HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչոյան

Կալանավորները

Բաց պատուհանից երևաց ճաղատ կապիտանը:

– Ծերուկ, ոնց պայմանավորվել ենք: Անձամբ կհանձնես մեր Ինգային: Իմացա՞ր:

– Ճիշտ այդպես:

– Մոտեցիր դռանը, վերցրու:

Ծերունին ուսապարկի ծանրությունից գնաց հետ-հետ` սրունքների չոր ոսկորներին ճիպոտահարված ստացած եզան նման:

«Խոզի ծնունդ, ամբողջ ճամբարը կերցրեց բոզերին, բա դրա կըպչուն ժպիտը, մեր Ինգային... թյու, հիմա էլ այդ շան քածը: Նրա զզվելի շփոթ ժպիտը: Իբր թե այս քոսոտ կալանավորին էլ խղճալուց է ուղարկում հոսպիտալ: Դե արի, երեք ժամ ճանապարհ գնա այս շոգին... այս բեռով... այս կաղ շանորդու հետ...»:

Կալանավորը և ուղեկցողը ճամբարից դուրս եկան: Առջևից կաղալով գնում էր կալանավորն, ու ճանապարհի փոշու մեջ խեղդվում էր ձեռնափայտի բութ ու անտարբեր կտկտոցը: Ծերունին քայլում էր փութաջան դանդաղկոտությամբ` ոտքերը չռած: Նա կյանք, պատերազմներ տեսած ծերունի էր: Հասկացավ, որ կալանավորի լայն ուսերի մեջ, վզի մկանների տակ, իրեն վախեցնող, չհաշտվող, դարանած ուժ կա: Նա ըղձական եղանակով կծու հայհոյեց կապիտանի մորը: Միշտ այդ ակնոցավոր կապիտանին որձ ձիու էր նմանեցնում: Հիմա էլ, սննդամթերքով բեռը շալակին, երեք ժամ ճանապարհ պիտի գնար, որ հանդիպեր Ինգային: Կալանավորը կռացավ և շփեց վիրավոր ոտքը: Ծերունին նրա ձեռնաթաթի լայն երակների մեջ այնպես պարզ տեսավ ջեռ արյան աշխույժ հոսքը: Նրա ատլետիկ ուսերի մեջ իրեն վախեցնող հաղթանակի ճիչ կար: Նա դողդոջ մատներով արձակեց բաճկոնի կոճակի վերևի խեղդող կեռիկը:

Կապուտակ երկնքից կախվել էին արտույտները` հրաձգարանի խաղալիքների նման: Կալանավորը տեսել էր, թե ինչպես ծերունին ճամբարից մի քանի հոգու տարել էր, ու նրանք էլ չէին վերադարձել: Ճամբարում բոլորը սարսափով էին նայում ծերունուն ու աշխատում էին չտեսնել նրան:

Նիհար արահետը, պոչը ցից քերծե շան նման, վազում էր նրանց առջևով ու մտնում տայգայի խորհրդավոր, մութ լռության մեջ:

Ծերունին զգուշավոր աչքերը չկտրելով կալանավորից` ծանոթ շարժումով արձակեց ատրճանակի պատյանի կոճակը: Կալանավորը ուշադիր էր անտառի նոսր օդի մեջ խաղացող ամեն մի շշուկի նկատմամբ ու առանց ետ նայելու զգաց, որ այդ փոքրիկ, վտանգավոր չրթոցը թաքնված էր կոճակի տակ: Գայթեց: Մտածեց, որ պարկուճում քնած գնդակը քիչ է ապրում: Ընդամենը մի թիթեռի կարճ կյանք, թիթեռի նման կթռնի ձգված պորտալար տարածության միջով ու մեջքին կարմիր ծաղիկ կորոնի: Իր արճճե թևերի ծանրությամբ և մահվան անթոթափելի թեթևությամբ ինքը սկզբից կիջնի ծնկներին, հետո փորին շուռ կգա ու երևի աչքերի տաքությունը սառելուց առաջ մի քանի կաթիլով կթրջի շալվարը: Եվ ոչ ոք չի իմանա, որ իր հետ պատահած դեպքը լրիվ պատահական էր, այդ չարաբաստիկ կրակոցը: Գուցե ծերունին մտածում է, թե ինքը թույլ է, տեղ չի հասնի: Ձեռնափայտը  գցեց ու վիրավոր ոտքի հեծկլտացող ցավը կապտած շրթունքների հետ ծամելով` քայլեց:

Ծերունին, հայացքը չկտրելով նրանից, մաքրեց քրտնաթոր ճակատը, աջ ձեռքով քշեց մոծակների պարսը: Վտիտ ուսերը վառվում էին փոկերի տակ: Ուսապարկի` մետաղյա տուփերով սննդամթերքն այնպես անխղճորեն էր տրորում քրտնած, ոսկրոտ ողնաշարը: Եվ այդ սառը բեռը, կլանելով իր ուժերը, ավելի էր ծանրանում: Սիրտը, մի ակնթարթ, կարծես դուրս էր թռնելու կոկորդից: Ծերունին երկար տրորեց անհավատարիմ կուրծքը: Նկատեց, որ իր և կալանավորի միջև եղած տարածությունը մեծացել է:

Կալանավորի և’ մոտիկությունն էր վտանգավոր, և’ հեռավորությունը: Եթե նա փախչի, մոտերքում կբռնեն: Եվ այդ ձիադեմ կապիտանը քաղաքական իմաստ կտա դեպքին, ատրճանակի փողը բերանը կխոթի, չի նայի, որ ինքը ծեր է, բեռների տակ փորի պատռվածք ունեցավ: Հիմա էլ Ինգան, գոնե ուրիշը լիներ: Թյու, խոզի ծնունդ:

Դողացող մատների դաշնը ատրճանակի սառը կոթի հետ այնպես համոզիչ էր: Կապիտանին խաբելը դժվար չէր...

– Ուզեց փախչել, դե ես էլ ... Նա դեզերտիր է, դիտմամբ կրակել է ինքն իր վրա...

Խաբելը դժվար չէր, դե ես էլ... պրծավ, գնաց:

Գերին առանց ետ նայելու, շիկացած օդի լռության մեջ, տեսավ նրա շարժումը, որ հիմա դուրս կքաշի... ու արճճե թիթեռն իր կարճ կյանքի տարածությունը կթռնի:

Եվ թպրտացող սիրտը երկար ժամանակ չէր հաշտվում վախի հետ:

– Քանի՞ երեխա ունես:

– Վեց:

Իր ունեցած երկուսին էլ չորսը ավելացրեց: Ծերունին կխղճա, չի համարձակվի, կխղճա երեխաներին...

Ջահել ես երևում, մինչև այստեղ գալդ որտե՞ղ էիր աշխատում:

– Դպրոցում դաս էի տալիս: Այդ պատմությունը պատահական էր, ախր որսի ժամանակ կպատահի, չէ՞:

Ծերունին չասաց, որ ուսուցիչը մեղադրվում է ինքնախեղության, դեզերտիրության համար:

– Ուսուցիչ էիր ու հայտնվեցիր այստեղ… Էն էլ պատերազմի այս խառը ժամանակ:

Չուզեց հավատալ ծերունին: Նա տեսավ նրա կծկված բռունցքներում կուտակվող ուժը: Հասկացավ, որ շատ են մոտեցել: Հիմա կալանավորը շուռ կգա ու նրա ջեռ մատների մեջ կսառի իր կոկորդի տաք շունչը: Սիրտը կրկին ծակեց, ձեռքն իջեցրեց պատյանին: Դիմացի ծառի տակ որձ կաքավն իջավ էգի վրայից ու թևերը քսելով ծառերի սաղարթներին` թռան, գնացին: Կալանավորը չկարողացավ հիշել, թե երբ էր երգել (արծաթ գոտի ուներ մեջքին):

«Հայ, կքելեր, ոնց կքելեր,

Ծամեր ուներ` ոսկի թելեր»:

Նվագողները քրտնել էին, Աշխենի փեշն էր փռփռում քամու բերանին:

Ծերունին վարտիքի թաց, կպչուն տաքությունը զգաց ամուլ ամորձիներին, փորի գազերի հետ կեղտոտել էր: Ազդրերն այրվում էին այդ թացության անընդհատ քսվելուց, ու նա ոտքերը լայն էր դնում: Ուռած ոտքերի ամբողջ տրփացող ցավը կարծես ոսպնյակով հավաքվել էր մի կետում` կոշտուկների մեջ: Հոգնած ոտքերն առանց ծնկները ծալելու էր տեղափոխում:

Ուսապարկի ծանր բեռը քերել էր չոր ողնաշարն ու քրտինքի աղիությունից մրմռում էր: Մոծակները պարսերով լցվում էին աչքերի մեջ, ու նրա զայրույթը կրկնապատկվում էր: Նա ուսապարկն իջեցրեց: Կարմրած, քրտնաթոր դեմքը գլխարկով մաքրեց: Ծոցագրպանից հանեց դեղահաբն ու դրեց լեզվի տակ: Չնստեց: Գիտեր, որ եթե նստի, այլևս չի կարողանա վեր կենալ:

Չարչարվեց, չարչարվեց ու չկարողացավ բեռը շալակել: Հայհոյեց կապիտանին` այդ որձ ձիուն: Երբ հարբած գալիս էր Ինգայի մոտ, ինքն ինչու չխեղդեց այդ դահիճին: Ախր, ինքը քանի անգամ էր որոշել պայթեցնել տունը:

Չարչարվեց ու չկարողացավ բեռը շալակել: Նա պատերազմներ տեսած ծերունի էր, իր թիկունքը չվստահեց կալանավորին: Մի քանի քայլ հեռու գնաց բեռից: Կալանավորը շալակեց իր ուսապարկը և ուսապարկից մեջքին զգաց ծերունու քրտնաթոր տաքությունը: Նրան ուրախացրեց հակասական հաշտությունը. բեռով կպաշտպանվի ծերունուց:

Ինչ էլ լինի, հարկավոր է բեռը տեղ հասցնել: Ծանրությունը մտավ երակների մեջ ու մխոցի նման սեղմում էր արյունը, քամում: Զգաց, թե ինչպես է թրջվում վիրավոր ազդրին կապած վիրակապը: Այդ կպչուն կաթիլները, մրջյունների նման` ոտքի մազերի մեջ վազ տալով, լցվում են սապոգները, տրորվում ներբանների տակ, ու ինքը քայլում էր իր արյան մեջ: Գիտեր, որ պետք է զգույշ լինել, թփերի արմատները կդավեն, քարշ եկող ոտքին տիրապետել է պետք: Գիտեր, որ եթե ընկնի, ծերունին չի տանի, մի գեղեցիկ կյանք էր անցել, աշակերտներ ուներ, որոնք իրեն սպասում են, հիմա եթե ընկնի, ծերունին այդ ամենից ուժեղ կլինի: Երկնքում լայնատարած սև ամպերը ուր որ է անձրև էին տեղալու: Մոծակները պարսերով հարձակվում էին նրանց վրա, որը և նեղում էր նրանց, մղում վճռականության...

Ծերունին նկատեց, որ նրա մաշկը կորցրել է նախկին փայլը, վզի երակները սմքել են, ուսերը կծկվել են, ու բեռն աստիճանաբար երկարել, կախվել է: Նա կյանք, պատերազմներ տեսած ծերունի էր, հասկացավ, որ նրա ցամաքող երակները ներսում խեղդում են ամբողջ մարմինը ու իր պարտությունը: Կալանավորի կապտող շուրթերն իր հաղթանակի սկիզբն է: Դա իր հաղթանակն էր, արյունով ու քրտինքով տարած իր հաղթանակը, դա իր վախկոտ հաղթանակն էր... Ռոզայի` իր սիրելի կնոջ մահը... դա իր բեռն էր... և իրեն բաժին ընկած պատերազմն ու սպանությունը... Իսկ կալանավորը նրան պատմում էր խաղողի հնձանների ու գինու կարասների մասին: Թե` իբրև, գիշերը լուսնյակը արծաթ կափարիչ է` գինու կարասի բերանին: Ձեռքդ տանում ես, որ բացես այն, գինու մեջ երերում է` աղջկա` ծոցից հանած ստինքի նման: Կալանավորն իրենց տան երգն էր հիշել. «Հայ, կքելեր, ոնց կքելեր, մազեր ուներ` ոսկի թելեր»: Ծերունու մոտ փակ դռան ժանգոտված մի բանալի էր մնացել, և այն միտքը, որ ինքը տունը մի օր կպայթեցնի: Ինգան` իր սիրելի աղջիկը, զինվորների հետ էր քարշ գալիս...

Կալանավորը զգաց, որ այլևս չի կարողանում գնալ, քայլերի մեջ մինչ այդ եղած վստահությունը ճապաղում էր բեռան տակ: Վիրավոր ոտքը ետ էր մնում: Հարկավոր էր նրան տանել: Քաշել էր պետք` առանց խնայելու, մի քիչ բարձր... Ներսից` դատարկ ստամոքսից, ինչ-որ բան բարձրանում էր, ուզում էր փսխել: Բարձրանում էր մինչև կոկորդն ու չկար, բարձրանում էր մինչև կոկորդն ու քաղցրահամ արյունը լցվում էր բերանը: Ուղեղի ծալքերի ցանցում մոլորվել էր արճճե թիթեռը: Ծնկները հիմա կծալվեն... Եթե քամին չլինի, երևի տեղատարափ անձրև կսկսվի...

Քամին, փոքր երեխայի նման, ընկել էր մասրենու փշերի մեջ, արյունոտված մարմնի ցավը չէր կարողանում զսպել ու անընդհատ լացում էր:

Հեռվում` լուսարձակի վրա, երևաց կարմիր խաչը... երկուսի խաչը...

Ինգան այդ հոսպիտալում բժշկուհի էր...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter