HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանս-Ռոմանս

Թամար  Գալստյան       

Շուտով նկարիչ-ճարտարապետ Սամվել Սաղաթելյանը ներկայացնելու է իր նոր շարքը, որն անվանել է «Տրանս-Ռոմանս»: Հավատում եմ, որ շատերին նկարները սկանդալային ու անպատկառ կթվան, անտեղի ու անժամանակ... Հավատում եմ նաև, որ կգտնվեն մարդիկ, որոնք Սամվելի աշխատանքների մեջ կտեսնեն նոր, թարմացնող հոսանք, անողոք սարկազմ, զրնգուն ու զվարթ քրքիջ առաջին հերթին սեփական թուլությունների նկատմամբ:

Հավաքածուի մեջ կան 10-12 խառը տեխնիկայով արված ոչ մեծ նկարներ, ուր միավորած են ֆոտոն ու գեղանկարչությունը, բոլորն էլ՝ համարյա նույն թեմայով՝ էրոտիկա, սեքս, տղամարդ, ֆալլոս, կին, որը, պարզվում է, տրանսսեքսուալ է, արքա և նորից ֆալլոս: Ֆալլոս կրողը հաղթանակած արու է, թագավոր, ոստիկան՝ հպարտ կանգնած կամ տարփանքի մեջ բոյով մեկ պառկած: Նրան պարուրված-կցված է երկարամազ, հմայիչ տրանսսեքսուալը՝ զանազան դիրքերով: Հերոսին չի կաշկանդում իր մերկությունն ու ընդգծված ցանկասիրությունը, նա կռիվ չունի ինքն իր ու աշխարհի հետ, որովհետև գտնվում է վայելքի ու սիրո արքայության մեջ:

Սամվելի պատկերները միշտ են գրոտեսկային, մարմնեղ և ընդգծված, իսկ այս շարքում՝ առավել ևս: Առաջին հայացքից նկարները թողնում են հին խունացած բացիկների տպավորություն, ինչպիսին սովորաբար լինում են նախատատերի ու պապերի լուսանկարները՝ խիստ հայացքներով ու արդեն պատմական տարազներով: Սակայն, բեղավոր իշխանի փոխարեն հայտնվում է նկարչի մերկ մարմինը (էս շարքում Սամվելն ինքն իրեն է «օգտագործել» որպես բնորդ) նույն անմեղ հայացքով ու մի քիչ էլ զարմանքով, կարծես հարցնելով՝ ի՞նչ է եղել, որ...

Ու՞մ համար են էս գործերը. Ազնիվ հարց է պտտվում մեջս՝ է՛ս օրերին է՛ս աշխատանքներն ի՞նչ գործ ունեն մեր վանկարկող-դրոշակակիր, խռոված, պաշարված ու նեղացած քաղաքում: Ո՞վ պիտի գա սա նայելու, ո՞վ կհավանի և չի հավանի: Տեսնես մի բան կվաճառվի՞...

Բայց տվյալ դեպքում վաճառվել-չվաճառվելն էնքան էլ չի հուզում Սամվելին: Նա կոնցեպցիա ունի, ասելիք, որն էլ ուզում է ներկայացնել այս նկարների միջոցով:

Մարդը և կինը ժամանակ առ ժամանակ հայտնվում են սահմանային, սուր վիճակներում, երբ զգացմունքների սովորական դարձած ընկալումները դադարում են բավարարել: Եվ նրանցից առավել համարձակները կամ չհաշտվողները փորձում են կյանքը շրջել այնպես, որ սուր անկյունները չկորանան, իսկ կուրծքը չդադարի տռփալ հաճույքից: Ահա, հենց այս համարձակների մասին են Սամվելի նկարները, որոնք արդեն կատարել են շրջադարձը և տրվել նոր ապրումներին: Նրանք, այո, կարող են նման լինել հին, գունատված լուսանկարների միամիտ հերոսների, կրկեսային աճպարարների, որոնք իսպանական գրանդի հագուստով «ալեյ-հոպ» են ասում ու վերածվում շահնեշահի հարեմի կիսամերկ գեղեցկուհու կամ հեքիաթային արքայազների, որոնք աջ ու ձախ են պտտում թուրն ու ամեն պտույտից դևի վեց գլուխ կտրում... Բայց, ինչ էլ անեն Սամվելի դյուցազունները, նրանք անում են հանուն սիրո ու մարմնի հաղթանակի, զվարճանքի ու խենթության:

Սիրառատ խենթեր են Սամվելի հերոսները, ֆալլոս գովերգող ու երկրպագող, սեփական թուլությունների ու ցանկությունների վրա ծիծաղող ու հրավիրող... Հրավիրող դեպի կրքերի ու խրախճանքի մութ սենյակը, աշխարհը գլխիվայր շրջելու ու ներքևից նայելու իրերին, լրջացած ու լրջագույն դեմքերին և հանդիմանանքով օրորվող գլուխներին:

Մի անգամ էլ է գլխումս պտտվում ազնիվ հարցը՝ ի՞նչ կապ ունեն այս նկարները մեր այսօրվա սպասելիքների, հույսերի ու հույզերի հետ: Կարծես թե՝ ոչ մի: Սակայն, մի գուցե, հենց դա էլ լավ է: Մեր գրված ու չգրված օրենքներով շնչահեղձ եղած քաղաքում թող այս նկարները դառնան օվկիանոսի այն կողմից մեզ հասած կամացուկ մի քրքիջ, փոքրիկ ու անպատկառ մի կառնավալ, որտեղ ամեն ինչ կարելի է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter