HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Հայաստանցիներն ու ադրբեջանցիները պետք է միասնաբար հանդես գան իրենց երկրներում կոռուպցիայի և անօրինականությունների դեմ». Էմին Միլլի

Էմին Միլլին ադրբեջանցի գրող եւ ակտիվիստ է, ով 16 ամիս անցկացրել է բանտում՝ իշխանության նկատմամբ իր ընդդիմադիր հայացքների համար: Միլլին ազատ է արձակվել 2010-ին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ մի շարք եվրոպական կառույցների հորդորով: Այժմ ակտիվիստն ապրում է Բեռլինում՝ հիմնելով «Մեյդան TV» ինտերնետային եւ արբանյակային լրատվամիջոցը, որը շարունակում է բացահայտել եւ վեր հանել Ադրբեջանում տեղի ունեցող անօրինականությունները: 

Հե՞շտ է հեռանալ սեփական երկրից եւ պայքարել այդ երկրի համար մեկ այլ վայրից։ 

Ես երբեք չեմ հեռացել իմ երկրից, ես իմ երկրում եմ, պայքարում եմ իմ երկրի բարօրության համար մեկ այլ ֆիզիկական վայրից, որտեղ ինձ չեն խանգարի: Ես վերադառնալու եմ Ադրբեջան. այստեղ ժամանակավոր եմ գտնվում: Որոշ մարդիկ քաղաքական ապաստան են խնդրել, ես՝ ոչ: Եթե ես աշխատեմ Ադրբեջանում, որեւէ տարածք անգամ չեմ կարողանա վարձակալել գրասենյակի համար, որովհետեւ բոլորը կվախենան ինձ վարձով տարածք տալ: Կամ մի օր իշխանության հրամանով կմտնեն, ամբողջ գույքը կջարդեն ու դուրս կգան: Եւ հենց իմ երկրում մշտապես գտնվելու պատճառով է, որ հիմնեցի «Մեյդան TV»-ն: Այսօր թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում մենք ապրում ենք ֆաշիստական իշխանության ներքո, որոնք թալանում են երկիրն ու լցնում սեփական բանկային հաշիվները: Նրանք նույնիսկ մոնոպոլիզացրել են հայ-ադրբեջանական հարաբերությունները:  Երբ հայ-ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդիպում են, որոշ խնդիրներ քննարկում՝ կապված նաեւ կոնֆլիկտի հետ, նրանք հայտնվում են Ազգային անվտանգության ուշադրության կենտրոնում: Վերջերս էլ Ալիեւն արգելում էր ադրբեջանցիների հանդիպումները հայերի հետ, իսկ հենց նույն Ալիեւն ու Սարգսյանը, ինչպես նաեւ նրանց կանայք հաճախ հանդիպում են եւ ձեռք-ձեռք են սեղմում։ Ես զարմանում եմ՝ միայն երկու երկրների նախագահների՞ն է տրված հանդիպելու մենաշնորհը: Նրանք հանրությանն արգելում են շփվել, կարծիք ունենալ, քանի որ նրանց ձեռնտու է կոնֆլիկտային կողմ լինել: Կոնֆլիկտի անվան տակ մեր իշխանությունները թաքցնում են այն միլիարդները, որ թալանել են իրենց իսկ ժողովրդից: Կոնֆլիկտի գոյությամբ նրանք շատերի բերանն են փորձում փակել, եւ սա ձեռնտու իրավիճակ է մեր նախագահների համար: Եթե կոնֆլիկտը լուծվի, նրանք կկորցնեն այն մեծ պատճառաբանությունը, որով լռեցնում են իրենց մեղքերը բացողներին։ Իլհամ Ալիեւը, Մեհրիբան Ալիեւան եւ նրանց երկու աղջիկներն արտասահմանում ընկերություններ ունեն։ Ես համոզված եմ նույնը նաեւ Հայաստանում է: Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ միջազգային որոշ ուժերի եւ պետությունների շահը՝ կոնֆլիկտը մշտապես կենդանի պահելու հարցում, բայց մեր իշխանությունները դրանով չեն խուսափում պատասխանատվությունից: 

Ինչպե՞ս է «Մեյդան TV»-ն բարձրացնում այդ բոլոր խնդիրները, ո՞րտեղից եք ձեռք բերում անհրաժեշտ տեսանյութերն ու ինֆորմացիան: 

Մենք Ադրբեջանում ունենք գործընկերներ, ովքեր մեզ օգնում են տեսանյութերի եւ լուսանկարների հարցում: Նրանք հաճախ ճնշումների են ենթարկվում այնտեղ, սակայն շարունակում են մնալ մեզ հետ: Նրանց աշխատանքը նույնքան կարեւոր է, որքան մեր բեռլինյան խմբի աշխատանքը: «Մեյդան TV»-ն ունի նաեւ մեկ այլ հստակ ուղղություն՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ: Մենք կարեւորում ենք հանրային լսումները եւ երկու հասարակությունների համագործակցությունը այս խնդրի կարգավորման գործընթացում: Ես վստահ եմ, որ հայ-ադրբեջանական համատեղ գոյակցությունը հնարավոր է: Ինչո՞ւ ենք մենք առաջնորդվում մեր իշխանությունների կողմից ստեղծված եւ տարածված այն հին կարծրատիպով, թե հայերն ու ադրբեջանցիները համատեղ ապրել չեն կարող: Դեռեւս Քոչարյանն էր այդ միտքն արտահայտել, իսկ Ադրբեջանի իշխանությունները հաճախակի սկսեցին գործածել այն: Ոչ, ես կարծում եմ հայերն ու ադրբեջանցիները շատ լավ էլ կարող են լեզու գտնել, ապրել միասին, տնտեսական եւ մարդկային հարաբերություններ հաստատել: Սա չեմ ասում՝ որպես կոնֆլիկտի լուծման տարբերակ, բայց կարծում եմ առաջընթաց կլինի միայն այդ տարբերակով, քանի որ Եվրոպայի կողմից ուղարկվող Մինսկի խումբն ընդամենը մի մեծ տուրիստական գործակալության է նման, որ հաճախակի թանկարժեք եւ անարդյունավետ այցեր է կատարում մեր երկրներ: 

«Մեյդան TV»-ն հարթակ է ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաեւ հայերի համար: Հայ եւ ադրբեջանցի քաղաքացիները պետք է միասնաբար հանդես գան իրենց երկրներում կոռուպցիայի եւ անօրինականությունների դեմ, նաեւ հանրային բանավեճեր ծավալեն՝ կոնֆլիկտի լուծման ուղիներ գտնելու եւ ապագայի միասնական տեսլականով հանդես գալու: Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող առանձին-առանձին լինել ժողովրդավարական երկրներ. նրանց ժողովրդավարության ճանապարհը սերտորեն կապված է միմյանց հետ: Կավելացնեմ նաեւ, որ «Մեյդան TV»-ն ոչ միայն լրատվամիջոց է, այլ մեր երկրները դեպի ժողովրդավարություն տանող առավել գլոբալ ծրագիր: 

Դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհին խնդիրների ու անօրինականությունների մասին մարդկանց տեղեկացնելն առաջին քայլն է. որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը: 

Այո, «Մեյդան»-ը պլատֆորմ է, որը ներառում է TV-ն, բայց մենք նպատակ ունենք նաեւ ստեղծել ակտիվ մարդկանց գլոբալ ցանց, որը կիրականացնի ուսումնասիրություններ, հետաքննություններ եւ հանդես կգա խնդրի լուծման իր մոդելներով: Ճիշտ է, Ադրբեջանում շատերը վախենում են ներգրավվել ընդդիմադիր ցանցերի կամ կազմակերպությունների աշխատանքներին, բայց մենք կարիք ունենք բարձր քաղաքացիական գիտակցությամբ եւ ակադեմիական գիտելիքներով անձանց, ովքեր վստահորեն կներկայացնեն իրենց ուսումնասիրություններն ու կառաջարկեն լուծման իրենց ձեւերը՝ բոլոր ոլորտներում: Այս ցանցի առաջարկներից կարող են օգտվել քաղաքական կուսակցությունները՝ առավել խելամիտ լուծումներ գտնելու այս կամ այն քաղաքական եւ միջազգային հարցերում: Այսօր միջազգային ֆոնդերը միլիոններ են ծախսում որեւէ ոլորտի կամ թեմայի ուսումնասիրման վրա, եւ այդ գումարների 80-90 տոկոսն իրականում հետ է վերադառնում Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ եւ այլ խոշոր երկրներ: Նրանք մեր երկրներ են ուղարկում միջազգային փորձագետների, ովքեր որոշակի ուսումնասիրությունից հետո մեծ հոնորարներով վերադառնում են իրենց երկիր: Իսկ Ադրբեջանում մենք ունենք շատ փորձառու անձինք, ովքեր առանձին ոլորտներ խորությամբ ուսումնասիրության են ենթարկել եւ կարող են հանդես գալ առաջարկներով: Մենք ուզում ենք այս մարդկանց կարեւորություն տալ, որ նրանց ուսումնասիրությունների հիման վրա որոշակի փոփոխություններ տեղի ունենան, խնդիրներ լուծվեն: 

Արդյոք կարծո՞ւմ եք՝ քաղաքացիական հասարակությունն իր վրա կվերցնի որոշիչ դերը եւ կկարողանա լուծումներ առաջադրել: 

Ես միայն այդ կերպ եմ տեսնում մեր երկրների ապագան: Ինչո՞ւ են Ղարաբաղում ապրող հայերը ցանկանում ապրել Հայաստանի սահմաններում կամ ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուզում ապրել Ղարաբաղում կամ ինչո՞ւ են ուզում Ղարաբաղն անկախ հանրապետություն հռչակել, եթե իրականում դրանք բոլորը նույնն են: Նույն դիկտատուրան տիրում է թե Ղարաբաղում, թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում. Ի՞նչ տարբերություն մարդկանց համար, թե որտեղ կապրեն:  Կոնֆլիկտը կլուծվի եւ այս տարածաշրջանում ապրող մարդիկ իրենց երջանիկ կզգան միայն այն ժամանակ, երբ օրինական եւ ժողովրդավարական նորմեր կձեւավորվեն կովկասյան բոլոր երկրներում: Եւ ես, այո, հավատում եմ, որ քաղաքացիներն ու բանիմաց մարդիկ պետք է հասնեն դրան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter