HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմեն. «Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը»

«Ծածկած շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարություններն ու քաղաքապետարանը: Այլևս ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները»,- ասված է ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ Պաշտպանի՝ վերջին գրությամբ Երևանի քաղաքապետարանը, որն, ի դեպ, պատասխանատու է Երևանում ապօրինի շինությունների ապամոնտաժման համար, հայտնել էր, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացվել է Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու և դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին:

«Սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի պահանջը մինչ այսօր ոչ միայն չի կատարվել, այլև ավարտվել է Ծածկած շուկայի տարածքում ապօրինի կառույցների իրականացումը: Այս առումով անհասկանալի է իրավապահ մարմինների և առաջին հերթին` ՀՀ ոստիկանության դիրքորոշումը: ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ինչպես ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո ապօրինի շինության կառուցումը չդադարեցնելու համար, այնպես էլ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելու համար: Իրավապահ մարմինների կողմից մերժվել է քրեական գործի հարուցումը թե´ վերը նշված, և թե´ պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու հանցագործությունների դեպքերի կապակցությամբ, սակայն այդ որոշումների հիմնավորվածությունը վիճարկվելու է նաև դատարանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է նախ` դատարանի կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու մասին որոշումների հիմնավորվածության մանրակրկիտ և անկողմնակալ ստուգում, երկրորդ` այս օրերին հուշարձանի մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցների բոլոր իրավունքների և օրինական շահերի, այդ թվում` անձնական անվտանգության և անձեռնմխելիության պաշտպանություն ոստիկանության կողմից:

«Կատարված ապօրինությունների համար, ի վերջո, պետք է իրագործվի պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է պետության հատուկ պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանին»,- եզրափակել է Պաշտպանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter