HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ կարգավիճակ կունենա ԼՂՀ-ն Մաքսային միությունում

Հարցազրույց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատմագավոր Գագիկ Մինասյանի հետ

-Պարոն Մինասյան, այս օրերին քննարկվում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցը, թե ինչ կտա այն Հայաստանին, ինչ կորուստներ կլինեն դրանից: Կնշե՞ք, թե ինչ առավելություններ և ինչ կորուստներ կլինեն Մաքսային միության անդամակցությունից:

-Կարծում եմ՝ այդ հարցը կարելի է բաժանել մի քանի շերտերի: Ինչ վերաբերում է հարցի տնտեսական կողմին, իսկ Մաքսային միությունը հիմնականում տնտեսական է, ցավոք, չեմ հանդիպել հստակ, վերջնական վերլուծության, որտեղ կանխատեսումները հստակ ցույց կտան, թե Մաքսային միության անդամ դառնալը տնտեսական առումով ինչ հստակ օգուտներ կտա Հայաստանին թվերի մակարդակով: Կարելի է տալ որակական գնահատականներ, որոնք, կարծում եմ, շատ են: Քանակականի մասին, ցավոք, որևէ տեղ չեմ հանդիպել հստակ հաշվարկների:

-Ի՞նչ է ենթադրում քանակական գնահատականը:

-Օրինակ, եթե Դուք ուզում եք խոսել այն մասին, թե քանի միլիարդ դոլարի հավելում կունենա պետական բյուջեն, կամ ՀՆԱ-ն, կարծում եմ՝ շատ դժվար կլինի: Բայց ինչ վերաբերում է որակական փոփոխություններին, ենթադրենք, թե ինչպիսի ապրանքներ ավելի հեշտ կարող են հայտնվել հայկական շուկայում կամ Մաքսային միության շուկայում, որն արտադրվում է Հայաստանի կողմից, այդ առումով ավելի հեշտ է զրուցել: Բայց կան այլ հարթություններ ևս, մասնավորապես, անվտանգության հարթությունը, որը ևս շաղկապված է այն որոշման հետ, որը առաջիկայում պետք է կայացվի Հայաստանի Հանրապետությունում, որովհետև, ըստ էության, հանրապետության նախագահն ընդամենը հայտարարություն է արել իր լիազորությունների շրջանակներում, որի փաստաթուղթը պետք է ստորագրվի ապագայում: Դա միայն Հայաստանի համար չէ, այլ նաև Մաքսային միության մյուս անդամների: Հետևաբար, այստեղ կան նաև անվտանգության և քաղաքական կոմպոնենտներ: Այս առումով քննարկումները բավական կարևոր են: Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, ապա, կարծում եմ, կա մի բաղադրիչ, որը նաև առկա է քաղաքական կոմպոնենտում՝ դա ԼՂ հարցի հետ կապված խնդիրն է:

Շուրջ 2-3 տարի շարունակ հարցազրույցներ էի տալիս եվրաինտեգրման թեմայով, որտեղ միշտ ասել եմ մի բան, որը, հուրախություն ինձ, այսօր, կարծես, իրականանություն է դառնում: Եթե մենք այսօր մտնում ենք Մաքսային միության մեջ, ապա առաջանում են անլուծելի խնդիրներ ԼՂ վերջնականապես չկարգավորված խնդրի պարագայում: Ըստ էության, այսօր Հայաստանի Հանրապետությունը մեկ այլ պետության հետ արդեն Մաքսային միության մեջ է, և այդ մյուս պետության անունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը և ԼՂՀ-ն Մաքսային միության մեջ են, որոնց միջև որևէ մաքս չկա, և ապրանքներն առանց խոչընդոտի տեղափոխվում են մի երկրից մյուսը՝ անկախ այն հանգամանքից, որ մյուս պետությունը միջազգայնորեն ճանաչված չէ: Ես միշտ ասում եմ՝ եթե ՀՀ-ն դառնա Մաքսային միության անդամ, ապա որևէ մեկի մտքով կարո՞ղ է անցնել, որ մենք մաքսային սահման ենք ունենալու ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, իհարկե ոչ: Հետևաբար, այս ճանապարհը սկզբունքորեն անընդունելի էր մեզ համար, քանի որ որևէ մեկը չէր կարող պատկերացնել՝ անկախ նրա քաղաքական դիրքորոշումից, հասարակական կարգավիճակից և այլն, որ մենք պետք է մաքսային սահման ունենանք ԼՂՀ-ի հետ:

Եթե ուշադիր հետևում եք մամուլին, ապա գիտեք, որ ժամանակին Ղազախստանը կատեգորիկ դեմ էր, և ասում էր, որ ՀՀ-ն կմտնի Մաքսային միության մեջ, բայց ԼՂՀ-ի մասին մոռացեք: Եվ եթե ուշադիր էիք, 10-15 օր առաջ կրկին Ղազախստանի կողմից տեղեկատվություն տարածվեց, որ Ղազախստանը որևէ վերապահում չունի Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցում: Սակայն առաջանում են մի քանի խնդիրներ, որոնց լուծումից և որոնց վերաբերյալ պետական դիրքորոշումից խուսափել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը չեն կարող:

Ամենակարևորն այն է, որ այս պետությունների համապատասխան մարմինները համաձայնություն են տալու, որ Ղարաբաղի կողմից սպառված ապրանքների հաշվարկը մտնի ընդհանուր հաշվարկի մեջ, այսինքն՝ իրենք ոչ թե աչք են փակում, այլ համաձայնում են այն իրողության հետ, որ ԼՂՀ-ում սպառված ապրանքներն ազդում են վերաբաշխման տոկոսների վրա: Պատկերացրեք, որ Ստավրոպոլի երկրամասում մի ապրանք է արտադրվում, որը ներկրվում է ՀՀ: Բնականաբար, այստեղ որևէ մաքսային վճար չի կարող առաջանալ, բայց պատկերացրեք, որ այն ներմուծվում է ԼՂՀ: Այստեղ հնարավոր է երկու տարբերակ. առաջին.  եթե նրա հասցեատերը ԼՂՀ իրավաբանական անձն է, ապա իրենք ընդունում են, որ այդ տարածքը՝ որպես առանձին պետության տարածք, սուբյեկտ է Մաքսային միությանը, այսինքն՝ Ղարաբաղը դառնում է հինգերորդ անդամը: Երկրորդ տարբերակը. եթե իրենք ասում են, որ ապրանքն ուղարկում են Երևան, և քանի որ մաքսային սահման չկա ԼՂՀ-ի հետ, հետևաբար, վերաբաշխումն իրականացրեք ներսում, ապա սա նշանակում է, որ իրենք ընդունում են, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն միացյալ պետություն են, այսինքն՝ կա՛մ առաջին տարբերակով իրենք դե ֆակտո ընդունում են ԼՂՀ-ի անկախությունը՝ որպես իրավաբանական սուբյեկտ, կա՛մ երկրորդ տարբերակով ընդունում են միացումը՝ այն, ինչի մասին ասում էինք 1988 թ.-ին: Սա, թերևս, ամենակարևոր ձեռքբերումն է, որն այս փուլում կարող ենք արձանագրել, եթե, իսկապես, այն տեղի ունենա:

-Ձեզ համար անակնկա՞լ էր Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում արած հայտարարությունը:

-Դժվար է ասել, որ անակնկալ էր:

-Բայց մյուս կողմից՝ իշխանությունների ներսում էլ, կարծես, անհամաձայնություն կար:

-Մի փնտրեք մի բան, որը չկա: Այդպիսի բան չկա և չի կարող լինել: Բավականին խոչընդոտներ կան, որ Մաքսային միության մի երկիրը ՄՄ մնացած հատվածների հետ ուղղակի սահման չունի, բայց առավել քան համոզված եմ, որ գտնվել են լուծումներ, որոնք այդ խոչընդոտն ինչ-որ ձևով էապես մեղմում են:

-Պարոն Մինասյան, չե՞ք կարծում, որ Մաքսային միությանն անդամակցության հարցը պետք է որոշվեր նաև հանրաքվեով, այսինքն՝ հանրությունը իրավունք պետք է ունենար իր դիրքորոշումն արտահայտելու այդ հարցում:

-Դուք անցյալ կատարյալ ժամանակաձևով եք խոսում դեպքի մասին, որը դեռ ապառնիում է:

-Բայց արդեն խոսում են, որ մայիսին ստորագրվելու է անդամակցության համաձայնագիրը:

-Նորից եմ կրկնում՝ Դուք խոսում եք անցյալ կատարյալով մի բանի մասին, որը ապառնիում է: Դա դեռ պետք է գա Ազգային ժողով, բազմաթիվ համաձայնագրեր պետք է ստորագրվեն և վավերացվեն:

-Այսինքն՝ հավանականություն կա՞, որ նաև հանրությունը կարող է հայտնել իր դիրքորոշումը:

-Ազգային ժողովն, իհարկե, հասարակության ընտրյալներն են, և իր տարբեր մեխանզիմներով հասարակությունը հնարավորություն կունենա մասնակցել:

-Ներեցեք, պարոն Մինասյան, կնշե՞ք մի դեպք, որ նախագահական նստավայրից եկած որևէ փաստաթուղթ Ազգային ժողովում քննարկումների արդյունքում մերժվել է:

-Իսկ ինչո՞ւ եք ուզում, որ մերժվի:

-Պարոն Մինասյան, ի՞նչ կորուստ կունենա Հայաստանը, երբ անդամակցի Մաքսային միությանը:

-Իսկապես, մեր եվրոպական ընթացքը չափազանց էական է մեր հասարակության և պետության համար, և վերջին ժամանակներում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք չեք կարող համեմատել ընդամենը 7-8 տարի առաջ ստեղծված իրավիճակի հետ: Եվ այդ ամենը եվրաինտեգրման արդյունքներն են: Ես չափազանց կուզենայի, որ այդ ընթացքն ըստ արժանվույն գնահատվեր մեր եվրոպացի գործընկերների կողմից, և իրենց կողմից լրացուցիչ խոչընդոտներ չդրվեին այդ ընթացքի առաջ, որովհետև եթե իրենք հայտարարությունից հետո պետք է ասեին՝ «և՛… և՛»-ը ևս ընդունելի է, պետք չէր այդ ընթացքում անընդհատ «կամ՛… կա՛մ» ասել: Իրողությունները շատ ավելի մեծ հնարավորություններ են տալիս:

Մեր ձգտումը մնացել է իր ուժի մեջ: Կարծում եմ՝ եթե իրենց կողմից լինի համապատասխան վերաբերմունք, ապա (այդ կորուստները, որոնք կան Մաքսային միությանը միանալու դեպքում) գոնե Ասոցացման համաձայնագրի ստորագրումն իրենք անհնար չհամարեն, որովհետև Խորը և համապարփակը չենք կարող ստորագրել: 

Մեկնաբանություններ (1)

Garik
Ughaki zarmanumes ishkhanutyan nerkayatsutsichneri kapikutyan sahman ka te voch. Bazmativ Evro-chinovnikner bazmativ angam krknetsin vor ka yndhamen mek pastatught, baghkatsats qaghaqakan yev tntesakan bajinnerits, 4 tari banaktselen aid miasnakan pastattghti shurj, aranzin-aranzin dranq yentaka chen storagrman, sranq glkhits minchev HHK grasenyaki dur batsogh/pakoghner nuin heqiatnen joghovrdin hramtsnum. Lav ais mardiq mi poqr inqna-harganq chunen, inchqan karelie amboghj azgin manipulatsnel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter