Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Lվացքի մեքենա



Բոլոր նրանց, ովքեր գլուխ չեն հանում իրենցից, բայց կարդում են Սիրիայի ռմբակոծությունների մասին, ովքեր պատահական, բայց պայամանականորեն հայտնվում են իրադարձությունների կենտրոնում, որոնք սկսել են նեղացնել սեփական կենսատարածքները… Եվ բոլոր նրանց, ովքեր մասշտաբային աղետը տեղավորում են իրենց միկրոտարածությունում

Ցավալի է արձանագրել, որ ես երեկ մեռա: Ցավալի է եւ այն, որ զգում եմ` ինչպես կես ժամ կամ մեկ ժամ հետո նորից մեռնելու եմ: Այսքան մեծ տարբերություն երբեք չեմ դրել իմ եւ նրանց միջեւ, այսքան մեծ հեռավորություն չեմ զգացել նույնիսկ այն ժամանակ, երբ ինձ հայտնեցին, որ քաղաքի կենտրոնը բնակեցնելու են միջատներով:

Առավոտյան իմացա, որ աչքիս սովոր կարեւոր շինություններից մեկը նորից կառուցապատվելու է, կառուցապատվելու է նույն շինության բնույթը կրող մեկ այլ շինությամբ: Դա գրեթե նույնն է` համեմատած այն բանի հետ, որ դուք արթնանաք եւ տեսնեք, որ ձեր դեմքի վրա նոր մաշկ է ավելացել. դուք զգում եք անցյալ մաշկը, բայց ոչ մի հնարավորություն այն շոշափելու կամ հետ վերադարձնելու: Անցյալ մաշկն սկսում է ներսից ուտել ձեզ, բայց քանի որ ամեն օր թարմացող նոր մաշկը տեսանելի է, ձեր հիշողությունն սկսում է դավաճանել ձեզ, դուք սրտնեղում եք, փորձում եք մտաբերել ամեն օր շոշափած ձեր մաշկը, բայց ապարդյուն:

Այս քաղաքում ամեն օր մաշկը փոխելու արարողությունն սկսվում է մի ինչ-որ պահի եւ ավարտվում այդ նույն պահի կրկնողության զգացումով: Այս պատմությունը գրելուս նպատակն ամենեւին էլ սեփական էմոցիաս նկարագրելը չէ, բայց քանի որ ես էլ ձեզ նման չեմ հասկանում, թե ինչպես եմ ամեն անգամ արթնանում նոր մաշկով եւ գրեթե բան չեմ հիշում այնցյալ մաշկիցս, շարադրում եմ այնպես, ինչպես տեսնում եւ լսում եմ:

Ամեն բան, սկսած նրանից, թե ինչպիսի սենսացիոն սարսափից են այսօր արթնացրել ձեզ, այժմ տեսնելու եւ լսելու բան է: Հազարամյակներով փոխանցված իրականությունը, որը դուրս է թողել մեզ մեկ այլ իրականություն սահմանելու հնարավորությունից, կանգնեցրել է մեզ մի մեծ հայելու առաջ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մենք տեսնում ենք եւ լսում ենք մեր վերափոխման մասին: Եվ սարսափելի այս դրության մեջ ամենաողբերգականն այն է, որ մենք ահռելի ժամանակային տարածության մեջ ոչ մի վայրկյան չունենք ազատ` վերլուծելու կատարվածը:

Սիրելիներս, մենք ամեն րոպե նույն զոհողության սեղանի վրա ենք, որը կարեւոր մի նշանագրությամբ սահմանված է եղել ոչխարների համար:

Ժամը երեքն է: Արեւն ուղիղ գանգիս մեջտեղում է: Ես նրա հետ ժամադրվում եմ քաղաքից դուրս, որովհետեւ քաղաքում կատարվող իրադարձությունները սարսափելիորեն վախեցնում են ինձ, որովհետեւ մասշտաբի մեջ միկրովիրահատությունները վերածվել են ահռելի պայթյունների, իսկ ահռելի պայթյունները նեղ մտադրությունների հետեւանքներ են: Ամեն դեպքում, արդյունքը մեծ աղետն է:

Այդ մեծ աղետն ամեն րոպե տեղի է ունենում նաեւ մեզ հետ, որովհետեւ մենք շրջափակված ենք բոլոր կողմերից, եւ նույնիսկ թպրտալու համար տարածությունը բավականին նեղ է, այնքան նեղ, որ ցավի զգացումից, երբ արցունքները թափվում են վար, հնարավորություն չունենք սեփական ձեռքը սահենցնելու սեփական այտի վրայով:

Ես անհամբեր սպասում եմ նրան, սարսափելի ծարավ մեկի պես, ով գիտի, որ ջրի պաշար կա կողքին, բայց ոչ մի կերպ չի հավատում դրա մաքրությանը: Ես սպասում եմ նրան` ամեն րոպեն անցյալի ծոցը գլորելով, սպասում եմ այն մեծ հայտնագործության զգացումով, որի համար ինձնից մեծ ջանքեր եւ մինչ այդ պահը ապրելու ժամանակ է տրված եղել:

Ոչինչ չեմ հասցնում նրան ասել: Հանում է տաբատը, պառկում է խոտերի վրա, գլորվում է աջուձախ: Ես հետեւում եմ նրան, ուզում եմ բացեմ բերանս, ասեմ, որ միտքս ինձից առաջ է անցել, գուցե հենց այս հայտնածիս մեջ է մեզ բոլորիս հետ կատարվող հակառակ պրոցեսները, որոնք մենք, կրկին կանխորոշված մի մտորումով, անվանում ենք դժբախտություն:

Նա բռնում է ուսերիցս, ուժեղ թափ է տալիս ինձ ու պառկեցնում խոտերին: Սուր ծայրերը ծակծկում են մաշկս. ես զգում եմ` ինչպես եմ հպվում այս բնականությանը, որը պայմանականնություններ չի ենթադրում եւ միեւնույն ժամանակ տեսնում եւ լսում եմ նրան, ով մնացյալ բոլոր պայմանականությունների հետեւանք է: Ես ցավ եմ զգում, սուր ցավ, որի պատճառներն ինձ հայտնի չեն:

Երեւի մահացու հիվանդություն ունեմ, եթե նույնիսկ ոչ այս պահին, ապա ապրելիք օրերիցս մեկի առավոտյան, երբ հերթական անգամ ոտքս հարմարեցնում եմ հողթափիս եւ գնում դեպի լոգասենյակ: Լոգասենյակում արյունս հանկարծակի դուրս է մղվում բոլոր հնարավոր անցքերից: Ես ի զորու չեմ կանգնեցնել արյան շռնդալից հոսքը եւ չեմ կարող օգնություն բղավել, որովհետեւ ձայնս հազիվ ինձ է լսելի: Եվ հանկարծ այդ պահին, այդ արյունի եւ քրտինքի մեջ նրա ձեռքը սահում է պարանոցովս, իջնում կրծքերիս. նա զգում է թուլությունս, նա զգում է տաքությունս, բայց չի դադարում տնտղել մարմինս:

Ես ասում եմ` սիրում եմ քեզ, այդպես մի վարվիր, հիմարություն է չնկատելու տալ այն, ինչ կատարվում է ինձ հետ: Չգիտեմ` նա լսում է, թե չէ, բայց մի հանկարծակի պահի սրտնեղած բղավում է, թե ինչ է պատահել ինձ այսօր, որ ոտքից եմ արթնացել: Իսկ ես նրան ուժ չունեմ, հնարավորություն չունեմ ամենասովորական մարդկային լեզվով բացատրելու, որ ես այժմեկան դրության մեջ ապրում կամ վերապրում եմ այն առավոտը, երբ լոգասենյակում հայտնաբերում եմ, որ մահացու հիվանդ եմ:

Նա ինձ նստեցնում է լոգասենյակի անկյունում եւ սկսում շնագայլի պես հոտոտել մարմինս: Ես զննում եմ նրան, հարմարեցնում մտապատկերիս, փորձում ավելի ծանոթ բառեր գտնել վիճակը հասկանալի դարձնելու համար: Ես ուզում եմ հարցնել նրան, բայց չեմ կարողանում: Ուզում եմ ասել` զգում ես, որ մեր փոխարեն մեկն առավոտյան պլանավորել է մեր հանդիպումը լոգասենյակում, զգում ես, որ մեր արանքում ընկած է մի ահռելի լվացքի մեքենա, որն օրումեջ առանց խափանման լվանում է մեր շորերը, թե ինչպես են, սիրելիս, առավոտյան ինձ ու քեզ վախեցրել մի վրաերթի պատմությամբ, որից զոհվել են մեզնից երիտասարդ մի քանի տղաներ, թե ինչպես երեկ բռնկված պատերազմը կավարտվի հենց այն ժամանակ, երբ դու ուղղակիորեն գործածես անդամդ եւ մի րոպե անգամ չմտածես, որ ես այս արյունահոսությունից հենց հիմա կարող եմ մեռնել:

Եվ այո, սիրելիս, իմ մահվան մեջ քեզ կմեղադրեն, որովհետեւ այս տարածության մեջ, որտեղ մենք ենք ապրում, բոլորին մեղադրելու ամենաանհավանական ձեւերը կիրառվում են ուղղակիորեն, մի շատ պարզ մեխանիզմով, որն ունի մի շատ պարզ կանոն. երբեք չմիջամտել պարզությանը, որոնք կարող են ծագել մի ինչ-որ քաղաքային կամ քաղաքական իրողությունից:

Իմ հերն անիծած, ես սա զգացել եմ, ես սա տեսել ու լսել եմ, ուզում եմ դու էլ իմանաս, իմանաս հենց այն մասին, որ այս պատմության հետ ուղակիորեն կապված է հենց այն շինությունը, որի աշխատանքներն սկսեցին քաղաքի կենտրոնում, եւ մեր մտապետկերում քարացած սիմվոլիկ շինությունն սկսեց ծածկվել 2013թ.-ի սկզբին:

Ես այս զգացությունը դեռ ունեցել եմ մեկ տարի առաջ, երբ ուղղակիորեն չէի զգում խոտը, երբ ուղղակիորեն չէի զգում, թե որքան թաքնված վախեր կան ներսումս, որոնք դուրս են թռչելու մի ինչ-որ ակնկալ պահի:

Այս միտքն առաջին անգամ թեթեւ սահել էր միջովս, երբ ապրում էի մեկ այլ քաղաքում, որի համար պատմությունն այլ ռազմավարություն էր մշակել, որով պետք է կանխորոշվեր այն, որ մենք առաջին քրիստոնյաներն ենք, ովքեր պետականորեն սկզիբ դրեցին այն իրականությանը, որի հիմքի վրա կարող էին իրենց ապահովագրված զգալ:

Այնտեղ, որտեղ ժամանակին մուրճը կանխորոշել էր Աստծո որդու վերադարձը, այժմ մի անհասկանալի ճաղավանդակ է կառուցվում: Չէ, սիրելիս, ես քո իմացած քրիստոնյաներից չեմ, իմ ծնկները չեն մաշվել եկեղեցու քարի կոշտությունից. դրանք իմ բնազդային քայլերի հետեւանքներն են, որոնցից ոչ մեկի ընթացքում չեմ մտածել այն, ինչ հրետանու պես մեկ վայրկյանում ամենասովորական ձեւով մի օր պայթեցնելու էր գանգս:

Այս զգացողության կրկնությունը, որն ունցել եմ մեկ տարվա ընդմիջումով, սեպի պես խրվել է կոկորդիս, այն լուրջ ոչնչացումը, որը կապ չունի պետության, ազգի, կրոնի եւ նույնիսկ իմ եւ քո երկար ձգվող գիշերների հետ, որը չի տեղավորվում սահմանված եւ ոչ մի զոհաբերության սահմանների մեջ, այսօր ինձ եւ քեզ հանգեցրել է սրան:

Այո, ես մեռնում եմ, եւ դու դա չես տեսնում, որովհետեւ գոյությունս, ինչպես իմ, այնպես էլ քեզ համար բազմազանության այս մեծ քաոսի մեջ կրկնության սինդրոմ ունի, որովհետեւ երբ մեռնում եմ ես, դու չես կողմնորոշվում այդ իրողության լայնամասշտաբության մեջ: Ո՜նց եմ ցավում, որ չեմ հասցնում ասել քեզ այն, ինչ կասի մի ամբողջ բանակ բոլորի սիրելիներին ոչնչացնելու ժամանակ:

Ժամը երեքն է: Արեւն ուղիղ գանգիս մեջտեղում է: Ես նրա հետ ժամադրվում եմ քաղաքից դուրս, որովհետեւ քաղաքում կատարվող իրադարձությունները սարսափելիորեն վախեցնում են ինձ, որովհետեւ մասշտաբի մեջ միկրովիրահատությունները վերածվել են ահռելի պայթյունների, իսկ ահռելի պայթյունները նեղ մտադրությունների հետեւանքներ են: Ամեն դեպքում, արդյունքը մեծ աղետն է:

Պաշտոնապես որոշվեց` ոչնչացնել պետք է բոլոր խորհրդապաշտական կառույցները, զգացողությունն ու հիշողությունը բթացնելու համար: Այսօր քաղաքի կենտրոնում մի հին շինություն բոլոր կողմերից ծածկվում է նոր բազալտով եւ տուֆով:

Իմ ու քո արանքում որեւէ կերպ չսահմանված հեռավորության սանտիմետրերն ավելի են նեղանում, եւ դու քեզ զգալու համար սկսում ես հոտոտել ինձ, որովհետեւ այս փակ շրջանի մեջ այլեւս կառավարությունները, կուսակցությունները, աղանդները եւ տարատեսակ սեռական կողմնորոշումները վերափոխում են կարեւորությունը`չունենալով ոչ մի առնչություն այն ահռելի միկրովիրահատությունների հետ, որոնք սահմանում են իմ մահացու հիվանդության միակ դեղահաբերի գինը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ