HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ջան Սասուն Գելեջին՝ ընդդեմ Փայլակ Հայրապետյանի

«Բօն Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն Գաջեգործներ 1-ին փողոցի թիվ 1-ին հասցեում գտնվող շինություններից այսօր առավոտյան դուրս են հանել գործարար Փայլակ Հայրապետյանի աշխատակիցներին՝ պահակներին, ու սկսել «շենքներն իրենցով անելու» գործընթացը:

Գործարար Հայրապետյանը նշված հասցեում գտնվող շինությունները վերակառուցել էր փայտամշակման, ադամանդագործության, ոսկերչության, տրիկոտաժի, քարի ու պատուհանների արտադրության համար՝ ներկրելով համապատասխան բոլոր սարքավորումները: Բացի դրանից՝ ադամանդագործությունը եւ ոսկերչությունը զարգացնելու հեռանկարով նույն վայրում պետք է գործեր Հայրապետյանի հիմնադրած ուսումնարանը, ինչպես նաեւ 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը:

«Հենց այս պահին 3 հազար աշխատատեղ պատրաստ սպասում էր բանվորին: Եթե չլիներ այդ օֆշորային պատմությունը, «Ամերիաբանկն» այդ ամենն ինձնից խլած չլիներ, 3000 մարդ տեղում կաշխատեր: Իսկ հիմա բոլոր արտադրությունները, սարքավորումները  պետք է քանդեն հանեն, որ տանք մի հատ խուլիգանի»,- ասում է Փ. Հայրապետյանը: Նա շեշտում է, որ ամեն մի աշխատատեղի համար անհրաժեշտ է 5000 դոլարի ներդրում, «այսինքն՝ հետագայում 15 միլիոն դոլար է ծախսվելու, որ նորից 3000 աշխատատեղ ստեղծվի»:

Գործարար Հայրապետյանը Գաջեգործներ 1-ին փողոցի թիվ 1-ին հասցեում գտնվող ունեցվածքը գրավադրված էր «Ամերիաբանկում», որն էլ այն իբրեւ սեփականություն գրանցել է իր անունով եւ հանել վաճառքի: «Բօն Արմենիա» ընկերության սեփականատեր Ջան Սասուն Գելեջին «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ Հայրապետյանի հետ ունի լավ հարաբերություններ: Փայլակ Հայրապետյանն էլ մանրամասնում է, որ Գելեջին ի սկզբանե հանդիպել է իրեն եւ շենքերից երկուսը գնելու ցանկություն հայտնել:

«Ես ասացի, որ դրանք գրավադրված են «Ամերիաբանկում», որ կարող է 700 հազար դոլար վճարել բանկին ու երկու շենքը վերցնել: Բայց մյուս օրը նա եկավ «Ամերիաբանկի» ներկայացուցիչների հետ, թե ես դա չեմ ուզում, էս մյուս շենքներն եմ ուզում,- պատմում է Հայրապետյանը,- իր ուզած շենքերում միայն 3,5 մլն դոլարի սարքավորումներ, տեխնիկա եմ տեղադրել: Շենքերից մեկի համար առանձին հոսանք եմ բերել՝ 200 հազար դոլար ծախսելով «պաստանցիա» կառուցելու համար: Բայց արդեն բանկի հետ են գործ բռնել, ու էս ամեն ինչին ուզում են տեր դառնալ: Մհեր Սեդրակայանն էլ է իմ ունեցվածքը «Ամերիաբանկից» վերցրել: Երեւի մտածում են, որ իրենք կամ իրենց բիզնեսն այս երկրում ապահովագրված է»:

Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը գործարարներին ուղղված հայտարարությամբ կոչ էր արել ձեռնպահ մնալ «Ամերիաբանկի» կողմից ուղղակի կամ աճուրդով վաճառվող, իրեն պատկանող անշարժ գույքի ձեռքբերումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter