HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Բնակիչները երկու շաբաթում դիմադրության լավ դպրոց են անցել». Տ. Խզմալյան

«Երբ որ ժողովուրդը տեսնում է կարմիր բերետավոր ոստիկանի, լարվածությունը շեշտակիորեն ավելանում է, որովհետև քաղաքացին չի կարողանում ընկալել, թե ինչու այն դեպքում, երբ ինքն իրավացի է, կառուցապատումն իրականանում է ապօրինաբար, ոստիկանությունը գալիս, կանգնում է կառուցապատողի կողքին»,- ասուլիսի ժամանակ, խոսելով Կոմիտասի 5-ի երեկվա բախումների և արդեն շուրջ երկու շաբաթ ընթացող ակտիվ քաղաքացիական պայքարի մասին, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

Նույն թեմայի մասին խոսելիս «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը նշեց, որ «Կոմիտասի 5»-ը չնայած մասնավոր դեպք է, բայց շատ խորհդանշական է. այն նման է մի մանրակերտի, որն արտացոլում է մեր երկրում և հասարակության մեջ տեղի ունեցող խորքային գործընթացները:

Անդրադառնալով իր՝ երեկվա ժամանակավոր ազատազրկմանը` Խզմալյանն ասաց, որ այդ փաստը բավականին անհետաքրքիր է և տեղեկատվական առիթ չէ, փոխարենը հետաքրքիր է այն, ինչ կատարվում է այս օրերին Կոմիտասի 5-ում:

«Բավական հետաքրքիր կազմ է հիմա այնտեղ. մոտ քսան ծեր կին բնակիչներ (ընդ որում միայն կանայք են պայքարում, համարյա ոչ մի տղամարդ չի իջնում, միայն օրվա վերջին բնակիչների տղամարդկային կազմից մեկ-երկուսը գալիս են՝ «Հը՞ն, ի՞նչ արեցիք» հետաքրքիր հարցով) և տղամարդիկ, ովքեր ներկայացված են միայն ոստիկանների՝ կարմիր բերետների և սպաների տեսքով, որոնց պահվածքը նույնպես հետաքրքրական է: Բացառությամբ երկու-երեք, կներեք արտահայտության համար, տականքների, ոստիկանները, այդ թվում նաև կարմիր բերետները շատ կոռեկտ են իրենց պահում, և երբ ավելի մտերմիկ էս զրուցում նրանց հետ, ոմանք նույնիսկ դրսևորում են ակտիվ քաղաքացիական դիրքորոշում»,- ասաց Խզմալյանը:

Նախախորհրդարանի անդամի դիտարկմամբ` այս ամենը վկայում է այն մասին, որ իշխող ռեժիմը ճաք է տվել, և այն ավելի կխորանա, երբ շուտով նմանատիպ օջախները շատանան՝ կայանատեղիների կարմիր գծանշումների, ուսման վարձերի թանկացման դեմ պայքարի տեսքով:

«Մեղավորներն այլ մարմիններ են, բայց քաղաքացու հետ դեմ առ դեմ բերում, կանգնեցնում են ոստիկանությանը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը և նշեց, որ այդպիսի քաղաքականությամբ պետությունները կոչվում են ոստիկանական, ինչը խիստ դատապարտելի է:

Խզմալյանի կարծիքով` բնակիչները, ովքեր առաջ ոչ մի բանի վրա հույս չէին դնում, ոչ ոքի և հենց իրենք իրենց ուժերին չէին հավատում, այս 15 օրվա ընթացքում դիմադրության շատ լավ դպրոց, կարելի է ասել քաղաքացիական լուրջ համալսարան են անցել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter