HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավոր Մելքումյանը «խաղում» է իր հայտարարագրած գումարի չափի հետ

Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագրին անդրադարձել ենք դեռ նախորդ տարի:

Հիշեցնենք, որ 2011թ. սկզբին Արայիկ Մելքումյանի հաշվին եղել է 80 մլն դրամ եւ 120 հազար դոլար: Տարվա ընթացքում նա որեւէ շարժական կամ անշարժ գույք չէր գնել, հրապարակման ենթակա որեւէ գործարք չէր կատարել, սակայն տարեվերջին նրա գումարները պակասել էին` հասնելով 25 միլիոն դրամի եւ 30 հազար դոլարի:

2012թ. հայտարարագրով` դատավորն ամբողջությամբ «վերականգնել» է գումարները: Սակայն անզեն աչքով էլ երեւում է, որ դրամական միջոցների ավելացումն ու պակասեցումը արհեստական է` առանց որեւէ հիմնավորման: Դրա վառ օրինակն այն է, որ Արայիկ Մելքումյանի հայտարարագրած 2011թ. տարեվերջի գումարը պետք է համընկնի 2012թ. տարեսկզբի գումարի հետ, մինչդեռ իրարից տարբերվող գումարներ են նշված հայտարարագրում:

2012թ. Արայիկ Մելքոնյանն ունեցել է 80 մլն դրամ, ինչպես նաեւ 120 հազար դոլար, որը պահպանվել է ողջ տարվա ընթացքում: Այսինքն` նույն գումարն է նշված, ինչ 2011թ. սկզբին էր: Մինչդեռ, եթե 2011թ. հայտարարգիրը ճիշտ է լրացված, ապա 2012թ. սկզբին դատավորի հայտարարագրած գումարի չափը պետք է լիներ 25 միլիոն դրամ եւ 30 հազար դոլար:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Արայիկ Մելքոնյանի, գույքի ու եկամուտների հայտարարագիրը մշակում եւ հրապարակում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որը ստեղծման օրվանից որեւէ բանով աչքի չի ընկել: Եթե հանձնաժողովի գործունեությունը ձեւական չլիներ, ապա դժվար չէր նկատելը, որ Արայիկ Մելքումյանը կամ 2011թ. արհեստականորեն նվազեցրել է հայտարարագրված գումարի չափը, կամ էլ նույն ճանապարհով ուռճացրել, ինչը քիչ հավանական է:

Արայիկ Մելքումյանի 2012թ. եկամուտը գոյացել է միայն աշխատավարձից, որը կազմել է մոտ 4 մլն 623 հազար դրամ: 2011թ. Ա. Մելքումյանի աշխատավարձը կազմել է մոտ 4 մլն 544 հազար դրամ:

2011թ. Արայիկ Մելքումյանի կնոջ` Ռոզա Մելքոնյանի հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ էր: Նա ոչ եկամուտ ուներ, ոչ դրամական միջոց, ոչ էլ շարժական ու անշարժ գույք:

2012թ. հայտարարագրով Ռոզա Մելքոնյանն ունի 20 միլիոն դրամ, 25 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Ի դեպ, դատավորի կինն այս ամենին «հասել» է տարվա ընթացքում զրոյական եկամուտ ունենալու պարագայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter