այսօր Ամուլսարի հանքի շահագործման դադարեցումն անհրաժեշտություն է, եւ ծրագրային որեւէ փոփոխություն չի կարող բավարարել, քանի որ դրանով չեն նվազում ռիսկերը: Ծրագրերով կարող են առաջարկել բազմաթիվ փոփոխություններ, որոնք ֆինանսների հետ են կապված, սակայն ռիսկը մնում է նույնը: Վ. Գալստյանն ասաց, որ «Գեոթիմ» ընկերությունը վերջերս հրապարակել էր, որ պոչամբարի տեղադիրքը փոխել են, սակայն իր կարծիքով, այդ փոփոխությունը չի նվազեցնում այն ռիսկը, որը կարող է առաջանալ հանքարդյունաբերության հետեւանքով:

«Հանքի շահագործումը հնարավոր է կանգնեցնել միայն հանրության համատեղ ուժերով, քանի որ այս դեպքում, պետական կառույցները ցուցաբերում են ակտիվ անգործություն եւ միակ հնարավոր ճանապարհը կլինի ակտիվ հանրային ճնշումը` եւ պետական մարմինների, եւ հանքարդյունաբերող ընկերության, եւ այն կազմակերպությունների վրա, որոնք ֆինանսավորում են «Գեոթիմ» ընկերությանը»,-կարծում է Վազգեն Գալստյանը:

Ըստ նրա` քաղաքացիական հանրության որակական փոփոխություն գործնական առումով նկատվում է, սակայն խնդիրը պայքարի ձեւաչափի փոփոխության մեջ է: Վազգենի խոսքերով, առաջ պայքարը տեղային էր` լոկալ, այժմ այն ավելի է ընդլայնվել եւ ընդհանուր է դարձել:

«Մենք բավական ակտիվ ճնշում ենք գործադրում այն կազմակերպությունների ու բանկերի վրա, որոնք ֆինանսավորում են «Գեոթիմ» ընկերությանը` Ջերմուկում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու համար: Հիմնական ճնշումն այդ ուղղությամբ է, ինչը հասարակության լայն զանգվածների համար այնքան էլ տեսանելի չէ»,-ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահը` հավելելով, որ քննարկումներ, սեմինարներ կազմակերպվում են, թե Հայաստանում, թե երկրի սահմաններից դուրս:

Վազգեն Գալստյանին մտահոգում է նաեւ Ջերմուկը զբոսաշրջային քաղաք հռչակելու ծրագրերի խափանումը, քանի որ հատկապես արտասահմանցի զբոսաշրջիկը ինտերնետում տեսնելով, որ Ջերմուկի կողքին կա հանքավայր էկոտուրիզմի նպատակներով չի ցանկանա գալ Ջերմուկ:

«Ջերմուկում էկոտուրիզմի հսկայական պոտենցիալ կա, ինչն այսօր շատ քիչ մասով է օգտագործվում: Եթե հանքարդյունաբերության հետեւանքով հանքային ջրերի որակական փոփոխություն տեղի ունենան, էկոտուրիզմի զարգացման հնարավորություններն այստեղ կնվազեն եւ որեւէ PR գործողություն չի կարող եվրոպացի զբոսաշրջիկին համոզել, որ գա Ջերմուկ»,-ավելացրեց Վազգեն Գալստյանը:

Մեկնաբանություններ (1)

Miner Man
Who ever this Environmentalist is, he needs to take a step back and cool off. The Amulsar mine brings wealth to the region in significant fashion and it would be an enormous mistake to have it shut down.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter