HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երիտասարդական մայրաքաղաք-2014» մրցույթում հաղթող ճանաչվեց Սիսիանը

Սեպտեմբերի 3-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ  «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի ամփոփիչ  բաց նիստը` մրցույթի  կազմկոմիտեի անդամների, անկախ  փորձագետների, հաղթանակի ձգտող քաղաքների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 Ամիսներ առաջ հայտարարված մրցույթին մասնակացության հայտ էին ներկայացրել բացառապես երկուսը`  Սիսիանն ու Էջմիածին քաղաքները: Անկախ փորձագետների խնդիրն էր մանրակրկիտ ուսումնասիրել քաղաքապետարանների հայտերում նշված  և իրականում ունեցած հնարավորությունների համապատասխանությունը (մարզամշակութային  կենտրոններ, երիտասարդական միջոցառումների կազմակերպում,  հյուրանոցային պայմանների, երիտասարդական ժամանցային օբյեկտների գների մատչելիությունը և այլն):

Մրցույթի առցանց  քվեարկության և անկախ փորձագետների գնահատման արդյունքները հրապարակեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ  Արսեն Քարամյանը:

Փորձագիտական գնահատման և առցանց քվեարկության արդյունքների համաձայն   «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող ճանաչվեց Սիսիանը:

 Էջմիածնին ձայն էին տվել 8416, իսկ Սիսիանի օգտին քվեարկությանը մասնակցել էր 9246 մարդ, ընդ որում` առցանց  քվեարկությանը մասնակցել էին ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում բնակվող մեր համաքաղաքացիները:

Ըստ փորձագիտական հանձնաժողովի անդամների գնահատականների` Էջմիածին քաղաքի հայտի ընդհանուր գնահատականը եղել է 705 միավոր, Սիսիանինը` 845:

«Սա գործընթացի սկիզբն է և այն  ապացուցեց, որ  բարեհաջող երթ է ունենալու: Բազմաթիվ քննարկումներ են եղել թե’ անկախ փորձագետների ու թե’ նախարարության աշխատողների հետ համատեղ, մեր աշխատանքը եղել է անաչառ, մրցակցությունը` լուրջ, վստահեցնում եմ, որ «Երիտասարդական մայրաքաղաք – 2015թ.»-ը և «Երիտասարդական մայրաքաղաք -2016թ.»-ն էլ ավելի լավն են լինելու»,- նշեց փոխնախարարը: 

Հաղթած քաղաքի ղեկավար Աղասի Հակոբջանյանն ընդունելով շնորհավորանքները` իր սրտի խոսքն ասաց՝ դիմելով ներկաներին ու իր համաքաղաքացիներին. «Վստահեցնում եմ ձեզ, առաջիկա տարում Սիսիանը կդառնա  Հայաստանի Հանրապետության ողջ երիտասարդության մայրաքաղաքը, կկազմակերպվեն գեղեցիկ միջոցառումներ,  կլինեն հետաքրքիր հանդիպումներ, մշակութային երեկոներ, անպես որ՝ հրավիրում եմ բոլորիդ մեզ հետ միասին վայելելու երիտասարդական մայրաքաղաքի բոլոր միջոցառումները»:

 «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող ճանաչված քաղաք լինելը ենթադրում է` կառավարության կողմից բյուջետային  հատկացումներ` երիտասարդական ծրագրերով նախատեսած բազմաթիվ միջոցառումների կազմակերպում և իրականացում տվյալ քաղաքում` ողջ տարվա կտրվածքով, ինչն էլ իր հերթին ենթադրում է ֆինանսական հոսքեր` մայրաքաղաքից դեպի մարզեր:  Սիսիանի քաղաքապետին առաջին շնորհավորողներից մեկը միջոցառմանը ներկա Էջմիածին քաղաքի ներկայացուցիչ Անահիտ Նահատակյանն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter