HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը լրացնելու, հստակեցնելու և մեկնաբանելու կարիք կա

Վիրավորանքի եւ զրպարտության հայցերով ներկայացվող գումարային պահանջները հավասարակշռելուց հետո լրատվամիջոցների ու լրագրողների համար նոր մարտահրավեր են գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին դատարանների որոշումները: 2013թ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արգելանքի որոշումներ կայացրեց երեք լրատվամիջոցների նկատմամբ. «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցչի միջնորդության հիման վրա արգելանք դրվեց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության եւ թերթի լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու ներկայացուցչի միջնորդության հիման վրա՝ «Ժամանակ» օրաթերթի ու նրա հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն»-ի եւ «Առաջին լրատվականի ու նրա հիմնադրի դրամական հաշիվների վրա:

Լրատվամիջոցների գույքն ու դրամական  միջոցներն արգելանքի վերցնելը նորույթ չէր. վերջին տարիներին «Հրապարակ» օրաթերթի դրամական հաշիվների վրա դատարանները երկու անգամ արգելանք են դրել, այնուհետեւ այլ հայցերով մի քանի անգամ արգելանքի էր վերցվել խմբագրության գույքը: Լրագրողական համայնքի կոշտ հակադարձման արդյունքում հիշյալ լրատվամիջոցի դրամական միջոցների վրա դրված արգելանքը 10 օր հետո հանվեց: Լրատվամիջոցների գույքի ու ֆինանսական միջոցների վրա արգելանք դնելու հանգամանքը, Եվրոպական դատարանի մոտեցումներով գնահատվեց լրատվամիջոցների ազատության սահմանափակում: «Դատարանի կողմից հայցի ապահովման այնպիսի միջոցի կիրառումը, որը ներգործում է լրատվամիջոցի կամ լրագրողի տեղեկություններ փնտրելու ու տարածելու հնարավորության վրա, համարվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիմքով տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու ու տարածելու ազատության իրավունքի միջամտություն, եւ այդ իմաստով տվյալ լրատվամիջոցը կամ լրագրողը կարող է իրեն համարել այդ իրավունքի միջամտության զոհ»,- արգելանքի որոշումների մասին իր կարծիքը հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Թվում էր, թե դրամական միջոցների վրա դրվող արգելանքի խնդիրը լուծվեց, եւ դատարաններն այսուհետ ձեռնպահ կմնան նման ծայրահեղ միջոցներ կիրառելուց, սակայն այս տարի, երբ ՀՀ երկրորդ նախագահն ու նրա որդին կրկին հայցադիմում ներկայացրին «Ժամանակ» օրաթերթի եւ www.1in.am-ի դեմ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Ա. Սուքոյան) արգելանք կիրառեց լրատվամիջոցների ու նրանց հիմնադիր եւ հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի   եւ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի  դրամական հաշիվների վրա: Ճիշտ է, միջնորդությունը մասնակի է բավարարվել (հերքումից բացի, Քոչարյանները հիշյալ լրատվամիջոցներից պահանջում են նաեւ հատուցել 5 մլն դրամ, որից 2-ական մլն դրամ՝ զրպարտության համար, 1 մլն դրամ` փաստաբանական ծառայության վճար), այնուամենայնիվ, դրամական հաշիվներն արգելանքի վերցնելը սահմանափակում է նյութական խիստ դժվարություններ ունեցող լրատվամիջոցների գործունեությունը: Միաժամանակ, դրանով ընդգծվում է, որ որոշ արտոնյալների դեպքում, ինչպիսին նախկին նախագահն է, այն կիրառվելու է (Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի   եւ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի` պատիվը եւ արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման պահանջների մասին): Սա, իրավամբ, այն դեպքն է, երբ լրատվամիջոցի գույքի վրա արգելանք դնելը կարող է զսպող ազդեցություն ունենալ տեղեկատվության ազատության հոսքի վրա:

Իրավաբան Արա Ղազարյանն իր մեկնաբանություններում տագնապահարույց չի համարում գույքի վրա դրվող արգելանքի որոշումները՝ կարծիք հայտնելով, թե դրանում լրատվամիջոցի գործունեությանը սպառնացող վտանգ չի տեսնում, ինչպես պնդում են լրատվամիջոցները: «Հետք»-ի լրագրողի հարցին ի պատասխան մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի եւ թերթի լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դատարանի կողմից արգելանքի որոշում դնելու փաստը՝ Արա Ղազարյանը հայտնել է.  «Եթե լրատվամիջոցի մասին է խոսքը, հայցվորները պետք է հասկանան, որ պետք է խիստ հիմնավոր պատճառ լինի նման միջնորդություն ներկայացնելու: Ես չտեսա նման անհրաժեշտություն»:

Այնուհետեւ անդրադառնալով միջնորդության մեջ նշված երեք պահանջներին՝ ֆինանսական միջոցների վրա արգելանք դնել, գույքային միջոցների վրա արգելանք դնել եւ արգելել, որ խնդրո առարկայի վերաբերյալ մինչեւ դատաքննության ավարտը նյութ հրապարակվի, իրավաբանը նշում է, որ այս երեքից դատավոր Ռ. Ափինյանն ընտրել է այն պահանջը, որը նվազ միջամտության բնույթ ունի թերթի գործունեությանը: «Այսինքն՝ նա հավատարիմ է մնացել իր սկզբունքներին այն իմաստով, որ համաչափ մոտեցում է ցուցաբերել, որպեսզի ե՛ւ հայցվորի միջնորդությունը բավարարի, ե՛ւ լրատվամիջոցին չզրկի գործելու հնարավորությունից: «Ժողովուրդ»-ի գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրել, որպեսզի նա չվաճառի, չօտարի գույքը, այլ ոչ թե չօգտագործի»,- հայտնել է իրավաբանը: Այնուամենայնիվ, լրատվամիջոցն իր անհանգստությունը հանրայնացնելուց բացի՝ դատարանում լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը հանելու միջնորդություն ներկայացրեց, որը դատարանը բավարարեց: 

Ոչ հրապարակային վիրավորանքից նույնպես պաշտպանվել է պետք

Ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրն օրակարգային հարց դարձավ 2011-ին, երբ դատարանը քննում էր «Հետք» էլեկտրոնային թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցն ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի: Լրագրողը զանգահարել էր պատգամավորին, եւ նա լրագրողի հարցին ի պատասխան՝ սեռական բնույթի հայհոյանք էր տվել: Լրագրողը դիմեց իրավական պաշտպանության եւ դատարանում պարտվեց:

Դատարանը, գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, գտավ, որ հայցվոր ՙՀետք՚ թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` հայցվորի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին, անհիմն է եւ ենթակա է մերժման հետեւյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Այսինքն, եթե օրենսդրությամբ ոչ հրապարակային արտահայտության համար պատասխանատվություն նախատեսված չէ, ապա դա չի կարող որպես վիրավորանք որակվել, իսկ դատարանն էլ չի կարող օրենքով չնախատեսված պարտականություններ սահմանել պատասխանողի, տվյալ դեպքում՝ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:
Իսկ հայցվորի կողմից ներկայացված ապացույցներով որեւէ կերպ չի հիմնավորվում վիրավորանքի հրապարակային լինելը, քանի որ դա եղել է ոչ թե հրապարակային, այլ անձնական հեռախոսային խոսակցության ընթացքում: (
Մեջբերումը՝ «Գրիշա Բալասանյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի» գործով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռից):

Ոչ հրապարակային վիրավորանքի համար պատասխանատվության բացակայության հարցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննեց 2011թ.: ՍԴ-ն իր որոշման մեջ արձանագրեց, որ այս իրավակարգավորման բացը հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը: Անցնող երկու տարիների ընթացքում այս հարցն օրենսդրական կարգավորում չստացավ, իսկ այդ ընթացքում արձանագրվեցին լրագրողին ոչ հրապարակային վիրավորանք հասցնելու նոր դեպքեր:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը զանգահարել էր գործարար Խաչիկ Խաչատրյանին՝ հրապարակվելիք նյութի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, սակայն վերջինս պատասխանել էր. «... Իհարկե, տենց բան չի եղել, վաղն էլ էդ ես գրելու: Դե, գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց։ Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»:

Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար Խաչիկ Խաչատրյանի դեմ ներկայացված հայցը, որով գործարարից պահանջում էին ներողություն խնդրել, վիրավորանքը փոխհատուցել 1 մլն դրամով եւ վճարել դատական ծախսերը: Դատարանը, հղում կատարելով «Գրիշա Բալասանյանի հայցն ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի» գործով կայացված վճռին, արձանագրեց, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային, անձնական հեռախոսային խոսակցության ընթացքում: Վերաքննիչ դատարանը նույնպես մերժեց լրագրողի բողոքը՝ պատճառաբանելով, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը հստակ է սահմանել վիրավորանքի հասկացությունը, այն է՝ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։ Ըստ դատարանի՝ հոդվածի բովանդակության վերլուծությունից պարզ է դառնում, որ ի թիվս այլ պայմանների բավարարման, որպեսզի խոսքի միջոցով արված արտահայտությունը համարվի վիրավորանք, այն պետք է արվի հրապարակայնորեն, այսինքն՝ առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ։

Փաստաբան Արա Զոհրաբյանը, անդրադառնալով այս հարցի իրավակարգավորմանը, շեշտում է, որ դատարաններն անտեսում են լրագրողների գործունեության բնույթը, հանրային կարեւորությունը եւ կայացրած վճիռները տեղավորում են միայն օրենքի հոդվածի նեղ մեկնաբանության սահմաններում: Նրա դիտարկմամբ, եթե Վճռաբեկ դատարանը որեւէ գործով բողոքը վարույթ ընդունի եւ սահմանի, որ ոչ հրապարակային վիրավորանքի եղանակով արժանապատվությունն էլ է պաշտպանության ենթակա, կկանխի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի պարտության դեպքերի քանակը: «Դատարանները պարտավոր են պաշտպանել անձի խախտված արժանապատվությունը, եւ այսօր դատարանն օբյեկտիվորեն ունի այդ իրավական հնարավորությունը, դատարանը կարող է նույնիսկ օրենքի անալոգիա կիրառել: Քաղաքացուն հետաքրքիր չէ, թե օրենքով նախատեսվա՞ծ է կոնկրետ պաշտպանության եղանակ, թե՞ ոչ, քանի որ կա օրենսդրորեն, այն էլ՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք, հետեւաբար այն ենթակա է պաշտպանության ցանկացած խախտումից»,- ասում է Ա. Զոհրաբյանը:

Սակայն Վճռաբեկ դատարանը, ինչպես վիրավորանքի ու զրպարտության հայցերի հետ կապված իրավակարգավորում պահանջող նախորդ խնդիրների դեպքում, այս անգամ էլ չստանձնեց օրենքով այդ ատյանի համար սահմանված իրավակարգավորողի դերը: 2013թ. սեպտեմբերի 6-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի ներկայացրած բողոքը:

Արա Զոհրաբյանը «Հետքի» հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են», իսկ 14-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից»: «Այս նորմերից հետեւում է, որ պետությունը պարտավոր է պաշտպանել մարդու արժանապատվությունը: Այս դեպքում պետություն ասելով՝ սահմանադիրը նկատի ունի ինչպես դատական իշխանությանը, այնպես էլ՝ օրենսդիր »,- հայտնել է փաստաբանը:

Մարդու իրավունքների  պաշտպան Կարեն Անդրեասյանն այս տարվա ապրիլ ամսին տարածած հաղորդագրությամբ լրագրողներին ոչ հրապարակային ձեւով արտահայտված վիրավորանքներից պաշտպանելու պատրաստակամություն հայտնեց: Պաշտպանը դիմեց Դատարանների նախագահների խորհրդին (ԴՆԽ)՝ լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում արված արտահայտությունների բնույթի հստակեցման նպատակով խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանում ստանալու խնդրանքով: Դատական իշխանությունը, սակայն, դարձյալ խուսափեց այս չափազանց կարեւոր հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց: ԴՆԽ-ից պատասխանել են, որ պաշտոնական պարզաբանման անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ դրա հետ կապված կա օրենսդրական հստակ կարգավորում եւ ձեւավորված իրավակիրառ պրակտիկա: 

Դատարանը հստակեցրեց «գնահատական-դատողության» իրավական եզրույթը

Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով դատարանում քննվող գործերում ամենավիճահարույց հարցերից մեկը վիրավորանք որակվող արտահայտություններն են: Մամուլի տեսաբանների դիտարկմամբ՝ գնահատական-դատողությունները դատարանները հաճախ նույնացնում են վիրավորանքի հետ կամ հակառակը, որովհետեւ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, ըստ իրավաբանների, չի տալիս «գնահատական-դատողություն» հասկացության ինքնուրույն սահմանումը։ Մամուլի տեսաբանները նկատել էին, որ դատարաններն իրենց որոշումներում անդրադառնում են այս հասկացությանը, սակայն օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով երբեմն ստեղծվում են իրավիճակներ, երբ դատավարության կողմերը փաստի մասին հայտարարությունն ընկալում են որպես գնահատական-դատողություն, կամ, ինչպես տվյալ դեպքում, գնահատական-դատողությունն է ընկալվում որպես փաստի մասին հայտարարություն։ 

2013թ. քննված դատական գործերից «ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայցադիմումն ընդդեմ «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ընկերության (որի պարբերականն է «www.n-idea.am» կայքը պատվի եւ արժանապատվության պաշտպանության եւ վնասի հատուցման պահանջի մասին» գործն առանձնացավ նրանով, որ այս գործով վերաքննիչ դատարանը տվեց «գնահատական-դատողություն» եզրույթի դատական մեկնաբանությունը։

Հայցվոր Արմեն Դարբինյանը վիրավորական է համարել հրապարակման հետեւյալ արտահայտությունները`
1. …Եվ ահա այսօր Արմենչիկ Դարբինյանը` նորահայ իրականության այդ նապոլեոնակերպ ֆենոմենը, վրդովվել է Սյուզան Սիմոնյանի հոդվածից։ Facebook-ի իր էջում այդ ցռանը գրել է …»:
 
2. «…Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է այդ ոչնչությունը, այս խղճուկ ցռանը, որը խլում է մեր երեխաների հացը
(ի դեպ, սպառնալիքի տակ են Հայաստանի բոլոր (ոչ էլիտար) երեխաները), ցռան Դարբինյանին առայսօր հաջողվել է խլել իմ երեխայի, Սերոբյանի ու էլի շատերի երեխաների հացը, բայց դա չի նշանակում, թե նա դրանով կկշտանա…»:
3. «… Թեկուզեւ այն բանի համար, որ Վազգենը կանոնավորապես
(գրեթե ամեն օր) դաստիարակչական գործողություններ էր կազմակերպում արմենչիկակերպ ուռոդների հանդեպ…»։
 

Իսկ զրպարտություն հայցվորը որակել է հրապարակման մեջ տեղ գտած հետեւյալ  նախադասությունները.
1. պետությունը նրան թույլ է տվել ապրել իրավական դաշտից դուրս, այլ բարիքներ էլ է նվիրել, որոնք նա կարողացել է «ցրել»,
2. պետությունն Արմենչիկ Դարբինյանին թույլ է տալիս անպատիժ մտնել Հայաստանի հասարակ քաղաքացիների գրպանը, նրանց նյութական վնաս հասցնել,
3. այսպես, այս փառահեղ վարչապետն ամբողջ կյանքում սնվել է գողացած մսով եւ մսամթերքով /այսինքն անվճար/, քանի որ նրա պապան մսի կոմբինատն էր թալանում տնօրենի կարգավիճակում, իսկ մինչ այդ Արմենչիկ Դարբինյանը սնվում էր թելմանցքով,
4. ցռան Դարբինյանին առ այսօր հաջողվել է խլել իմ երեխայի, Սերոբյանի ու էլի շատերի երեխաների հացը,
5. … Վազգենն Արմենչիկ Դարբինյանին /վարչապետ եղած ժամանակ/ իր մոտ է կանչել այդ ժամանակվա ֆինանսների նախարար Սանդոյանի հետ, հայհոյել ամենահետին խոսքերով եւ ծեծելով համարյա թե մահվան դուռը հասցրել»։
 

Պատասխանողը վերը նշված արտահայտությունները համարում է գնահատող դատողություններ, քանի որ իրենցից ներկայացնում են կարծիքի արտահայտություններ։

Դատաքննության ընթացքում պատասխանող «Քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ը հայցվորի կողմից վիրավորանք եւ զրպարտող որակված արտահայտությունները ներկայացրել է որպես գնահատական-դատողություններ, որոնք ենթակա չեն ապացուցման: Այդ առումով եզրահանգել է, որ իր մոտ բացակայել է վիրավորելու դիտավորությունը, եւ որ իր վրա չպետք է դրվի այդ արտահայտություններն ապացուցելու պարտականություն։

Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն. դատարանը որոշել է, որ վերը նշված արտահայտությունները վիրավորական ու զրպարտող են։ Վերաքննիչ դատարանը հատկապես անդրադարձել է վերը նշված արտահայտությունների՝ գնահատական-դատողություն լինելու մասին պատասխանողի փաստարկներին եւ կատարել հետեւյալ եզրահանգումները.  «…վիճարկվող տեղեկատվության դատողություն հանդիսանալու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ է պարզել «դատողություն» բառի բուն իմաստը:

Տրամաբանությունում դատողությունը մտածողության այն ձեւն է, որն իրենից ներկայացնում է հասկացությունների համակցություն, որոնցից մեկը (սուբյեկտ) որոշվում եւ բացվում է մյուսի միջոցով (պրեդիկատ): Բանասիրությունում դատողություն է հանդիսանում կարծիքներ, խորհուրդներ, համոզմունքներ ունկնդրելու հիման վրա կատարված եզրահանգումը, ենթադրությունը, մեկնաբանությունը, պարզաբանումը: Այս պարագայում տրամաբանության տեսանկյունից բացակայում է պրեդիկատը, առկա է միայն սուբյեկտը (…«պետությունն Արմենչիկ Դարբինյանին թույլ է տալիս անպատիժ մտնել Հայաստանի հասարակ քաղաքացիների գրպանը, նրանց նյութական վնաս հասցնել», «…այս փառահեղ վարչապետն ամբողջ կյանքում սնվել է գողացած մսով եւ մսամթերքով /այսինքն անվճար/, քանի որ նրա պապան մսի կոմբինատն էր թալանում տնօրենի կարգավիճակում, իսկ մինչ այդ Արմենչիկ Դարբինյանը մինչ այդ սնվում էր թելմանցքով» եւ այլն), բանասիրական տեսանկյունից բացակայում են թե՛ խորհուրդները, համոզմունքները՛ եւ թե՛ դրանց հիման վրա կատարված ենթադրությունները, մեկնաբանությունները, պարզաբանումները, եզրահանգումները: Առկա է միայն միանշանակ փաստացի տվյալների վերաբերյալ պնդում, հայտարարություն, ներկայացում: 

«Հոդվածներում տեղակայված տեղեկությունները հանդիսանում են, ըստ էության, լրատվամիջոցի կողմից մտքի ու խոսքի ազատության սկզբունքով առաջնորդվելու միջոցով արտահայտված ոչ թե սուբյեկտիվ կարծիքներ, այլ դրանք իրենց բնույթով հանդիսացել են իրականությանը չհամապատասխանող, ընդհանուր բազմակարծիք բնույթ կրող, իբր իրականությանը համապատասխան փաստացի տեղեկություններ, որոնք վստահորեն եւ լրագրողի ունեցած ինչ-որ տեղեկատվական աղբյուրին հիմնված կարգով պատասխանողի կողմից վիրավորանքի տեսքով ներկայացվել է հանրությանը` արդյունքում ոչ միայն խորագրում տեղ գտած փաստացի, իրականությանը չհամապատասխանող եւ հրապարակային տեղեկություններով արատավորելով հայցվորի պատիվն ու արժանապատվությունը (զրպարտություն), այլեւ հենց խորագրում արտահայտած վիրավորական արտահայտությամբ ի սկզբանե փորձելով հասարակության լայն շրջանակի առջեւ արատավորել հայցվորի պատիվն ու արժանապատվությունը (վիրավորանք)»,-  հայցվորի բողոքի մերժումն այսպես է հիմնավորել վերաքննիչ դատարանը:

Տեղեկատվական վեճերի խորհուրդը, կարեւորելով վերաքննիչ դատարանի` «գնահատական-դատողություն» հասկացության մեկնաբանումը, նշել է նաեւ, որ խնդիրը մասամբ օրենսդրության թերությունն է։ «Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը չի տալիս «գնահատական-դատողություն» հասկացության ինքնուրույն սահմանումը»,- ասվում է Խորհրդի եզրակացության մեջ։ Խորհուրդը միաժամանակ համակարծիք չէ դատարանի եւ հայցվորի հետ եւ հայտնել է, որ վիրավորական գնահատված արտահայտությունների շարքում բազմաթիվ արտահայտություններ գնահատական-դատողություններ էին, այլ ոչ թե «փաստացի տվյալների վերաբերյալ պնդում»։

«... Վիճահարույց պարբերություններում բազմաթիվ արտահայտություններ իրենց բնույթով գնահատական-դատողություններ էին, այլ ոչ թե փաստի մասին հայտարարություններ, որոնք դատարանը չի գնահատել որպես այդպիսին։ Խորհուրդը կարծում է, որ եթե խնդրո առարկա հայտարարությունն անձի սուբյեկտիվ, այլ ոչ թե փաստի հիման վրա հնչեցված գնահատականն է մեկ այլ անձի մասին, տվյալ հայտարարությունը պետք է քննվի վիրավորանք հասկացության ներքո` որպես գնահատական-դատողություն, այլ ոչ թե զրպարտության հասկացության ներքո` որպես փաստի մասին հայտարարություն»,- կարծիք է հայտնում Խորհուրդը։ 

Դատավորները լրատվամիջոցների համար լրացուցիչ պարտավորություններ են սահմանում

Լրատվամիջոցների համար զսպաշապիկ դարձած Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածն իրենց հերթին չարաշահում են նաեւ դատավորները: ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը «Համբարձում Մաթեւոսյանն ընդդեմ Անուշ Մնացականյանի, Իվետա Չարխիֆալակյանի, Վարդան Պապոյանի եւ Լեւոն Գեւորգյանի, երրորդ անձ` «Ազգ» օրաթերթի` լրատվության միջոցով տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու, զրպարտության հերքման եւ պատճառված վնասի բռնագանձման պահանջների մասին» գործով 2013 թվականի հունվարի 29-ին կայացրած վճռով պարտավորություններ է սահմանել նաեւ «Հետք» էլեկտրոնային թերթի համար:

Գործով պատասխանողները դիմել էին նաեւ «Հետքի» խմբագրություն եւ խնդրել անդրադառնալ իրենց խնդրին: «Հետք» էլեկտրոնային թերթում 2012թ. հոկտեմբերի 4-ին տեղադրվել էր երկու հոդված՝ «Կարելի է ոչխարը գրել «վօչխար», «փրայս լիստ»-ի փոխարեն «սփռայթ լիստ», բայց տնօրեն աշխատել» եւ «Շան գլուխը սառնարանում պահելով՝ հասան աշխատանքից ազատման բաղձալի դիմումին», որոնց առնչությամբ մեկամսյա ժամկետում խմբագրությունը ոչ հեռախոսազանգ, ոչ հերքում պահանջող նամակ Համբարձում Մաթեւոսյանից չի ստացել: Հայցվորը նաեւ դատարանում լրատվամիջոցին կողմ չի ներգրավել, նրա նկատմամբ պահանջ չի ներկայացրել, միայն մեկ տողով հայցադիմումում նշել է, որ պատասխանողներն իր հասցեին զրպարտանք են տարածել նաեւ hetq.am կայքում եւ հայցադիմումին կից դատարանին ներկայացրել է էլեկտրոնային լրատվամիջոցում տեղադրված հոդվածների պատճենները: Դատաքննության ընթացքում կողմերը հաշտության համաձայնություն են կնքել:

Դատավոր Գեւորգ Նարինյանը, վճռով հաստատելով կողմերի միջեւ կնքված հաշտության համաձայնությունը, որում ասվում է. «Պարտավորեցնել պատասխանող կողմին վճռի հրապարակման օրվանից 7 օրվա ընթացքում հերքումով հանդես գալ «Ազգ» թերթում եւ «Հետք» ինտերնետային կայքում»: Այսպիսով, դատավորը հավասար պարտավորություններ է սահմանել գործում երրորդ անձ ներգրավված «Ազգ» օրաթերթի եւ «Հետք» էլեկտրոնային թերթի համար՝ անտեսելով, որ հայցվորը նման հայցապահանջ չէր ներկայացրել, եւ «Հետքը» որեւէ կարգավիճակով գործում չէր ներգրավվել:

Վերաքննիչ դատարանը վերադարձրեց նշված դատական ակտի դեմ «Հետք»-ի բերած վերաքննիչ բողոքը հետեւյալ պատճառաբանությամբ. «Վճռի բովանդակությունից պարզ է դառնում, որ «Հետք» ինտերնետային կայքի նկատմամբ Դատարանի վճռով որեւէ պարտականություն չի սահմանվել, այլ պարտավորություն ստանձնել են Պատասխանողները»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի»:

«Ցանկացած դեպքում դատարանը չի կարող դուրս գալ հայցապահանջի շրջանակներից եւ բավարարել նաեւ այնպիսի պահանջներ, որոնք հայցվորը չի ներկայացրել, ուստի եթե «Հետք»-ի դեմ հայցվորը հայցապահանջ չի ներկայացրել, եւ վերջինս չունի դատավարական որեւէ կարգավիճակ, ապա տվյալ պարագայում կարող ենք գործ ունենալ լիազորությունների սահմանազանցմամբ կայացված դատական ակտի հետ»,- դատական ակտն այսպես մեկնաբանեց  փաստաբան Դավիթ Դանելյանը:

Տեղեկատվական վեճերի խորհուրդն այս գործի վերաբերյալ իր եզրակացության մեջ նշեց. «... անհրաժեշտ էր լրատվամիջոցի համար ապահովել դատական քննության իրավունքից օգտվելու հնարավորություն` նրան ներգրավելով որպես դատաքննության կողմ։ Քանի դեռ այս իրավունքից օգտվելու հնարավորություն չէր տրվել, դատարաններն իրավունք չունեին հաստատել հաշտության համաձայնությունը, քանի որ ՀՀ քաղաքացիական դատարանի 33-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն խախտում է այլ անձանց իրավունքները եւ օրինական շահերը: Վերաքննիչ դատարանը եւ առաջին ատյանի դատարանը, փաստորեն, լրատվամիջոցին զրկել են իրավական պաշտպանության հնարավորությունից` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի ներքո»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter