HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցավով եմ փաստում, որ երիտասարդ գիտնականների արտահոսքը հիմնականում պայմանավորված է թերֆինանսավորմամբ»

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Միքայել Ալեքսանյանը գիտաշխատող է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկորէլեկտրոնիկայի» ամբիոնին կից «Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում», նաև դասախոս է նույն ամբիոնում։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ատենախոսության անվանումը` «Գազային սենսորների համար կիսահաղորդչային նյութերի պատրաստումը և դրանց պարամետրերի հետազոտումը»:

Միքայելը պատմում է, որ ի սկզբանե ավելի շատ հակում է ունեցել հումանիտար մասնագիտությունների ուղղությամբ, սակայն ստացվել է այնպես, որ նա ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիակայի ֆակուլտետ: Նա ասում է, որ եթե անկեղծ լինի, ապա հնարավոր էր ընդհանրապես չշարունակեր ուսումը մագիստրատուրայում, հետագայում` ասպիրանտուրայում, եթե առաջին կուրսում առաջին քննությունից չստանար գերազանց գնահատական. «Մի փոքր տարօրինակ է հնչում, սակայն դա եղավ պատճառը, որ ես սկսեցի սիրել ֆիզիկան, բակալավրիատը ավարտեցի գերազանցության դիպլոմով և արդեն ապագայում ինձ պատկերացնում էի միայն այս ոլորտում»:

Բացի ֆիզիկայից, որը դարձել է փաստորեն Միքայելի կյանքի անբաժանելի մասը, նախասիրությունները շատ են. նրան հետաքրքրում է նաև փիլիսոփայությունը` ո՛չ որպես գիտության մի տեսակ, այլ, ինչպես ինքն է ասում` կյանքն ըմբռնելու յուրահատուկ մի գործիք, որի միջոցով կարելի է նաև, ինչու չէ, իմաստավորել կյանքը, գտնել նպատակ ապրելու և արարելու. «Ես ծնվել և մեծացել եմ գյուղում ու հիմա էլ ապրում եմ գյուղում, ինչքան էլ կապված եմ գիտության, ժամանակակից տեխնոլոգիաների հետ, ու չնայած օրվա մեծ մասն անցկացնում եմ Երևանում, սակայն միշտ ինձ հոգեհարազատ է հայրենի բնությունը: Մտավոր ծանրաբեռնվածությունից հետո այգում գործ անելը, հողի հետ շփվելը ևս համարում եմ իմ նախասիրություններից»:

Ասույթներից հատկապես առանձնացում է Ալբերտ Էնշտեյնի հետևյալ ասույթը` «Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը կարող է գրավել ամբողջ աշխարհը»։ Ինչո՞ւ հատկապես սա. քանի որ գիտության մեջ բոլոր հանճարեղ մտքերը սկիզբ են առնում երևակայությունից, այնպես ինչպես արվեստում բոլոր աննկարագրելի ստեղծագործություններն իրականում գիտելիքի արդյունք չեն, այլ երևակայության:

Ահա ևս մեկ ասույթ` «Մարդկանցից ամաչելը լավ հատկություն է, բայց ամենալավը ինքն իրենից ամաչելն է»: Սա ևս, ըստ Միքայելի, շատ մեծ խորհուրդ ունի իր մեջ և իր համար հոգեհարազատ է, քանի որ նա կարծում է, որ եթե մարդ ինքն իր հոգու, խղճի առջև կարողանում է հաշվետու լինել, ապա դա ինքնամաքրման ամենաառաջին պայմանն է: Եթե կարողանում ես հասնել այնպիսի կատարելության, երբ ինքդ դառնում ես քո իսկ ամենախիստ քննադատը և դատավորը, ու հասարակությանը ներկայանում ես այս յուրօրինակ դատաստանը անցնելուց հետո, ապա սկսում ես ամաչել ոչ միայն դիմացինից, այլ նաև ինքդ քեզանից:

Ինչ վերաբերում է կյանքում տեղի ունեցած շրջադարձային պահերին, կարծում է, որ ընդհանրապես ամենակարևոր պահերը արժևորվում են ոչ թե այդ պահին, այլ ժամանակի ընթացքում, երբ հասկանում ես անցյալում կատարված իրադարձության անասելի դրական ազդեցությունը ներկայի վրա, որն էլ իր հերթին ոգեշնչման աղբյուր է ծառայում ապագայի համար: Կյանքում շրջադարձային պահ է համարում պատանեկության սկիզբը, երբ սկսում ես ճանաչել աշխարհը, հասկանալ ու ըմբռնել կյանքի չգրված օրենքները, բախվել դառն իրականության հետ և չընկճվել, գտնել քո տեղն արևի տակ ու ինքնահաստատվել. «Կյանքիս այս փուլն իրոք շրջադարձային եմ համարում, քանի որ այժմ իմ ով լինելը անմիջական հետևանք է այս կարևորագույն անցումային շրջանի ձեռքբերումների»:

Մասնագիտական կարերիայում Միքայելն առանձնացնում է շատ պահեր, շատ մեծ տպավորություններով է հիշում, երբ արդեն 4-րդ կուրսում իրեն ընդունեցին աշխատանքի ամբիոնում, հետո անմոռանալի են ասպիրանտուրա ընդունվելու օրը, թեկնածուական ատենախոսության պաշտպանության օրը:

Դեռևս մագիստրատուրայի ավարտական աշխատանքը նվիրված է եղել կիսահաղորդչային նանոկառուցվածքներից բաղկացած ռեզիստիվ գազային սենսորների պատրաստմանը և հետազոտմանը: Ասպիրանտուրայում նա շարունակել է մագիստրատուրայում սկիզբ դրած և դեռևս բազում խնդիրներով հագեցած գիտական այս ուղղության ուսումնասիրությունները: Գազային սենսորը մի կառուցվածք է, որը շրջապատում հայտնաբերում է թունավոր և պայթյունավտանգ գազերի առկայությունը: Այժմ աշխարհում օգտագործվող նմանատիպ սենսորների ճնշող մեծամասնությունը հենց կիսահաղորդչային ռեզիսիվ սենսորներն են, սակայն դրանք մասամբ չեն բավարարում ներկայացվող պահանջներին և այս ուղղությամբ գիտական ասպարեզներում կատարվում են ինտենսիվ հետազոտություններ: Այս թեմայով Միքայելն ունի մոտ մեկ տասնյակ գիտական հոդվածներ` տեղական և միջազգային ամսագրերում:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների» կենտրոնը, կարելի է ասել, այս ոլորտում միակն է Հայաստանում, որտեղ իրոք կա գիտական լուրջ բազա` հիմնված կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումների և այդտեղ աշխատող բարձրակարգ գիտնականների վրա. «Կենտրոնի աշխատանքի օգտակարությունը անգնահատելի է այն առումով, որ սա և՛ ուսանողների համար առանձնահատուկ միջավայր է անմիջական գիտական աշխատանքներին ինտեգրվելու համար, և՛, իհարկե, մեր համալսարանի ու նաև երկրի համար հանդիսանում է արդի գիտական ճյուղերի տեսական և փորձարարական հետազոտման առանցքային կենտրոններից մեկը»:

Ինչ վերաբերում է գիտական խմբի համագործակցությանը կամ ինտեգրմանը միջազգային գիտական աշխարհին, ապա այն հիմնականում պայմանավորված է կենտրոնի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանի անգնահատելի աշխատանքով և համաշխարհային ճանաչումով. «Կարող եմ առանց երկմտանքի ասել, որ մեր համագործակցությունը հիմնականում դրսի, մասնավորապես, Եվրոպայի հետ է: Վերջին տարիներին, կապված համաշխարհային տնտեսության անկման հետ, միջազգային դրամաշնորհները դարձել են դժվար հասանելի և գիտական համագործակցությունը մի փոքր տուժել է, սակայն այժմ արդեն դրական միտումներ եմ տեսնում, և ամեն ինչ հիմնականում կապված է մեր քրտնաջան և հետևողական աշխատանքի հետ»:

Միքայելն այն կարծիքին է, որ Հայաստանում գիտնականների և գիտական խմբերի ներքին համագործակցության մակարդակը բավական ցածր է: Սերտ համագործակցությունն, իհարկե, ավելի լայն հնարավորություններ կտա, սակայն այդ համագործակցությունը պետք է լինի ոչ թե զուտ լինելու համար, այլ իրոք անհրաժեշտությունից ելնելով, այսինքն` գիտական մի քանի տարբեր ճյուղերի առանցքային խնդիրների համատեղ լուծման համար։ Այդ դեպքում արդյունքում կլինեն գիտական լուրջ ձեռքբերումներ: Ու միայն այդ դեպքում համագործակցությունն ուղի կբացի դեպի միջազգային ասպարեզ:

Թե ինչ գիտական մրցանակներ և դրամաշնորհներ է ստացել ինքը, որքանով են դրանք կարևոր հարցին ի պատասխան ասում է, որ ինքը միայնակ դրամաշնորհներ չի ստացել, սակայն շատ անգամ եղել է դրամաշնորհ ստացած խմբի անդամ: Առկա պայմաններում Հայաստանում, մանավանդ երիտասարդ գիտնականների համար, դրամաշնորհն, անշուշտ, շատ կարևոր է, քանի որ գիտության ոլորտում աշխատավարձը բավական ցածր է. «Սա ես ցավով եմ փաստում, քանի որ երիտասարդ գիտնականների արտահոսքը հիմնականում սրանով է պայմանավորված»: Ըստ Միքայելի` կա նաև մեկ ուրիշ խնդիր. գիտնականը, մտածելով միայն դրամաշնորհի մասին, հեռանում է ազատ ստեղծագործելու իր ամենակարևոր առաքելությունից և սկսում է անել այն, ինչ պահանջվում է. «Սա շատ լուրջ խնդիր է, որի մասին քիչ է խոսվել»:

Աշխատանքները երկու, երեք, մինչև վեց համահեղինակներով են, որոնց մեջ նաև կան արտերկրացիներ, ու տարբեր հոդվածներում իր անձնական ներդրումը տարբեր է: Քանի որ աշխատանքը փորձարարական է, ապա այստեղ ամեն մի առանձին գործ կարող է կատարել առանձին մի համահեղինակ. մեկը` պատրաստել նմուշները, մյուսը` չափել և այլն. «Անձամբ ես հիմնականում առավել հմտորեն տիրապետում եմ բարակ կիսահաղորդչային թաղանթների ստացման տեխնոլոգիաներին, սարքավորումներին, որոնցով ստացվում են այդ թաղանթները և հիմնականում ամբողջ գործի այդ մասը իմ ուսերին է»:

Ըստ Միքայելի` Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները բազմաթիվ են և սա պայմանավորված է ոչ թե մեկ խնդրով, այլ մի շարք խնդիրների համազորով: Ավելի ճիշտ` այս խնդիրները ծագում են մեկը մյուսից, և լուծման ուղիները պետք է փնտրել ամենախորքային մակարդակում: Այսպես, օրինակ, գաղտնիք չէ, որ իրոք հասարակության կողմից գիտությունն այնքան էլ չի կարևորվում: Հասարակության մեջ ֆինանսապես ապահով, ինքնավստահ կերպարները միշտ ավելի ընդունելի են, և եթե գիտնականի կերպարը լինի այս շրջանակներում, գուցե փոխվի վերաբերմունքը։ Խոսքն իհարկե միայն հասարակության լայն շերտերի մասին է, իսկ որոշակի շատ փոքր շերտ կա, որն իրոք, անկախ ամեն ինչից, հասկանում և արժևորում է գիտնականի դերը հասարակության մեջ: Այսպես է ստացվել, որովհետև անկախության տարիներից սկսած, կապված նոր ձևավորվող վայրի կապիտալիզմի հետ, երկրում փոխվել է արժեհամակարգը:

Ինչ վերաբերում է տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին` շատ լավ է վերաբերվում. «Իրոք, վերջին տարիներին դրանք բավական շատացել են: Առայժմ նմանատիպ փոքր դրամաշնորհներն առանձնապես իրավիճակը չեն բարելավում, սակայն թեկուզ չնչին առաջխաղացումը այս ոլորտում պետք չէ անտեսել, քանզի սրանք կարող են հիմք ծառայել հետագայում ավելի մեծ ծրագրերի իրականացման համար»:

Հարցիս, թե մրցանակաբաշխութունների արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք, ընդունել տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը, պատասխանում է, որ երկու չափանիշներն էլ իրականում շատ կարևոր են և, առանձնացնել դրանք իրարից, բավականին դժվար է: Անձամբ իր կարծիքով, առավել կարևոր է տպագրությունների քանակը, քանի որ գիտական հոդվածը կարող է լինել բավական ծանրակշիռ, սակայն, կապված այդ ուղղությամբ կատարվող հետազոտությունների քիչ լինելու հետ, հղումներ չունենալն իրականում չի նվաստացնում հեղինակային ամսագրում տպագրված հոդվածի գիտական արժեքը:

–Միքայե՛լ, փորձարարները երբեմն բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները։ Ի՞նչ կասեք, ի՞նչ պետք է անել, որ պայմաններն ավելի ընդունելի դառնան։

–Ընդհանրապես, սա միանշանակ չի կարելի պնդել: Չնայած փորձարարական աշխատանքի կազմակերպումը մեր` հայաստանյան պայմաններում բավական դժվար է, սակայն գաղտնիք չէ, որ ընդհանրապես հեղինակային ամսագրերում փորձարարական աշխատանքներն ավելի շատ են հավատ ներշնչում և ավելի հեշտ են ընդունվում տպագրության` ի տարբերություն տեսական աշխատանքների: Մյուս կողմից էլ, տեսական աշխատանքը լրացուցիչ նյութական բազա չի պահանջում, չնայած փոխարենը պահանջում է ահռելի գիտական բազա:

–Ի՞նչ եք կարծում` գիտական աշխարհում սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է կարիերայի վրա` Հայաստանում կամ արտասահմանում։

–Գաղտնիք չէ, որ համաշխարհային պատմության մեջ գրեթե բոլոր հայտնի գիտնականները, նկարիչները, բժիշկները և այլն, եղել են տղամարդիկ: Գիտության մեջ, չեմ կարծում, թե սեռը որևէ ազդեցություն ունի կարիերայի հարցում, ուղղակի, իմ կարծիքով, կնոջ ամենամեծ առաքելությունը կին լինելն է, մայր դառնալը, իսկ գիտության մեջ նրանց ներդրումը տղամարդ գիտնականները միայն ողջունում են :)  

–Ինչպե՞ս եք վերաբերվում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսանկյունից պետք չէ արագորեն ներդնել այդ համակարգը Հայաստանում։

–Իմ կարծիքով, այս համակարգը Հայաստանում դեռևս իրեն չի արդարացնի:

–Երկարաժամկետ տեսլականով` Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

–Ցանկանում եմ այն պատկերացնել Հայաստանում և սարսափում եմ այն մտքից, որ երբևիցե կարող եմ չապրել Հայաստանում:

–Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը։

–Մաղթում եմ մասնագիտական լուրջ ձեռքբերումներ: Ցանկանում եմ, որ Հայաստանում նրանց համար, կապված ապագայի հետ, լինեն հնարավորինս շատ լուսավոր կետեր, որպեսզի նրանք չլքեն հայրենիքը և իրենց ծանրակշիռ ներդրումով ծաղկեցնեն մեր երկիրը:

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter