HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական համակարգից հույսը կորցնելով՝ քաղաքացին դիմում է նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո նախագահ, 

31.01.2011 թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Հրայր Ագանիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով/, 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով /շորթում առանձնապես խոշոր չափով գույքը ստանալու նպատակով/, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով /վաշխառություն, որը կատարվել է որպես արհեստ/ և 349 հոդվածի 1-ին մասով /քաղաքացիական գործով ապացույցների կեղծելը գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցիչի կողմից/ նախատեսված հանցանքների կատարման մեջ:

Ես ` Ժորա Էլբակյանս, մասնագիտությամբ ճարտարապետ եմ և ՀՀ ճարտարապետների միության անդամ: Ունեմ կատարած բազմաթիվ աշխատանքներ, որոնց համար մշտապես արժանացել եմ խրախուսանքների: Միայն այն, որ աշխատում եմ 1962թ.-ից արդեն իսկ խոսուն փաստ է: Մենք ընտանիքով հասարակությունում ունենք հարգանք և պատիվ, սակայն այսօր ամբողջ ընտանիքով` բաղկացած 13 հոգուց  մի խարդախի պատճառով մնացել ենք առանց տուն: Այնուամենայնիվ, 10 տարի շարունակ պայքարելով այդ խարդախի դեմ ՀՀ այլ բազմաթիվ քաղաքացիների հետ մեկտեղ, ճանաչվեցի  Հրայր Ագանիկյանի կողմից կատարված հանցագործությունների տուժող: Նրա կատարված հանցագործ արարքների հետևանքով մեզ պատճառվել է մեծ նյութական, էլ չեմ ասում բարոյական վնաս, որը և հաստատվել է դատարանի կողմից կայացված դատավճռում: Սակայն սոցիալական արդարությունը մինչ այժմ վերականգնված չէ այն պարզ պատճառով, որ հանցագործության հետևանքով պատճառված վնասը դատապարտյալի կողմից ամբողջությամբ չի հատուցվել: 31.01.2011 թ. դատավճիռը, որպես նոր երևան եկած հանգամանքի հիմքով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճռիները վերանայալու մեր պահանջը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից  (դատավորներ` Գ.Մատինյան, Լ.Գրիգորյան, Ա.Թումանյան, 28.03.2012թ.) մերժվեց, իսկ  ՀՀ Վճռաբեկ դատարանը (դատավորներ` Վ.Աբելյան, Գ.Հակոբյան, Ա.Անտոնյան, Վ.Ավանեսյան, Ա.Բարսեղյան, Է.Հայրիյան, Ե.Սողոմոնյան) հետ վերադարձրեց մեր վճռաբեկ բողոքները, և այս ամենը այն պարագայում, երբ քրեական գործով կայացված դատավճռով հաստատվել է, որ առաջին ատյանի վճիռները կայացվել են քաղաքացիական գործով կեղծ ապացույցների հիման վրա:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է մեր բողոքները հետևյալ անհեթեթ պատճառաբանությամբ. «Էլբակյանները նշված քաղաքացիական վճիռները կայացնելու ժամանակ գիտեցել և դատարանին ոչինչ չեն ասել կեղծիքների և խաբեությամբ ստեղծված հիմքերի մասին«,  իսկ թե ինչու չենք ասել,  դա նրանց չի հետաքրքրում, այնինչ այդ ամենը հստակ գրված է քրեական գործով կայացված դատավճռում: Կարծես թե այդ հանգամանքների մասին մեր չհայտնելը դատարանին վերացնում է Հրայր Ագանիկյանի հանցանքը, փաստորեն վերջինիս կողմից ոչ մի կեղծիք և խաբեություն չի եղել և նրան անտեղի պատիժ են նշանակել: Սա նման է նրան, որ գույքին ապօրինի տիրանալուց հետո գողոնը չվերադարձվի այն հիմքով, որ տուժողը լավ չի պաշտպանվել գողից:

Համոզված եմ, որ Վերաքննիչ դատարանի դատավորների որոշումները նախապես համաձայնեցված են եղել Վճռաբեկ դատարանի բողոքները հետ վերադարձնելու մասին որոշումների հետ, հակառակ դեպքում այդ կարգի անարդար որոշումներ չէին ընդունվի: Զարմանալի և զավեշտական է նաև այն, որ այս դատավորների որոշումները  կիրառվելով, նախադեպ են դարձել այլ տուժող քաղաքացիների դիմումները մերժելու համար, ինչպես նաև ոգեշնչել են դատապարտյալին դիմել իր նկատմամբ դատավճիռ կայացրած դատարան, դատավճռի անհստակությունները լուծելու մասին պահանջով: Դատապարտյալը` ներկայացնելով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված որոշումները, պնդում է այն մասին, որ փաստորեն իր նկատմամբ կայացվել է անհիմն դատավճիռ: Մեջբերում եմ, դատապատրյալի վերաքննիչ բողոքից  «Այս անտրամաբանական ու հակասահմանադրական իրավիճակը, կարծում եմ ծագել է ընդդեմ ինձ կայացված ապօրինի դատավճռի արդյունքում, որում առկա պարզաբանման ենթակա հարցերի հստակեցումը, ինքնաբերաբար հանգեցնում է առարկայազուրկ դատավճռի մերկացմանը»:

Հարգելի նախագահ, սա արդեն նախադեպ է ոչ միայն անարդար որոշումներ կայացնելու համար, այլ նաև քաջալերում է դարձել  արհեստավարժ խարդախների համար  խաբեությամբ ու կեղծիքով ձեռք բերել ուրիշի գույք, թեկուզև մի քանի տարի ազատազրկվել, բայց ունենալ տասնյակ միլիոնների հասնող հարամ եկամուտ:

Հակված եմ մտածել, որ վերընշված դատավորները կաշառված են եղել, այլապես ինչը պետք է դրդեր նրանց օրենքներին, էլ չեմ ասում մարդկային բանականությանը և խղճին դեմ, ակնհայտ անարդար որոշումներ կայացնել: Այսպիսի որոշումներով արդարություն չվերականգնվեց, խարդախը մնաց խարդախ, իսկ տուժողները մնացին տուժողներ տառապելու խարդախի հասցրած վնասներից:

Իմ ընտանիքը այս ամենի հետևանքով հայտնվել է ծանր սոցիալական վիճակում, այլևս չենք վստահում դատական ատյաններին, չենք հավատում, որ նրանց միջոցով  ինչ-որ բան կփոխվի և արդարությունը կվերակագնվի: Միայն փող… շատ փող:

Չենք  ուզում կորցնել մեր հավատը մեր պետության նկատմամբ  և այդ հիասթափությունը փոխանցնել նոր սերնդին` մեծ թոռանս, որը ի դեպ նոր է վերադարձել սահմանապահ զորքերում ծառայությունից:

Ես արդարության հասնելու համար  ինչպես նշեցի պայքարել եմ շուրջ 10 տարի և քրեական գործով դատավճիռը կայացվելուց հետո կարծես թե իմ մեջ հույս էր առաջացել, որ գոյություն ունի արդարություն և այն վերականգնվել է, սակայն փաստորեն քաղաքացիական դատարանը անտեսելով քրեական դատարանին ամբողջությամբ ոտնահարեց թե օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և թե  սույն գործով տուժող ճանաչված 8 ՀՀ քաղաքացիների իրավունքները:

Ասելիքս և վրդովմունքս չափազանց շատ է, և ես մեծ ցանկության դեպքում էլ չեմ կարող ներկայացնել բոլոր այն փաստերը և անօրինականությունները որոնք կատարվել են քաղաքացիական  դատարանի կողմից, ուստի խնդրում եմ հանձնարարել Ձեր վերահսկողական ծառայությանը ինձ ընդունելու, որի ընթացքում էլ կներկայացնեմ խոսքս հիմնավորող բոլոր ապացույցները:

ՀՀ քաղաքացի Ժորա Էլբակյան

Հասցե` ք.Երևան, Մաշտոցի փ., 40 Ա շ., բն.36,  հեռ. 091 20 19 36

Մեկնաբանություններ (2)

David
Նախագահ ունե*ն,որ դիմել են:Ասում են`որտեղ ձի չկա....
Դարդանելի
Հրապարակային տեղեկություններն անգամ, բանի տեղ դնող չկա։ Գոնե օճառի փրփուր գտնվեր, հույս կփայփայեիր, վերահսկողական ծառայությունը ոչնչով չի տարբերվում մնացած կառույցներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter