HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան դեպք Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նախորդ շաբաթ խեղդամահ է եղել հիվանդներից մեկը` 84-ամյա Լ.-ն: «Հետքի» աղբյուրները հայտնում են, որ խեղդամահ անողը ինտերնատի մեկ այլ հիվանդ է, սակայն տուն-ինտերնատի ղեկավարությունը փորձում է «գաղտնի» պահել դեպքը, որպեսզի այն հնչեղություն չստանա և պատասխանատվության ենթարկվողներ, ի դեմս տուն-ինտերնատի անձնակազմի և տնօրենի, չլինեն: 

Փորձեցինք ոստիկանության կամ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած ամփոփագրերում գտնել այս դեպքի մասին որևէ տեղեկություն, սակայն ապարդյուն: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ում ենթակայության տակ է գործում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, նույնպես լռում է: Երեկ փորձեցինք հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանից ճշտել դեպքի մանրամասները: Վերջինս խոստացավ պարզել և տեղեկացնել, սակայն արդեն երկրորդ օրն է` նրա հետ կապ հաստատել չենք կարողանում. չի պատասխանում թե աշխատավայրի հեռախոսահամարին, թե բջջայինին: 

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, մեր հարցմանն ի պատասխան, հաստատեց, որ նյարդահոգեբանական տուն-ինտերնատում մահվան դեպք եղել է: Սակայն նշեց, որ խեղդամահ լինել-չլինելը դեռ պարզ չէ, քանի որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի պատասխանը դեռևս չկա: «Երբ կլինի եզրակացությունը, նոր կարելի է որոշակի բան ասել»,- հայտնեց Արմեն Մալխասյանը:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մասին «Հետքը» մի քանի հոդվածներ է հրապարակել: Տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ինտերնատի հիվանդներին տանում էր Ներքին Շորժա, որպեսզի նրանք պահեին իր անասուններին: Հրապարակել էինք փաստեր` լուսանկարներ և տեսանյութ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները, ըստ ոստիկանության հաղորդագրության, 2012 թ. հոկտեմբերի 3-ին պարզել էին, որ Նվեր Հովհաննիսյանը 2011-ի ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս: Նրան կալանավորել էին: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ' Վարդենիսի տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 հիվանդներին շահագործելու դեպքի առթիվ հարուցվել էր առանձին քրեական գործ՝ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Մեր հրապարակման ստուգմամբ պարզվել էր նաեւ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 անձանց շահագործման դեպքեր: Ըստ դատախազության հաղորդագրության` տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքային թերապիայի անվան տակ 2012 թվականի մայիսի 16-ից նյարդահոգեբանական տուն ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող, հոգեկան հիվանդության հետևանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող 4 անձանց մինչև 2012 թվականի սեպտեմբերի 18-ը շահագործել է: Մասնավորապես՝ ամիսներ շարունակ նրանց ներգրավել է' տուն ինտերնատից շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Շորժա գյուղում սեփական, ինչպես նաև տուն-ինտերնատին պատկանող շուրջ 70 գլուխ խոշոր և շուրջ 130 գլուխ մանր եղջերավոր անասուններ արածացնելու, նրանց կթելու, անասնագոմը մաքրելու և այլ հարկադիր աշխատանքներ կատարելու մեջ: Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու: Օրեր անց տնօրենի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել էր, կիրառվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանմա, և Նվեր Հովհաննիսյանին ազատ էին արձակել: Խափանման միջոցը փոխելու հիմք է եղել Նվեր Հովհաննիսյանի առողջական վիճակի վատթարացումը: 

Նվեր Հովհաննիսյանը անցյալ տարվա վերջից վերականգնվել էր իր պաշտոնում, իսկ քրեական գործը 2012-ի դեկտեմբերի 14-ին կարճվել էր` հանցակազմի բացակայության հիմքով:  

Տնօրեն Նվեր Հովհաննիսյանի ազատությունն ու գործի կարճվելում, ինչպես անկաշկանդ խոսում են Վարդենիսում, իր դերակատարումն է ունեցել նրա մորեղբոր որդին` Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը

«Հետքի» աղբյուրները նշում են, որ հիմա էլ տնօրենը փորձում է դատաբժշկական եզրակացության համար «բարենպաստ միջավայր» ստեղծել, որպեսզի պատասխանատվության ենթարկվելու նախադրյալներ չլինեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter