HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Տնտեսական եռանկյունի. արտահանում ենք ԵՄ, ներկրում՝ ՄՄ-ից

2010 թ. հուլիսի 19-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ սկսվել են Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները: Այս համաձայնագիրը ներառում է նաեւ խորացված եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու վերաբերյալ դրույթներ: Այս տարվա սեպտեմբերի 3-ին, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարություններ ստորագրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն մասին, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը (դրա մեջ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը) եւ ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միություն ձեւավորելու աշխատանքներին:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի անունից Սերժ Սարգսյանն ընտրեց ռուսական վեկտորը: Քանի որ եվրոպական եւ ռուսական նախագծերը առաջին հերթին տնտեսական բնույթ են կրում, հետաքրքիր է իմանալ, թե Հայաստանը նախորդ տարիներին ինչպես է համագործակցել ԵՄ-ի եւ Մաքսային միության կազմի մեջ մտնող երկրների հետ:

Դրա համար կներկայացնենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ մեր երկրի արտաքին առեւտրի վերաբերյալ: ԱՎԾ-ից «Հետքին» հայտնեցին, որ 2012-ի ցուցանիշները համացանցում կտեղադրվեն այս ամսվա վերջին, այդ պատճառով էլ ներկայացնում ենք 2010 եւ 2011 թթ. տվյալները: Սրանք այն տարիներն են, երբ Հայաստանը գտնվում էր ԵՄ-ի հետ բանակցությունների փուլում: Նշենք նաեւ, որ Մաքսային միությունը, որի լրիվ անվանումը Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) մաքսային միություն է, գործում է 2010 թ. հուլիսի 1-ից: Ներկա 3 անդամներին միանալու գործընթացի մեջ են գտնվում Ղրղզստանն ու Հայաստանը, իսկ Ուկրաինան համագործակցության հուշագիր է ստորագրել:   

2010 թ.

Արտահանում (տոննա-դոլար)

Ներկրում (տոննա-դոլար)

ԵՄ

134.923

501.120.000

410.536

1.026.945.400

ՄՄ, այդ թվում՝

71.177

168.171.800

1.664.604

879.045.400

Ռուսաստան

68.541

160.507.800

1.628.752

835.271.700

Ղազախստան

1.163

3.083.300

23.796

11.864.400

Բելառուս

1.473

4.580.700

12.056

31.909.300

 

2011 թ.

Արտահանում (տոննա-դոլար)

Ներկրում (տոննա-դոլար)

ԵՄ

126.979

607.403.200

409.816

1.167.844.500

ՄՄ, այդ թվում՝

87.633

232.622.500

1.720.134

945.793.600

Ռուսաստան

85.675

222.273.700

1.624.439

890.873.200

Ղազախստան

690

4.398.500

87.362

25.335.900

Բելառուս

1.268

5.950.300

8.333

29.574.500


Ինչպես երեւում է աղյուսակներից, Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերը Եվրամիությունն է, չնայած ներկրման ոլորտում քանակական առումով առաջատարը ՄՄ-ն է՝ ի հաշիվ Ռուսաստանից կատարված ներմուծումների:

Եվրամիություն ենք տանում հանքաքար, սեւ մետաղ եւ պղինձ, բերում՝ վառելիք եւ տրանսպորտ

Հետաքրքիր է նաեւ, թե հատկապես ինչ է մեր երկիրն արտահանել եւ ներկրել այս երկու տնտեսական գոտիների հետ հարաբերություններում: Կրկին ներկայացնենք առանձին թվերով:

Դեպի Եվրամիություն մեր արտահանումների առյուծի բաժինը կազմել է եւ շարունակում է կազմել հումքը: Խոսքն առաջին հերթին պղնձամոլիբդենային հանքաքարի մասին է: Այս ոլորտում առաջատարը, ինչպես հայտնի է, Զանգեզուրի պղնձամոիբդենային կոմբինատն ու «Մեթըլ Փրինս» (Ախթալա) ընկերությունն են:

«Հանքաքար, խարամ եւ մոխիր» ապրանքախմբի արտահանումները, որի մեջ մտնում է նաեւ նշված գործարանների հանքաքարը, 2010 թ. կազմել են 97.912 տ: Սա հավասար է ամբողջ տարվա մեջ դեպի ԵՄ արտահանումների 73 տոկոսին: Հիմնական երեք ներկրողներն են եղել Բուլղարիան, Բելգիան, Իսպանիան: Երկրորդ տեղում «սեւ մետաղներ» ապրանքախումբն է (15.108 տ արտահանում): Այս ոլորտում ՀՀ հիմնական գործընկերներն են եղել Ավստրիան, Հոլանդիան, Գերմանիան: Երրորդում տեղում «պղինձ եւ իրեր դրանից» (10.147 տ) խումբն է: Պղնձի մեծ արտահանումներն առաջին հերթին պայմանավորված են «Էյ-Սի-Փի» (Ալավերդի) ընկերության պղձաձուլարանի արտադրանքով: Հայկական կողմի հետ գործարքի մեջ են եղել առաջին հերթին գերմանական, ավստրիական եւ հոլանդական ձեռնարկությունները:

2011 թ. էլ գրանցվել է արտահանման հետեւյալ պատկերը. «հանքաքար, խարամ, մոխիր»՝ 102.806 տ (տարեկան ամբողջի 81 տոկոսը, գլխավոր ներկրողներ՝ Բուլղարիա, Իսպանիա, Շվեյցարիա), «պղինձ եւ իրեր դրանից»` 8.945 տ, «սեւ մետաղներ»՝ 6.823 տ: 2011-ին հայկական պղինձն ու սեւ մետաղները ԵՄ տարածքում ուղեւորվել են գերազանցապես Գերմանիա եւ Հոլանդիա:       

ԵՄ-ից կատարված ներկրումներում գերակշիռ մասը վառելանյութերն են, առաջին հերթին՝ բենզինը, որը ներկրվում է Բուլղարիայից եւ Ռումինիայից: 2010 թ. ԵՄ-ից ներկրումներում առաջինը «հանքային վառելանյութեր, նավթ եւ նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր» ապրանքախումբն է (238.795 տ, ինչը հավասար է ամբողջ տարվա ԵՄ ներկրումների 58 տոկոսին): Երկրորդ տեղում «վերգետնյա տրանսպորտային միջոցներ (բացի երկաթուղային կամ տրամվայի շարժակազմը), դրանց մասեր եւ սարքավորումներ» խումբն է (19.065 տ), որի գլխավոր մատակարարը թե այդ, թե հաջորդ տարի եղել է Գերմանիան, իսկ երրորդ տեղում «շաքար եւ հրուշակեղեն շաքարից» ապրանքախումբն է (13.145 տ):

2011-ին ԵՄ-ից վառելանյութերի եւ նավթամթերքի ներկրումը նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 194.790 տ (ամբողջ տարվա ԵՄ-ից ներկրումների 48 տոկոսը): Երկրորդ տեղում կրկին «վերգետնյա տրանսպորտային միջոցներ (բացի երկաթուղային կամ տրամվայի շարժակազմը), դրանց մասեր եւ սարքավորումներ» ապրանքախումբն է (29.180 տ): Նախանցյալ տարի կտրուկ աճել է հացահատիկի ներկրումը ԵՄ-ից՝ 29.146 տ:    

Մեզնից ռուսներին՝ խմիչք, միրգ եւ քար, նրանցից մեզ՝ գազ, հացահատիկ եւ ալյումին

Բնականաբար, Մաքսային միության տարածքում ՀՀ-ի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, որի հետ ապրանքաշրջանառությունն էլ ձեւավորում է ՀՀ-ՄՄ գործակցության պատկերը: 2010-ին մեր երկիրը ՌԴ է արտահանել 38.014 տ ոգելից եւ ոչ ոգելից խմիչք ու քացախ (դա կազմել է դեպի Ռուսաստան արտահանումների 55 տոկոսը): Երկրորդ տեղում «ուտելի մրգեր եւ ընկույզներ, ցիտրուսային կամ բոստանային մշակաբույսերի կեղեւներ եւ կլեպներ» խումբն է (8.244 տ), երրորդում՝ «իրեր քարից, գիպսից, ցեմենտից եւ նմանատիպ նյութերից»՝ 5.371 տ:

2011-ին նույնպես խմիչքն ու քացախը եղել են ռուսական շուկայում Հայաստանի առաջնահերթությունները՝ 45.404 տ (տարեկան ընդհանուրի 53 տոկոսը): Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներն էլ չեն փոխվել. արտահանվել է 13.673 տ միրգ, ընկույզ, կեղեւ եւ 7.095 տ իր քարից, գիպսից, ցեմենտից եւ նման նյութերից:   

Ռուսաստանը մեր հիմնական մատակարարն է տարբեր ոլորտներում, սակայն գաղտնիք չէ, որ առաջին տեղում ռուսական գազն է: Հենց վերջինիս շնորհիվ էլ «հանքային վառելանյութեր, նավթ եւ նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր» ապրանքախումբն առաջին տեղում է: 2010-ին այս խմբի ապրանքատեսակների ներկրումները կազմել են 1.124.585 տ, ինչը կազմում է այդ տարի ՌԴ-ից կատարված ներմուծումների 69 տոկոսը: Երկրորդ տեղում ռուսական հացահատիկն է՝ 361.947 տ, երրորդում՝ ալյումինն ու դրանից պատրաստված իրերը՝ 21.635 տ:

2011-ին էլ պատկերը նույնն է մնացել. «հանքային վառելանյութեր, նավթ եւ նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր»՝ 1.255.392 տ (տարեկան ընդհանուրի 77 տոկոսը): Հացահատիկ՝ 215.683 տ, ալյումին եւ իրեր դրանից՝ 23.547 տ: Նշենք, որ 2011-ին կտրուկ աճել է հացահատիկի ներկրումը Ղազախստանից: 84.262 տ ներմուծումը իր մեծությամբ 2011-ի երրորդ ցուցանիշն է, որ գրանցվել է Մաքսային միության երկրների հետ տնտեսական հարաբերություններում:   

Ի մի բերելով՝ ասենք, որ դեպի ԵՄ մեր արտահանումները միջինը շուրջ 40 տոկոսով ավելի մեծ են դեպի ՄՄ ապրանքափոխադրումներից, ինչը պայմանավորված է հայկական հանքային հումքի եվրոպական շուկայով: Սակայն մյուս կողմից՝ ՄՄ-ից, իսկ գուցե ավելի ճիշտ կլինի ասել Ռուսաստանից կատարված ներկրումները 75 տոկոսով գերազանցում են ԵՄ-ից ներկրումներին: Սա էլ իր հերթին ռուսական գազի ու նաեւ հացահատիկի «շնորհքն» է: Եվ չնայած այդ մեծ տարբերությանը՝ դոլարային արժեքով եվրոպական ներկրումներն ավելի թանկ են:

ԱՎԾ տվյալները հավաքագրվում են բեռնամաքսային փաստաթղթերի հիման վրա, եւ, մասնավորապես, ՀՀ-ԼՂՀ ապրանքաշրջանառության դեպքում ԱՎԾ-ն ներկայացրել է միայն էներգետիկ ոլորտը: Վիճծառայությունը նշել է, որ բեռնամաքսային հայտարարագրերում ԼՂՀ-ի վերաբերյալ տվյալներն առկա չեն, իսկ էներգետիկայի ցուցանիշները վերցված են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից ու ոլորտի խոշոր կազմակերպություններից: Քանի որ հայկական երկու պետությունները դե-ֆակտո մաքսային յուրօրինակ միության մեջ են, ապա հետաքրքիր է, թե ինչ թվեր է արձանագրելու ԱՎԾ-ն Մաքսային միության մյուս երկրների հետ ապրանքաշրջանառության վերաբերյալ, երբ Հայաստանը մտնի ՄՄ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter