Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

ՌԴ իշխանությունները պատրաստվում են արտաքսել վիետնամցի միգրանտներին



Մոսկվայի Գոլյանովո շրջան մեկնող տրոլեյբուսում երբ հարցուփորձ էի անում միգրանտների բացօթյա ճամբարի մասին, ռուս ուղեւորները պատասխանում էին․ «Սեւերին նորից քշե՞լ են շուկաներից»։ Այս անգամ ՌԴ իշխանությունները «քշել» են մոսկվայաբնակ վիետնամցիներին։ Արդեն 7 օր է, ինչ 584 միգրանտներ ապրում են 4 մետր բարձրությամբ պարիսպների հետեւում տեղակայված վրանների տակ։ Նրանց թվում են նաեւ հղի կանայք եւ երեխաներ։

Ռուս ոստիկանները նրանց դուրս են արել կացարաններից ու շուկաներից եւ ստիպողաբար բնակեցրել Գոլյանովոյի շրջանի Չերկիզեվսկայա շուկայի պահեստների տարածքում: Ճամբարը հսկվում է Մոսկվայի ՕՄՕՆ-ի հատուկ ջոկատների կողմից, եւ ճամբարից փախչելու դեպքում փախստականները խստագույնս կպատժվեն։ Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Օլգա Կիրիլովան այսօր հայտարարություն է տարածել, որ ճամբարում պահվող փախստականները առաջիկա շաբաթվա ընթացքում կուղարկվեն իրենց իսկ երկրներ։ Ռուս իրավապաշտպանները նշում են, որ այդ ճամբարում մարդկանց պահելն անօրինական է։ Ինչպես նաեւ անօրինական է նրանց արտաքսումը՝ առանց դատարանի որոշման։

Գոլյանովոյի պահեստները դժվար չէր գտնել․ տարածքի գրեթե բոլոր բնակիչները տեղյակ էին անօրինական ճամբարի մասին։ Երկաթե դարպասների մոտ ինձ դիմավորեցին ՕՄՕՆ-ի հատուկ ջոկատի աշխատակիցները։ Նրանք զինված էին եւ գրեթե ոչ ոքի ներս չէին թողնում։ Միայն ռուս իրավապաշտպաններին եւ լրագրողներին էր հաջողվել մի ամբողջ օր սպասելուց հետո ներս մտնել։ Ինձ ներս չթողեցին՝ ասելով, որ արտասահմանցի լրագրողները մուտք չունեն ճամբար, իսկ որպես պատճառաբանություն նշեցին․ «Դուք պետք է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության լրատվության բաժնից թույլտվություն բերեք, որպեսզի կարողանանք ներս թողնել»։

Հարյուրավոր վիետնամցիներ եւ այլազգի ընտանիքներ այս պահին գտնվում են գործարաններով շրջապատված, պարսպապատ հողոտ տարածքում՝ կիզիչ արեւի տակ, ռուս ոստիկանների հայացքի ներքո։ Նրանց միակ «հանցագործությունը» աշխատելու նպատակով Ռուսաստան գալն է եղել: Այժմ նրանք մեծ հույսով սպասում են հայրենիք վերադառնալուն։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ