HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկիրը վերածվել է կղերական, ֆեոդալական երկրի»

Հարցազրույց Նուրբ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանի հետ

-2008 թ. նախագահի մրցանակ ստացաք 2007-ին բնական գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար: 2013-ի հունվարին հրաժարվեցիք այդ մրցանակից: Այդ ժամանակ բաց նամակով դիմել էիք Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ այլևս անիմաստ եք համարում կրել մրցանակի դափնեկրի կոչումը՝ ելնելով երկրում տիրող քրեաօլիգարխիկ վիճակից: Ինչո՞ւ 5 տարի անց որոշեցիք հրաժարվել այդ մրցանակից: Արդյո՞ք այդ 5 տարիներին չէիք տեսնում երկրում ստեղծված վիճակը:

-Ամեն ինչն էլ տեսնում էի: 2008 թ. քննադատական հոդվածներ էի հրապարակում մի շարք ԶԼՄ-ներում գիտության վիճակի մասին՝ ֆինանսների սղության, իշխանությունների վերաբերմունքի, կոռուպցիոն երևույթների մասին: Այդ ժամանակ նշել էի, որ գիտության ոլորտի կոռուպցիոն երևույթները հովանավորվում են նախագահի, վարչապետի և նախարարի կողմից: Եվ հասկացա, որ այս իշխանությունների օրոք գիտության բնագավառում ոչ մի բան չի փոխվի: Դա էր պատճառը, որ հրաժարվեցի մրցանակից, ինչի համար չեմ ափսոսում: Բացի դրանից՝ նախագահական ընտրություններ էին, և այդ ժամանակ հարցի հնչեղությունն ավելի էր սրվում: Հիմա թե ինչ է կատարվում գիտության ոլորտում, չեմ ուզում անդրադառնալ: Հունվարին մրցանակը հետ հանձնելուց հետո բոլոր ընկերներիս էլ ասել եմ, որ գիտությամբ չեմ զբաղվում:

-Այսինքն՝ հիասթափվե՞լ եք գիտությունից:

-Ոչ, ես իմ աշխատանքն անում եմ, բայց իմաստ չեմ տեսնում խոսել այդ մասին, ուսումնասիրել, քննադատել: Մրցույթի ժամանակ այնպիսի անիմաստ բաներ էին կատարվում, օրինակ, չորրորդ դասարանցուն և ակադեմիկոսին հարց ուղղենք, թե ինչի է հավասար «2+2»-ը: Երկուսն էլ ճիշտ են պատասխանում հարցին, բայց ո՞ւմ ավելի բարձր միավոր կտաք:

-Տրամաբանորեն չորրորդ դասարանցուն:

-Իսկ մեր իշխանություններն ակադեմիկոսներին 2 անգամ բարձր են գնահատում ճիշտ պատասխանի համար: Մրցույթ են հայտարարել այդ պայմանով, և դրա մասին էլ ի՞նչ խոսեմ:

-Ինչպե՞ս եք տեսնում այսօրվա Հայաստանը:

-Շատ վատ եմ տեսնում: Երկիրը վերածվել է կղերական, ֆեոդալական երկրի: Օլիգարխիան արդեն լրիվ ֆեոդալ է: Եկեղեցին պետությանը թելադրանքներ է ուղղում, իսկ պետությունը կատարում է: Եկեղեցական միջոցառումները բերել են քաղաքացիական կյանք: Այն, որ մեր երկրի վարչապետը ժամանակին հայտարարել էր, թե պետությունը և եկեղեցին իրարից պետք է տարանջատվեն, հին պատկերացումներ են: Ես կուզենայի, որ իմ երկիրը դառնա սահմանադրական, իրավական, նորմալ երկիր, որը, ինչպես տեսնում ենք, չի լինում, և ոչ միայն դա չի լինում, այլև օրակարգ է բերվում կղերականությունը, ֆեոդալականությունը: Եկեղեցին արդեն ամեն տեղ միջնորդում է իշխանությանը, քաղաքացիական կյանքին: Ես անձամբ եկեղեցուն դեմ չեմ: Վերջերս Կոմիտաս վարդապետը կառավարությանը ցուցում է տվել, որ ստուգեն, թե 210 աղանդներ, որոնք կան (ճիշտ թիվն իրենք գիտեն, ես չգիտեմ), որտեղի՞ց են ստանում ֆինասնավորումը: Ես՝ որպես քաղաքացի, հարց եմ տալիս. Կոմիտաս վարդապետ, Էջմիածինն իր ֆինանսական հաշվետվությունը տվե՞լ է ժողովրդին, որ դու խղճի ազատության վերակացու ես կանգնում: Եվ ի՞նչ ենք դարձել՝ կղեարական, ֆեոդալական պետություն, որ գնում է դեպի Մաքսային միություն:

Ասում են, չէ՞, էրեխեն վատ միջավայր է ընկել: Հիմա մենք ո՞ր միջավայր ենք գնում՝ Եվրամիությա՞ն, թե՞ Մաքսային միության միջավայր: Ո՞վ էր մեզ ստիպել գնալ Մաքսային միություն: Այս մասին համակարծիք եմ Հրանտ Բագրատյանի տեսակետին, որ եթե մենք «սիլի-բիլի» չանեինք Եվրոպայի հետ, իսկ, ըստ իս, մեր «սիլի-բիլին» Եվրոպայի հետ այն պատճառով էր, որ մեզ փող էին խոստացել՝ 1,5 մլրդ եվրո՝ երկրում կատարելիք բարեփոխումների համար… Քանի որ այդ փողը շատ գայթակղիչ էր, 3,5 տարի սկսեցին «սիլի-բիլի» անել Եվրոպայի հետ, իսկ ռուսներն էլ տեսան ու ջղայնացան: Ռուսաստանն էլ գիտեր, որ բանակցություններ էին ընթանում, իսկ Եվրոպան էլ գիտեր, թե մենք ինչքան ենք կապված ռուսների հետ:

Ու տեսե՛ք՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո սահմանադրական փոփոխությունների հարց են բարձրացնում: Ինչո՞ւ: Գնացել ենք մի միջավայր, որտեղ Ղազախստանի նախագահը Նազարբաևը ցմահ ղեկավար է, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ցմահ է, Պուտինը՝ մեկ վարչապետ, մեկ նախագահ, ցմահ է, հիմա մենք ենք դառնալու և Սերժ Սարգսյան ու Սարգսյան ընտանիքի հավերժությունը պիտի պահպանենք:

-Պարոն Կարապետյան, Սերժ Սարգսյանն իր հայտարարությունը պայմանավորեց նաև անվտանգության բաղադրիչի առկայությամբ: Եվ բացի դրանից՝ կա կարծիք, որ այլընտրանքի հնարավորություն չկար: Դուք բացառո՞ւմ եք, որ անվտանգության հարց կար:

-Ինչո՞ւ, մինչ այդ չգիտեի՞ն այդ մասին: Կներեք, եթե 3,5 տարի բանակցում էին Եվրոպայի հետ, չգիտեի՞ն, այդ փաստերն այսօ՞ր, թե՞ երեկ ծնվեցին: Իշխանությունները մեզնից ու ձեզնից լավ գիտեն այդ նրբությունները: Իհարկե, Ղարաբաղի հարց կա, բայց թե ինչ կլինի՝ չգիտեմ: Թերթերում ինչ-որ ենթադրություններով կարծիքներ են գրում՝ դա է, մինչդեռ իշխանությունների պաշտոնական խոսքը ես ինքս չեմ լսել:

Պուտինը, կարծեմ, ասել էր, որ սովետական կայսրություն է ուզում վերականգնել: Ռուսաստանը գերտերություն է և իր շահերն է պաշտպանում: Վաղը հնարավոր է Ադրբեջանին էլ միացնեն այդ միությանը: Իսկ մենք ինչի՞ց էինք անկախացել և բարեփոխումներ արել՝ Սովետական Միության ավանդույթներից:

-Հիմա ունե՞նք Մաքսային միությանը չանդամակցելու հնարավորություն:

-Մինչ սեպտեմբերի 3-ն ունեինք, հիմա՝ ոչ: Ռուսաստանը 3,5 տարի կարո՞ղ է քնած էր, և մենք թաքուն բանակցում էինք: Հիմա ստացվել է այն, որ փախչելու տեղ չունենք: Եթե մտնում ենք նոր Սովետական Միության մեջ, ի՞նչ այլընտրանք պետք է ունենաք: Իսկ այդտեղի նիստուկացը Սահակաշվիլին շատ լավ նկարագրել է՝ անկյուններում պպզած տղերք, ընտրությունների մերժում, կեղտոտ փողոցներ: Դրանից բարեփոխվում էինք, իսկ հիմա այլևս չենք բարեփոխվի, գնում ենք այն նույն տեղը, որտեղից դուրս էինք եկել:

-Ի՞նչ ապագա եք տեսնում երկրի համար:

-Չգիտեմ, ամեն բան այնքան բարդ է: Սպասենք-տեսնենք՝ ի՞նչ զարգացումներ կլինեն: Ես՝ որպես քաղաքացի, բացասաբար եմ տրամադրված, որ լավ բան չի լինի՝ ռեպրեսիաները կուժեղանան, Սովետական Միության բոլոր ավանդույթները կվերադառնան: Փառք Աստծո, այդ իմաստով մեր իշխանությունները Սովետական Միության «շկոլան» անցած կադրեր են: Իրենց ավելի հոգեհարազատ են ոչ թե «խոսենք-բանակցենք-հիմնավորենք»-ը, այլ «ծեծենք-ջարդենք-բանտ նստեցնենք»-ը:

-Հայրենիք կորցնելու վտանգ կա՞:

-Իսկ ի՞նչ է այս արտագաղթը: Օրեր առաջ լսել էի, որ 27-28 գյուղերում ընդհանրապես մարդ չկա ապրող: Իսկ դա հայրենի՞ք չէ: Հայրենիքը հո միայն թղթի վրայով գրվածով չէ, ապրել ու գործել է պետք:

-Հեղափոխության սցենարի հավանականություն կա՞:

-Եթե այպես շարունակվի, ինչո՞ւ պիտի չլինի: Ի վերջո, դանակը ոսկորին է հասնում, չէ՞: Տրանսպորտի ուղևորավարձը կթանկացնեն, գազի գինը, համոզված եմ, չի էժանանա, բա հեղափոխությունն էլ ո՞րն է լինում: Քաղաքացիական շարժումներն ամեն տեղ մի բըլթբըլթոց են տալիս, բա որ միանան այդ բոլորը… Իսկ այդ դեպքում արդեն կլինի հեղափոխություն: 

Մեկնաբանություններ (4)

Gagik
Ամենավատն՝ իշխանությունները համառորեն պահում են իրենց որդեգրած ազգակործան կուրսը․․․․․
ominac
Պետութեան հիմնական ընելիքը միայն մի քանի գործ է, օրէնսդրութիւն, բանակ, արդարադատութիւն, ոստիկանութիւն, մի քանի հատ ալ եւ վերջ, աս որտեղէն ելաւ որ մրցանակ կը բաժնեն, թոշակառուներուն դրամ կու տան, համալսարան կը պահեն, եկեղեցիին հետ սեղան կը նստին, մեծ հայր, մեծ մայր եւ ազգական կը սարքէք իրենց, իրենք ալ այդ ձեւի կը շարժին․ Այն ինչ որ պէտք է ընեն, չեն ընէր, այսինքն կաշառակերութիւնը, քրէական տարրերը ,ոճրագործութիւնը, շուկայի մէջ անօրինականութիւնը հետապնդեն, գացած կընեն այն գործը որ իրենց չէ տրուած բայց ձայնաւոր է, եւ այս ամենը 20 կամ 30% տուրքերով, ամենայ քիչը 60֊% -էն պակաս տուրքով չի կրնար ըլլալ, վրան ալ եկեղեցին որ աղքատներով պէտք է հետաքրքրուի, աւելի շուտ դանկ ինքնաշարժներ գնելով զբաղուած է, կամ ճաշարաններու արհմիութեան դերը կը կատարէ․ Շուկային մէջ ամեն ինչ ծրած է, պարզապէս որովհետեւ կը կարծէք որ ասոնք պետութեան գործն է․ Պետութիւնը երբեք պիտի չի հաջողի, դուք ալ յաւիտեանս պիտի բողոքէք․ Ձգեցէք ամեն հաստատութիւն իր գործը ընէ, օրինակ եկեղեցին ինքզինքը արդարացնէ, պետութիւնը օրինականութեամբ զբաղուի, դուք ալ ձեր գործով․ Իրականութեան մէջ, եկեղեցին աղանդ եւ ճաշարանով զբաղուած է, պետութիւնը քեզի գողնալով, դուք ալ անօթի լալով․ Հաւտացէք որ գործ մը ոչ պետութիւնով ոչ ալ եկեղեցիով կսկսի , այլ ամեն ինչ ուղեղիդ մէջ կայացած որոշումներով կսկսի․
Susanna
Անկախության այս տարիներին, ապշնորհ, ազգակործան, անկուշտ իշխանավորների և նրանց կլանների պատճառով, ինչպիսի հնարավորություն կորցրեցինք`դարերի երազանք անկախ Հայաստանի կերտմումը…Այսօր պետք է ազգի ցավով տառապողները համախմբվեն և կասեցնեն Հայաստանի կործանումը: Ներկայացնում եմ Մեծն ՆԺԴԵՀ-ի խոսքերը` « Գիտակից ստրուկի ու հանցագործի մեջ չկա տարբերություն: Միայն իդեալիդ առաջ խոնարհիր ճակատդ, միայն իդեալիդ ազատ գերին եղիր… Եղի'ր բացարձակ… Եվ ոչ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, պարտություն կրել…»: Եզրակացություն` ո'չ մի զիճում, մենք ինքներս պետք է կերտենք մեր «Անկախ Հայաստան» երկիրը:
Սվետլանա
Հայաստանը կործանվել-պրծել է, վրաներս խաբար չկա, պարտադիր չի յաթաղանի քաշվենք, որ նոր հասկանանք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter