HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կոմիտասի 5. ապրում ենք քարե ջունգլիներում

«Փաստորեն, հեռուստահաղորդավար Նազենին իր կեսժամանոց շոուով պետական որոշում կայացրեց. շինարարները հաջորդ օրը եկան, սկսեցին աշխատել: Դա ծիծաղելի է, աբսուրդ է: Մենք սպասում էինք դատարանի որոշմանը. Նազենի Հովհաննիսյանը եթերից որոշեց ամեն ինչ: Եվ ամոթ իրեն. լինելով այդքան խելացի աղջիկ, ինչ վերաբերում է հասարակությանը, ինչ-որ ճիշտ դիրքորոշում ունենում է, բայց ինչ վերաբերում է պետությանը, բիզնեսին, կարող է այդպես խեղաթյուրել իրականությունը: Մեր խոսքերը կրճատում են, թողնում են միայն «я согласна»-ն»,- այսօր Կոմիտասի 5-ի շինհրապարակի մոտ կազմակերպված բացօթյա ասուլիսի ժամանակ ասաց Կոմիտասի 7 շենքի բնակիչ Ռուզաննա Բեգոյանը:

Անդրադառնալով հասարակության լայն շերտերում աղմուկ հանած այս շինարարության դեմ պայքարին միացած քաղաքացիական ակտիվիստների գործունեությանը, Կոմիտասի 5ա շենքի բնակիչ Անուշ Բալասանյանը նշեց, որ սա բնակիչների պայքարն է. ակտիվիստներն իրենց խնդրանքով են եկել, աջակցում են, ինչի համար բնակիչները նրանցից շատ շնորհակալ են:

Խոսելով իրենց պայքարի և դիրքորոշման նախապատմության մասին, Կոմիտասի 5-ի հարակից մեկ այլ շենքի բնակիչ Մուշեղ Սուվարյանը հիշեցրեց, որ իրենց շենքերի արանքում հայտնված այս փոսը մեկ օրում չի փորվել. դեռ 2010 թվականից իրենք դիմել են դատական պաշտպանության: Այս պահին նույնպես գործը դատարանում է:

«Դեռ դատարաններում հարցը լուծված չէ, բայց մենք պայքարի այլ ուղիներ էլ ենք փնտրում»,- ասաց Կոմիտասի 5ա շենքի բնակիչ Գոհար Սահակյանը:

«Երևանի գլխավոր ճարտարապետը մեզ հետ զրույցում ասաց՝ դուք անտառում չեք ապրում, ապրում եք քաղաքում և պետք է պատրաստ լինեք զրկանքների, պիտի դիմանաք: Ձեր շուրջը պիտի դեռ շատ կառուցապատվի. Երևանը դեռ պիտի կառուցապատվի:

Հիմա մենք ուղղակի վախեցած ենք, որ այս երկրում ենք ապրում, որովհետև սա ուղղակի անտառ չէ, քարե անտառ է, քարե ջունգլիներում ենք ապրում. ինչպե՞ս կարելի է թույլ տալ իրար այդքան մոտ շենքեր կառուցել, աշխարհի վե՞րջն է: Մենք ուզում ենք գեղեցիկ, կանաչապատ քաղաքում ապրել, մի՞թե դա անբնական ցանկություն է: Եվ վերջապես, ինչպե՞ս կարելի է պաշտպանել մի մարդու բիզնես շահերը, որի հետևանքով տուժում է ավելի քան երեք հարյուր ընտանիք»,- հավելեց Անուշ Բալասանյանը:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter