HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Սիթիական» մտածողության զոհերը

Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների դեմ պայքարող քաղաքացիական շրջանակներին լռեցնելու համար գործարար Սամվել Ալեքսանյանը նրանց դեմ մոբիլիզացրել է իր օբյեկտների աշխատողներից կազմված մի հսկայական բանակ: 

Հակաակցիայի այս մասնակիցների ձեռքներն են տվել պաստառներ, որոնց հավաքական իմաստն այն է, թե թույլ չեն տա, որ ինչ-որ «ագենտներ» կամ կեղծ ընդդիմախոսներ տապալեն նոր աշխատատեղերի ստեղծման սրբազան այն առաքելությունը, որը փորձում է իրականացնել Սամվել Ալեքսանյանը` Փակ շուկան անարգել  ու ապօրինի ձևախեղելու, այլանդակելու միջոցով:

Այս խեղճուկրակներին Մաշտոցի պողոտա քշածները, այսպիսով, դիմում են պարզագույն մանիպուլյացիայի. բացառապես բարոյաիրավական բնույթի խնդիրը վերածում են սոցիալականի` շահագործելով այն կարծրատիպը, թե մարդկանց սոցիալ կենցաղային վիճակի բարելավմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն արդարացված է, անձեռնմխելի ու անքննելի:

Հարցին այս լույսի ներքո մոտենալիս ստացվում է, որ մշակութային այդ այլևս նախկին կոթողի վերացման դեմ ակտիվիստների ձեռնարկած ակցիաները հակահասարակական են ու դավաճանական, որովհետև պարզվում է` նրանք արգելում են Ալեքսանյանին կատարելու հերթական ազգանվեր առաքելությունը:

Հասարակության ցավոտ խնդիրների վրա լարախաղացությամբ զբաղվող այս կինտոներին ինչ-որ տեղ կարելի է հասկանալ. ուրիշ ինչպե՞ս կարող են նրանք բացատրել տեղի ունեցածը և ուրիշ ի՞նչ լոզունգների ներքո կարող են արդարացնել հարյուրավոր աշխատակիցներին իրենց բողոքող ու պայքարող համաքաղաքացիների դեմ հանելու այս քստմնելի օպերացիան: Ի վերջո նրանք չեն կարող թույլ տալ, որ կառույցի այլանդակման և դրա փոխարեն նոր սուպերմարկետ կառուցելու վրա ծախսված հսկայական գումարները այդ ակտիվիստները հենց այնպես ջուրը լցնեն:

Ու քանի որ պետությունը օլիգարխ պատգամավորին օժանդակելու իր «պարտականությունը» կատարում է ընդամենը տեղի ունեցող ապօրինության նկատմամբ բացահայտ ու լկտի անգործություն ցուցաբերելով ու շինհրապարակը չի շրջափակում ոստիկանության ներքին զորքերի ու բանակի զինվորներով, ստիպված իրենք իրենց ձևով ու խելքը կտրածի չափով են կազմակերպում ինքնապաշտպանությունը, որի ողջ մարտավարությունը «Սիթի»-ների խեղճուկրակ, հացի խնդիր լուծող աշխատակիցների թիկունքում թաքնվելն է:

Այլ է վերջիններիս ագրեսիվության պարագան: Նրանցից շատերն, իհարկե, ակտիվիստներին «ոտնակոխ անելով», իրենց ճղճղոցներով նրանց լռեցնելով ավելի շատ դերասանություն են անում` «շեֆերի» աչքը մտնելու, այդպիսով իրենց աշխատանքի երկարակեցության հարցը լուծելու մղումով:

Շատերն էլ անկեղծորեն հավատում են Սամվել Ալեքսանյանի առաքելությանը և պատրաստ են հանուն նոր աշխատատեղերի ստեղծման սրբազան գործի, նույնիսկ դիմացիններին պատառ-պատառ անելու:

Բայց անկախ մոտիվացիայից` նրանք կատարում են միևնույն բանը. ձևավորում են ստամոքսային, հետայսու «սիթիական» մտածողություն, որի առաջին զոհերը կարող են լինել հենց իրենք: Խնդիրն այն է, որ նրանք կամա թե ակամա արդարացնում են ցանկացած գնով, այդ թվում նաև հանցագործության միջոցով «հացի խնդիր լուծելու» գործելակերպը:

Եվ այս համատեքստում նրանց համար ընդամենը բարեբախտություն է, որ այդ հանցագործությունը կատարվում է, այսպես կոչված, հասարակական ու մշակութային նշանակություն ունեցող օբյեկտի հետ: Որովհետև պետության կողմից փաստացի հովանավորվող ու անվտանգության երաշխիքներ ունեցող հանցագործի համար ի վերջո ոչ մի նշանակություն չունի` իր սուպերմարկետը մշակութային արժեք ունեցող ինչ-որ կառույցի՞ քանդման միջոցով է կառուցում, թե՞ մասնավոր սեփականության, ասենք օրինակ` Փակ շուկայի տարածք բերման ենթարկված նույն «Երևան Սիթի»-ի աշխատակցի տան:

Պետության այն անզորության պայմաններում, որտեղ Ալեքսանյանը, բոլորի երեսին ծիծաղելով ու բոլորի վրա թքած ունենալով, առաջ է տանում իր գործը, նա կարող էր իր նոր «Սիթին» կառուցել, օրինակ, Գառնու տաճարի, Էջմիածնի  Մայր տաճարի, Ազգային ժողովի կամ Կառավարության շենքերի, ինչպես նաև մեզնից յուրաքաչյուրի սեփականությունը հանդիսացող տարածքի կամ տան հաշվին: Բայց քանի որ օլիգարխ պատգամավորի սրտին ու ճաշակին այս պահին ավելի շատ Փակ շուկայի շենքն է մոտ եկել, մատը դրել է հենց դրա վրա: Ու դրա շնորհիվ, փաստորեն, ժամանակավորապես փրկվել են Հայաստանի մյուս ճարտարապետական, մշակութային նշանակության կառույցներն ու մասնավոր սեփականությունը:

Եթե շարժվենք քաղաքացիական ակտիվիստների դեմ դուրս եկած սիթիականների բարձրացրած լոզունգների տրամաբանությամբ, ապա նրանք պետք է նույն ջանասիրությամբ, հանուն նոր աշխատատեղերի ստեղծման նվիրական գաղափարախոսության, պաշտպանեն նաև իրենցից յուրաքանչյուրի սեփականության հանդեպ նման ոտնձգությունը, որը կարող է տեղի ունենալ, օրինակ պետական կարիքների անվան ներքո:

Ու գուցե միայն այդ դեպքում, ինչպես սովորաբար լինում է, ի վերջո այս մարդիկ ու հասարակության պասիվ մեծամասնությունը հասկանան, թե ինչ աստիճանի լկտիության ու ամենաթողության մասին է խոսքը, և թե հանուն ինչի են պայքարում այդ մի քանի տասնյակ ակտիվիստները: Եվ հենց այն հանգամանքը, որ նրանցից շատերի համար բնական է այն, ինչ անում է Սամվել Ալեքսանյանը, նշանակում է` իրենք ևս նույն արժեհամակարգով սնվող ու ապրողներ են, ովքեր միայն հանգամանքների բերումով կամ բախտի քմահաճույքով, թերևս, Ալեքսանյանի տեղում չեն, որպեսզի նույնը անեին:   

Սակայն մեծ հաշվով այն, ինչ տեղի է ունենում Փակ շուկայի և հատկապես «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցների հետ, նորություն չէ: Համապետական նշանակության բոլոր ընտրությունները Հայաստանում սկսվել ու ընթանում են հենց այս՝ «սիթիական» տրամաբանությամբ: Ոչ մի տարբերություն չկա` մարդուն նվաստացնում են 5 կամ 10 հազար դրամով, այսինքն՝ առավելագույնը կես պարկ շաքարավազի գնով առնելով նրա ձայնն ու խիղճը, թե աշխատանքից հանելու սպառնալիքից ազատելու անուղղակի խոստմամբ ստիպելով կեղծ լոզունգների ներքո պաշտպանել օրը ցերեկով կատարվող ակնհայտ հանցագործությունը:

Ոչ մի տարբերություն չկա` մարդը Սամվել Ալեքսանյանի քաղաքական մրցակցին ծեծելով է ընտրարշավի ժամանակ Հարավարևմտյան թաղամասից դուրս շպրտում, թե Մաշտոցի պողոտայում հանուն նրա ապօրինի գործողություններն պաշտպանելու է սպառնում քերել համաքաղաքացու կոկորդը: Այնպես որ ամեն ինչ օրինաչափ է: Ոչինչ միայն, որ արդյունքում դադարում ենք հասարակություն ու պետություն լինելուց: 

Մեկնաբանություններ (2)

Arto
Մեկնաբանություզիլ ես գրել Արմեն ջան,պակաս տեղ չկա.«սիթիականների» վրա այլանդակ մեծ քֆուր կա ու իրանք էլ գիտեն էդ մասին. ազգի տականքներն են սրանք՝ «տարականի» ապրելակերպով:Մի օր քուչի շան պես անտեր ու դուս սատկելու են,վայթե մտածում են Լֆոն դարդ ա անելու:Շատ խնդալու ա,բայց իրանք հաստատ գիտեն,որ իանք տրյապկա են ու իրանց տենց դզում ա . դե քըրչ են ծնվել փալաս ապրել են՝ստրուկի հոգեբանությամբ...նը...
Garo
Սիթիականները ի վերջո կհոգնեն, որովհետև դիմակայում են փոքրաթիվ բայց անկաշառ և իրենց ազատ կամքով անարդարութեան դեմ բողոքող մի խումբ մարդկանց դեմ, իսկ Սիթիականները միգուցե իսկապես գտնում են որ պետք է ավարտվի այդ շինությունն ու իրենք աշխատեն, կամ որ Ալեքսանեանը ազգի փրկիչ է, բայց չեն դիմանա երկար, համ էլ Ալեքսանյանը ինչքա՞ն ժամանակ պետք է նրանց գումար և օղի ու շոկոլատ բաժանի, դե թող հա բաժանի. իսկ ակտիվիստները եթե բանը հասել է նրան որ դուրս են եկել փողոց գիտակցելով, որ իրենք են այս երկրի տերը, կգնան մինչև վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter