HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Եսայանի մեքենայի վրա հայտնաբերված մատնահետքերը չեն պատկանում սպանության մեջ մեղադրվող Սարգսյանին

Կարեն Եսայանի սպանության քրեական գործի չբացահայտված դրվագներից մեկն էլ վերջինիս մեքենայի վրա նախաքննության ընթացքում հայտնաբերված մատնահետքերն են, որոնք, ինչպես պարզ է դառնում հրապարակված դատական նյութերից, կոնկրետ հասցեատեր չունեն: Նախորդ նիստերի ժամանակ ավտոլվացման կետի աշխատակիցները, ովքեր դատարանում հարցաքննվել էին որպես վկաներ, պատասխանելով կողմերի հարցերին, նշել էին, որ սպանվածի մեքենան դեպքի օրն իրենք շատ լավ լվացել և սրբել են: Դատաքննության ժամանակ նրանք պնդեցին, որ Եսայանի մեքենային դրանից հետո որևէ մեկը ձեռք չի տվել:

Առավոտյան Կարեն Եսայանը եկել և տարել է մեքենան: Ըստ մեղադրանքի՝ Կարեն Եսայանը, մեքենայով դուրս գալով ավտոլվացման կետից, հետագայում իր մեքենան նստած անձի հետ անմիջապես ուղևորվել է այն վայրը, որտեղ էլ և սպանվել է: Դիակը հայտանբերելուց հետո՝ դեպքի վայրում ոստիկանների կողմից տեղազննություն կատարելու ժամանակ, մեքենայի վրա հայտնաբերվել են մատնահետքեր: Ինչպես կարգն է, դրանք ուղարկվել են փորձաքննության:

Պարզվել է, որ մեքենայի վրա հայտնաբերված մատնահետքերը չեն պատկանում ոչ ավտոլվացման կետի աշխատակիցներին, ոչ Կարեն Եսայանին և ոչ էլ ամբաստանյալ Հարություն Սարգսյանին: «Ակնհայտ է, որ դրանք պատկանում են Եսայանին սպանած անձին»,- հայտարարեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Եսայանին սպանել են՝ կրակելով աչքին: Մեքենայի մեջ՝ վարորդի նստարանից աջ գտնվող հատվածում, հայտնաբերվել են արյան հետքեր: Սակայն, ինչպես պնդում է ամբաստանյալի փաստաբանը, իր պաշտպանյալի հագուստի վրա չեն հայտնաբերվել ոչ արյան հետք, ոչ կրակոցի արգասիքներ:

«Եթե անձը կրակել է, ապա նշված հետքերը նրա հագուստի և մարմնի վրա պիտի հայտնաբերվեին,- նկատեց փաստաբանը,- սակայն դրանք Հարությունի վրա չեն հայտնաբերվել: Որևէ հետք չի հայտանբերվել նաև իմ պաշտպանյալի մեքենայում: Հարությունի հագուստի և մարմնի վրա չեն հայտնաբերվել զենքի կրման հետքեր: Եթե անձը զենք է կրել, ապա գոնե քսայուղի հետք կմնար հագուստին: Եթե Հարություն Սարգսյանն այն անձն է, ով նստել է մեքենան, ապա պիտի իր հետ կրեր նաև զենքը, և հետքեր կմնային անպատճառ»:

Սպանության գործիքն, ըստ քրեական գործի, որսորդական հրացան է եղել, որն անգամ կարճեցված փողի դեպքում, ի տարբերություն ատրճանակի, հնարավոր չէ հագուստի տակ այնպես թաքցնել, որ չնկատվի: Բացի դրանից՝ կրակոցից հետո զենքի վրա մնում են արգասիքներ: Եթե մարդասպանը գործն ավարտելուց հետո զենքը թաքցրել է հագուստի տակ, ապա հագուստի ներսի հատվածում պիտի առկա լինեին այդ արգասիքները: Այնինչ փորձաքննությունը նման արգասիքներ չի հայտնաբերել Հարություն Սարգսյանի ոչ հագուստի, ոչ մարմնի վրա: Հետագայում՝ Սարգսյանների տան խուզարկության ժամանակ, լվացքի միջից հայտնաբերվել է Հարություն Սարգսյանի հագուստներից մեկը, որի վրա եղել են կապարի հետքեր: Այս կապակցությամբ, դեռ նախորդ նիստերից մեկի ժամանակ նշվել էր, որ հագուստն ամբաստանյալը կրել է, երբ մեքենայի ավտոմասեր է քանդել-հավաքել, իսկ դրանից հետո հնարավոր է՝ քսայուղի հետքեր մնացած լինեն տաբատի վրա:

Մեղադրող Արմեն Մարուխյանը փաստաբանի մատնահետքերի վերաբերյալ եզրակացությունը համարեց ենթադրություն, որին ի պատասխան՝ Լուսինե Սահակյանը նշեց, որ իր ասածն ընդամենը պարզ տրամաբանություն է:

Օգոստոսի 13-ի դատական նիստում քննարկվեց նաև պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վկաներից 1994թ. ծնված Հակոբ Կարապետյանի նկատմամբ դատաբժշկական, դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ թիվ 3 օժանդակ դպրոցից ուղարկված բնութագիրն ուսումնասիրելուց հետո եկել է այն եզրակացության, որ տղան չունի ծանր մտավոր հետամնացություն: Մեղադրող Արմեն Մարուխյանը ևս հակված էր այս տեսակետին: «Եթե, ինչպես տղայի դասղեկն է գրել բնութագրում, Հակոբն ունի մաթեմատիկական փայլուն գիտելիքներ, ապա չի կարող այս անձը լինել մտավոր ծանր հետամնաց երեխա»,- նշեց մեղադրողը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը ներկաներին հիշեցրեց, որ նման հաստատություններում փայլուն գիտելիքները կարող են վերաբերել միայն պարզագույն մաթեմատիկային: «Եթե երեխան գիտի, որ 2-ին գումարած 2 հավասար է 4-ի, սա դեռևս ոչինչ չի ասում նրա գիտելիքների մակարդակի մասին: Այս դպրոցներում բարդագույն բաներ չեն սովորեցնում»,- հավելեց փաստաբանը:

Նա դատարանում հրապարակեց Գյումրիի մտավոր հետամնաց երեխաների համար նախատեսված թիվ 3 օժանդակ դպրոցից ստացած, հոգեբանի և բժշկի եզրակացությունը՝ Հակոբ Կարապետյանի վերաբերյալ: Դրանում նշված էր, որ դպրոցում երեխաները սովորում են գումարել, հանել, հաշվել մինչև 20-ը: Եվ որ իրենց սանը՝ Հակոբ Կարապետյանը, չի փայլում հիշողությամբ: Կամակոր երեխա է, չի սիրում հարցերին պատասխանել, սիրում է միայն լսել: Սովորածը վատ է մտապահում:

«Եթե Հակոբ Կարապետյանը առողջ է, բայց նրան ընդունել են մտավոր թերզարգացած երեխաների համար նախատեսված դպրոց, նշանակում է՝ կատարվել է հանցանք, և պիտի պատժվի այդ դպրոցի տնօրենը: Եթե ուղարկված բնութագիրը համապատասխանում է իսկությանը, և նա տառապում է օլիգոֆրենիայով, ապա Հակոբ Կարապետյանը չէր կարող հարցաքննվել դատարանում, իսկ նախաքննական նրա ցուցմունքը չի կարող դրվել մեղադրական եզրակացության հիմքում»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հակոբ Կարապետյանը միակ վկան էր, ով դատարանում պատմեց, որ սպանության օրը տեսել է Հարությունին ինչ-որ մեքենա նստելիս:

Դատարանը որոշեց բավարարել փաստաբանի միջնորդությունը, որին միացավ նաև մեղադրող կողմը, և գործով վկա Հակոբ Կարապետյանի նկատմամբ նշանակել դատահոգեբանական, դատաբժշկական համալիր փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter