HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թողեք իմ երեխին տանեմ բուժեմ»,-ասում է ՄԻԱՎ-ով վարակված տղայի մայրը

32-ամյա Արարատ Ճաղարյանը վարակված է իմունոանբավարարության վիրուսով` ՄԻԱՎ-ով (ՄԻԱՎ ինֆեկցիայի վերջին փուլը ՁԻԱՀ-ն է): Այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Ավանի կլինիկայի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում: Արարատը պառկած է, դժվարությամբ է վեր կենում և քայլում: Մայրը` Օֆելյա Ճաղարյանն է խնամում որդուն: Ասում է, որ իր որդին այս կլինիկայում որևէ տեսակի բուժում չի ստանում: Չի ստանում նաև բուժում ՄԻԱՎ-ի դեմ: Սակայն ինքը չի կարող որդուն հանել հոգեբուժարանից և տանել բուժման, քանի որ դատարանն է այդպես վճռել:   

Ինչպես է Արարատն ընկել հոգեբուժարան 

Այս տարվա փետրվարի 22-ին Արարատը հանդիպել է Հաղարծին գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Թամրազյանին: Նախաքննությանը Արմեն Թամրազյանը ցուցմունք է տվել, որ  ինքն աշխատանք փնտրելու նպատակով Տավուշի մարզից եկել է Երևան և գիշերելու տեղ չունենալու պատճառով ողջ օրն անց է կացրել Հանրապետության հրապարակում: Հաջորդ օրն ինքն աշխատանք գտնելու համար շրջել է Երևան քաղաքում, սակայն աշխատանք չգտնելով երեկոյան գնացել է Հանրապետության հրապարակից քիչ ներքև գտնվող այգի և նստել նստարանին: Այնուհետև իրեն մոտեցել է անծանոթ մի երիտասարդ` Արարատը, ում ձեռքին օղու շիշ է եղել: Վերջինս իրեն առաջարկել է միասին օղի խմել, ինչին ինքը չի համաձայնել: Արարատը տեղեկանալով, որ ինքը գիշերելու տեղ չունի, առաջարկել է գնալ իրենց բնակարան, սակայն ինքը չի համաձայնել: Այնուհետև Արարատնն իրեն առաջարկել է գնալ իր պապի հողամաս և գիշերել այդտեղ գտնվող տնակում, ինչին ինքը համաձայնել է: Միասին գնացել են դեպի Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի կողմը: Հասնելով Պարոնյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկ, Արարատի առաջարկով մտել են գետնանցում: Այդ ժամանակ Արարատը զրուցել է բջջային հեռախոսով և անսպասելի ետևից բռունցքով հարվածել իր գլխին, ինչի հետևանքով ինքն ընկել է գետնին: Դրանից հետո Արարատը շարունակել է հարվածներ հասցնել իր դեմքի, կրծքավանդակի և ոտքերի շրջաններում, ապա, վերցնելով իր ձեռքի պայուսակը, դիմել է փախուստի: Ինքը, ոտքի կանգնելով, հետևել է Արարատին և տեսել, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բռնել են նրան: Անմիջապես պահանջել է իր պայուսակը, և վերցնելով տեսել է, որ իր բջջային հեռախոսը չկա: Այնուհետև ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին և կատարվածի մասին հաղորդում տվել: Արարատի հայրը` Ալեքսանդր Ալեքսանդր Ճաղարյանը փոխհատուցել է իր բջջային հեռախոսի արժեքը, ուստի ինքը Արարատից որևէ պարտք կամ պահանջ չունի: 

Սթափության վիճակի զննության արձանագրության համաձայն` 2013թ. փետրվարի 23-ին` ժամը 02:05-ին, կատարված զննությամբ Արարատը գտնվել է երրորդ աստիճանի խմածության վիճակում:

Նախաքննությամբ հաստատվել է, որ Արմեն Թամրազյանի պայուսակի, վերնաշապիկի, սրբիչի, տաբատի և վերնազգեստի ընդհանուր շուկայական արժեքը 2013 թվականի փետրվարի 22-ի դրությամբ կազմել է 3.800 դրամ: 

Արարատին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մաշտոց-Պարոնյան փողոցների հատման մասի գետնանցումում Արմեն Թամրազյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքերով ծեծի է ենթարկել վերջինիս ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Ապա, ավազակությամբ հափշտակելով Ա. Թամրազյանի զգալի չափի` 103.800 ՀՀ դրամ արժողության ձեռքի պայուսակը, iphone տեսակի բջջային հեռախոսը, հագուստները և հարդարման պարագաները, դիմել է փախուստի: Արարատի ծնողները ամբողջությամբ փոխհատուցել են տուժողի կրած վնասները: 

Արարատի նկատմամբ փետրվարի 25-ին դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել: Մայրը` Օֆելյա Ճաղարյանը պնդում է, որ որդուն կալանավորելուց հետո այնպես են ծեծել, որ նա ոչ միայն քիչ բան է հիշում, այլ այդ ամենի մասին ամեն անգամ հիշելուց ցնցվում է: «Հիմա պատմում է` մամա, ես ձեռքերով պաշտպանվում էի: Երեխիս տարել են մեկուսարան, էնտեղ էլ է ինչ-որ բաներ եղել, դաժե ասում է` ինձի տկլոր թողել են էնտեղ, հետ է տվել, ինքն էլ տենց հիվանդ: Իրեն ոչ մեկն օգնություն ցույց չի տվել, չգիտեմ ինչքան է մնացել,- պատմում է Օֆելյա Ճաղարյանը: -Անկախ նրանից, հիվանդ ես, թե առողջ` մարդուն ինչո՞ւ պիտի ծեծեն: Հանցանք արել է, մտել է բերդ, թող իրա պատասխանը տա: Իմ կռիվը նրանում է, որ իմ տղին ծեծել են: Որ ինքը Սովետաշենում է եղել, ես մոտեցել եմ բժշկին, ասել եմ` օգնեք իմ երեխին: Գողացել է, ինքը պատասխանը տալիս է, միայն թե օգնեք իմ երեխին»: 

Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության 2013թ. ապրիլի 3-ի եզրակացության համաձայն` Արարատ Ճաղարյանը տառապել և տառապում է «Իմունոանբավարարության վիրուսով (ՄԻՎ) պայմանավորված թուլամտությամբ»: Այդ մասին են վկայում ինչպես անամնեստիկ տվյալները, այնպես էլ հետազոտման արդյունքները: Ըստ նույն եզրակացության` իրավախախտումը կատարելիս փորձաքննվողը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի փորձագետները գտել են, որ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Արարատին հարկ է ճանաչել անմեղսունակ: Ըստ այդմ` իր ներկա հոգեկան վիճակով նա վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, կարիք ունի հարկադիր բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: 

Օֆելյա Ճաղարյանն ասում է, որ որդին հոգեկան խնդիրներ չի ունեցել, դրանք ի հայտ են եկել ձերբակալելուց և նրան կտտանքների ենթարկելուց հետո: 

Ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Բ.Գալստյանի որոշմամբ Ա.Ճ.-ի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և վերացվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մ.Պապոյանի, քննել է գործը: Քննարկելով հանցանքը կատարելու ժամանակ Արարատի մեղսունակության հարցը` դատարանը գտել է, որ նա տառապել է «Իմունոանբավարարության վիրուսով (ՄԻՎ) պայմանավորված թուլամտությամբ» և վերը նշված արարքը կատարելիս գտնվել է անմեղսունակ վիճակում, ինչը նրան զրկել է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելուց և դրանք ղեկավարելուց: 

Դատարանը, նկատի ունենալով, որ Արարատի հիվանդությունը և այն, որ հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային ձևով, գտել է, որ նրան պետք է ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից` նշանակելով հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում: Թե ինչքան է հարկադիր բուժումը, դատարանը ժամկետ չի նշել: 

Ճաղարյանների ընտանիքը ՌԴ քաղաքացի է: Արարատը բնակվում է Հայաստանում, ամուսիններն աշխատում են Հունաստանում: Չնայած ՄԻԱՎ-ի դեմ Արարատին` որպես օտարերկրյա քաղաքացու, անվճար բուժօգնություն չի հասնում, Օֆելյա Ճաղարյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին: Բացառության կարգով Ա.րարատին տրամադրվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժվելու ուղեգիր: Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան նշել է, որ «հաշվի առնելով հարկադիր բուժման հանգամանքը այդ բուժօգնությունը նույնպես պետք է կազմակերպվի Ավանի հոգեբուժական կլինիկայում»: 

Ավելի քան երկու ամիս է` Արարատը Ավանի հոգեբուժական կլինիկայում է: Բացի նրանից, որ հոգեբուժական բուժօգնություն չի ցուցաբերվում, չի ցուցաբերվում նաև որևէ տեսակի բուժօգնություն ՄԻԱՎ-ի կանխարգելման դեմ: «Ես մոտենում եմ հոգեբուժարանի տնօրենին, ասում եմ` իմ երեխեն ձեր հիվանդանոցում անելիք ունի՞, ասում են` չէ: Բա ինչի՞ եք պահում` հարցնում եմ: Դատարանն է որոշել` պատասխանում են,- պատմում է Օֆելյա Ճաղարյանը: -Երեխեն ահավոր վիճակում է, նրան ոչ մի օգնություն ցույց չեն տալիս»: 

Օֆելյա Ճաղարյանը հիասթափված է սփյուռքահայերի նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների, առողջապահական համակարգի վերաբերմունքից, որոնք «բանի տեղ չեն դնում» մարդուն, նրա հիվանդությունը: Նա պահանջում է թույլ տալ, որ իր երեխային հանի երկրից և պատշաճ կազմակերպի նրա բուժումը: «Տունս կծախեմ, մատանիս կծախեմ, կաշխատեմ, մի բան կանեմ, միայն թե թողեք իմ երեխուն ես տիրություն անեմ»,- ասում է Օֆելյա Ճաղարյանը:

Օֆելյան Ճաղարյանն արդեն հույս չունի հայաստանյան պատկան մարմիններից: Միակ հույսը կապում է միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ուշադրություն կդարձնեն իր որդու վրա և կօգնեն կազմակերպել պատշաճ բուժօգնություն:

Արարատի ծնողները բողոքարկել են դատավճիռը, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը դեռ չի քննել և օգոստոսի 6-ին նշանակած նիստը հետաձգել է մինչև օգոստոսի 21-ը, ինչի հետևանքով ձգձգվում է նաև Արարատի` հոգեբուժարանում առանց բուժման մնալու հանգամանքը: 

Մեկնաբանություններ (3)

George
All your negtive comments prove that 1. You are not educated about aids or HIV. 2. You are ignorant. This is a virus which can be transmitted to anybody via blood, saliva(rare), unprotected sex. HIV patients, if properly treated with anti-retroviral medication can have a normal life and pose no threat to society. HIV is just another DNA virus just like hepatitis(deghnaxt) b,c which is very high in numbers in armenia and differ very little in structure as a virus from HIV and what you call AIDS in Armenia. Ararat don't give up and dont let these bastart and these so called armenians put u down because they are uneducated. If Armenia gave up on you because you are sick, you shouldn't give up because many safe drugs exist to bring your life back. Really frustrating to see a society in this internet age to be so dumb. Dr G.
David
Տականքին խղճալ չարժե:Խեղճ տղային ծեծել,թալանելը հե*շտ էր:Դրա նմանները չպիտի ծնվեին,միայն ծնողն է մեղք,որ տանջվում է տականքի համար:
GB
Someone with AID symptoms and mental problems, will pose danger to public...and his mother should understand that.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter