HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաշաթաղի «իսկական» սփյուռքահայ վերաբնակիչը

Քաշաթաղում երբ որևէ մեկին վերաբնակեցված սիրիահայերի մասին հարց ես տալիս, անմիջապես հիշում են Ժիրայրին: Բոլորն են ճանաչում նրան: Օրինակ են բերում թե որպես սփյուռքահայ, թե որպես սիրիահայ, թե որպես աշխատասեր ու հաջողված վերաբնակ: Կովսականցիները Ժիրայրի մասին ասում են նաև, որ նա «իսկական» վերաբնակիչ է, այսինքն` ոչ թե պատերազմից է փախել, այլ պատերազմական գործությունները դեռ չսկսված տեղափոխվեց Քաշաթաղ: 

2009 թվականից Ժիրայր Տօնապետեանը Սիրիայի Ղամշլի քաղաքից վերաբնակվեց Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում: Զբաղվում է հողագործությամբ` հիմնականում ցորենի ու գարու մշակմամբ: 150 հա վարձակալած վարելահող է մշակում:   

Ժիրայրն արհեստավոր է, Սիրիայում էլ հողագործությամբ է զբաղվել: Պատմում է, որ այնտեղ իրենց ձեռքերով ոչինչ չեն արել, իրենք գումար են ներդրել, աշխատողներն արել են ամենը: Իսկ աշխատողները շահագրգռված են աշխատում, քանի որ շահաբաժնի սկզբունքով են բերքը բաշխել: Օրինակ` եթե 100 տ ցորենի բերք են ստացել, 6-ը աշխատակցինն է, դրա համար նրանք էլ են շահագրգռված, որ լավ բերք լինի: 

Ժիրայրը խոստովանում է, որ ոչ թե գործերն են վատ եղել, դրա համար է տեղափոխվել Սիրիայից, հակառակը, այնտեղ ամեն ինչ շատ լավ է եղել: Պարզապես հայրենիքում ապրելու ցանկությունն է մեծ եղել:

«Պատերազմն լիներ, թե չլիներ ես եկած եմ որպես բնակվող, որ մնամ այստեղ,- ասում է նա: -Չենք դժգոհած, ոչ սփյուռքում իմ կյանքիս մեջ չենք դժգոհեր. լավ է, վատ է, կսեմ ինչ-որ տա Աստված, էն էլ լավն է: Բայց միշտ ապագային հույսով եմ, որ լավ պիտի ըլլա»,- ասում է Ժիրայրը: 

2010-ին Ժիրայրը տեղափոխեց նաև ընտանիքի անդամներին: Ասում է, որ առաջին սփյուռքահայն է, որն ընտանիքով վերաբնակվեց Քաշաթաղում: Իսկ ընտանիքը փոքր չէ, 7 երեխա ունի: «Ամեն երկիր նախագահ ունի: Ամեն ընտանիք ալ նախագահ ունի: Եթե ղեկավարը կամ նախագահը լավ լինի, ժողովուրդը կհետևի իրեն: Ես հիմա ինչ ըսեմ, արդեն կսկսեն քայլել: Ասեմ`  էս ջուրը սև է, ուրեմն սև է, ընտանիքի անդամենրը ամմնը կսեն սև է` առանց նայելու: Ես այդպես վարժեցրել եմ, որ երբեք չեն ձգե, որ չեն զգա, որ սխալ կանեմ: Ես միշտ իրենց համար կանեմ, ուրեմն իրենք հետևում են անմիջապես»,- ասում է Ժիրայրը: 

Ժիրայրը վարկով տեխնիկա` տրակտոր է առել, գործիքները տեղափոխել է Սիրիայից: Ցորենից ու գարուց զատ այս տարի սիսեռ է ցանել: Ասում է, որ կարելի է նաև սիսեռ մշակել և ուզում է, որ ժողովուրդն էլ սկսի սիսեռի մշակմամբ զբաղվել, քանի որ դրանից էլ կարելի է օգուտ ստանալ: Դրանից բացի` պետք է ամեն ինչ փորձել: Ժիրայրի սկզբունքն է փորձելը, որպեսզի իմանա` ինչն է լավ, ինչն է վատ աճում: 

Ժիրայրը նաև ջրդի տարածք ունի, որտեղ ուզում է հատապտուղներ աճեցնել, բայց մոշերից պետք է ազատել, իսկ «այստեղի մարդիկ երբեմն փող ալ կուտաս, չեն ուզենա աշխատիլ»: 

Ժիրայրն ասում է, որ ինքն ու իր ընտանիքը շատ են աշխատում: Եղել են դեպքեր, երբ Սիրիայում առավոտ 5-ից մինչև մյուս առավոտ` ժամը 3-ն աշխատել են: Հիմա էլ Կովսականում եթե մարդիկ 2-3 ժամ են աշխատում, իրենք լինում են դեպքեր, երբ 12 ժամ մի հողակտորում են աշխատում, հետո մյուս հողակտորն են գնում: «Այստեղ մարդ չկար, տրակտոր մը չէիր տեսնի, որ աշխատի, բայց հիմա մեզի կնայեն, կտեսնիս` իրենք ալ երբեմն կուշանան` գիշերը 1-2-ը կաշխատին»,- պատմում է Ժիրայրը:   

Իսկ Կովսականում, Ժիրայրի խոսքով, ով գալիս է, ուզում է պետական հիմնարկում աշխատել` դպրոցում, հիվանդանոցում, քաղաքապետարանում, հրշեջում, բայց ողջ ժողովուրդը այդ հիմնարկներում չի կարող տեղավորվել, պետք է նաև հողագործությամբ զբաղվի: 

«Ինչքան ժողովուրդ շատ վերաբնակվի, այնքան գործ կլինի, այնքան ժողովուրդ կրնա ապրի: Եթե ժողովուրդ չկա, քաղաք չի կարող լինել»,- ասում է Ժիրայրը: 

Նրա ավագ որդին Հայոց բանակում է ծառայում: Երեխաներից մեկը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում է սովորում: Մյուսները դեռ դպրոցական տարիքի են: Երեխաներն այստեղ ուրախ են, այստեղ ազատ է, ասում է Ժիրայրը, իսկ Սիրիայում միշտ շենքերի մեջ են եղել, քիչ շփվել օտարների հետ:

«Հիմքը դրել ենք այստեղ, պիտի մնանք: Մենք որ ուզենք, օրինակ, եվրոպական որևէ տեղ գնալ, հեշտ էր մեզ համար, կրնայինք էրթալ, բայց մենք ընտրել ենք հայրենիքը: Ով որ կերթա, թող էրթա, Աստված հետը, բայց անպայման կարոտով կմնան հայրենիքին: Մենք հայրենիքի մեջն ենք. Լավ է, վատ է, մերն է: Մի օր լավ պիտի լինի, մի օր վատ, բայց կարևորը մերն է»,- ասում է Ժիրայր Տօնապետեանը:

Մեկնաբանություններ (4)

The Truth
if the oligarchy system and highly corrupt bureaucracy allows Syrian Armenians and Lebanese Armenians would be able to change all bad and dirty habits existing in the society in Armenia which are mostly remains of soviet and post soviet system. We can only hope there are enough responsible officials in Stepanaket and Yerevan to not disappoint these new commers !
Շմավոն
Քրիստինե ջան, Շնորհակալություն հոդվածի համար: Ուրախ էի ծանաոթանալ Ժիրայրի գործունեության հետ, նա իսկապես հերոս է: Միայն թե նրան այլևս չի կարելի անվանել սփյուռքահայ, նա արդեն հայրենադարձ է: Այ երբ Ժիրայրը բնակվում էր Սիրիայի Ղամշլի քաղաքում, այդ ժամանակ նա դեռ սփյուռքահայ էր: Իսկ 2009 թվականից երբ նա հաստատվեց Արցախում դարձավ նախկին սփյուռքահայ, այսինքն' հայրենադարձ: Հարգանքներս, Շմավոն
mahmouzian
always blame someone else. thoses guys are rotten .the soviet system 20 year have pass. still the same rot. lie. lazy. kor. cheater. and the sad part is that they teach they children to follow their exemple ,it start with the big guy to the small one try to understand.but like it say we have only one armenia.maybe in 100 year it will get better.maybe????????????
zohrab
jirair is a man with common sense and wisdom i wish him my best good luck let others take your example

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter