HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ֆուտբոլասերը լավ խաղի ակնկալիք ունի, խոսքն այժմ հավաքականինն է

Սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում մրցելու է Չեխիայի ընտրանու հետ, իսկ ամսի 10-ին Երեւանում ընդունելու է դանիացիներին: Ի՞նչ ակնկալել մեր ազգայինից, որը մեկ ուրախացնում, մեկ տխրեցնում է իր երկրպագուներին:   

Օգոստոսի 14-ին Ալբանիայի հետ վերջին ընկերական խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը (0-2) մտածելու տեղիք տվեց նախեւառաջ խաղի որակի առումով: Ամբողջ հանդիպման ընթացքում այդպես էլ մի լուրջ սպառնալիք չտեսանք դաշտի տերերի դարպասի ուղղությամբ, փոխարենը մեր ընտրանին աչքի ընկավ պաշտպանությունում բազմաթիվ բացթողումներով, կիսապաշտպանություն-հարձակում օղակների համագործակցության ակնհայտ թերացումներով, փոխանցումների բարձր խոտանով:

Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքերը, որ մեր թիմին դեռեւս պակասում է կայանությունը, միանգամայն ճիշտ են: Գերազանց ելույթներն (օրինակ՝ Դանիա-Հայաստան՝ 0-4) ու կատարյալ ձախողումները (Հայաստան-Մալթա՝ 0-1, Ալբանիա-Հայաստան՝ 2-0) դեռեւս հաջորդում են իրար, ինչը հատուկ է զարգացման ընթացքի մեջ գտնվող, ամբողջությամբ չկայացած թիմերին:

Ընդհանրապես օգոստոսյան ընկերական խաղերը վերջին տարիներին միշտ էլ կասկածներ են առաջացրել հայ երկրպագուի մոտ, թե արդյոք գալիք աշնանը կայանալիք պաշտոնական խաղերում հավաքականը կկարողանա գոհացնել իրեն, եթե ընկերական հանդիպումներում նման խաղ է ցույց տալիս: Հիշենք օգոստոսյան ընկերական եւ դրանց հաջորդած սեպտեմբերյան պաշտոնական խաղերը (2009. Հայաստան-Մոլդովա՝ 1-4, Հայաստան-Բոսնիա՝ 0-2, 2010. Հայաստան-Իրան՝ 1-3, Հայաստան-Իռլանդիա՝ 0-1, 2011. Լիտվա-Հայաստան՝ 3-0, Անդորրա-Հայաստան՝ 0-3, 2012. Հայաստան-Բելառուս՝ 1-2, Մալթա-Հայաստան՝ 0-1): Ալբանիայի հետ խաղից հետո հայ ֆուտբոլասերը կրկին մտահոգվելու առիթ է ստացել: Մանավանդ որ առջեւում չեխերի հետ անչափ պատասխանատու արտագնա հանդիպումն է: Երեւանում 0-3 հաշվով պարտությունը բոլորն են հիշում, բայց թե ինչ կլինի Պրահայում… Իրատեսները վաղուց արդեն սպառել են ընտրական խմբից մեր թիմի դուրս գալու հույսերը, քանի որ մերոնց յուրաքանչյուր հաղթանակին զուգահեռ անհրաժեշտ են նաեւ երկրորդ տեղի համար պայքարող մյուս թիմերի սայթաքումները: Չնայած տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, անգամ լավատեսների հույսերն աղոտ են: Եվ դրանք գուցե արդեն մշուշոտ դարձան Տիրանայի հանդիպումից հետո:  

Ալբանացիների հետ խաղի վերաբերյալ Մինասյանը նշեց, որ եզրային պաշտպաններ Հայրապետյանն ու Հովհաննիսյանը լավ մարզավիճակում չէին, կենտրոնական Խաչատուրովը նույնպես պրակտիկայի պակաս ուներ: Որքան էլ որ ընկերական խաղերը իրենց բնույթով փորձամրցումներ են, այդուհանդերձ, ցանկացած թիմ յուրաքանչյուր խաղում պետք է ձգտի ներկայանալ լավագույնս. թե իր խաղով, թե հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստներով: Բայց երբ ազգային թիմը կազմում են թերի պատրաստ ֆուտբոլիստներ, դա խոսում է մի բանի մասին՝ պահեստայինների կարճ նստարանի, իսկ վերջինս էլ իր հերթին երկու պատճառ կարող է ունենալ: Կամ իսկապես Հայաստանում ու արտերկրում չկան հավաքականում խաղալու արժանի ֆուտբոլիստներ, որոնք կարող են մեծացնել մրցակցությունը յուրաքանչյուր դիրքում, որպեսզի տվյալ օղակի որակը միայն մեկ ֆուտբոլիստից կախված չլինի, կամ էլ հավաքականի մարզչական շտաբը սուբյեկտիվորեն շատ է շեշտը դնում Երեւանի «Փյունիկի» վրա՝ աչքաթող անելով մյուս թիմերի կադրերին:

Օրինակ՝ երբ Ռաֆայել Նազարյանը «Բանանցի» գլխավոր մարզիչն էր, նրա ղեկավարած երիտասարդական հավաքականի հիմնական մասը հենց այդ թիմի խաղացողներ էին, հիմա, երբ Նազարյանը «Փյունիկի» ղեկին է, երիտասարդականում պատկերը նույնպես փոխվել է: Չի կարող պատահել, որ մի քանի ամսում ֆուտբոլիստների մակարդակի այդպիսի կտրուկ շրջադարձ լինի, այնպես որ այստեղ առկա է մարզչի սուբյեկտիվ դիրքորոշումը: Իհարկե, նա կարող է փորձել արդարանալ, որ իր ակումբի ֆուտբոլիստներին ավելի լավ է ճանաչում, բայց մյուս կողմից՝ նա՝ իբրեւ հավաքականի գլխավոր մարզիչ, պարտավոր է վեր կանգնել ակումբային մակարդակից, ինչը մեր երկրում, կարծես, այնքան էլ հեշտ չէ: ՀՖՖ-ի քաղաքականության հիմքում հենց հավաքականներն են, ու բոլոր ակումբներն էլ իսկապես շահագրգռված են, որ իրենց սաներից ավելի շատ ընդգրկվեն ընտրանիներում: Ուրեմն ի՞նչն է պակասում. հավաքականի մարզչական շտաբ-ակումբային մարզիչներ շփու՞մը: Չի բացառվում:   

Հայաստանի նոր մեկնարկած առաջնությունը անցնում է բավականին անհաշտ պայքարում, որտեղ դժվար է արդյունք գուշակել, քանի որ գրեթե բոլոր թիմերը հավասարազոր են: Եվ եթե ոմանք էլ կազմի ընտրությամբ որոշակիորեն զիջում են, ապա դա լրացնում են պայքարի, արդյունքի հասնելու բուռն ցանկությամբ, ինչն էլ պտուղ է տալիս (վառ օրինակ է բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտը»): Լարված մրցակցությունը առաջընթացի գերազանց շարժառիթ է յուրաքանչյուր ակումբի ու կոնկրետ ֆուտբոլիստի համար, իսկ դրանից մեր հավաքականները կարող են միայն շահել:

Վերջին շրջանում իրենց խաղով ուրախանցում են նաեւ առաջատար լեգեոներները: Բերեզովսկին կարծես ստացել է «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի վստահությունն ու իր տեղն ունի թիմի դարպասում, որը կորցրել է հիմնական դարպասապահ համարվող Շունինը: Մխիթարյանը ակնհայտորեն աճ է գրանցում Դորտմունդի «Բորուսիայում», եւ իր աշխատասիրությամբ դարձել է Յուրգեն Կլոպի ֆավորիտներից մեկը: Առանց Մովսիսյանի ու նաեւ Արասի դժվար է պատկերացնել ներկայիս «Սպարտակի» հարձակման գիծը: Եվրագավաթներում ղազախական «Շախտյորի» ու «Ակտոբեի» շարունակվող ելույթներն էլ իրենց դրական ազդեցությունն ունեն Ղազարյանի ու Արզումանյանի խաղի որակի վրա:

Այսքանով հանդերձ, որոշ ֆուտբոլիստներ, ինչպիսին է, օրինակ, Մարկոսը, պետք է մտածեն խաղային պրակտիկայի մասին, այլապես նրանց տեղը չպետք է ապահովագրված լինի ազգային թիմում: «Կրասնոդարում» բրազիլացու փոխարինողի կարգավիճակը լավագույնս արտացոլվեց Ալբանիայի հետ հանդիպմանը նրա ցուցադրած խաղում. պահեստայինների նստարանին ժամանակ ծախսող ֆուտբոլիստը չի կարող մարտունակ միավոր լինել երկրի գլխավոր թիմում, որտեղ տրամաբանորեն միայն լավագույններն են լինում:          

Թե ինչպիսի հոգեբանական ու ֆիզիկական պատրաստականությամբ կներկայանա մեր հավաքականը առաջիկա պաշտոնական խաղերին, ցույց կտան հենց բուն հանդիպումները: Ֆուտբոլասերը ըմբռնումով կմոտենա պարտություններին, եթե հավաքականը ցուցադրի իր ուժերի առավելագույնը, սակայն չկարողանա ցանկալի միավորներ վաստակել: Վերջին հաշվով այս մրցափուլն այլեւս պետք է դիտարկել իբրեւ նախատաստրական շրջան «Եվրո-2016»-ից առաջ:   

Լուս.՝ ffa.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter