HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երբ խաղում ես ինչպես եզրափակչում

Չի կարելի չխոստովանել, որ Պրահայում չեխերի հանդեպ տարած հաղթանակում երկու կարեւոր գործոն դեր խաղացին. մարզական բախտը եւ մեր ֆուտբոլիստների հոգեբանությունը: Որ Չեխիայի թիմն այս պահին ուժեղ է մեր հավաքականից, ոչ ոք չի էլ հերքում, դա ապացուցվում է նաեւ ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում մեր եւ նրանց զբաղեցրած տեղերի համեմատությամբ. Հայաստանը 66-րդն է, իսկ Չեխիան 26-րդը: Սակայն միշտ չէ, որ հաղթում է ուժեղը, ինչը խաղից հետո շեշտել է նաեւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Խաղի սկզբից մինչեւ 25-րդ րոպեն նախաձեռնությանը տիրում էին չեխերը, որոնք, դանիացիների հետ մերոնց խաղը աչքի առաջ ունենալով (Դանիա-Հայաստան՝ 0-4), փորձում էին րոպե առաջ խոցել Բերեզովսկու դարպասը, այլապես հետո գործն ավելի էր բարդանալու: Չեխերի տոտալ առավելությունը ակնհայտ էր հատկապես նրանց խփած գոլից հետո՝ խաղի վերջին 20 րոպեներին, բայց հենց առաջ նետվելն ու թիկունքը մերկացնելն էլ չար կատակ խաղացին դաշտի տերերի համար: Չեխերի առավելության մասին խոսում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը. հարվածներ դարպասին՝ Չեխիա՝ 5, Հայաստան՝ 3, հարվածներ դարպասի ուղղությամբ՝ Չեխիա՝ 14, Հայաստան՝ 3, անկյունայիններ՝ Չեխիա՝ 17, Հայաստան՝ 5:  

Ալբանիայի հետ վերջին ընկերական հանդիպմանը ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստվածության խնդիրներ տեսանք, ինչը մտահոգիչ էր, խաղակցվածությունը օղակների միջեւ այն չէր: Խաղից առաջ էլ Մինասյանը ասել էր, որ բոլորը պատրաստ են, իսկ ֆունկցիոնալ վիճակի տեսանկյունից պետք է ընտրություն կատարեն: Այդպես էլ եղավ. ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը, որը լավ վիճակում չէր ալբանացիների հետ հանդիպմանը եւ վնասվածքից հետո դեռ պատշաճ մարզավիճակ ձեռք չի բերել, մնացել էր պահեստայինների նստարանին: Վնասվածք ստացած աջ պաշտպան Վալերի Ալեքսանյանի փոխարեն նրա գոտի էր տեղափոխվել կենտրոնական Հրայր Մկոյանը, որը նույնպես վերջերս խնդիրներ ուներ ու «Գանձասարի» կազմում վերջին խաղում էլ փոխարինվել էր: Վնասվածք ուներ նաեւ մյուս կենտրոնական Ռոբերտ Արզումանյանը:  

Այսպիսի հանգամանքներում մի փոքր մտավախության կար, որ թիմը կարող է եւ չդիմանալ չեխերի ճնշմանը: Ամբողջ խաղի ընթացքում նկատելի էր մերոնց կատարմամբ փոխանցումների բարձր խոտան, տղաները երբեմն խաղում էին իրենց ոչ հարազատ օդային երկար փոխանցումներով, ինչը ստիպում էին չեխերը, որոնք ազատ տարածություն գրեթե չէին թողնում մեր պաշտպաններին ու կիսապաշտպաններին: Ռոսիցկու գլխավորությամբ չեխերի կիսապաշտպանական գիծը գրավել էր խաղադաշտի կենտրոնը եւ մեկ կամ երկու մրցակցի հսկողության տակ գտնվող Մխիթարյանի համար, մասնավորապես, դժվար էր ճեղքել այդ պաշարումը՝ գրոհ կազմակերպելու համար:

Սակայն Հայաստանի հավաքականը ֆունկցիոնալ բացթողումները լրացրեց կամային հատկանիշներով: Մինասյանի մարզչական շտաբը Ալբանիայի հետ խաղից հետո կարողացավ հասնել նրան, որ տարբեր թիմերից տարբեր մարզավիճակում եկած ֆուտբոլիստներին տրամադրեց մինչեւ վերջ պայքարելուն, քանզի այսուհետ ամեն խաղ լինելու է վերջին հնարավորությունը՝ աշխարհի 2014 թ. առաջնության ուղեգիր նվաճելու տեսական հնարավորությունները պահպանելու համար:

Չեխերի շարունակական գրոհները հետ մղելուց հետո մերոնք նետվեցին առաջ, ինչն էլ բեկեց խաղը: Աջ կիսապաշտպանի դիրք տեղափոխված Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Կառլեն Մկրտչյանը 31-րդ րոպեին գրավեց աշխարհում լավագույններից մեկի համբավն ունեցող Պետր Չեխի դարպասը: Դա սառը ցնցուղ էր դաշտի տերերի ու լավ խթան՝ մերոնց համար:

Հավասարակշիռ խաղը շարունակվեց մինչեւ այն չարաբաստիկ պահը, երբ Բերեզովսկին վնասվածք ստացավ: 64-րդ րոպեին նա հանկարծակի ծնկով բախվեց Հրայր Մկոյանի հետ եւ 5 րոպե անց ստիպված էր փոխարինվել: Մինասյանը նշել է, որ, ի տարբերություն նույնպես ստիպողաբար փոխարինված Արասի եւ Կամոյի, Ռոմանի դեպքը լուրջ է: Փաստորեն, մենք կորցրինք հիմնական դարպասապահին, կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանին եւ հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանին, որոնցից վերջին երկուսը իրենց երկրորդ դեղինները ստացան ու Դանիայի հետ խաղը բաց կթողնեն:

Բերեզովսկու փոխարինումը կարծես ոգեւորեց չեխերին, որոնք սկսեցին ստուգել Կասպարովի աչալրջությունը: 70-րդ րոպեին Ռոսիցկու հարվածից հետո գնդակը ընթանում էր ուղիղ դեպի Կասպարովը, սակայն Վարազդատ Հարոյանի ազդրից անդրադարձավ ու, հորիզոնական դարպասաձողին դիպչելով, հայտնվեց ցանցում:

Երկու թիմին էլ գոլ էր պետք՝ հաղթելու եւ ուղեգրի համար պայքարը շարունակելու համար: Դրան ավելի մոտ էին չեխերը, սակայն եթե նրանք արժանի էին հաղթանակի գործադրած ֆիզիկական մեծ ջանքերի եւ աշխատանքի համար, ապա հայ ֆուտբոլիստները արժանի էին հաղթանակի մինչեւ վերջ կռիվ տալու, չհանձնվելու, ոչ-ոքիի համար չխաղալու, աննշան թվացող հույսերը իրականի վերածելու մեծ ցանկության համար: Ու բախտը ժպտաց երկրորդ կողմին:

Ավելացված երկրորդ րոպեին ձեռնարկված գրոհի վերջում Մովսիսյանի փոխանցումից հետո Գեւորգ Ղազարյանը միայնակ մնաց Չեխի դեմ, վերջինս հետ մղեց Գեւորգի առաջին հարվածը, բայց գնդակը հետ եկավ ուղիղ մեր ֆուտբոլիստի գլխին, ու վայր ընկած Չեխի վերեւով Ղազարյանն այն ուղղեց դեպի դարպասը: Վրա հասած պաշտպանը չկարողացավ փրկել դրությունը:

Հայաստանը հաղթանակ կորզեց 2-1 հաշվով, սակայն պետք է հերթական «եզրափակիչ» հանդիպումն անցկացնի Դանիայի հետ. ճիշտ է՝ Երեւանում, բայց ցավալի կորուստներով: Թե այս անգամ ինչ լուծում կգտնի Մինասյանի մարզչական շտաբը, կարելի է ենթադրել. Արզումանյանի բացը կարող են լրացնել Մկոյանի կամ Տարոն Ոսկանյանի միջոցով, Մովսիսյանինը՝ ամենայն հավանականությամբ, Սարկիսովի: Ամեն դեպքում, վերջնական որոշումը Վարդան Մինասյանինն է: Հայ երկրպագուին մնում է հուսալ եւ հավատալ, որ Երեւանում մեր հավաքականը իրեն կուրախացնի այնպես, ինչպես Կոպենհագենում:

Հ.Գ. Ընտրական 2-րդ խմբի առաջատար իտալացիները երեկ սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել են բուլղարներին, իսկ դանիացիները արտագնա խաղում դժվարությամբ 2-1 հաշվով առավելության են հասել մալթացիների նկատմամբ: Եթե առաջին ուղեգրի հարցն արդեն կարելի է լուծված համարել, ապա երկրորդի համար պայքարն ավելի ու ավելի սուր է դառնում: Դրան այս պահին հավակնում են Բուլղարիան, Չեխիան, Հայաստանը, Դանիան: Սակայն ամենաբարդը, թերեւս, Հայաստանի վիճակն է, քանի որ նշված մրցակիցները դեռ պետք է խաղան Մալթայի հետ, ինչը 3 միավոր վաստակելու լավ հնարավորություն է, այնինչ մենք հենց Երեւանում զիջեցինք կղզեաբնակներին եւ այսօր հայտնվել ենք նման դրության մեջ:

 

Խաղ

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Գնդակներ

Միավոր

1.Իտալիա

7

5

2

0

13-4

17

2.Բուլղարիա

7

2

4

1

11-5

10

3.Չեխիա

7

2

3

2

7-6

9

4.Հայաստան

7

3

0

4

8-9

9

5.Դանիա

7

2

3

2

8-10

9

6.Մալթա

7

1

0

6

3-16

3

Լուս.՝ AFP/Getty Images-ի (uefa.com) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter