HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հեղինակային իրավունքի մասին օրենքի փոփոխությունները կսասանե՞ն «լրագրողական համերաշխությունը»

«Ծաղկաքա՞ղ եք արել, տեղադրեք հղումը», «Սա ո՞րերորդ դեպքն է՝ նյութը առանց հղումի եք վերցնում», «Կարելի՞ էր գոնե մի քիչ բարեխիղճ լինել ու հղում անել: Ամոթ է», «Դուք որ մի բան քոփի եք անում, գոնե նայու՞մ եք, թե որտեղից ու ո՞նց եք քոփի անում», «Գողացել եք մեր նյութը», «Արգելում եմ վերցնել մեր նյութերը»…Այսպիսի գրառումներ ամեն օր տեղ են գտնում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված «Հանուն բարեխիղճ լրագրության» խմբում, որտեղ լրագրողները փորձում են վերականգնել իրենց իրավունքները եւ հատկապես հեղինակային նյութեր «յուրացնողներին» դարձի բերել` պարտադրելով հղում տալ նյութի սկզբնաղբյուրին:

Սա որոշ առումով արդյունավետ պայքար է, բայց ոչ բավարար, քանի որ Հայաստանում ամեն օր ավելանում է ինտերնետից օգտվողների թիվը, դրան զուգահեռ բացվում են նոր լրատվական կայքեր, որոնց անբարեխղճության դեմ պայքարը ոչ միշտ է պսակվում հաջողությամբ: Բարեխիղճ լրատվամիջոցը, վճարելով իր լրագրողին, երկարատեւ աշխատանքի արդյունքում նյութ է հրապարակում, եւ դրանից րոպեներ անց մեկ այլ լրատվամիջոց, վերցնելով այդ նյութը, հրապարակում է իր կայքեջում` սկզբնաղբյուրին զրկելով իր ստեղծած նյութի «պտուղները ճաշակելու» հնարավորությունից:

«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» գործող օրենքով լրագրողները կարող են նաեւ դատական կարգով վերականգնել հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութի կամ հարցազրույցի նկատմամբ իրենց իրավունքը, սակայն Հայաստանում դատական պրակտիկա չկա. լրատվամիջոցները խուսափում են միմյանց դեմ դատական հայցեր հարուցելուց:

Օրինակ` ամիսներ առաջ «Հետքը» պատրաստվում էր հայցով մտնել դատարան եւ անբարեխիղճ լրատվամիջոցին պարտադրել «գողացված» նյութում հղում անել սկզբնաղբյուրին կամ կայքէջից հեռացնել հոդվածը: Հայցն արդեն պատրաստ էր, սակայն խմբագրությունում կարծիքները բաժանվեցին երկու մասի` դիմե՞լ, թե՞ չդիմել դատարան: Արդյունքում հաղթեցին «չդիմելու» կողմնակիցները` որպես հիմնավորում ներկայացնելով լրագրողական համերաշխության անհրաժեշտությունը: Մինչդեռ ոլորտը կարգավորելու կարիք կա, եւ «լրագրողական համերաշխությունն» է՛լ ավելի է խորացնում գրագողության խնդիրը:

Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Գալուստ Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Թեւան Պողոսյանը եւ Դավիթ Հարությունյանը:

Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում առավել մանրամասն կարգավորել տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրները, ինչը անբարեխիղճ վերարտադրության դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություն է ընձեռում:

Հեղինակային իրավունքի պաշտպանությունը մեզանում նորույթ չէ: Հայաստանը ավելի քան 10 տարի առաջ միացել է գրական եւ գեղարվեստական ստեղծագործությունների մասին Բեռնի կոնվենցիային, ինչպես նաեւ հեղինակային իրավունքի ոլորտը կարգավորող միջազգային այլ ակտերի, օրինակ՝ Ժնեւի կոնվենցիային, իսկ 2006-ից գործում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Հեղինակներից Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացնելով օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը՝ նշեց, որ դրանց հիմքում մի շարք լրատվամիջոցների պահանջն է: Նախագիծը մշակվել է հունիսին եւ մի քանի փուլերով քննարկվել շահագրգիռ կողմերի հետ: Զեկուցողն ասաց, որ շատ նուրբ պետք է մոտենալ այս ոլորտի ցանկացած նորամուծությանը, քանի որ լրագրողներն ունեն խաղի իրենց կանոնները: Արփինե Հովհաննիսյանը խոստովանեց, որ թեեւ ոլորտում տեսնում էր խնդիրներ, սակայն չէր համարձակվում իր նախաձեռնությամբ կարգավորել «բացերը» եւ խնդրին անդրադարձել է միայն լրատվամիջոցների պահանջով:

Այսօր նախագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք օրենքի հեղինակներն ընդունել են: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխությունները որեւէ խնդիր չեն առաջացնում լրագրողների կամ լրատվամիջոցների համար: Պարզապես գործող օրենքի կարգավորումներն ավելի են հստակեցվել:

Ի՞նչ փոփոխություններ են արվել

Գործող օրենքով հեղինակային իրավունքի օբյեկտ չի համարվում օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի մասին տեղեկատվությունը: Իսկ փոփոխություններով օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի ընտրությունը  հանդիսանում է հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի արտահայտման ձեւը հանդիսանում է ստեղծագործական աշխատանքի արդյունք:

Օրենքում ավելացել է նաեւ նոր հոդված, որը սահմանում է լրատվական նյութի օգտագործման պայմանները: Մասնավորապես, սահմանված է, որ «Տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի (ցանցային լրատվության միջոց) լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում  թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության եւ վարձատրության վճարման: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի եւ լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի միջեւ կնքված պայմանագրով»:

Օրենքում տեղ գտած «Նպատակն արդարացնող ծավալ» ձեւակերպումը վերցված է հենց Բեռնի կոնվենցիայից: Գործող օրենքը եւս ունի «նպատակն արդարացնող ծավալ» հասկացությունը, եւ հիմա սահմանվում են չափորոշիչներ, թե հատկապես ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի դատարանը նմանատիպ գործեր քննելիս:

Հեղինակային նյութերը տարբեր լրատվամիջոցներում վերարտադրվում են երբեմն առանց սկզբնաղբյուրի նշման կամ որեւէ հղում կատարելու: Ընդհանրապես արգելել հնարավոր չէ, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ էլ նախատեսված է, որ յուրաքանչյուր ոք ունի տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատություն տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Այստեղ խնդիրը զուտ ծավալն է, թե մի լրատվամիջոցը ինչ ծավալով պետք է վերարտադրի մեկ այլ լրատվամիջոցի հրապարակումը, որպեսզի վերջինիս չվնասի:

Հաճախ լրատվամիջոցները, վերահրապարակելով այլ լրատվամիջոցի նյութը, վերջում նշում են` «մանրամասները կարդացեք  X կայքում»: Երբ այդ ցուցումով բացում ես սկզբնաղբյուր լրատվական կայքը, տեսնում ես, որ ամբողջ նյութն արդեն կարդացել ես եւ այնտեղ ընդամենը մեկ նախադասություն է մնացել, որն էական չէր, քանի որ առանց դրա էլ քեզ համար բացահայտված է նյութի ամբողջ բովանդակությունը:

«Նպատակն արդարացնող ծավալ» եզրույթը ոչ մի երկրում չունի հստակ, կոնկրետ սահմանում, եւ սա դատական պրակտիկայի խնդիր է: Քանի որ այս առումով Հայաստանում չկա դատական պրակտիկա, որոշ պատգամավորներ եւ շահագրգիռ անձինք մտավախություն ունեն, որ նորմը կմեկնաբանվի յուրովի եւ խնդիրը կարգավորելու փոխարեն ավելի կսրի վիճակը:

Փոփոխություններից մեկով էլ «տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին: Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութներից քաղվածքներ վերարտադրելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշելը պարտադիր է, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է»:

Նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ պատգամավորները ելույթներ չունեցան, իսկ առաջին ընթերցման ժամանակ ներկայացնում էին մի շարք մտահոգություններ:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանի համար ընդհանուր առմամբ ընդունելի էին այն գաղափարները, որոնք դրված են օրենքի փոփոխությունների հիմքում, քանի որ նրա կարծիքով`այսօր լրատվական դաշտում որոշակի խառնաշփոթ կա: Սակայն պատգամավորը մտավախություն ուներ, որ օրենքի փոփոխությունից հետո եղած խառնաշփոթն է՛լ ավելի կմեծանա: Պատգամավորի համոզմամբ` հասկացությունները, որոնք տեղ են գտել նախագծում, չափելի չեն, եւ դժվար է դրանց բացահայտումը:

« «Արտահայտման ձեւը հանդիսանում է ստեղծագործական աշխատանքի արդյունք» ձեւակերպումը հստակ չէ, ո՞վ է չափելու՝ ներկայացվածը աշխատանքի արդյու՞նք է, թե՞ ոչ: Սա վիճելի է, եւ յուրաքանչյուր մարդ կարող է յուրովի մեկնաբանել, քանի որ սուբյեկտիվիզմի աստիճանը բավականին բարձր է»,- մտահոգված էր պատգամավորը:

Խ. Հարությունյանի մյուս նկատառումը վերաբերում էր վերարտադրման արդյունքում բուն լրատվական նյութի (առաջին ընթերցման ժամանակ այս ձեւակերպումն էր տրված, թեեւ փոփոխությունը բովանդակային առումով ոչինչ չի փոխում-հեղ.) չբացահայտմանը: Ըստ պատգամավորի`մեկի պատկերացմամբ հնարավոր է՝ վերարտադրումը բացահայտում է բուն լրատվական նյութը, մյուսի պատկերացմամբ` չի բացահայտում: Դատավորները եւս կարող են յուրովի մեկնաբանել, եւ նրանցից յուրաքանչյուրը մյուսներից էականորեն տարբերվող կարծիք կարող է ունենալ:

«Թեեւ ասում եք, որ լրատվամիջոցները մեկը մյուսի դեմ հայցեր չեն ներկայացնում, բայց ինչեւէ, պետք է այնպիսի օրենքներ ընդունենք, որ բոլորի համար հասկանալի լինեն,- նշում է Խաչիկ Հարությունյանը եւ հավելում,- այլ լրատվամիջոցից նյութ վերցնելու նպատակը հենց լրատվության բացահայտումն է, եթե օրենքով արգելվում է նման բացահայտումը, ապա ընդհանրապես այդ նյութը վերցնելու իմաստը կորում է»:

Նախկին լրագրող, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ օրինագիծը դրական միտումներ է պարունակում եւ լրացուցիչ իմունիտետ է տալիս բարեխիղճ լրատվամիջոցներին, սակայն դատական համակարգի ներկայիս վիճակում շատ մեծ լավատեսություն է պետք ունենալ դատական համակարգին եւս մեկ գործիքով օժտելու համար: Պատգամավորի խոսքերով՝ պետք է թույլ չտալ, որ դատարաններն այսօրվա իրենց մակարդակով որոշեն այս կամ այն լրատվամիջոցի բարեխղճության աստիճանը, քանի որ օրինագիծը լուրջ ռիսկեր է պարունակում:

ԲՀԿ խմբակցությունը եւս հանդիպումներ է ունեցել մի քանի ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նաիրա Զոհրաբյանի խոսքերով` նրանց մեծամասնությունը, հասկանալով ռիսկերը, այնուհանդերձ ընդունելի է համարել օրինագիծը:

«Հնարավորինս պետք է նվազեցվեն ռիսկերը, որպեսզի այս օրենքը չօգտագործվի որպես մահակ անցանկալի լրատվամիջոցների ձայնը կասեցնելու համար»,- ասում էր Ն. Զոհրաբյանը:

«Հանրապետական» եւ «Իրավունք» թերթերի նախկին գլխավոր խմբագիր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը եւս մտավախություններ ունի: Նա էլ է կարծում, որ օրինագծում տեղ են գտել մի շարք ձեւակերպումներ, որոնք ամբողջությամբ թողնված են դատարանի հայեցողությանը: Պատգամավորը դժվարանում է պատկերացնել, թե դատավորն ինչպե՞ս է որոշելու նպատակն արդարացնող ծավալը, կամ` վերարտադրումը բացահայտու՞մ է բուն լրատվական նյութը, թե՞ ոչ, դրանից սկզբնաղբյուրի ընթերցողների թիվը պակասու՞մ է, թե՞ ոչ: Ըստ նրա՝ պետք է հստակ լինեն ձեւակերպումները, որպեսզի արդյունքում «խուճուճ» օրենք չստացվի:

Պատգամավորին մտահագում էր նաեւ վերլուծությունների ժամանակ այլ լրատվամիջոցներից կամ անձանց խոսքերից մեջբերումներ անելու հարցը:

«Եթե, օրինակ, մեջբերում է արվում Չինական «Ժմի Ժբաու» թերթից, ու՞մ պետք է հարցնես, ե՞րբ հարցնես կամ ինչպե՞ս վարձատրես հեղինակին: Նման հարցեր էլ ունենք, միայն տեղական հարցերը չեն: Կամ վարձատրությունը…պատկերացնու՞մ եք՝ մարդն ուզում է վերլուծություն անել, ասենք՝ լրագրողն ուզում է ամփոփել օրվա համայնապատկերը եւ պետք է մեջբերումներ անի մի 10 լրատվամիջոցից: Սա արդեն խնդիր է ստեղծում»:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ եթե նպատակն արդարացնող ծավալով է մեջբերվում, ապա ոչ հեղինակի թույլտվությունը, ոչ էլ վճարել է պետք: Վճարման հարց առաջանում է միայն ամբողջական վերարտադրության դեպքում, այն էլ` կողմերի համար ընդունելի տարբերակով:

Նշենք, որ վերարտադրելու եւ հեղինակայինիրավունքի օբյեկտ հանդիսացող հրապարակումը օգտագործելու վերը նշված դրույթները չեն տարածվում հերքման կամ պատասխանի իրավունքի իրականացման վրա:

Օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկով նախագծում ավելացել է նոր պարբերություն, որը վերաբերում է հեռուստաընկերություններին, այն է՝ հեռարձակող կազմակերպության այն հաղորդումները, որոնք իրենց բնույթով ուղղված են մամուլի տեսության ներկայացմանը, եւս պարտավոր են պահպանել նախատեսված դրույթները:

Հստակ սահմանված է նաեւ վերը նշված իրավունքների խախտման համար վնասի հատուցման չափը`100-200 հազար դրամ: Այս սահմանաչափը եւս լրատվամիջոցների առաջարկությամբ է եղել:

Օրենքի նախագծի ընդունման քվեարկությունը կկայանա հաջորդ քառօրյայի ժամանակ` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter