HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խմբակցությունները` մեկնարկող նստաշրջանի իրենց անելիքների մասին

Սեպտեմբերի 9-ից մեկնարկում են հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի աշխատանքները: Խմբակցություններից հետաքրքրվեցինք, թե ինչ օրենսդրական առաջարկություններ, օրենքի նախագծեր են ներկայացնելու այս նստաշրջանին:

ՀՀԿ  խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ներկայացրել են բազմաթիվ օրենսդրական առաջարկներ, եւ դրանց մի մասն արդեն դրված է շրջանառության մեջ:

«Եթե վերցնենք մոնիտորինգը եւ այն օրենսդրական նախաձեռնություններն իրենց քանակով, կտեսնեք, որ մեր խմբակցությունը, նաեւ կառավարությունը, որ մենք ենք ձեւավորել, բավականին ակտիվ է թե օրենսդրական, թե քաղաքական հարցադրումների առումով: Մենք երեկ, առավել եւս հիմա պատրաստ ենք եւ պատրաստվում ենք աշխատանքի»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

ԱԺ պատգամավորը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների հատուկ շեշտադրումների կարիք չկա, քանի որ եթե շփվում են հասարակության անդամների հետ, ապա նրանց կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ հանդես են գալիս առաջարկություններով, եւ դրանք տեղ են գտնում օրենքի նախագծերում:

«Կառավարության հետ աշխատում եւ մշակում ենք տարբեր ոլորտներին վերաբերող փոփոխություններ: Օրինակ` պատրաստվում ենք դատաիրավական նոր բարեփոխումներին, որոնք վերաբերում են քրեադատավարական խոշոր օրենքների եւ օրենսգրքերի փոփոխություններին: Այ սա որոշ առումով կարող է քննարկման առարկա դառնալ»,-հավելեց Հ. Սահակյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ բազմաթիվ օրենսդրական առաջարկություններ են ներկայացրել, նաեւ ամառվա ամիսներն են օգտագործվել առաջարկություններ ներկայացնելու համար: Օրեր առաջ շրջանառության մեջ են դրել եւս մեկ նախագիծ, որը վերաբերում է խորհրդային բանկերի ավանդատուների ավանդների վերադարձին:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, իրենց առաջարկը վերաբերում է ավանդների իրական վերադարձի մեխանիզմին, ոչ թե այն «բլեֆին», որի անունը դրել են «ավանդների փոխհատուցում»:

Պատգամավորն ասաց, որ ներկայացրել են նաեւ առաջարկ հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ սահմանելու մասին, ինչը մերժվել է կառավարության կողմից:

«Տնտեսական բլոկին առնչվող բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, որոնք վերաբերում են մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Այս օրերի ու շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները մերժվել են կառավարության կողմից: Այնուհանդերձ խորհրդարանում պնդելու ենք, որ դրվեն քվեարկության: Իհարկե, կարծում ենք, որ մեծամասնությունը կպաշտպանի իրենց կառավարության տեսակետը, այնուհանդերձ, մեզ համար կարեւոր է, որ հանրությունը տեսնի, թե իր հոգսը թեթեւացնող ինչ կարեւոր առաջարկներ է ներկայացնում «Բարգավաճ Հայաստանը», որոնք այս կառավարության կողմից մերժվում են»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ անկախ այն հանգամանքից, որ կառավարությունը հետեւողականորեն մերժում է իրենց առաջարկները, իրենք շարունակելու են նույն կերպ աշխատել:

ՀՅԴ խմբակցությունը սեպտեմբերի 9-ին է խմբակցության նիստ գումարելու եւ այդ օրն էլ կքննարկի, թե ինչ առաջարկներ ու օրենսդրական փոփոխություններ ներկայացնի: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ առաջարկներ շատ ունեն, եւ դրանք առնչվում են բոլոր ոլորտներին, եւ մեկ ուղղությամբ չեն աշխատելու:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշեց, որ չի ցանկանում ամեն ինչ ասել, թե ինչ առաջարկներով ու նախագծերով են հանդես գալու այս նստաշրջանի ընթացքում:

«Մեր նպատակը տեսնում ենք այս բռնապետության թուլացման, ռեժիմից ազատվելու մեջ: Որոշ օրինագծեր ենք նախատեսել, որոնք ուղղված են սահմանափակելու ռեժիմի հնարավորությունները՝ ճնշելու բողոքի ցույցերը, տարբեր տեսակի հավաքները եւ այլն»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:

Պատգամավորը հավելեց, որ մամուլի ազատության աջակցմանը վերաբերող օրինագիծ եւս  ներկայացնելու են, սակայն «չգաղտնազերծեց» բովանդակությունը. «Դե կներկայացնենք կիմանաք, էլի, հո բոլոր փակագծերը չենք բացելու: Երբ պատրաստ լինի այդ ժամանակ էլ կիմանաք»,-նշեց Լ. Զուրաբյանը:

Նա ասաց, որ ԱԺ-ում տարբեր հարցեր են բարձրաձնելու, հանդես են գալու հարցապնդումներով՝ «սկսած համատարած կոռուպցիայից, ձեր կողմից բարձրացված օֆշորային սկանդալից եւ այլն: Այսինքն` անելու ենք այն, ինչ մինչ օրս արել ենք»:

Լեւոն Զուրաբյանը հավելեց, որ իրենց հաջողվել է միավորել ԱԺ-ի 4 խմբակցություններին հատկապես լուրջ օրինագծերի շուրջ, որոնք մարտահրավեր են նետում իշխանություններին:

«Լավ կլիներ, որ անցկացնեինք մեր օրինագծերը, բայց օրինաստեղծ աշխատանքը կամ քաղաքական պայքարը միայն նախագծեր անցկացնելով չի սահմանափակվում: Նախագիծը ներկայացնում ես, դրա շուրջ ստեղծում ես քաղաքական համախմբում, կոնսոլիդացնում ես օպոզիցիան, մոբիլիզացնում ես մարդկանց եւ քո մեսիջները հասցնում ես ժողովրդին: Ի վերջո, վստահ ենք, որ գալու է այն ճակատագրական պահը, դանակը հասնի ոսկորին, եւ այս իշխանություններին նույնիսկ իրենց կեղծված մեծամասնությունը չկարողանա փրկել Ազգային ժողովում»,-նշեց Լ. Զուրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ առայժմ պատրաստ չէ պատասխանելու խմբակցության անելիքների մասին եւ առաջիկայում այն կներկայացնի մամուլի ասուլիսի միջոցով:

ՕԵԿ-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter