HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետի վախերն ու իշխանության ընկալումները

Ռուզաննա Գրիգորյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին շրջանում մի քանի հայտարարություն արեց, որոնք արժանացան ոչ միանշանակ արձագանքների: Նախ անդրադառնալով՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հանրիկ Նավասարդյանի և «Երևան Տրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանակության պահանջով նստացույցին, հայտարարեց, որ դա «3-4 hոգու» ցանկություն է և որ «էս պահանջներին ժողովուրդը այնքան էլ կողմնակից չէ»։ Բացի այդ, նա նաև փաստեց, որ ուղեվարձի բարձրացման մասին իր որոշման վերանայումը պայմանավորված էր ոչ թե մեծածավալ բողոքի ալիքով և քաղաքացիական անհնազանդությամբ, այլ այդ հարցը բարձրացնող մի խումբ ուսանողների և կազմակերպությունների հետ հանդիպումներով։

Հետաքրքրական է, որ քաղաքապետը խոսում է ոչ թե երկու պաշտոնյաների հրաժարականի պահանջի իրավական հիմքերից, այլ այս պահին բողոքի իրենց ձայնը բարձրացրած մարդկանց թվաքանակից։ Ապօրինության մասին անգամ մեկ հոգու բերած հիմնավորումը պետք է որ լիներ բավարար այս հարցը քննության առնելու համար։

Այնինչ քաղաքապետը ցույց է տալիս, որ ինքը և իր կողմից ներկայացվող համակարգը գործում է ոչ թե օրինականության դաշտում, այլ ուժի, բռնության և ճնշման։ Եթե չկա մարդկանց թվաքանակով պայմանավորված ուժային ճնշում հանրության կողմից, չկա և հարցերի վերանայում ու լուծում, անգամ եթե դրանք ունեն ամենապատշաճ իրավական հիմնավորումները։ Կարելի է ասել, որ քաղաքապետն իր հայտարարությամբ փաստացիորեն ներկայացնում է իշխանության իր ընկալումների իրական էությունը, որտեղ հարցերը լուծվում են փողոցում ընդունված նորմերով, իսկ հարց լուծողները թաղի ուժեղ և շրջապատ ունեցող «լավ» տղերքն են։

Քաղաքապետն այլ խոսքով ասում է, որ եթե ինձ վրա կարողանաք «մարդ բերել», միգուցե և հարցը լուծեմ։ Այլապես մնացած ձեր իրավական հիմնավորումները ինձ չեն հետաքրքրում։ Ահա թե ինչու նման արժեքներով առաջնորդվող քաղաքապետի համար դժվար է նաև ընդունել ու խոստովանել, որ ինքը հարկադրված է եղել իր ընդունած որոշումը կասեցնել քաղաքացիական անհնազանդության և բողոքի ալիքի պառճառով։

Ընդունել դա, թաղային հարցերի լուծման համատեքստում, նշանակում է «կոտրվել», ընդունել, որ սխալվել է և թույլ է գտնվել։ Դրա համար քաղաքապետին անհրաժեշտ էր գտնել իրեն խնդրանքով դիմող «ժողովրդի ներկայացուցիչների»: Եվ դրանք գտնվեցին, հանձինս ինչ-որ ուսանողների անհասկանալի խմբի, ում խնդրանքին էլ իբր թե ընդառաջ գնալով քաղաքապետն իր իշխանության բարձունքից որոշեց իջեցնել ուղեվարձը: Եթե ներկա իշխանությունները գործեին իրավունքի, այլ ոչ թե փողոցային նորմերի դաշտում, հնարավոր է, որ քաղաքապետն ազատ լիներ նման վախերից:

Այդ նույն փողոցային «հարց լուծելու» համատեքստում ուղեվարձերի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական բողոքի ակցիաների ընթացքում բազմիցս եղան դեպքեր, երբ քաղաքապետարանի պատասխանատուները և նրանց հովանավորյալ գծատերերը կանգառներում հայտնվում էին փողոցային խուժանի ոճականության մեջ ու փորձում էին ճնշում գործադրել ակցիայի մասնակիցների վրա: Սակայն, այդպես էլ հաջողության չհասնելով՝ հեռանում էին։

Ըստ էության, վերջին տարիներին հանրության մեջ ի հայտ են եկել մարդիկ, ովքեր վերահսկելի չեն իշխանության համար, ովքեր փորձում են առաջնորդվել իրավունքի գերակայությամբ և քաղաքացիական նոր արժեքներով։ Նրանց համար ապօրինության մասին բարձրաձայնելը «գործ տալ» չէ, իսկ անօրինական որոշումներին չենթարկվելը՝ բնական արձագանք: Եվ հավանականությունը մեծ է, որ հանրության այս հատվածը դառնա իշխանության ամենածանր խնդիրներից մեկը:

Այս նոր որակի հանդեպ իշխանություն իրացնելու համար գործող իշխանությունները կամ պետք է վերափոխեն իրենց՝ ներկայանալով քաղաքացիականության և իրավունքի դիրքից, կամ՝ հեռանան:

Մեկնաբանություններ (1)

KARO
Այս ամբողջ ժամանակահատվածում մի բան հստակ երևաց որ Տարոնր ի վիճակի չէ ինքնուրույն որևէ լուրջ խնդիր լուծելու ավելին շատ ցանկության դեպքում էլ նրա մտավոր ունակությունները բավարար չեն դա անելու և իշխանությունները նրա հասցեին գովեստի խոսքեր ասելիս ավելի ծիծաղելի վիճակում են դնում քաղաքապետին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter