HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Փաստաբանների թվաբանական հաշվարկները կասկածի տակ են դնում նախընտրական որոշ խոստումներ

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն ընտրությունից մեկ օր առաջ իրենց ընտրողների` փաստաբանների շրջանում տարվող նախընտրական քարոզչությունն ամփոփեցին հանդիպում-բանավեճով: «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած բանավեճին մասնակցեցին թեկնածուներից երկուսը` փաստաբաններ Արա Զոհրաբյանը եւ Կրոմվել Գրիգորյանը: Թեկնածուներից «ամեաաղմկոտը»` Տիգրան Աթանեսյանը, ով իր նախընտրական ողջ քարոզչությունը կառուցել էր Պալատի նախագահին ու նրա վարած քաղաքականությունը քննադելու եւ թվաբանական հաշվարկներում մերկացնելու վրա, հրաժարվել էր գործընկեր թեկնածուների հետ բանավիճելուց:  

Մոտ երկու ժամ տեւած հանդիպումն անցավ անսպասելի խաղաղ մթնոլորտում եւ պատճառը, կարծում ենք, միայն Տ. Աթանեսյանի բացակայությունը չէր: Թեկնածուներից Կրոմվել Գրիգորյանի խոսքը նույնպես զերծ էր վերջին շրջանում հարցազրույցներում դրսեւորվող սրությունից, գործընկերների եւ լրագրողների հարցերին պատասխանելիս նա հնարավորինս շրջանցում էր անցանկալի հարցերը, ինչպես մեր դեպքում: Իր հարցազրույցներում պրն Գրիգորյանը դժգոհություններ էր հայտնել Փաստաբանների պալատի գործունեության հրապարակայնությունից, սակայն չպատասխանեց, թե ինչու անցնող ութ տարիների ընթացքում չի բարձրաձայնել այդ մասին: Պրն Գրիգորյանը բավարարվեց միայն ասելով, որ հրապարակայնությունն ընդհանրապես բացակայում է Պալատում եւ համոզված է, որ իր կամ Արա Զոհրաբյանի ընտրվելու դեպքում այդ հարցը կարեւորություն կստանա: 

Բանավեճն, այնուամենայնիվ տեղի ունեցավ, եւ փաստաբանները կարողացան հստակեցել, թե թեկնածուների նախընտրական խոստումներից որքանն է իրատեսական: Կրոմվել Գրիգորյանի նախընտրական ծրագրից փաստաբաններին ամենից շատ հետաքրքրում էր թեկնածուի առաջարկած սոցիալական փաթեթը` ստեղծվելիք հիմնադրամը որտեղի՞ց է գումարներ հայթայթելու փաստաբանների սոցիալական պաշտպանվածության ծրագրերն իրագործելու համար, արդյոք դրանք նույնպես իրագործվելու են իրենց անդամավճարների հաշվին: 

Կրոմվել Գրիգորյանը պատասխանեց, որ հիմնադրամի միջոցները կգոյանան փաստաբանների նվիրատվություններից: Այդ դեպքում զարմացնում է նույն թեկնածուի առաջ քաշած մյուս խնդիրը, որ փաստաբանները դժգոհում են ամսական անդամավճարի չափից` 5000 դրամ, եւ առաջարկում են վերանայել այն: Փաստաբաններին զարմացրել էր նաեւ օրենսգրքերը փաստաբաններին անվճար տրամադրելու թեկնածուի խստումը: Ովքեր չէին ալարել, հաշվարկել էին օրենսգրքերի քանակն ու արժեքը եւ այն բազմապատկել փաստաբանների թվով, որը կազմել էր ավելի քան 22 մլն դրամ ու կասկածի տակ էր դրել այդ խոստումն իրագործելու հավանականությունը: Կ. Գրիգորյանը կրտսեր գործընկերոջը պատասխանեց, որ հուսով է փաստաբանների 20%-ն անվճար օրենսգիրք ստանալու ցանկություն կհայտնի: Թեկնածուի նախընտրական ծրագրի մեկ այլ դրույթ` «խոստանում եմ, որ սկսնակ փաստաբաններն աշխատանք կունենան», բավականին աշխուժացրեց բանավեճը: Պարզվեց, որ թեկնածուն այն իրագործելու է հանրային պաշտպանի գրասենյակի «տարեցներին» փոխարինելով երիտասարդներով: Այս հայտարարությունը, բնականաբար, զայրացրեց ավագ գործընկերներին, եւ ոմանց ելույթներից պարզ դարձավ, որ «տարեցներն» իրենց կայուն աշխատավարձը երիտասարդներին զիջելու  ցանկություն չունեն: 


Փաստաբաններին հետաքրքրում էր նաեւ փաստաբանների շրջանում գոյություն ունեցող արատավոր երեւույթների, մասնավորապես, «միջնորդ փաստաբանների» վերաբերյալ թեկնածուների կարծիքը: Երկու թեկնածուներն էլ հայտարերցին, որ այն դժվար ապացուցելի է, իսկ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Պալատը նման դիմումներ ստացել է, քաղաքացիների բողոքների եւ հայտարարությունների հիման վրա իրավապահ մարմինները քննություն են կատարել, կան պատժված փաստաբաններ, դատապարտվածներ, կան գործեր, որոնք նախաքննության փուլում են: 

Արա Զոհրաբյանը ներկայացրեց նաեւ Հանրային պաշտպանի գրասենյակի խնդիրները եւ իր պատկերացումները հիշյալ գրասենյակի գործունության վերաբերյալ, որոնք նա ընդհանրացրել է Փաստաբանների հետ մարզերում ունեցած հանդիպումների ժամանակ: Թեկնածուին մտահոգում է հանրային պաշտպանների փոքրաթիվ լինելը, որի հետեւանքով որոշ բնակավայրերում բնակչության իրավական պաշտպանվածությունը լուրջ կասկածներ է առաջացնում, նման դեպքերում շահերի բախումն անխուսափելի է: Մինչդեռ արդարադատության նախարարությունը սոցիալական խնդիրը հրաժարվում է ամբողջությամբ պետական միջոցներով լուծելուց եւ առաջարկում է տարբերակներ, որոնցով փորձ է արվում այդ պարտավորությունը գործող փաստաբաններին վերապահել: Թեկնածուն տեղեկացրեց, որ առաջարկներն իրատեսական չեն, եւ Պալատն իր անհամաձայնությունն է հայտնել քննարկվող առաջարկներին: 

Փաստաբաններն այս անգամ նույնպես չշրջանցեցին Վճռաբեկ դատարանին, որի գործելաոճի վերաբերյալ անհամաձայնությունը, հատկապես բողոքները զանգվածային վերադարձնելու հանգամանքը, մշտապես օրակարգային հարց է նրանց համար եւ ցանկացան տեղեկանալ թեկնածուների մոտեցումներին: Ի տարբերություն մրցակից թեկնածուի, ով Վճռաբեկ դատարանի բացասական բնութագրվող գործելաոճը պայմանավորեց Վճռաբեկ դատարանի նախագահի անձով եւ ընտրվելու դեպքում խոստացավ ամեն ինչ անել, որ նա չաշխատի, Արա Զոհրաբյանն այդ հարցը համակարգային խնդիր համարեց եւ հիշեցրեց, որ այդ դժգոհությունը կար նաեւ դատարանի նախորդ նախագահի ժամանակ:   

Հայաստանում փաստաբանության պատմության մեջ առաջին հրապարակային քարոզարշավը բանավեճի մասնակից երկու թեկնածուների միջեւ այսօր ավարտվեց ձեռքսեղմումով, փոխադարձ հաջողությունների մաղթանքով: Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին` մեկօրյա լռությամբ ընդհատելով քարոզարշավը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter