HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԺԿ-ն դատապատում է Հայաստանի ու ԱլԳ անդամ երկրների հանդեպ ռուսական ճնշումը

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Եվ անհամատեղելի է համարում Մաքսային միությանն անդամակցելն ու միաժամանակ ասոցացումը ԵՄ-ի հետ

Սեպտեմբերի 5-ի երեկոյան Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած բուռն բանավեճերից հետո ԵԺԿ քաղաքական վեհաժողովը միաձայն ընդունեց «Արեւելյան գործընկերության երկրների հանդեպ ռուսական ճնշման վերաբերյալ» ԵԺԿ հրատապ բանաձեւը: 

Քաղաքական վեհաժողովի աշխատանքները նախագահող ԵԺԿ փոխնախագահ Սարյուզ Վոլսկին հայտարարեց, որ առողջական խնդիրների պատճառով վեհաժողովի աշխատանքներից բացակայող ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու պարզաբանումներ ստանալու նպատակով երեկոյան հեռախոսազրույց կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իսկ նախօրեին Հայաստանի հետ կապված իրավիճակը քննարկվել էր ԵԺԿ նախագահությունում, որին, ինչպես նշվեց, մասնակցել էր նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզոն: Թեպետ չհայտարարվեց, սակայն, ըստ երեւույթին, ԱլԳ անդամ երկրների հանդեպ ռուսական ճնշումների վերաբերյալ հրատապ բանաձեւ ընդունելու գաղափարը, ինչպես նաեւ դրա հիմնական ուղերձն ու տոնայնությունը քննարկվել ու որոշվել էր հենց այդ մակարդակում: 

Մինչ բանաձեւի ընդունումը, Վեհաժողովի նախագահի խնդրանքով՝ Հարավկովկասյան երկու երկրների իրավիճակը ներկայացնելու նպատակով ձայն տրամադրվեց Վրաստանի ներկայացուցչին, ապա՝ Հայաստանից ՀՀԿ ներկայացուցիչներ Արմեն Աշոտյանին, Արտակ Զաքարյանին եւ ընդդիմադիր «Ժառանգությունից»՝ ինձ: Անդրադառնալով օրեր առաջ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ ՀՀ նախագահի ստորագրած համատեղ հայտարարությանը՝ անընդունելի համարեցի Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը, որով մերժվում է մեր երկրի՝ այժմ կամ ապագայում ռազմավարական գործընկեր ընտրելու իրավունքը: «Տարակուսելի է, որ հայտարարության մեջ խոսվում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին, այն դեպքում, երբ Հայաստանը նման որոշում չի կայացրել: Հայտարարությամբ ՀՀ նախագահը Մոսկվայի առջեւ հանձնառություն է ստանձնում երկիրը մերձեցնել Եվրասիական միությանը: Մինչդեռ պետք է հիշեցնեմ, որ 2011թ. փետրվարին, երբ հայաստանյան երեք կուսակցություններ՝ «Ժառանգությունը», ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիր»-ը այս նույն դահլիճում ստացան ԵԺԿ-ի դիտորդական անդամակցություն, վերջինիս հետ հայտարարություն ստորագրեցինք Հայաստանը Եվրոպային, այլ ոչ թե Եվրասիական միությանը մերձեցնելու կապակցութամբ: Դա է Հայաստանի որոշումը, եւ ես Հայաստանից մեր գործընկեր կուսակցությանը հիշեցնում եմ մեր ստանձնած այդ հանձնառության մասին:

Անշուշտ, Հայաստանը անվտանգության կենսական խնդիրներով զգայություններ ու այլ առաջնայնություններ ունի, ինչը ենթադրում է ճկունություն Ռուսաստանի ու այլ երկրներ հետ հարաբերություններում, եւ Հայաստանին կարող է տրվել նման հնարավորություն: Սակայն, դա չի կարող նշանակել Հայաստանի անդամակցություն Եվրասիական մաքսային միությանը: Ստեղծված իրավիճակում, ինչպիսին էլ լինեն վարագույրից անդին Հայաստանի հանդեպ ռուսական ճնշման գործոնները, Երեւանը կա'մ պետք է ետ կանգնի Հայաստանը Մաքսային միությանը միացնելու Մոսկվայում տված իր խոստումից եւ ստորագրությունից, ինչը քիչ հավանական եմ համարում, կամ պետք է սահմաններ դնի Եվրասիական միության հետ իր մերձեցման գործում այնպես, որ դա որեւէ կերպ չնշանակի անդամակցություն եւ չխոչընդոտի ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացմանը: Այս դժվարին մարտահրավերի պայմաններում Հայաստանը եւ ԱլԳ անդամ երկրները առավել քան երբեւէ մեր բոլորի աջակցության, զորակցության կարիքն ունեն: ԵՄ-ը եւ ԵԺԿ անդամ կուսակցությունները պետք է օգնեն մեզ միասին հաղթահարելու այս բարդագույն մարտահրավերը»,- մասնավորապես նշեցի իմ հիմնական ելույթում:    

ԵԺԿ քաղաքական վեհաժողովի ընդունած բանաձեւը սկսվում է նրանից, որ «ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) նախագիծը մտահոգիչ կերպով վտանգի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը շարունակաբար ուժգնացրեց հարեւան երկրների վրա իր գործադրած ճնշումը:  Մասնավորաբար, նա առեւտրային վեճեր է հարուցել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ եւ սպառնացել է Հայաստանի ազգային շահերին, ինչն էլ Հայաստանին մղել է դեպի Եվրասիական մաքսային միություն: Ավելին, այս գործողությունը ուղեկցվում է Ռուսաստանի կողմից զանգվածային տեղեկատվական արշավով, որը նպատակ ունի վարկաբեկել ԵՄ ասոցացման համաձայնագրից ակնկալվող օգուտները, ինչպես նաեւ՝ թիրախի տակ է վերցրել ԵՄ ինտեգրացիայի հիմնական աջակիցներին»:

Բանաձեւի որակմամբ՝ «Եվրասիական միությունը մի գործիք է, որը Ռուսաստանի ղեկավարության կողմից օգտագործվում է հարեւան երկրների՝ Եվրոպայի հետ ինտեգրման բարելավումը կանխելու նպատակով, որպեսզի նրանց պահի իբրեւ Ռուսաստանի արբանյակ պետություններ: ԵՄ հաջորդական ընդլայնումը Արեւելյան գործընկերության երկրներին ավելի է մոտեցրել ԵՄ-ին, իսկ նրանց անվտանգությունը, կայունությունը եւ բարեկեցությունը աճողական կերպով ազդում են ԵՄ-ի վրա»: 

Այնուհետեւ բանաձեւում «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ Ռուսաստանի կողմից այդ անընդունելի վարքագիծը բացասաբար կազդի ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վրա», հետեւաբար, համաեվրոպական ամենամեծ կուսակցական ընտանիքը «կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը վերջ տալ մանիպուլյացիաներին եւ շանտաժին եւ կիրառել ինքնիշխան իրավահավասարության, ներքին գործերին չմիջամտելու, պետությունների միջեւ հարաբերություններում լավ համագործակցության սկզբունքը»: 

Բանաձեւի հաջորդ կետով նախնական տարբերակում ԵԺԿ-ը «ափսոսանք էր հատնում Եվրասիական մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշման կապակցությամբ, որը ականապատում է ԵՄ-ի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները»: Նախագծի քննարկման փուլում բուռն բանավեճերից հետո սույն կետը ձեւափոխվեց այնպես, որ ԵԺԿ-ը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրված ճնշումը եւ ափսոսաք հայտնում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցութամբ:

Բանաձեւը արտացոլում է նաեւ ԵԺԿ քաղաքական հստակ վերաբերմունքը ԱլԳ այլ պետությունների վարած քաղաքականության կապակցությամբ: Մասնավորապես, դրանում ԵԺԿ-ը «ուժեղ աջակցություն է հայտնում Ուկրաինային եւ Մոլդովային, որոնք, չնայած ճնշմանը, շարունակում են իրագործել եվրոպական ինտեգրման օրակարգը»: 

ԵԺԿ-ն նաեւ «կոչ է անում Ուկրաինայի նախագահին իրականացնել համապատասխան չափանիշները, որոնք ԵՄ-ին թույլ կտան նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը»: 

Ինչ վերաբերում է հարեւան Վրաստանին, ապա բանաձեւում ԵԺԿ-ը «մտահոգություն է հայտնում Վրաստանի վարչապետի՝ Մաքսային միության վերաբերյալ ոչ լիարժեք դիրքորոշման առնչությամբ եւ խրախուսում է Վրաստանին շարունակել եվրոպական ինտեգրման ուղղությամբ քաղաքականությունը»: 

Դառնալով ԵՄ-ին՝ ԵԺԿ-ը «ընդգծում է ԱԼԳ երկրներին պաշտպանելու եւ գործելու ԵՄ պատասխանատվությունը: Թե՛ Եվրոպական հանձնաժողովը, թե՛ Եվրոպական արտաքին գործողության ծառայությունը պետք է ուժեղ դիրքորոշում որդեգրեն: Ռուսաստանի վարքագծին ոչ ադեկվատ հակազդելու ԵՄ անկարողությունը կարող է արագացնել Ռուսաստանի ճնշումները ԱլԳ երկրների հանդեպ՝ բացասաբար ազդելով ԱլԳ ապագա զարգացումների վրա»: 

Թերեւս, Հայաստանին վերաբերող ու նաեւ մյուսների համար հստակ ուղերձ պարունակող եւ առանցքային նշանակության մեկ այլ ձեւակերպում էր բանաձեւի վերջին դրույթը, որը Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների՝ այն ընդհանրապես հանելու առաջարկից հետո էլ նույն տեսքով մնաց բանաձեւում: Ըստ այդմ՝ ԵԺԿ-ն «շեշտում է, որ Եվրասիական մաքսային միությանն անդամակցությունը անհամատեղելի է Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հետ»:

Փաստացի, ԵԺԿ-ը Հայաստանի ու մյուս երկրների համար ոչ միայն գծեց անթույլատրելիի սահմանագիծը, այլ նաեւ բացառեց այն հեռանկարը, որ Ռուսաստանի ճնշման ներքո հայտնված երկրները, առաջին հերթին՝ Հայաստանը, Մաքսային միությանը միանալու պարագայում կարող են ԵՄ-ի հետ ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը՝ առանց Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի: Իր այս դիրքորոշումով ԵԺԿ-ը հստակ հայտարարում է, որ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը Ասոցացման փաթեթի անբաժանելի մասն է, հետեւաբար՝ կա'մ դրանք պետք է ստորագրվեն միասին, կամ դրանցից ոչ մեկը չի կարող առանձին ստորագրվել: Իսկ նման առաջարկով հանդես էր եկել ՀՀԿ ներկայացուցիչը: 

Բրյուսելից` հատուկ «Հետքի» համար

6 սեպտեմբերի, Բելգիա

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni (Amsterdam)
Հայաստանը ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ անելու նախաշեմին է: Հայաստանի de facto նախագահ Սարգսյան Սերժիկը ԻՐԱՎՈԻՆՔ ՉՈԻՆԻ ամբողջ ազգի անունից այսպիսի ճակատագրական որոշում կայացնի: Եթե Հայաստանը իրոք դառնա Մաքսային միության/«Եվրասիական միության» անդամ,ապա Ղարաբաղը ՄԻԱՆՇԱՆԱԿ մնալու է Ադրբեջանի կազմում. ով սա չի հասկանում,նա քաղաքականապես ՏՀԱՍ է: Մաքսային միության ԲՈԼՈՐ երկրները բռնատիրական,հետամնաց ու հումք արտահանող երկրներ են,որոնք Հայաստանին ՈՉԻՆՉ կամ շատ քիչ բան ունեն տալու: Սրանից ՄԻԱՅՆ օլիգարխային-կոռումպացված կլանն է շահելու: Այս մարդիկ Եվրամիության դեմ ոչ մի լուրջ արգումենտ ՉՈԻՆԵՆ,բացի նույնասեռականներով/միասեռական ամուսնություններով վախեցնելու իրենց տհաս փորձերը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի դե ֆակտո նախագահ Սարգսյան Սերժիկը, վերջին պահին, ուղղակի ԽԱԲԵԼ է Եվրամիությանը: Ու Եվրամիությունը, իր դեմքը փրկելու համար, ամբողջ մեղքը գցում է Ռուսաստանի «անդիմադրելի ճնշումների» վրա: Ամենամեծ ՄԵՂԱՎՈՐԸ Սարգսյան Սերժիկն ու օլիգարխային-ՀՀԿ-ական կլանն է. իրենք ԼԱՎ էլ հասկանում են, որ Եվրամիություն մտնելը պիտի նշանակի իրենց օլիգարխային բիզնեսների ու անպատժելության վերջը: Իսկ Ռուսաստանը իրենց համար ապահով է,որովհետև նույն կլանային-օլիգարխային երկիրն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter