Հինգշաբթի, 23 նոյեմբերի

Տակայուկի Յոշիմուրա. «Հայ հասարակությունը դանդաղորեն բացվում է, ճիշտ այնպես, ինչպես ճապոնականը»



Ճապոնացի գիտնականն ուսումնասիրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերի հայրենադարձությունը

Ասում են, թե Երեւանում` ընդդիմության հանրահավաքին, կարելի է մի քանի հետաքրքիր եւ անսովոր անձանց հանդիպել: Հենց սա ինձ հետ պատահեց մարտի 1-ին, երբ բացարձակապես պատահաբար հանդիպեցի Տակայուկի Յոշիմուրային:

Պրն Յոշիմուրան, ինչպես շուտով պարզեցի, ծնունդով Ճապոնիայից է եւ հայերեն է դասավանդում Օտար երկրների հետազոտությունների Տոկիոյի համալսարանում: Նա այստեղ` Երեւանում, շարունակում է իր գիտական ուսումնասիրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սփյուռքահայերի` դեպի Խորհրդային Հայաստան հայրենադարձության վերաբերյալ:

Մի՞թե սա հեգնանք չէ: Նկատի ունեմ` որքանո՞վ են մեծ շանսերը Երեւանում` Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, հանդիպելու ճապոնացի գիտնականի, ով ուսումնասիրում է հայերի հայրենադարձությունը: Հայրենադարձություն… ԼՏՊ…

Պարզվում է` Տակայուկի Յոշիմուրան, ինչպես շատ ուրիշներ, կարծում է, որ ԼՏՊ-ն իրեն լավագույնս դրսեւորում է, երբ Մատենադարանում ուսումնասիրում է հայոց միջնադարյան պատմությունը, քան երբ որպես քաղաքական առաջնորդ զանգվածներին գործնական քայլերի դիմելու կոչ է անում: Բայց սրա մասին չէ, որ հիմա ուզում եմ խոսել:

«Առաջին անգամ Հայաստան եմ այցելել 1996 թ.` որպես զբոսաշրջիկ»,- ինձ հայերենով ասաց Տակայուկին: «Ես հետաքրքրվում էի Խորհրդային Միության ազգային փոքրամասնություններով, եւ այն ժամանակ հիմնականում ուսումնասիրում էի Ռուսաստանը: Այդ ժամանակ ես չէի ծրագրում զբաղվել հայագիտությամբ, առավել եւս հայրենադարձության խնդրով»:

Մինչ Ղարաբաղյան շարժումը նա ոչ մի անգամ չէր լսել Հայաստանի մասին

Երբ Տակայուկիին հարցրի, թե ինչն իր մեջ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի նկատմամբ, ասաց, որ դա 1988 թ.-ին էր` այն ժամանակ, երբ Ղարաբաղյան հիմնախնդիրը հայտնվեց միջազգային մամուլի առաջին էջերին:

«Խորհրդային Միությունը փլուզման գործընթացում էր, եւ այս փոքրիկ անկլավը զարգացումների հենց առաջին գծում էր: Անկեղծ ասած` դրանից առաջ ես նույնիսկ չէի լսել Հայաստանի մասին»,- ասաց նա:

Տակայուկին հայերեն սովորել է Երեւանի պետական համալսարանում 2001-2003 թթ.: Թեեւ նրա խոսակցական արեւելահայերենը երբեմն հարթ չէ, սակայն այն բավարար չափով սահուն է փողոցում անցորդների ուշադրությունը գրավելու համար:

Երբ մենք մարտի 1-ին հեռացանք հանրահավաքից եւ քայլում էինք Մաշտոցի պողոտայով` իրար հետ հայերեն զրուցելով, հետաքրքրասեր անցորդները մի քանի անգամ կանգնեցրին մեզ ու հարցախեղդ արեցին Տակայուկիին:

1996 թ. առաջին այցելությունից հետո Տակայուկին 6 անգամ Հայաստան է եկել: Վերջին այցելությունների ժամանակ նա եղել է Ազգային արխիվում եւ այլ գրադարաններում` հայրենադարձության վերաբերյալ իր հետազոտությունն անելու նպատակով:

Այս նույն նպատակով նա նաեւ եղել է սփյուռքահայ տարբեր համայնքներում` Վիեննայի Մխիթարյանների մոտ, Փարիզի ՀԲԸՄ գրադարանում, Բեյրութի Հայկազյան համալսարանում, նույնիսկ Լոս Անջելեսում:

Նա մի քանի անգամ հատել է Արեւմտյան Հայաստանի հետ սահմանը. եղել է Կարսում, Էրզրումում, Վանում: Քանի որ սա եւս նրա հետազոտության մի մասն է:

Սա այն երկիրն է, որը դատարկվեց իր բնիկներից. սա է այն սկզբնական վայրը, որից տարիներ հետո սկիզբ առավ հայրենադարձության ալիքը:

Օտար երկրների ուսումնասիրության Տոկիոյի համալսարանը, որտեղ նա հայերեն է դասավանդում, մասամբ վճարում է նրա ճամփորդական եւ այլ ծախսերը: Համալսարանում հայկական ֆակուլտետ չկա: Տակայուկին դասավանդում է Ասիական եւ աֆրիկյան լեզուների ու մշակույթների ինստիտուտում:

Նա նաեւ մասնակցում է սեմինարների եւ ֆորումների, որոնց կազմակերպիչները վճարում են ծախսերը: Այս հուլիսին նա Ստոկհոլմում մասնակցելու է «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետազոտություն» թեմայով միջազգային գիտաժողովին: Տակայուկին ասաց, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով բուհը կրճատել է ֆինանսավորումը:

«Երբեմն փողոցում ես գրավում եմ մարդկանց հայացքները»

Հանրահավաքի օրը մենք պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը եւ շարունակել մեր զրույցը: Տակայուկին ասաց, որ մեկնում է մեկ շաբաթից:

Մենք հանդիպեցինք մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ եւ «Վերնիսաժի» միջով հասանք «Հետք»: Մեկ կամ երկու հետաքրքրասեր հայացք ուղղվեց մեզ: Ես նրան հարցրի այդ մասին:

«Երբեմն անհարմարավետություն եմ զգում դրանից, բայց հանգիստ եմ վերաբերվում դրան: Մարդիկ պարզապես հետաքրքրվում են: Լինում է, որ նրանք կանգնեցնում են ինձ փողոցում եւ երբ պարզում են, որ ես հայերեն եմ խոսում, ուղղակի սկսում են իրենց ամբողջ կյանքը ինձ պատմել: Պարզ է, որ նրանք ուզում են իմանալ` ով եմ ես եւ ինչ եմ անում այստեղ, բայց շատ շուտով դա մենախոսության է վերածվում: Ես երբեք խնդիր չեմ ունեցել»,- ասաց Տակայուկին:

Շարունակելով թեման` հարցրի, թե այստեղ ինչպես է անցկացնում իր ազատ ժամանակը: Օրինակ` շրջագայե՞լ է Հայաստանի տեսարժան վայրերով:

«Ես այստեղ շատ լավ ընկերներ ունեմ: Ցավոք, ոմանք գնացել են երկրից տնտեսական պատճառներով: Մի անգամ եղել եմ Ղարաբաղում եւ իսկապես տպավորվել եմ այնտեղի բնության գեղեցկությամբ: Ես այցելել եմ Էջմիածին, Հաղպատ, Նորավանք ու Խոր Վիրապ: Փորձում եմ հնարավորինս շատ դուրս գալ ընկերներիս հետ, բայց սովորաբար զբաղված եմ` աշխատում եմ»,- ասաց Տակայուկին, ով վերջերս է 40-ը բոլորել:
Երբ հարցրի, թե արդյոք ինքը գիտի՞ որեւէ այլ ճապոնացու, ով աշխատում կամ սովորում է Երեւանում, ասաց, որ չգիտի: Ամենից ճապոնական բանը, որ նա գտել է Երեւանում, Բաղրամյան պողոտայի սկզբում գտնվող «սուշիի» ռեստորանն է:

Նա ասաց, որ Ճապոնիայի կառավարությունը մի քանի զարգացման ծրագիր է ֆինանսավորել Հայաստանում, հատկապես էլցանցերի սեկտորում եւ ոլորտի մասնագետներ է ուղարկել:

Ես նրան հարցրի Ճապոնիայում ապրող հայերի մասին: Տակայուկին ասաց, որ Ճապոնիայում գուցե 20-30 հայ կա, որոնց ինքը ճանաչում է, եւ որոնց մեծ մասը ներգրավված է բիզնեսում:

Ճապոնացի լեզվաբանները հետաքրքրված են դասական հայերենով

Ես բավականին զարմացա, երբ նա ասաց, որ հայերենն առանձնապես չի տարբերվում ճապոներենից, եւ այդ լեզուների քերականական համակարգերը շատ նման են իրար:

Ինձ համար նույնիսկ էլ ավելի մեծ անակնկալ էր, երբ նա ասաց, որ մի շարք ճապոնացի լեզվաբաններ կան, ովքեր ուսումնասիրում են գրաբարի` դասական հայերենի նրբությունները:

Մենք մի քիչ էլ խոսեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հայաստան սփյուռքի հայրենադարձության վերաբերյալ իր հետազոտության մասին:

Տակայուկին նշեց, որ պատճառներից մեկը, որ ինքն ընտրել է այս թեման, այն է, որ նման բան Ճապոնիայում էլ է տեղի ունեցել:

Երկիրը մի քանի տարածքներ էր նվաճել Հեռավոր Արեւելքում մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրելը, եւ շատ ճապոնացիներ կային, ում առանց որեւէ միջոցի թողել էին հեռու-հեռավոր կայսրությունում, եւ ովքեր, ի վերջո, կարողացան վերադառնալ Ճապոնիա:

Անշուշտ, ճապոնացիների ու հայերի` տարբեր վայրերում սփռվելու պատճառները տրամագծորեն տարբեր էին, սակայն երկու դեպքում էլ վերադառնալու ձգտում կար:

Այդ ժամանակ ես հանկարծ գլխի ընկա, որ երկու ժողովուրդները հասարակական ու մշակութային այլ ընդհանուր գծեր եւս ունեն:

Օրինակ` կրթությանը մեծ ուշադրություն դարձնելը: Եվ Ճապոնիայում, եւ Հայաստանում ավարտական դասարաններում սովորող շատ երեխաներ մասնավոր պարապում են կրկնուսույցների մոտ, որպեսզի ընդունվեն լավագույն համալսարաններ ու քոլեջներ:

Մեկ այլ օրինակ` երկու հասարակություններն էլ, մինչեւ վերջերս, շատ ներփակված ու պահպանողական էին:

Խառնամուսնություններին սովորաբար խեթ հայացքով են նայում, եւ Տակայուկին հաստատեց, որ այս խնդիրը դեռեւս առկա է Ճապոնիայում` չնայած չինացիների ու կորեացիների վերջին ներհոսքին:

Երկու երկրներում նաեւ հզոր հասարակական ճնշում կա ավանդական արժեքների հարցում: Սա եւս դանդաղորեն իր դիրքերը զիջում է եւ այստեղ, եւ այնտեղ:

Երբ հարցրի, թե ինչպես են իր ծնողները վերաբերվել նրան, որ ռուսագիտությունն ու հայագիտությունը որպես մասնագիտություն է ընտրել` հաշվի առնելով այն, որ ճապոնական համալսարաններ ընդունվողները ձգտում են ավելի ազդեցիկ աշխատանք ձեռք բերել, Տակայուկին խոստովանեց, որ սկզբում իր հարազատները դեմ էին մասնագիտության իր ընտրությանը, բայց աստիճանաբար ընդունեցին այն:

«Նայեք սրան»,- ասաց Տակայուկին` մի բարակ գրքույկ հանելով իր պայուսակից:

Գրքույկը ճապոներենով էր, բայց կազմին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկարն էր:

«Սա Հայաստանի նորագույն պատմության ուղեցույց է, որը ես գրել եմ զբոսաշրջիկների եւ ուսանողների համար»: Ես նրան ասացի, որ շատ վատ է, որ Ճապոնիան դեսպանատուն չունի Հայաստանում. նրանք ուղեցույցի մի քանի հարյուր օրինակ կպատվիրեին:

«Ուղեցույցը վաճառվում է Ճապոնիայի կրպակներում, այն նաեւ կարելի է գտնել գրադարաններում»,- ասաց Տակայուկին:

«Ու պետք չէ անհանգստանալ դեսպանատան համար: Կարծում եմ, որ Ճապոնիան այստեղ դեսպանատուն կբացի 5 տարի հետո կամ ավելի ուշ: Մենք դեսպանատուն ունենք Բաքվում, նաեւ Թբիլիսիում: Հաջորդը Երեւանն է»:

Մենք նկարվեցինք եւ դուրս եկանք «Հետքի» խմբագրությունից: Արեւոտ, հաճելի օր էր, որն ավետում էր, որ առջեւում ավելի տաք գարնանային օրեր են:

Ես հարցրի Տակայուկինն, թե արդյոք ուզո՞ւմ է մի բան ուտել: Նա քաղաքավարի կերպով հրաժարվեց` ասելով, որ պետք է աշխատի:

«Եթե քեզ չտեսնեմ մինչ մեկնելդ, ուրեմն հաճելի ճամփորդություն եմ մաղթում»,- ասացի ես ու հարցի, թե երբ է ակնկալում Հայաստան վերադառնալ:

«Հաստատ չեմ կարող ասել. դա հիմնականում կախված է ֆինանսավորումից: Բայց նախատեսում եմ սեպտեմբերին, այո, հաստատ սեպտեմբերին»:

«Որեւէ հատուկ բա՞ն կա սեպտեմբերին,- հարցի ես:- Երեւանում որեւէ կարեւոր գիտաժողո՞վ է լինելու»:

«Բոլորովին էլ ոչ,- քմծիծաղով պատասխանեց Տակայուկին: Պատճառը պարզապես այն է, որ ես հարիսա եմ սիրում: Մուսա լեռից հայրենադարձած հայերը ամենալավ հարիսան են պատրաստում: Այդ ամսին նրանք այստեղ տոնակատարություն ունեն»:

Ես նրան տվեցի իմ այցետոմսը: Մենք իրար ձեռք սեղմեցինք: «Ուրեմն կհանդիպենք սեպտեմբերին` հարիսա ուտելու»:

Անգլերենից թարգմանեց Սոնա Ավագյանը


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ