HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասված ճշմարտության մի մասը

Ստեփան Դանիելյան

Վանո Սիրադեղյանի խոսքերից մի հատված են տարածել Ֆեյսբուքում, որից հետևում է, որ ժողովրդի որոշակի որակներն են պատճառը, որ մենք այս վիճակին ենք հասել: Այդտեղ, մասնավորապես, ասված է. «Համազգային նման բարոյալքումը, այսպիսի համապարփակ մթագնումը նախորդում է մեծ աղետներին, և ոչ մի միստիկա չկա այստեղ: Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում և ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին, երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում, և ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա, գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ»:

Բացարձակապես չեմ ցանկանում վիճարկել Վանո Սիրադեղյանի մարգարեական հատկություններն ու բացարձակ ճշմարտություններ ասելու նրա ունակություններն, այնուամենայնիվ, այստեղ ասված է ճշմարտության ընդամենը մի մասը: Պատահական չէ, որ վերջերս մամուլ են գցվում նյութեր, որտեղ փորձ է արվում գնահատել անցյալի գործիչներին: Նպատակը, կարծես թե, հասկանալի է: Սերժ Սարգսյանը կարող է կառավարել միայն անապատում, որտեղ իրենից բացի ոչ մի չվարկաբեկված գործիչ չպետք է լինի: Իր կերպարը պետք է ընկալվի որպես չարյաց փոքրագույնը. «Ճիշտ է, ինքը վատն է, բայց մյուսներն ավելի վատն են»:

Բնականաբար, շատերի մոտ ցանկություն է առաջանում պաշտպանել թիրախում հայտնված իրենց նախընտրելի գործիչներին, և այս գրառումը դրա արտահայտություններից է: Սակայն, այնուամենայնիվ, մենք պետք է որոնենք ճշմարտությունը, որը մեզ պետք է անցյալը ճիշտ գնահատելու և ապագայում նույն սխալները չկրկնելու համար:

Վանո Սիրադեղյանն, իրոք, կոլորիտային կերպար է և բազմաթիվ դրական գործեր է կատարել, որոնց թվում պետք է հիշել պատերազմական ժամանակաշրջանում (երբ անպատիժ կրիմինալի պատճառով ուղղակի փողոց դուրս գալը վտանգավոր էր) իրավիճակը փոխելը: Կարճ ժամանակում Հայաստանում հաստատվեց հանգիստ իրավիճակ, որը կրիմինալին` նրա կողմից հայտարարված պատերազմի արդյունքն էր:

Սակայն, պետք է հիշենք նաև նրա կատարած ամենաճակատագրական սխալը, որը մեր այսօրվա ճգնաժամի հիմնական պատճառն է և որի արդյունքում հիմք դրվեց իշխանության և տնտեսության սերտաճմանը: Չեմ հիշում ՀՀՇ որ համագումարի ժամանակ, կարծեմ 1992-ին էր, նա ունեցավ մի ելույթ, որի իմաստը հետևյալն էր. մենք ստեղծում ենք ազատ շուկա, վարում ենք պատերազմ, որի հետևանքով ժողովրդի վիճակը վատանում է, և այդ ամենի համար մեզ են մեղադրում, որի հետևանքով հին սովետական նոմենկլատուրան` «պահեստապետները», ընտրությունների ժամանակ վերադառնալու են իշխանության: Դա չպետք է թույլ տալ, և «մեր տղերքը» պետք է մասնակցեն սեփականաշնորհմանը` դրանով ստեղծելով նոր էլիտա:

Այդ ելույթից ես հիշողությամբ եմ մեջբերում, բայց կարելի է այն ժամանակվա թերթերում գտնել այդ ելույթն ամբողջությամբ: Դա ընտրությունների կեղծման և քրեաօլիգարխիայի ստեղծման գաղափարախոսությունն էր: Վանո Սիրադեղյանն ակտիվորեն մասնակցեց ընտրությունների կեղծման մեքենայի ստեղծմանը: Սա է իրականությունը, որը, անկախ ամեն ինչից, մենք պետք է ասենք հետագայում նման սխալներ թույլ չտալու համար: Եթե մենք նորից շարունակենք այս զգացմունքային ոճը և իրերին տանք գնահատականներ՝ կաղապարներն ու խորհրդանիշերն օգտագործելով, ապա հերթական անգամ ոչնչի չենք հասնի: Քաղաքական սխաալների համար պետք չէ մեղադրել հասարակությանը:

Մեկնաբանություններ (1)

babken
isk hishum eq mi usutsuhu vor dzgohum er tsasr ashxatavardzeris nra tvas xorhurd.qo artaqinov kinn el mtasi pogi masin.heto el zarmanum enq te inchu en dasatuner aydqan shahamol u tsaxu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter