HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Կառավարությանն առնթեր մարմնի ղեկավարը կարող է կնոպկան սեղմել, ասի, Բադիրյան մի հատ շուտ-շուտ բարձրացիր վերև»

Այսօր Ազգային ժողովում շարունակվում է Արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամի թեկնածուների ընտրության մասին քննարկումը:  Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված են ԵՊՀ  Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանի և Արդարադատության խորհրդի գործող  անդամ, իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանի թեկնածությունները:   

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ երեկ այդ  հարցի քննարկումների ընթացքում ի հայտ եկան անհաղթահարելի խոչընդոտներ, և խորհրդի թեկնածուներից Գրիգոր Բադիրյանը հետևողականորեն ներկայացնում էր, թե ինչու և ինչպես է ստացվել, որ Արդարադատության խորհրդում ընդգրկված  ինը անդամների՝ դատավարական լիազորությունների  դադարած չլինելը և այդ լիազորությունների գործադրումը Արդարադատության խորհրդին զուգահեռ խոչընդոտում է Արդարադատության խորհրդի արդյունավետությունը:

«Այդ ողջ ելույթի ընթացքում իր բանավոր խոսքում  պարոն Բադիրյանն այդպես էլ չհիշատակեց, որ ինքը Կառավարությանն առնթեր ոստիկանության պետի գլխավոր խորհրդականն է,- նշեց Ն. Փաշինյանը՝ ավելացնելով,- պարոն Բադիրյանն ասում էր, կարո՞ղ եք հիշատակել մի օրենք, որ թույլ չի տալիս ինձ այդ կարգավիճակում լինել Արդարադատության խորհրդի անդամ: Այո՛, Բադիրյան, կարող եմ ասել, և դա ոչ թե սովորական օրենք է, այլ ՀՀ թիվ մեկ օրենքն է՝ Սահմանադրությունը: Սահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ կետով ասվում է, որ մենք պետք է ընտրենք Արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնականների, և Ձեր բառերով ապացուցեմ, որ Դուք չեք կարող լինել Արդարադատության խորհրդի անդամի թեկնածու»:

Պատգամավորը, դիմելով Գ, Բադիրյանին, ասաց, որ ցույց տա մի օրենք, ըստ որի՝ Ազգային ժողովը կարող է ԿԱ մարմնի պետի գլխավոր խորհրդականին նշանակել Արդարադատության խորհրդի անդամ: «Արդարադատության խորհրդի անդամին մենք ընտրում ենք երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի անդամների կեսից ավելիի քվեարկության արդյունքում, և պատկերացրեք, որ երկրի գերագույն գլխավոր օրենքի օրենսդիր մարմնի անդամների կեսից ավելիի քվեարկությամբ ընտրված մարդուն ԿԱ մարմնի ղեկավարը կարող է կնոպկան սեղմել, ասի, Բադիրյան, մի հատ շուտ-շուտ բարձրացիր վերև: Սա իշխանության բաժանման խնդիր է: Սա Ազգային ժողովի հեղինակության խնդիր է»,- նշեց ՀԱԿ պատգամավորը: Անդրադառնալով Գ.Ղազինյանի թեկնածությանը՝  Ն. Փաշինյանն ասաց, որ այս առումով ինքը խնդիր չունի, քանի որ իրավաբան-գիտնական է:  Ընդդիմադիր պատգամավորը հիշատակեց երեկ Գ. Ղազինյանի այն խոսքը, որ Ազգային ժողովում նստածներից շատերն ինչ-որ ձևով առնչվել են ֆակուլտետի հետ: Ն. Փաշինյանը նշեց, որ Ազգային ժողովում, կառավարությունում  նստածներից շատերը, մարզպետներից, դատավորներից, դատախազներից, օլիգարխներից, մեծահարուստներից շատերը պատկանում են տերերի կատեգորիային:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ինքը դեմ է քվերակելու Գ. Ղազինյանի և Գ. Բադիրյանի թեկնածություններին, քանի որ չի ցանկանում դառնալ տերերի այն խավի հերթական ներկայացուցիչը:

Գ. Ղազինյանն էլ  Ն. Փաշինյանինն հրավիրեց ֆակուլտետ՝ տեսնելու, թե իրականում ի՞նչ է կատարվում այնտեղ, թե ինչպե՞ս են հեռացվում պաշտոնավորների կամ փողկապավորների երեխաները և բանակ զորակոչվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter